Ուղղախոսություն
Ուղղախոսություն, գրական լեզվում պատմականորեն մշակված և ամրապնդված բանավոր խոսքի նորմաների ընդհանրությունը, որով ապահովվում է ազգային լեզվում գործածվող բառաձևերի միասնական արտասանությունը։ Ուղղախոսությունը նախ և առաջ բառերի ճիշտ արտասանությունն է՝ նրանցում առկա հնչույթների ու բառային շեշտի ընդունելի հնչյունական ձևավորումը։ Այն նպաստում է լեզվական հաղորդակցման ճշտությանն ու արագությանը։ Ուղղախոսության նորմաներից կատարված շեղումները դժվարացնում են հաղորդակցումը, փոխըմբռնումը։ Ողղախոսությունը խոսքի մշակույթի բաղկացուցիչ մասն է։ Հասարակության մեջ բանավոր խոսքի դերի մեծացման հետ միաժամանակ ընդլայնվում են Ուղղախոսությանը ներկայացվող պահանջները՝ կապված հրապարակախոսության, թատրոնի, կինոյի, հեռուստատեսության նվաճումների հետ։ Գրական լեզվի զարգացման ընթացքում նրա արտաքին ու ներքին գործոններով պայմանավորված տարբերակային ձևերի գոյությունը անխուսափելի իրողություն է (մանավանդ և մանավանդ, գուցե և գուցե)։ Ուղղախոսության դժվարությունների թվին պետք է դասել գրական լեզվի հին և նոր կանոնական համարվող ձևերի հակադրությունը (երիտասարտ և երիտասարդ, հաչողակ և հաջողակ, նրփանցք և նրբանցք)։ Հայոց գրական լեզուն ունեցել է զարգացման երկարատև ժամանակաշրջան, և դեռ շատ են բանավոր ու գրավոր խոսքերի տարբերությունները, որոնք պայմանավորված են մի կողմից հենց ժողովրդի պատմության ճակատագրով, մյուս կողմից՝ գրական լեզվի կազմավորման առանձնահատկություններով։ Ուղղախոսության կանոններն արտացոլվում են ուղղախոսական բառարաններում, հնչյունաբանության ձեռնարկներում և օրինականացվում են համապատասխան մարմինների որոշումներով։ Հայերենի ուղղախոսության և ուղղագրության վերաբերյալ ՀԽՍՀ նախարարների խորհրդին կից տերմինաբանական կոմիտեն ընդունել է մի շարք որոշումներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |