Լրացուցիչ արժույթ, այն արժույթն է, որը որոշակի շրջանակի անձանց համաձայնությամբ կարող է լրացնել կամ փոխարինել ազգային արժութային համակարգը։ Տերմինը ներառում է տարածաշրջանային արժույթը, մասնավոր փողը և համայնքային արժույթը[1]։

Բոստոնի Յունգ հյուրանոցի կողմից թողարկված 15 ցենտ

Ներածության նպատակներ խմբագրել

Լրացուցիչ արժույթները հաճախ մշակվում են հատուկ հարցերի կամ խնդիրների լուծման համար[2], և դրանց մեծ մասի ներդրումը մի քանի նպատակ է հետապնդում և ուղղված է մի քանի հարցերի լուծմանը։ Լրացուցիչ արժույթը կարող է օգտակար լինել այն համայնքների համար, որոնք չունեն ֆինանսական կապիտալի հասանելիություն, ինչպես նաև բնակչության ծախսերը կարգավորելու համար[3]։ 2006 թվականին լրացուցիչ արժութային համակարգերի համաշխարհային տվյալների բազան տարեկան զեկույցում ներկայացրեց 150 համակարգերի ուսումնասիրության արդյունքները։ Դրանցից 94-ի ներդրման նպատակներն էին բարելավել համագործակցությունը, զարգացնել փոքր և միջին բիզնեսը, ակտիվացնել տեղական շուկան, նվազեցնել ազգային արժույթի պահանջարկը, զարգացնել համայնքները[4]։ Լրացուցիչ արժույթի հիմնական նպատակը ոչ թե բարձր շահույթ ստանալն է, այլ «չօգտագործված ռեսուրսը չապահովված կարիքի հետ» միացնելն է[5]։

Լրացուցիչ արժույթի ներդրման կողմնակիցներ խմբագրել

Լրացուցիչ արժույթի կողմնակիցներն են բելգիացի նախկին բանկիր Բեռնար Լիետարը, բրիտանացի տնտեսագետ Հեյզել Հենդերսոնը, հոլանդացի Հենկ վան Արկելը (STRO-ի ղեկավար), Էդգար Քամփերսը և Ռոբ վան Հիլթենը (Քոինի նախաձեռնողներ), Մայքլ Լինթոնը, Մարգրիտ Քենեդին, Էդգար Կանը (ժամանակի բանկի գյուտարարը)[1], և շատ ուրիշներ։ Բեռնար Լիետարը պնդում է, որ ազգային արժույթները բավարար չեն համաշխարհային բիզնես կարիքների համար՝ վկայակոչելով այն փաստը, որ վերջին 20 տարիների ընթացքում 87 երկրներում տեղի են ունեցել արժութային լուրջ ճգնաժամեր։ Լիետարի կարծիքով՝ լրացուցիչ արժույթը նման խնդիրներից պաշտպանվելու միջոց է[6]։ Բարտերային առևտրի միջազգային ասոցիացիայի համաժողովում (IRTA) Լիետարը նույնն էր ասում բարտերի մասին[7]։

Լրացուցիչ և այլընտրանքային արժույթի առանձնահատկություններ խմբագրել

 
Վյորգլ քաղաքի մեկ շիլլինգ

Լրացուցիչ արժույթ՝ արժույթ, որը նախատեսված է որպես այլ արժույթի լրացում օգտագործելու համար (սովորաբար՝ ազգային արժույթով)։ Լրացուցիչ արժույթը երբեմն կոչվում է համայնքային լրացուցիչ արժույթ կամ պարզապես համայնքային արժույթ։ Դրա պատճառն այն է, որ լրացուցիչ արժույթի շրջանառության տարածքը դեպքերի ճնշող մեծամասնությամբ սահմանափակվում է որոշակի համայնքով։ Այնուամենայնիվ, կան որոշ լրացուցիչ արժույթներ, որոնք տարածաշրջանային կամ համաշխարհային են, ինչպիսիք են համայնքային փոխանակման համակարգը և Friendly Favors-ը, կամ առաջարկվող համաշխարհային հողային արժույթը[8]։

