Սառնարան սննդամթերքը և այլ մթերքներ շրշապատող միջավայրի ջերմաստիճանից ցածր ջերմաստիճաններում (4-ից մինչև —40 °C) պահելու սարք, հարմարանք կամ կառույց։ Տարբերում են տնային և արդյունաբերական սառնարաններ։ Տնային սառնարանը նախատեսված է տնային պայմաններում արհեստական պաղեցման եղանակով սննդամթերքը պահելու և սառույց պատրաստելու համար։ Տնային սառնարանը ներկառուցված հերմետիկ սառնարանային ագրեգատով մետաղական պահարան է։ Սառնարանի ներսում գտնվում է սառնարանային խցիկը, որի պատերը արտաքին միջավայրից բաժանված են ջերմամեկուսիչ շերտով։

Սառնարան
Սառնարանների աշխատանքի սխեման.
1. Կոնդենսատոր
2. Անոթ
3. Գոլորշի
4. Կոմպրեսոր
Կենցաղային սառնարանի հիմնական մասերը.
1.Գոլորշի
2. Կոնդենսատոր
3. Ֆիլտր-չորացուցիչ
4. Ջերմափոխարկիչ
5. Կոմպրեսոր
Սառնարանային կոմպրեսոր

Օդի պաղեցումը կատարվում է օդի և գոլորշացուցիչի սառը մակերևույթի միջե ջերմափոխանակման միջոցով։ Սառնարանում անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմն ապահովվում է սառնարանային ագրեգատի կարճատև պարբերական աշխատանքի շնորհիվ։ Տնային սառնարան արտադրում են 20-ից մինչև 800 ծավալով։ Ըստ նշանակման դրանք լինում են առանց ցածր ջերմաստիճանային բաժանմունքի և ցածր ջերմաստիճանային բաժանմունքով, որում ջերմաստիճանը կարող է լինել —6 °C, —12 °C և — 18 °C։ Նշված ջերմաստիճաններին համապատասխանում են ցածր ջերմաստիճանային խցիկի դռնակին դաջված մեկ, երկու կամ երեք աստղանիշեր։ Ըստ սպասարկման ավտոմատացման աստիճանի տարբերում են գոլորշարարի ձյունածածկույթի ոչ ավտոմատ, կիսաավտոմատ և ավտոմատ հալումով սառնարաններ, ըստ սառնարանում օդի շրջանառության եղանակի՝ բնական և հարկադրական (օդափոխիչի օգնությամբ) շրջանառությամբ սառնարաններ։ Կոմպրեսիոն տիպի տնային սառնարանների զանգվածային արտադրությունն սկսվել է 1951-ից։

Ընթերցե՛ք «սառնարան» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառնարան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 189