Լալիբելա
Լալիբելա, քաղաք հյուսիսային Եթովպիայում, հայտնի քարի մեջ փորված քրիստոնեական եկեղեցիներով։ Լալիբելայում պահպանել է Եթովպիայի միջնադարյան և հետմիջնադարյան քաղաքակրթության մեծ մասը[1]։ Երկրի սրբավայրերից մեկն է, որն իր նշանակությամբ զիջում է միայն Աքսումին՝ երկրի բնակչության ուխտագնացության կենտրոնին։ Ի տարբերություն Աքսումի՝ Լալիբելայի գրեթե ողջ բնակչությունը Եթովպիայի Ուղղափառ եկեղեցու քրիստոնյաներ են։
Բնակավայր | ||
---|---|---|
Լալիբելա | ||
Երկիր | Եթովպիա | |
Համայնք | Lasta? | |
ԲԾՄ | 2500 մետր | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Եթովպիան 4-րդ դարի առաջին կեսին քրիստոնեություն ընդունած առաջին երկրներից է եղել։ Նրա պատմական արմատները թվագրվում են առաքյալների ժամանակներով։ Եկեղեցիները թվագրվում են 7-13-րդ դարերով և ավանդաբար հիշատակվում են Զագվե Գեբրե թագավոր Մեսկել Լալիբելայի (մոտ 1181-1221) թագավորության օրոք[2]։
Լալիբելայում հիմնական շենքերի տեղադրման վայրերը և անվանումները լայնորեն ճանաչված են (հատկապես տեղի հոգևորականների կողմից) որպես Երուսաղեմի խորհրդանշական ներկայացում[3]։ Դա հանգեցրել է այն բանին, որ որոշ փորձագետներ ներկայիս եկեղեցական ձևերը թվագրել են տարիներով, որոնք հաջորդել են մուսուլման առաջնորդ Սալահ ադ-Դինի կողմից 1187 թվականին Երուսաղեմի գրավմանը[4]։
Քաղաքը գտնվում է Ամհարայի շրջանի Սիմեն-Ուոլո գոտում` ծովի մակարդակից 2500 մետր բարձրության վրա։ Քաղաքը համարվում է Լաստա նահանգի կենտրոնը (վորեդա), իսկ ավելի վաղ ժամանակներում այն եղել է Բուգնա նահանգի կազմում։ Քարե եկեղեցիները Համաշխարհային ժառանգության օբյեկտ են հայտարարվել 1978 թվականին[1]։
Պատմություն
խմբագրելՍուրբ Գեբրե Մեսկել Լալիբելայի (պատկանել է Զագվե դինաստիային, որը ղեկավարել է Եթովպիան 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին) օրոք, ներկայիս Լալիբելա քաղաքը հայտնի է եղել Ռոհա անվամբ։ Թագավորն իր անունը ստացել է մեղուների պարսի շնորհիվ, որը, ըստ ավանդության, շրջապատել է նրան ծնվելու ժամանակ։ Նրա մայրը դա համարել է նշան, որ նա կդառնա Եթովպիայի թագավոր։ Ասում են, որ ժամանակակից քաղաքի որոշ վայրերի անունները և ամուր քարի վրա փորագրված եկեղեցիների ընդհանուր տեսքը ինքնին կրկնում են այն շենքերի անուններն ու տեսքը, որոնք Լալիբելան տեսել է իր պատանեկության տարիներին Երուսաղեմում և Սուրբ Երկրում գտնվելու ընթացքում։
Ասում են, որ Լալիբելան տեսել է Երուսաղեմը և փորձել է կառուցել իր նոր մայրաքաղաք Երուսաղեմը՝ ի պատասխան մուսուլմանների կողմից 1187 թվականին Երուսաղեմի գրավմանը։ Այդ պատճառով քաղաքում շատ առարկաներ կրում են աստվածաշնչյան անուններ։ Նույնիսկ քաղաքով հոսող գետը կոչվում է Հորդանան։ Լալիբելան 12-րդ դարի վերջերից մինչև 13-րդ դարը Եթովպիայի մայրաքաղաքն է եղել։
Առաջին եվրոպացին, որ տեսել է այս եկեղեցիները, պորտուգալացի ճանապարհորդ Պերու դա Կովիլանն է (1460-1526)։
