Լեզվաբանական վերլուծություն

Լեզվաբանական վերլուծություն, անվանվում է նաև լեզվական երևույթների դիտարկման եղանակ, գործադրվում է գիտահետազոտական կամ ուսուցողական նպատակներով։ Կիրառվում է լեզվական ոլորտի տարբեր բնագավառներում և ըստ այդմ էլ լինում է հնչյունաբանական, հնչույթաբանական, գրաբանական, ուղղագրական, (նաև կետադրական), բառագիտական, բառակազմական, իմաստաբանական, ստուգաբանական, քերականական (ձևաբանական, շարահյուսական), ոճաբանական և այլն։ Հնչյունաբանական վերլուծության դեպքում բացահայտվում, պարզաբանվում են հնչյունաբանական միավորները(ձայնավոր և բաղաձայն հնչյուններ, երկբարբառներ, երկհնչյունները, վանկերը, շեշտերը, հնչյունային կաղապարները։ Հնչյունաբանական վերլուծության դեպքում բացահայտվում, պարզաբանվում են հնչույթային կազմը, դրանց գործածության դիրքերը, հնչույթների հակադրությունները։ Գրաբանական-ուղղագրական վերլուծությունների դեպքում բացահայտվում, պարզաբանվում է հնչույթի հարաբերակցությունը, գրության նորմաների, կանոնների համակարգը։

Կետադրական վերլուծությամբ պարզաբանվում է կետադրության հետ կապված հարցերը։ Ուղղախոսական վերլուծությամբ պարզաբանվում է արտասանական նորմաների, կանոնների համակարգը։ Բառագիտական վերլուծությամբ բնութագրվում են բառատեսակները, բառատարբերակները, բառագործածությունները, բառապաշարային շերտերը, նորաբանություններն ու հնաբանությունները, բնիկն ու փոխառյալը, օտարաբանություններն, բարբառայնությունները, գրաբարաբանությունները, հասարակաբանությունները, գռեհկաբանությունները և այլն։ Իմաստաբանական վերլուծության ժամանակ իմաստները նկարագրվում, բնութագրվում են համաժամանակյա կամ պատմական իրացումներում։ Ստուգաբանական վերլուծությունը բացահայտում է բառի ծագումը, որոշում նրա ստուգաբանական բաղադրիչները, բնիմաստն ու ներքին ձևը։ Բառակազմական վերլուծության հիմնական խնդիրն է բացահայտել բառ կազմող բաղադրիչները։ Ձևույթային վերլուծությունը բացահայտում է ձևույթները, նրանց տարբերակները, պարզվում է նրանց գործածության դիրքերը, տիպերը գործառությունները։ Ձևաբանական վերլուծությունը պարզում է բառի ձևաբանական կազմը, մասնիկավորման տիպերը, պարզաբանում խոսքիմասկազմական առանձնահատկությունները, քերականական` ձևաբանական կարգերը, փոփոխվող և անփոփոխ ձևերը, օրինաչափական և անկանոն կազմությունները։ Շարահյուսական վերլուծությունը բացահայտում է բառակապակցության և նախադասության կառուցվածքային առանձնահատկությունները, շարադասության իրացումները, փոխակերպումները։ Ոճաբանական վերլուծությունը պարզում է բառի, բառակապակցության, նախադասության, ասույթի գործառությունը, կիրառման ոլորտները և այլն[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987