Լրացուցիչ արժույթ տերմինը ներառում է փոխանակման համակարգերի, արժույթների կամ սկրիպտների լայն խումբը, որոնք նախատեսված են ստանդարտ արժույթի կամ այլ լրացուցիչ արժույթների հետ համատեղ օգտագործելու համար։ Լրացուցիչ արժույթը կարող է գնահատվել և փոխանակվել ազգային արժույթի հետ, բայց կարող է նաև գործել որպես ինքնուրույն փոխանակման միջոց։ Լրացուցիչ արժույթները գտնվում են ազգային օրինական վճարային միջոցների սահմաններից դուրս և որպես այդպիսին չեն օգտագործվում։ Ինչպես ազգային արժույթների դեպքում, լրացուցիչ արժութային համակարգերը միմյանցից տարբերվում են փոխարժեքով, շրջանառության տարածքով և այլ արժույթների հետ համատեղ օգտագործելու հնարավորությամբ։

Որոշ լրացուցիչ արժույթներ հիմնված են իրական ռեսուրսների վիճակի վրա (ոսկի, նավթ, ծառայություններ և այլն) և փոփոխվում են՝ կախված դրանց տատանումներից։ Ժամանակային արժույթը ներկայացնում է ծառայության կատարման համար պահանջվող ժամանակը ժամերով՝ առանց հաշվի առնելու ծառայության կատարման հավանական շուկայական արժեքը։ Որոշ լրացուցիչ արժույթներ օգտագործում են բացասական տոկոսային համակարգ (demerage)[1]։ Սա խթանում է շուկայի արտարժույթի փոխանակումը և ստիպում է հրաժարվել լրացուցիչ արժույթից՝ որպես կապիտալ պահելու միջոց[1]։

Արտարժույթի շահարկումները և մոլախաղերը, որպես կանոն, ներառված չեն լրացուցիչ արժույթների հայեցակարգում։ Լրացուցիչ արժույթները հաճախ միտումնավոր սահմանափակվում են տարածաշրջանային բաշխման, տևողության, օգտագործման ոլորտի և այն անձանց շրջանակի մեջ, ովքեր կարող են օգտվել արժութային համակարգից։

Այն դեպքում, երբ արժույթը օգտագործվում է ազգային արժութային համակարգին զուգահեռ, ապա այդպիսի արժույթը կարող է կոչվել լրացուցիչ։ Այլընտրանքային արժույթ՝ ցանկացած արժույթ, որն օգտագործվում է որպես գերիշխող ազգային կամ բազմազգ արժութային համակարգերի այլընտրանք (ֆիատ փող)։ Այլընտրանքային արժույթները կարող են ստեղծվել անհատի, կորպորացիայի կամ կազմակերպության կողմից, դրանք կարող են թողարկվել նաև պետության կամ տարածաշրջանային իշխանությունների կողմից։ Այլընտրանքային արժույթը կարող է առաջանալ նաև բնական ճանապարհով, երբ մարդիկ սկսում են օգտագործել որոշակի ապրանք որպես արժույթ։ Փոխադարձ վարկը այլընտրանքային արժույթի ձևերից մեկն է։ Վարկավորման ցանկացած ձև, որը չի անցնում բանկային համակարգով, կարող է համարվել այլընտրանքային արժույթի ձևերից մեկը։ Հաճախ այլընտրանքային արժույթներ են առաջանում, երբ մեծ թվով մարդիկ համաձայնում են օգտագործել հաշվարկային մեխանիզմներ՝ հեշտացնելու ապրանքների և/կամ ծառայությունների բնական փոխանակումը։

