Լևոն Ռուբենի Գալչյան (սեպտեմբերի 2, 1965(1965-09-02), Թեհրան, Իրան - սեպտեմբերի 27, 2004(2004-09-27)), կիրառական արվեստի հայ ներկայացուցիչ։

Լևոն Գալչյան
Ծնվել էսեպտեմբերի 2, 1965(1965-09-02)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Վախճանվել էսեպտեմբերի 27, 2004(2004-09-27) (39 տարեկան)
Մասնագիտությունդիզայներ
Ոճբարոկկո և մոդեռնիզմ
ՀայրՌուբեն Գալչյան

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Լևոն Գալչյանը ծնվել է օգոստոսի 2-ին 1965 թվականին՝ Թեհրանում։ Հայրը` Ռուբեն Գալչյանը, էլեկտրոինժեներ է, ով Պարսկաստանում գտնվող նավթային արդյունաբերական ոլորտում է աշխատել, իսկ այժմ քարտեզագրագետ է` բազմաթիվ գրքերի հեղինակ։ Մայրը` Մարիետ Արզումանյանը, հոգեբան է։ Գալչյան ընտանիքում ծնվել է ևս մեկ որդի` Շահենը, ով երեք տարի փոքր է Լևոնից։ Լևոնի ընտանիքը Թեհրանում է մնացել մինչև նրա 12-13 տարեկան դառնալը։ Այնուհետև Իրաքի պատերազմի պատճառով տեղափոխվել է Անգլիա` Լոնդոնի Իլինգ թաղամաս, սկզբում ժամանակավոր, հետագայում մշտական բնակություն հաստատելու նպատակով։ Լևոնը Թեհրանում հաճախել է հայկական դպրոց։ Հաճախել է արվեստի բազմաթիվ սրահները, որն էլ առիթ է հանդիսացել Լևոնի ուշադրությունը արվեստի նկատմամբ ընդլայնմանը։

Ուսում խմբագրել

Գալչյանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Բրայթոն քաղաքի արվեստի համալսարանը։ Չորս տարի սովորելու ընթացքում, ամռան երեք ամիսներին Գալչյանը ըստ կանոնակարգի աշխատել է արվեստի տարբեր կենտրոններում։ Տիրապետել է գերմաներենի, պարսկերենի, անգլերենի, հայերենի և իտալերենի։ Սովորելու առաջին տարվա ամռան երեք ամիսներին Իտալիայում բրիտանական ինստիտուտում հնագիտական աշխատանքներ է կատարել, իսկ հաջորդ տարին կրկին Իտալիայում` Հռոմում աշխատել է դիզայն կենտրոններից մեկում, որտեղ իր աշխատանքները մեծ հավանության են արժանացել։ Այստեղից էլ սկսել է Լևոնի հետաքրքրությունը կտորի դիզայնի աշխատանքների նկատմամբ։ Անգլիայի Բրայթոն քաղաքի արվեստի համալսարանն ավարտելուց հետո մեկնել է Իտալիա` ուսումը շարունակելու։