Լալիբելա այցելած առաջին եվրոպացիներից էր պորտուգալացի քահանա Ֆրանցիսկո Ալվարեսը (1465-1540), որն ուղեկցել է Պորտուգալիայի դեսպանին, երբ վերջինս 1520-ականներին այցելել է Լիբնե Դինգիլ։ Այս կառույցների վերաբերյալ նրա նկարագրությունն ավարտվում է հետևյալ բառերով. «Ինձ ձանձրացրել է ավելին գրել այս շենքերի մասին, քանի որ ինձ թվում է, որ ինձ չեն հավատա, եթե ես ավելի շատ գրեմ... Երդվում եմ Աստծու անունով, որի իշխանության տակ եմ գտնվում՝ այն ամենը, ինչ գրել եմ, ճշմարտություն է[5]»:
Չնայած Ռամուզոն այս տաճարների մի շարք նախագծեր ներառել է 1550 թվականին հրատարակած «Ալվարեշ» գրքում, բայց հայտնի չէ, թե ով է տրամադրել նրան այդ գծագրերը։ Լալիբելա այցելած հաջորդ եվրոպացին Միգել դե Կանտանյոսոն է եղել, որը որպես զինվոր է ծառայել Քրիստովան դա Գամայի հրամանատարության ներքո և Եթովպիան լքել է 1544 թվականին[6]։ Դե Կանտագնոզոյից հետո անցել է ավելի քան 300 տարի, մինչև մեկ այլ եվրոպացի՝ Գերհարդ Ռոլֆսը, 1865-1870 թվականների միջև ընկած ժամանակահատվածում այցելել է Լալիբելա։
Համաձայն Շիհաբ ալ-Դին Ահմադի «Ֆուտուհ ալ-Հաբաշայի» (արաբ․՝ فتوح الحبشة - «Աբիսինիայի նվաճում»)՝ Ահմեդ Գրանը Եթովպիա ներխուժելու ժամանակ այրել է Լալիբելայի տաճարներից մեկը[7]։ Այնուամենայնիվ, Ռիչարդ Փանքհորսթը թերահավատորեն է վերաբերվել այս իրադարձությանը՝ չնայած Սիհաբ ադ-Դին Ահմադի մոնոլիտ եկեղեցու մանրամասն նկարագրությանը («Այն փորագրվել է սարի վրա։ Դրա սյուները նույնպես փորագրված էին սարի վրա»[7]), նշվում է միայն մեկ եկեղեցի։ Փանքհորսթն ավելացրել է, որ «Լալիբելան առանձնանում է նրանով, որ այստեղ ոչ թե մեկ, այլ 11 քարե եկեղեցի կա և բոլորը միմյանցից երկու քայլ հեռավորության վրա են (ինչպես բոլոր զբոսաշրջիկները գիտեն)»[8]։ Փանքհորսթը նշել է նաև, որ թագավորական ժամանակագրությունները, որտեղ խոսվել է Լալիբելայում` Ահմադ Գրանի կողմից 1531 թվականի հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում իրականացրած ավերածությունների մասին, ոչինչ չեն ասում այս քաղաքի լեգենդար եկեղեցիների` իմամի (մուսուլմանների հոգևոր առաջնորդ) կողմից ոչնչացման մասին[9]։ Նա իր փաստարկը եզրափակել է այն պնդմամբ, որ եթե Ահմադ Գրանն այրեր Լալիբելայի որևէ եկեղեցի, ապա դա, ամենայն հավանականությամբ, կլիներ Բեթե Մեդհանե Ալեմի եկեղեցին, իսկ եթե կա սխալմունք, ապա երկրորդ հնարավոր տարբերակը Գանատա Մարիամ եկեղեցին է, որն ընկած է Լալիբելայից 10 մղոն դեպի արևելք. վերջինս նույնպես սարից փորված սյունաշար ունի»[10]։
Եկեղեցիներ
խմբագրելԱյս գավառական քաղաքն ամբողջ աշխարհում հայտնի է իր մոնոլիտ եկեղեցիներով, որոնք կարևոր դեր են խաղում ժայռափոր ճարտարապետության պատմության մեջ։ Չնայած եկեղեցիները ճշգրտորեն թվագրված չեն, այնուամենայնիվ, ենթադրվում է, որ դրանց մեծ մասը կառուցվել է Լալիբելայի օրոք՝ 12-13-րդ դարերի ընթացքում։ Ընդհանուր առմամբ, կա 13 եկեղեցի, որոնք միավորված են չորս խմբերում`
