< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները ղեկավարվել են Մակեդոնիայի արքա Ալեքսանդր III Մակեդոնացու (արևմտյան գրականության մեջ հայտնի է նաև «Մեծ» տիտղոսով) կողմից և ուղղված են եղել առաջին հերթին Աքեմենյան Պարսկաստանի դեմ, որի արքան էր Դարեհ III Կոդոմանոսը, ինչպես նաև տեղական իշխանությունների և հրամանատարների դեմ ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Հնդկաստանում։ Իր կյանքի վերջին տարիներին Ալեքսանդրը գրավել էր աշխարհի՝ հին հույների հայտնի գրեթե ամբողջ հատվածը, սակայն նրան հաջողվել է գրավել Հարավային Ասիայի միայն մի մասը։ Չնայած նա՝ որպես ռազմական գործիչ, հաջողակ էր, սակայն որպես քաղաքական գործիչ՝ ոչ, քանի որ նրան չհաջողվեց կայունացնել երկիրը, և իր մահից հետո իր հսկայածավալ տերության ներսում սկսվեց քաղաքացիական պատերազմ, ինչից հետո՝ մ․թ․ա․ 301 թվականին, տերությունը մասնատվեց մի շարք հելլենիստական պետությունների։

Ալեքսանդրը Մակեդոնիայի գահը ժառանգել է իր հորից՝ Փիլիպոս II-ից, որին հաջողվել էր Կորնթոսյան միության մեջ գտնվող մայրցամաքային Հունաստանի քաղաք-պետությունների հիմնական մասը միավորել մակեդոնական հեգեմոնիայի ներքո։ Հունաստանի հարավային շրջանների ապստամբ քաղաք-պետությունների վրա Մակեդոնիայի գերիշխանությունը վերահաստատելուց հետո Ալեքսանդրն իր զենքն ուղղում է ընդդեմ բալկայան հարևանների, որոնց դեմ պատերազմը կարճ էր, սակայն արյունալի։ Ավարտելով այդ արշավանքները՝ Մակեդոնիայի երիտասարդ արքան ձեռնամուխ է լինում Աքեմենյան Պարսկաստանի դեմ պատերազմին՝ ընդդեմ «արքայից արքա» Դարեհ III-ի (այդ տիտղոսը աքեմենյան արքաներին էր անցնում ժառանգաբար), որը պարտություն կրեց և տապալվեց։ Մակեդոնացու արշավանքներն իրենց մեջ ներառել են նաև Փոքր Ասիան, Սիրիան, Փյունիկիան, Հրեաստանը, Գազան, Եգիպտոսը, Միջագետքը, Պարսկաստանը և Բակտրիան, իսկ հետագայում մեծացնելով իր տերության սահմանները՝ Ալեքսանդրը հասավ մինչև Թաքսիլա և Հնդկաստան, ինչից հետո նրա զորքը հրաժարվեց առաջ շարժվել։

Ալեքսանդրը պլանավորում էր իրականացնել մի շարք այլ արշավանքներ, ինչպիսք էին օրինակ՝ ներխուժում Արաբական թերակղզի, իսկ դրանից հետո՝ դեպի Արևմուտք՝ Հռոմ, Կարթագեն և Պիրենեյան թերակղզի, սակայն Ալեքսանդրի մահից հետո նրա զորավար-դիադոքոսներն ամբողջովին մոռացության տվեցին այս պլանները։ Ալեքսանդրի մահից մի քանի տարի անց դիադոքոսներն սկսեցին պատերազմել միմյանց դեմ՝ բաժանելով ամբողջ կայսրությունը միմյանց միջև․ այդ քաղաքացիական պատերազմները տևեցին շուրջ 40 տարի։ Ալեքսանդրն սկիզբ դրեց հելլենիզմի դարաշրջանին։ Ավելին