Լատինական փոխառությունները հայերենում

Լատինական փոխառություններ, հայերենի` լատիներենից փոխառյալ բառերը։

Լատիներենի ազդեցությունը հայերենի վրա Հրաչյա Աճառյանը[1] երկու շրջանների է բաժանում` հին և նոր։

Հայերենի բառապաշարի վրա հռոմեական ազդեցության հին շրջանն ընկնում է մ.թ.ա. 2-րդ դարից մինչ մ.թ. 2-3-րդ դարերը։ Այդ շրջանում գրաբարը փոխառել է 10 բառ, որից արկղ, սկուտեղ, կառք, մարգարիտ, ղենջակ (գոգնոց) բառերը գործածվում են նաև ժամանակակից հայերենում։

Հին շրջանին են վերաբերում նաև գրաբարում հունարենի միջոցով կատարված լատինական միջնորդավորված փոխառությունները[2], որոնցից ժամանակակից հայերենում գործածական են կյանքի ու կենցաղի առտնին հարաբերություններին, կրոնական-եկեղեցական, պետական-պաշտոնական, ռազմական և վարչական մարզերի մոտ երեք տասնյակ բառեր, օրինակ՝ հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների անունները, կամ դինար (դրամական միավոր), թուղթ, լեգիոն, կաղանդ, կանթեղ, կարդինալ, կիտրոն, կնգուղ, կուրապաղատ, կրկես, մագիստրոս, մանկլավիկ, նոտար, պալատ, սապոն, սենատոր, վեղար, տիտղոս, տորդիկ (թռչուն), ունկի (չափի միավոր), ուրուր (եկեղեցական սքեմ), փոս, փուռ և այլն։

Հիշյալ բառերը փոխառության միջնորդ լեզուն հունարենն է համարվում, քանզի հայերենը լատինական բառերը փոխառել է հունարենի տառադարձությամբ։ Օրինակ՝ կիտրոն - հունարեն՝ kitron, լատին․՝ citrus, մագիստրոս - հունարեն՝ magistros, լատին․՝ magister, տիտղոս - հունարեն՝ titlos, լատին․՝ titulos և այլն։

Հունարենի միջոցով հին շրջանում գրաբարի փոխառյալ լատինական որոշ բառեր հետագայում ժամանակակից հայերենը կրկին փոխառել է եվրոպական լեզուներից և առաջին հերթին՝ ռուսերենի միջոցով, օրինակ՝ դիկտատոր, կուրատոր, ռեկտոր, սենատոր և այլն։

Նոր շրջանում հայերենի լատինական բոլոր փոխառությունները միջնորդավորված են։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, Ա մաս, Երևան, 1940, էջ 329։
  2. Հ. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, Բ մաս, Երևան, 1951, էջ 41-44։

Աղբյուրներ խմբագրել