Լեհական կինեմատոգրաֆիայի դպրոց

Կինեմատոգրաֆիայի լեհական դպրոց կամ՝ լեհական կինոդպրոց (լեհ.՝ Polska Szskola Filmowa) - Լեհաստանի կինոռեժիսորների ու սցենարիստների հասարակական-գեղարվեստական ոչ ֆորմալ միավորում, որը գործել է մոտավորապես 1950-ական թվականների կեսերից մինչև 1960-ական թվականների կեսերը։

Լեհական կինոգործիչների դպրոցը ներկայացնող արվեստագետները գտնվել են իտալացի նեոռեալիստների (նոր իրապաշտների) նկատելի ազդեցության տակ։ Միավորման ստեղծման և լայնաթափ գործունեության ազդակ հանդիսացավ սոցիալիստական ճամբարի մաս կազմող երկրներում 1950-ական թվականների կեսերին տիրապետող դարձած հայացքների ազատականացումը, որն սկիզբ էր առել ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի մահից և Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության քսաներորդ համագումարում նրա անձի պաշտամունքի սուր քննադատությունից հետո։

Լեհ կինեմատոգրաֆիստների ստեղծագործությունների գլխավոր թեմաները դարձան Երկրորդ համաշխարհային պատերազմում Լեհաստանի դերի վերլուծությունը, գերմանական օկուպացիայի տարիների լեհական պատմության բարդությունների ցուցադրումը, «Կռայովա արմիա»-ի («Հայրենի բանակի») ռազմիկների ճակատագիրը, նրանց դերը ինչպես պատերազմական, այնպես էլ ետպատերազմյան Լեհաստանում, լեհերի ազգային մեծ ողբերգությունը, գերմանացի ֆաշիստների ստեղծած համակենտրոնացման դաժան ճամբարները, Վարշավայի նշանավոր ապստամբությունը։

Տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հնարավորություն տվեցին, որ միավորման անդամները ավելի բաց ներկայացնեն Լեհաստանի վերջին շրջանի պատմության առավել ցավոտ, սուր հարցերը։ Սակայն այն էլ պետք է ասել, որ գրաքննությունը դեռևս շատ ուժեղ էր, հատկապես ետպատերազմյան և ժամանակակից դեպքերի ու իրադարձությունների լուսաբանման նկատմամբ։ Հենց դրանում էր լեհական և իտալական կինեմատոգրաֆիական նեոռեալիստական դպրոցների միջև հիմնական տարբերությունը։ Այդուհանդերձ, լեհ կինոգործիչներին հաջողվեց Արևելյան Եվրոպայում առաջինը վառ կերպով ներկայացնել ազգային առանձնահատկությունները՝ հակադրվելով պաշտոնապես պարտադրվող սոցիալիստական ռեալիզմի ստանդարտ պահանջներին։ Միավորման մեջ ընդգրկված կինոգործիչները առանձնահատուկ ուշադրություն էին նվիրում անհատի դերի բացահայտմանը՝ ի հակադրություն կոլեկտիվիզմի։ Արվեստագիտական այս շարժման մեջ գոյություն ունեին երկու ուղղություններ. երիտասարդ կինոռեժիսորները՝ Անջեյ Վայդայի[1] գլխավորությամբ իրենց գլխավոր խնդիրն էին համարում հերոսականության մեկնաբանությունն ու ցուցադրումը[2][3], մինչդեռ մյուս խումբը, որի առավել ակնառու ներկայացուցիչը Անջեյ Մունկն էր[4], վերլուծում, ներկայացնում էր լեհական բնավորության գծերը ազգային առասպելաբանության պսակազերծման, հեգնանքի, հումորի միջոցով։

Կինեմատոգրաֆի լեհական դպրոցի ականավեր ներկայացուցիչների մեջ, բացի արդեն նշված Անջեյ Վայդայից և Անջեյ Մունկից, հիշատակման են արժանի նաև Եժի Կավալերովիչը, Վոյցեխ Եժի Հասը, Թադեուշ Կոնվիցկին...

Կինեմատոգրաֆիստներ և կինոնկարներ խմբագրել

Անջեյ Վայդա խմբագրել

  • «Սերունդ», 1955 թ., (Ռոման Պոլանսկու մասնակցությամբ, Վարշավայի երտասարդ ընդհատակայինների մասին)
  • «Ջրանցք», 1956 թ., (Վարշավայի ապստամբության մասնակիցների մասին եռերգության երկրորդ մասը)
  • «Մոխիր և ադամանդ», 1958 թ., (վերոնշյալ եռերգության երրորդ՝ ավարտական մասը)
  • «Ամեն ինչ՝ վաճառքի», 1968 թ., (կինոնկար լեհական կինեմատոգրաֆի մասին)
  • «Մարմարե մարդը», 1977 թ., (ետպատերազմական Լեհաստանում շինարարության և շինարարի մասին)
  • «Երկաթե մարդը», 1981 թ., (լեհական արհմիութենական շարժման և Գդանսկի նավաշինարանում տեղի ունեցած նշանավոր գործադուլի մասին)

Անջեյ Մունկ խմբագրել

  • «Մարդը ռելսերի վրա», 1956 թ., (երկաթուղային բանվորի մասին, որին հեռացրել են աշխատանքից՝ մեղադրելով սաբոտաժի մեջ)
  • «Հերոիկա», 1958 թ., (հերոսականության մասին պատմող երկու նորավեպերից կազմված կինանկար)
  • «Շեղաչ երջանկություն», 1960 թ., (կինոնկարի հերոսը մի անհոգ երիտասարդ է, որը թյուրիմացաբար հայտնվում է ուղղիչ հիմնարկությունում և միայն այստեղ է զգում, որ իր տեղը հենց դա է)

Եժի Կավալերովիչ խմբագրել

  • «Մեծ պատերազմի ճշմարիտ ավարտը», 1957 թ., (պատերազմի պատճառով միմյանցից բաժանված ամուսնու և կնոջ կրկնված հանդիպման մասին։ Ապագայի կերտմանը խանգարող անցյալի ծանր բեռի, հոգեբանական տևական բախման, պատերազմի պատճառած հուզական տրավմայի մասին պատմող այս կինոնկարը,որը հայկական արմատներ ունեցող ականավոր կինոռեժիսորի լավագույն աշխատանքներից է, զգալի ազդեցություն է գործել այդ ժամանակաշրջանի լեհ կինոգործիչների ստեղծագործությունների վրա)
  • «Խորհրդավոր ուղևորը», 1959 թ., (դետեկտիվ դիպաշարով հոգեբանական դրամա, որը «լարված, համոզիչ, խորաթափանց դիմանկարն է ամբոխի, սրա վարքի, հուզական պահանջմունքների, հիսթերիայի հակվածության»)[5][6]
  • «Իոաննա մայրիկը՝ հրեշտակներից», 1961 թ., (պատմա-հոգեբանական դրամա, որն արտացոլում է մարդու հավերժական հոգեկան պայքարը, տառապալից կռիվը մեղքի անորոշ էության և մարմնական գոյի միջև)[7]

Վոյցեխ Եժի Հաս խմբագրել

  • «Հանգույց», 1957 թ., (ներկայացնում է ալկոհոլիզմով տառապող մարդու դրաման)
  • «Ինչպես սիրված լինել», 1963 թ., (թատրոնի դերասանուհու կյանքը օկուպացված, ապա և՝ ետպատերազմական Լեհաստանում)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Черненко М. М.. Анджей Вайда М., Искусство, 1965, LCCN 66049171
  2. «Криштоф Метрак, «Всё на продажу» // «Фильм» (9 февраля 1969 года)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  3. «Золотая рыбка по имени Вайда» // «Le Monde diplomatique» (28 февраля 2008 года). Արխիվացված 2008-12-10 Wayback Machine
  4. «Анджей Мунк известный и неизвестный» // Польское радио (29 сентября 2007 года). Արխիվացված 2015-10-01 Wayback Machine
  5. Ֆիլմի էջը IMDb կայքում
  6. ««Խորհրդավոր ուղևորը» ֆիլմի ռեզենիան Strictly Film School կայքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  7. ««Իոաննա մայրիկը՝ հրեշտակներից» ֆիլմի ռեզենիան Strictly Film School կայքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել