Լենինականի մսի-պահածոների կոմբինատ

Լենինականի մսի-պահածոների կոմբինատ, խորհրդային շրջանի սննդի արդյունաբերության ձեռնարկություն Լենինականում (այժմ՝ Գյումրի)։

Հիմնադրվել է 1935 թվականին։ Ունեցել է սպանդի, ենթամթերքների, աղիքի, ճարպի, էնդոկրինային, կաշվի աղաբռնվածքի, օգտաթափոնքաալբումինային, երշիկեղենի կիսաֆաբրիկատների, պահածոների (թիթեղյա և փայտյա տարաների բաժիններով) արտադրամասեր, սառնարան։ Արտադրել է միս, երշիկեղենի և ապուխտեղենի՝ ավելի քան 80, կիսաֆաբրիկատների՝ 12, պահածոների 22 տեսակ, մսոսկրային, արյան, ոսկրային ալյուր, ալբումին, տեխնիկան և սննդի ճարպ, պեպսին։

1935 թվականին ապրանքային արտադրության ծավալը կազմել է 8 228 000, 1976 թվականին՝ 37 108 000 խորհրդային ռուբլի։ Արտադրանքն իրացվել է Հայաստանում, հում ապխտած երշիկն առաքվել է նաև Մոսկվա, Թբիլիսի և այլ քաղաքներ։

1971 թվականին արժանացել է ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի բրոնզե մեդալի (երշիկեղենի նոր «Խճողակած ռուլետ» տեսակի համար), իսկ 1976 թվականին՝ ՀՍՍՀ ԺՏՆՑ-ի I աստիճանի դիպլոմի։ 1975 թվականին (Բուդապեշտում) և 1976 թվականին (Պրահայում) «Հողը՝ կերակրողը» ցուցահանդեսում ստացել է պատվոգիր և դիպլոմ։ 1974 թվականին կոմբինատին տրվել է հեղինակային արտոնագիր՝ երշիկեղենի գունավորման նոր (առանց նիտրիտի կիրառման) մեթոդի համար։

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո գործարանն այլևս չի գործում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 554