Սկզբնական շրջան խմբագրել

Իտալիայում սկսել է իր ստեղծագործական աշխատանքների գործունեությունը, մի քանի հազարի են հասնում կտորների վրա արված նրա դիզայներական աշխատանքները։ Այնուհետև ընկերոջ հետ ուլունքներով ու պղնձի լարերով ջահեր է պատրաստել և նրանց աշխատանքները Իտալիայում մեծ պահանջարկ են ունեցել[1]։ Բավականին մեծ թվով վաճառել են այնտեղ, իսկ հետո իտալական գործարանները կրկնօրինակել են նրա ստեղծած մոդելները։ Լևոնն այնուհետև անցել է բրոնզի աշխատանքներին, ամեն մեկից մեկ օրինակ էր պատրաստել՝ մոմակալներ, լույսեր, ջահեր, դիմակներ, որոնք հիմականում լույսերի համար է օգտագործել։ Աշխատանքները պատրաստել է Անգլիայում, հետո փոխադրել է Իտալիա եւ այնտեղ ձուլել է բրոնզից։ Նրա աշխատանքները գնել են «Քրիստիան Դիոր», «Վերսաչի» և այլ հայտնի նորաձևության տները։ Իր աշխատանքներից մեկը զարդարում է Մոսկվայի «Մետրոպոլ» հյուրանոցը[2]։ Նրա ստեղծագործությունները սերտ կապված են տվյալ դարաշրջանի նյութական մշակույթին, կենցաղին, տեղական Էթնիկական, ազգային, ինչպես և սոցիալական ու դասակարգային առանձնահատկություններին։ Եվ յուրաքանչյուր աշխատանք կատարել է մեկ օրինակով, սակայն եղել են աշխատանքներ, որոնք ստեղծել է երկու տասնյակ և համարակալել է դրանք հետագա խնդիրներից խուսափելու նպատակով։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Կտորի վրա արված աշխատանքներ խմբագրել

Դեկորատիվ-կիրառական արվեստի շարքին են դասվում կահույքը, գորգերը, գործվածքները, լապտերները, սկուտեղները, ոսկերչական առարկաները ինչպես նաև հագուստը։ Առարկաների գեղագիտական արժեքավորությունը որոշվում է նրանց ձևերի, գծերի, գույնի և նյութերի մշակման հմտությամբ։ Կիրառական արվեստի ստեղծագործությունների կառուցվածքը և ձևը կապված են զարդանախշի հետ, որն ընդգծում է առարկայի ձևը և նշանակությունը[3]։ Լևոն Գալչյանը իր կտորի աշխատանքներում օգտագործել է գունավոր և նախշազարդ տարրեր, թռչունների և կենդանիների գծային քանդակներով ու երկրաչափական պատկերներ, ինչպես նաև կարմիր ֆոնի վրա արված սև երկրաչափական զարդեր։ Հավատարիմ մնալով արվեստի ժողովրդական սկզբունքներին՝ հայ վարպետները իրենց աշխատանքներում օգտագործել են բազմաթիվ խաչքարերի հրաշալի զարդաքանդակներ, հնագույն տաճարների հարթաքանդակներ[4], Լևոն Գալչյանը ևս չի հեռացել իր ակունքներից, և կտորի վրա արված դիզայներական լուծումերում շատ հաճախ նկատվում են հայկական արվեստին բնորոշ գունային և նախշային առանձնահատկություններ, որոնք նույնպես միաձուլելով ժամանակակից արվեստի հետ, ներկայացրել է բազմաթիվ ցուցահանդեսների։

1980-ական թվականներին Անգլիայում կիրառական արվեստը բուռն զարգացում է ապրել և հասել է իր գագաթնակետին։ Վերջին ժամանակներում զգացվում է ամերիկյան ապրելակերպը և դրա հետ մեկտեղ հայտնվում են ավելի ազատ ոճի հագուստներ, առաջանում է կանացի հագուստ առօրյա, երեկոյան և եթերային հագուստներ[5]։ Այդ բուռն տարիների ընթացքում ստեղծագործել է Գալչյանը, ում աշխատանքներից մի քանիսը համահունչ է եղել ընթացող ժամանակին։ Այդ հագուստների ցուցադրությունը տեղի է ունեցել Լոնդոնում։ Գալչյանը 2004 թվականին Փոլ ՄաքՔարթնիի համաշխարհային շրջագայության համար կատարել է հագուստի մոդելավորման աշխատանքներ, որտեղ երևում է բարոկկո ոճի ազդեցությունը, որը համադրված է եվրոպական ոճին և միևնույն ժամանակ հակադրված է արևելյան տարրերին։ Չնայած աշխատանքներից շատերը արևելյան ավանդական էլեմենտների վրա էին հենված, սակայն կանգ է առել 50-ական թվականների հագուստի ոճային առանձնահատկությունների վրա։

Բրոնզից պատրաստված իրեր խմբագրել

Լևոն Գալչյանի հիմնական օգտագործման նյութը բրոնզն էր։ Ներքին հարդարանքի համար նախատեսված յուրօրինակ և բարդ կառուցվածքով աշխատանքներին բնորոշ են նրբությունը, շքեղությունն ու ֆիգուրների էլաստիկությունը։ Նրա կատարած բրոնզից աշխատանքները արտացոլում են իր ծագումը, այլ ոչ թե իրեն շրջապատող լոնդոնյան աշխարհը։ Լևոնը բացատրում է նրանով, որ ավելի հեշտ է անտեսել շրջապատող խառնաշփոթ գաղափարները[6]։ Բրոնզյա իրերից են նրա կատարած կահուքի աշխատանքները, հիմնականում սեղաններ և բազկաթոռներ, որոնցից նուրբ օրինակ է մի բազկաթոռ, որը կատարել է մեկ ձուլված բրոնզե ամբողջական կտորով և ամբողջովին պատված է արծաթե գնդիկներով։ Աթոռների հիմնական չափերը 69x66x74 սմ է։ Հիմնականում նստատեղի համար օգտագործել է նաև այլ նյութեր, օրինակ՝ թավշյա կամ կոկորդիլոսի կաշի։ Երբեմն Լևոն Գալչյանը, բամբակե փայտը, ապակին և բյուրեղապակին համադրելով բրոնզի հետ, ստեղծել է աշխատանքներ։ Ինչպես նաև օգտագործել է գրանիտը և մարմարը։ Սեղանները առավել լայնորեն կիրառվել են Անգլիայում և Իտալիայում։ Լևոն Գալչյանը ստեղծել է կահույքի տարբեր նմուշներ, որոնք զարդարել են սենյակի գրեթե բոլոր անկյունները։ Նա օգտագործել է ոչ միայն վերը թվարկած նյութերը, այլ նաև բրոնզը համադրել է ապակու և փայտի մի քանի տեսակների հետ։

Ուլունքների և բրոնզի համադրությամբ աշխատանքներ խմբագրել

Մարդուն իր կենցաղում շրջապատում են բազմաթիվ առարկաներ, որոնք զարդարում են նրա տունը, նիստն ու կացը։ Մարդիկ ձգտում են այդ կենցաղային առարկաները տեսնել գեղեցիկ, հարմար և ամուր պատրաստված, որպեսզի դրանց թե գործնական և թե էսթետիկական հատկություններից բավականություն ստանան[7]։

Լուսամփոփի օգտագործումը շատ հնուց չի եկել, այն կիրառվել է 17-րդ դարից սկսած։ Սկզբում այն լամպի վրա հագցվող ծածկոցով էր առանձնանում, որն արտացոլում է լույսը՝ միաժամանակ պաշտպանելով աչքերը լույսի անմիջական ներգործությունից։ Այն լայն կիրառություն է ունեցել ինտերիերի դիզայնի մեջ և միայն վերջին դարերի ընթացքում կիրառությունից բացի համարվում է գեղարվեստական ձևավորման անբաժան մասը[8]։ Աշխարհի տարբեր անկյուններում զարգացման առանձնահատուկ շրջան է ձևավուրվում լուսամփոփների համար, հատկապես Անգլիայում 20-րդ դարի վերջին։ Լևոն Գալչյանի կատարած լուսամփոփները համարվում են ոչ միայն Անգլիայի, այլև Իտալիայի ժամանակակից արվեստի առանձնահատուկ գործեր։ Նրա դիմակ լույսերի հավաքածուն բաղկացած է նուրբ լուսային էֆեկտներից։ Լուսամփոփային աշխատանքներում նա կենտրոնացրել է լույսի և ստվերի փոխազդեցությանը, որը երևում է դիմակ լույսերի հավաքածուի մեջ։ Նյութերի ընտրությունը կատարել է տեխնիկայի հետ համադրելով։ Օգտագործել է թանկարժեք քարեր և այլ քարեր և խեցիներ, օբսիդիան, մեղեսիկ, փիրուզ, բյուրեղներ, տպազիոն, նեֆրիտ և այլն։ Նմանատիպ թանկարժեք քարերից պատրաստված լույսերը առանձնանում են ուլունքների շարվածքով, որի չափերը հասնում են 110 սմ-ի։

Ուլունքների օգտագործումը և համադրումը ապակե և բրոնզե նյութերի հետ առավել է դարձնում Լևոն Գալչյանի աշխատանքները։ Ուլունքները հնագույն ժամանակներում պատրաստվում էին վառարաններում, ցածր ջերմաստիճանի տակ ստացվող ապակե զանգվածից[9]։ Գեղարվեստի հավակնություն ունեցող մետաղե իրերը, ժամանակակից պատրաստված կահույքներից մինչև լամպերը սիրելի են դառնում Անգլիայում, և ստանալով մեծ գնահատական՝ հայտնվում են համաշխարհային ճանաչում ունեցող նորաձևության սրահներում[10]։ Առավել հայտնի է «Քրիստիան Դիոր» նորաձևության սրահի մուտքի լույսերը, որոնք Գալչյանը կատարել է հատուկ ուշադրությամբ և մեծ ուժ է ներդրել յուրաքանչյուր ուլունքի հատիկի ճիշտ և համաչափ տեղադրման համար։ Ուլունքներից պատրաստված աշխատանքներից մեկը այժմ գտնվում է Մոսկվայի Մետրոպոլիտեն հյուրանոցում։ Այն պատրաստված է բյուրեղապակուց և մինչ օրս զարդարում է հյուրանոցի սրահը։ Լևոնի աշխատանքներից որոշ լամպեր ամենավաղ նմուշների տպավորություն են ստեղծում, նրա համար ամենավաղ օրինակները ծառայել են որպես նախատիպեր։ Հավաքածուի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել բյուզանդիական ոճը[11]։

Վերջին տարիներ խմբագրել

Երիտասարդ արվեստագետը կյանքից հեռացել է 39 տարեկան հասակում՝ 2004 թվականի օգոստոսի 27-ին։ Գալչյանը այցելել է Հայաստան 1999 և 2001 թվականներին։

Ծնողները Հայաստանում ստեղծել են արվեստի դպրոց և բացել են հիմնադրամ։ Այդ հիմնադրամի շնորհիվ Հայաստանի Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանի գյուղ Մյասնիկյանում բացվել է Լևոն Գալչյանի անվան արվեստի դպրոց, որտեղ հաճախում են հարակից գյուղերից երեխաներ և ամեն տարի տեղի են ունենում ցուցահանդեսներ և բարեգործական միջոցառումներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Homes and living magazine. London. 2006. էջեր 82–91.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Converted spaces magazine. Evergreen-Taschen. 2006. էջեր 199–210.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Ներսիսյան, Լեմս (2003). Արտասահմանյան արվեստի պատմություն. Երևան. էջեր 10–15.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Շարաբյան, Հովհաննես (1976). «Հայաստանն այս օր» լրատուի հավելված. էջեր 3–6.
  5. Иллюцтрированная энциклопедия мода. Артия. 1986. էջեր 315–321. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. The wold of interiors magazine. London. 2000. էջեր 45–48.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Joe, Friedman (1990). Interior design. London. էջեր 56–58.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. Les miroirs de Bronze anciens. Paris. 1989. էջեր 7–14. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. Առաքելյան, Բաբկեն (1969). Հին Հայաստանի ապակին. Երևան. էջեր 7–14.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. The wall street journal Europe weekend magazine. London. 2001. էջեր 6–9.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  11. Suite magazine. Italia. 2000. էջեր 11–18.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)