Այլընտրանքային արժույթի տեսակներից մեկը այսպես կոչված ժամանակի բանկերն են, որոնք առաջին անգամ ի հայտ են եկել 1970-ականներին Ճապոնիայում և 1980-ականներին հայտնվել են Մեծ Բրիտանիայում[9]։ Դրանց էությունը կայանում է նրանում, որ կամավորական օգնության յուրաքանչյուր ժամի համար ժամանակի բանկի հաշվին կամավորին հատկացվում է համակարգի 1 միավոր, իսկ նրա ծառայություններից օգտվողից հանվում է[1]։ Այլընտրանքային դրամական համակարգերի մեկ այլ տեսակ է փոխանակումը։ Այն իրականում ներկայացնում է մի համակարգ, որի ներսում տեղի է ունենում որոշակի իրերի կամ ծառայությունների փոխանակում՝ առանց որևէ արժույթի օգտագործման։ 1982 թվականին ստեղծվեց ամենատարածված լրացուցիչ արժութային համակարգը՝ տեղական փոխանակման առևտրային համակարգը, որը կարգավորում է ապրանքների և ծառայությունների փոխանակումը կոոպերացիայի անդամների միջև[1][9]։

Բրազիլիայում բջջային հեռախոսների արդյունաբերության սեփականաշնորհելուց և դրանից եկամտի 1%-ը կրթության ոլորտին փոխանցելուց հետո ստեղծվել է 3 միլիարդ ռեալի (1 միլիարդ դոլար) հիմնադրամ, որի միջոցները կառավարությունը մտադիր էր ուղղել կրթության ոլորտին։ Պրոֆեսոր Բեռնար Լիետարը 2004 թվականին առաջարկեց ներդնել հատուկ վաուչերային համակարգ և ոլորտային արժույթ, որը թույլ կտա բնակչությանը վճարել բարձրագույն կրթություն ստանալու համար։ Լիետաերի մտահղացմամբ՝ «սաբեր» արժույթը պետք է տրամադրվի յուրաքանչյուր ուսանողի 7 տարեկանում, իսկ 17 տարին լրանալուց հետո այն կարող է մասամբ վճարել համալսարանում ուսման համար։ Արժույթն ունի բարձր բացասական տոկոս, ամեն տարի պահպանման դեպքում արժեզրկվում է 20%-ով[10]։ Որոշ մասնագետներ կարծում են, որ «սաբեր» լրացուցիչ արժութային համակարգի սխեման 10 անգամ ավելի արդյունավետ է, քան երկրի կրթության ոլորտի ուղղակի սուբսիդավորումը[5]։

2009 թվականին ստեղծվեց գաղտնարժույթը՝ «Բիթքոյնը», որը հնարավորություն է տալիս անանուն վճարումներ կատարել։ Գործընկերների ցանցի սկզբունքը և վարչական կենտրոնի բացակայությունը անհնարին են դարձնում գործարքների թողարկման կամ ուղղորդման արտաքին (ներառյալ պետական) կառավարումը։ Բոլոր գործողությունների վերաբերյալ տվյալները հրապարակային են և պահվում են կրկնօրինակված բաշխված տվյալների բազայում։ Տվյալների անփոփոխությունն ապահովելու համար օգտագործվում են գաղտնագրային մեթոդներ։ Թեև պարտադիր վճար չկա, մասնակիցները կարող են կամավոր վճարման մեջ ներառել կամայական պարգևատրման գումար, ինչը մեծացնում է նման գործարքի մշակման առաջնահերթությունը։ Վարձատրությունը բաժին է ընկնում այն հանգույցին, որը հերթական բլոկում ներառել է այս գործարքը[11]։ Բիթքոյններն ընդունվում են ինչպես ապրանքների կամ ծառայությունների վճարման, այնպես էլ նվիրատվության տեսքով[12]։ Թվային արժույթի փոխանակման առցանց ծառայությունը թույլ է տալիս գնել, վաճառել գաղտնարժույթներ սովորական փողի համար[13][14]։

Որոշ այլընտրանքային արժույթներ արագ արժեզրկվում են, ինչը մեծացնում է փողի շրջանառությունը։ «Վյորգլի հրաշքը» փորձ է, որը ցույց է տվել ավստրիական Վյորգլ փոքր քաղաքում շրջանառության մեջ դրված ազատ փողի ներուժը:Տեղական արժույթները նույնպես առավելություն ունեն, որ դրանք չեն կարող ծախսվել արտասահմանում, ինչը նշանակում է, որ արժույթը միշտ շարունակում է շրջանառվել սկզբնական տարածաշրջանում՝ օգուտ տալով միայն տեղական տնտեսությանը։ Մյուս կողմից, տեղական արժույթը դրա շրջանառության շրջանից դուրս ծախսելու անկարողությունը շատերի համար անհարմարություն է։

Ենթադրվում է, որ այլընտրանքային արժույթները կարող են աշխատել որպես տեղական տնտեսության հակակշիռ։ Դրանց ակտիվությունը մեծանում է այն դեպքում, երբ տեղական տնտեսությունը դանդաղում է, իսկ դրա տեմպերի ավելացման դեպքում այլընտրանքային արժույթի ակտիվությունը բնական ճանապարհով դանդաղում է[15]։ Մինչդեռ պրոֆեսոր Նիկոլաուս Լոյֆերը կարծում է, որ տեղական արժույթների օգտագործումը, ինչպիսիք են ազատ փողերը, կարող են միայն կարճ ժամանակով բարձրացնել տեղական տնտեսության ակտիվությունը։ Լոյֆերի կարծիքով, տեղական արժույթի երկարատև օգտագործումը, ի վերջո, կհանգեցնի տնտեսական գործունեության ակտիվության նվազմանը, ընդհանուր առմամբ, տնտեսության ապակայունացմանը[16]։

Լրացուցիչ արժույթի առավելություններն ու թերությունները խմբագրել

Առավելություններ խմբագրել

 
Փողի թել՝ պատրաստված կճեպի կտորներից և շան ատամներից

Որոշ լրացուցիչ արժույթներ միտումնավոր արագորեն արժեզրկվում են (այդ պատճառով գերմաներեն կոչվում են Schwundgeld), որն, իր հերթին, մեծացնում է դրամական շրջանառությունը։ Պատմությունը հայտնի է այսպես կոչված «Վյորգլի հրաշքը» անվանումով։ Մեծ դեպրեսիայի ժամանակ ավստրիական այս քաղաքն ներմուծեց տեղական արժույթ՝ «ազատ շիլլինգներ» անվանումով, ինչը հանգեցրեց եկամուտների աճի և գործազրկության մակարդակի կտրուկ անկման։ Տեղական արժույթը նաև առավելություն ունի, որ այն չի կարող ծախսվել արտերկրում, և այդ պատճառով փողը միշտ շարունակում է շրջանառվել տեղում՝ օգուտ բերելով տեղական տնտեսությանը[17][18]։

Թերություններ խմբագրել

Պրոֆեսոր Նիկոլաուս Լոյֆերի կարծիքով՝ տեղական արժույթների օգտագործումը, ինչպիսիք են «ազատ շիլլինգները», կարող են միայն ժամանակավորապես բարձրացնել տնտեսական ակտիվությունը։ Տեղական արժույթի երկարատև օգտագործումը, ի վերջո, կհանգեցնի տնտեսական ակտիվության նվազմանը և տնտեսության ապակայունացմանը՝ փողի շրջանառության արագության բարձրացման պատճառով, քանի որ դրանց շրջանառության քանակը նվազում է (քանի որ նոր արժույթները, ինչպիսիք են «ազատ շիլլինգները», արագորեն նվազում են իրենց արժեքով)[19]։

Իշխանությունների վերաբերմունքն ու հարկումը խմբագրել

Երբ սկսվեց լրացուցիչ դրամական համակարգերի ստեղծման առաջին ալիքը (1930-ական թվականներ), շատ երկրների իշխանությունները փորձեցին խոչընդոտել դրան[20]։ Շվանենկիրխեն քաղաքի տարածաշրջանային արժույթն արգելվել է 1931 թվականին[20], իսկ 1933 թվականին արգելքի տակ է հայտնվել նաև Վյորգլի դրամական համակարգը[20]։ Նմանատիպ միջոցառումներ են ձեռնարկվել նաև Ֆրանսիայում[20]։ Մինչդեռ շվեյցարական WIR արժույթը, որը շրջանառության մեջ է դրվել 1934 թվականին[20], պահպանվել է մինչ օրս։ Ըստ որոշ գնահատականների, 2000-ական թվականներին գործում էր 3-ից 5 հազար տարբեր լրացուցիչ արժութային համակարգեր[20]։

Այլընտրանքային և լրացուցիչ արժույթներ օգտագործելիս հաճախ հարկերի վճարման հետ կապված խնդիրներ են առաջանում։ Որոշ այլընտրանքային արժույթներ համարվում են հարկերից զերծ, սակայն դրանց մեծ մասն ամբողջությամբ հարկվում է այնպես, կարծես դրանք ազգային արժույթ լինեն։ Մինչդեռ հարկային օրենսդրության պահանջները թույլ են տալիս հարկը վճարել միայն ազգային արժույթով։ Այլընտրանքային արժույթների օրինականությունն ու հարկային կարգավիճակը զգալիորեն տարբերվում են երկրից երկիր, մեկ այլ երկրում գործող որոշ համակարգեր անօրինական են։

Տես նաև խմբագրել

  • Նոթգելդ
  • Վնեշպոսիլտորգի անդորրագրեր
  • Արժութային վկայագիր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Кроль М. «Дополнительные денежные системы». cloudwatcher.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
  2. «Options for Managing a Systemic Bank Crisis» (անգլերեն). sapiens.revues.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. «Complementary Currency: For Bootstrapping, But Not For Everything» (անգլերեն). worldchanging.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
  4. «The global forum for research and analysis of community and complementary currencies» (անգլերեն). ijccr.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. 5,0 5,1 «Какая валюта самая стабильная». vseforex.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  6. «Bernard Lietaer Urges the Growth of New Currency", Bank Technology News, Jul. 1st, 2004» (անգլերեն). accessmylibrary.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 16-ին.
  7. «Barter and Cashless Trading Summit to Promote Collaboration of International Reciprocal Trade: IRTA’s 26th Annual Conference Is The First of Its Kind» (անգլերեն). prweb.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին. {{cite web}}: C1 control character in |title= at position 101 (օգնություն)
  8. «Global Complementally Currency: Making Money Sustainable» (անգլերեն). sciencelinks.jp. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
  9. 9,0 9,1 Кроль М. «Дополнительные денежные системы. Типология успеха». philanthropy.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
  10. A Proposal for a Brazilian Education Complementary Currency // International Journal of Community Currency Research 2006. — Т. Volume 10. Архивировано из первоисточника 28 փետրվարի 2009.
  11. Nathan Willis (2010 թ․ նոյեմբերի 10). «Bitcoin: Virtual money created by CPU cycles». LWN.net. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  12. «Donate to ReactOS — ReactOS Website». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
  13. «Bitcoin Charts». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  14. Thomas, Keir (2010 թ․ հոկտեմբերի 10). «Could the Wikileaks Scandal Lead to New Virtual Currency?». PC World. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
  15. «James Stodder Reciprocal exchange networks Implications for Macroeconomic Stability report» (PDF) (անգլերեն). lietaer.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
  16. «Nikolaus K.A. Läufer» (գերմաներեն). uni-konstanz.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
  17. «An Experiment in Worgl — Alternative Money and Economics — tribe.net». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
  18. Stodder, James (2005 թ․ հունվար). «Implications for Macroeconomic Stability» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
  19. Läufer, Nikolaus (2006 թ․ դեկտեմբերի 31). «Natural Economic Order Theories or Freiwirtschaftslehre (Silvio Gesell)» (German). University of Konstanz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 Кроль М. «Дополнительные деньги». philanthropy.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել