Երկհնչյուն, հնչյունաբանական միավոր, որը գոյանում է յ կիսաձայնի և որևէ ձայնավորի արտասանական սերտ զուգակցումով։ Ժամանակակից հայոց լեզվի երկհնչյուններն են` այ (փայտ, լայն), յա (վայրկյան, մատյան), ույ (լույս, հույս), յու (բյուր, սյուն), ոյ (խոյ, գոյ), յո (յոթ, արդյոք), եյ (թեյ, Սերգեյ), յե (հայերեն, նայել), յի(կարդայի, արքայի), յը (հայը, վայը)։ Յ կիսաձայնը համակցվում է ձայնավորին կա՛մ սկզբից, կա՛մ վերջից, ի, ը ձայնավորների հետ` միայն սկզբից։ Ձայնավորների միջև գտնվող յ ձայնակապը երկհնչյուն է կազմում հաջորդող ձայնավորի հետ(Հա-յաստան, Կարո-յի)։ Շեշտազուրկ դեպքում Երկհնչյունների մի մասը հնչյունափոխվելով վերածվում է պարզ ձայնավորի` մենաբարբառի։ Երկու բառում` միայն և լռելյայն, ունենք յայն եռահնչյունը։ [1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Հայրենագիտական բառարան, Երևան, 1987