Հյուսիսային խումբ. Բեթ Մեդհանե Ալեմը, Լալիբելայի խաչի տեղը, համարվել է աշխարհի ամենամեծ մոնոլիտ եկեղեցին, որը, հնարավոր է, կրկնօրինակում էր Աքսումում գտնվող Սիոնի Սուրբ Մարիամ եկեղեցին։ Այն կապված է Բեթե-Մարիամի (հավանաբար այս եկեղեցիներից ամենահինը), Բեթե-Գողգոթայի (հայտնի է իր արվեստի գործերով, ըստ որոշ տվյալների, այստեղ է Լալիբելա թագավորի գերեզմանը), Սելասսի մատուռի և Ադամի դամբարանների հետ։
Արևմտյան խումբ. Բեթ-Գիորգիսը համարվում է ամենալավ պահպանված եկեղեցին։
Արևելյան խումբ. Բեթ-Ամանուելը (հավանաբար եղել է նախկին թագավորական մատուռ), Բեթ-Մերկորիոսը (հավանաբար եղել է նախկին բանտ), Բեթ Աբբա Լիբանոսը և Բեթ Գաբրիել-Ռուֆայելը (հավանաբար նախկին թագավորական պալատը), որոնք կապված են փռի հետ։
Ավելի հեռու գտնվում են Աշեթան Մարիամի վանքը և Եմրեհանե Քրիստոս եկեղեցին (հավանաբար կառուցված է 11-րդ դարում աքսումիտական ոճով, բայց քարանձավում)։
Տարբեր կարծիքներ կան որոշ եկեղեցիների կառուցման ժամկետների վերաբերյալ։ Դեյվիդ Բաքստոնը հաստատել է ընդհանուր ընդունված ժամանակագրությունը՝ նշելով, որ «նրանցից երկուսը, շատ մեծ ճշգրտությամբ, հետևում են Դեբրե-Դամոյի ներկայացրած ավանդույթին՝ Եմրեհան Քրիստոսի փոփոխություններով[11]»: Եթե այս կառույցները փորվեին ժայռում, ապա դա ավելի շատ ժամանակ խլեր, քան Լալիբելա թագավորի գահակալման մի քանի տասնամյակները։ Բաքստոնը ենթադրում էր, որ կառուցման աշխատանքները շարունակվել են 14-րդ դարում[12]։ Այնուամենայնիվ, Քեմբրիջի համալսարանի աֆրիկյան հնագիտության պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիպսոնը ենթադրում է, որ Մերկորիոս, Գաբրիել-Ռուֆայել և Դանագել եկեղեցիները նախապես փորվել են ժայռի մեջ հինգ հարյուր տարի առաջ՝ Աքսումյան թագավորության անկման ժամանակ, որպես ամրոցներ կամ պալատական այլ կառույցներ, և որ Լալիբելա անունը պարզապես այդ կառույցների հետ է սկսվել կապվել նրա մահից հետո[13]։ Մյուս կողմից, տեղացի պատմաբան Գետաչյու Մեքոնենը, Լալիբելայի կնոջը՝ Մասկալ Կիբրա թագուհուն է վերագրել ժայռափոր եկեղեցիներից մեկի (Abba Libanos) կառուցումը` որպես ամուսնու հուշարձան` նրա մահից հետո[14]։
Ի տարբերություն Գրեմ Հենքոկի նման հեղինակների կողմից պաշտպանված տեսություններին՝ Լալիբելայի հոյակապ ժայռափոր եկեղեցիները չեն կառուցվել տամպլերների օգնությամբ։ Կան բազմաթիվ ապացույցներ, որ դրանք կառուցվել են բացառապես միջնադարյան եթովպական քաղաքակրթության կողմից։ Օրինակ՝ թեև Բաքստոնը նշել է, որ կա ավանդույթ, որ «Աբիսինյանները դիմել են օտարների օգնությանը»՝ այս մոնոլիտ եկեղեցիները կառուցելու համար և խոստովանել է, որ «որոշ դեկորատիվ մանրամասներ ղպտական հստակ երևացող նշաններ ունեն», նա խիստ հավատացել է այդ ստեղծագործությունների տեղական ծագմանը։ Բայց կարևոր է մնում այն փաստը, որ ժայռափոր եկեղեցիները հետևում են այստեղ կանգնեցված նախատիպերի ոճին, որոնք իրենք էլ պահպանում են իրենց հիմնականում աքսումյան ծագման հստակ ապացույցները[15]։
Եկեղեցիները նաև իրենցից ճարտարագիտության նշանակալի արժեք են ներկայացնում՝ հաշվի առնելով, որ դրանք բոլորը կապված են ջրի հետ (որը լցնում էր շատ եկեղեցիների հարևանությամբ գտնվող ջրհորները)՝ օգտագործելով արտեզյան երկրաբանական համակարգը, որը լեռնաշղթայի գագաթին գտնվող քաղաքին ջուր էր հասցնում[16]։
Ժողովրդական ճարտարապետություն
խմբագրել1970-ականների Լալիբելայի պատմական բնակավայրերի մասին զեկույցում Սանդրո Անջելինին գնահատել է ժողովրդական կավե ճարտարապետությունը, ներառյալ երկրային ավանդական տների բնութագրերը և դրանց պահպանման վիճակի վերլուծությունը։ Նրա զեկույցը նկարագրել է տարածքում հայտնաբերված երկու տեսակի տեղական բնակարաններ։ Տեսակներից մեկն այն խումբն է, որը նա անվանել է «տուկուլներ»՝ քարից կառուցված կլոր խրճիթներ, որոնք սովորաբար երկու հարկ են ունեցել։ Երկրորդը` միհարկանի «չիկա» շենքերն են, որոնք շրջանաձև են և կառուցված են հողից և ջրիմուռներից։ Անջելինիի զեկույցը ներառում էր նաև Լալիբելայի ավանդական շենքերի գույքագրում՝ դրանք դասավորելով այն կատեգորիաներում, որոնք գնահատում են դրանց պահպանվածության վիճակը[17]։
Ժողովրդագրություն
խմբագրել- Բնակչությունը 2007 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 17767 մարդ, որից 8112-ը տղամարդ էր, 9255-ը` կին[18]։
- Ըստ Կենտրոնական վիճակագրական գործակալության տվյալների` 2005 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր մոտավորապես 14668 մարդ, որից 7049-ը տղամարդ էին, 7619-ը` կին[19]։
- Ըստ 1994 թվականի ազգային մարդահամարի` քաղաքի բնակչությունը կազմում էր 8484, որից 3709-ը տղամարդիկ էին, 4775-ը՝ կանայք։
Կլիմա
խմբագրելՋերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Լալիբելա | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 24,5 | 24,4 | 24,7 | 5,0 | 26,2 | 26,6 | 23,1 | 22,5 | 23,2 | 23,3 | 23,3 | 23,2 | 24,1 |
միջին ջերմաստիճանը (°C) | 15,5 | 15,7 | 16,1 | 16,9 | 17,6 | 18,0 | 17,1 | 16,4 | 16,3 | 15,0 | 14,4 | 14,4 | 16,1 |
միջին նվազագույնը (°C) | 6,4 | 7,0 | 7,5 | 8,9 | 8,9 | 9,4 | 11,1 | 10,4 | 9,4 | 6,7 | 5,5 | 5,6 | 8,1 |
տեղումների քանակը (մմ) | 13,1 | 28,2 | 55,0 | 83,1 | 84,2 | 73,5 | 281,4 | 295,2 | 127,7 | 51,5 | 28,1 | 21,1 | 1142,1 |
Աղբյուր՝ [1],[2] |
Այլ շենքեր և շինություններ
խմբագրելԼալիբելայում կա օդանավակայան (ICAO code HALL, IATA HLL), մեծ շուկա, երկու դպրոց և հիվանդանոց։
Լալիբելան գրականության և արվեստի գործերում
խմբագրել- Տանանարիվե Դուեի (Tananarive Due) «My Soul to Keep» գիտաֆանտաստիկ վեպում Լալիբելան հիշատակվում է որպես «քահանաների և քարի վրա փորված եկեղեցիների քաղաք»։
- Ալեքսանդր Վլասովի «Լալիբելայի ծանր խաչը» գիրքը լույս է տեսել Չելյաբինսկում՝ Նիկոլայ Դենիսենկոյի խմբագրությամբ[20]։
Պատկերասրահ
խմբագրել-
Աշխարհի Փրկչի եկեղեցին (Բեթ Մեդհանե Ալեմ)
-
Սուրբ Ամանուել (Բեթ Ամանուել), հնարավոր է՝ նախկին թագավորական մատուռը:
-
Ծիսական հարվածային գործիքներ Սուրբ Գեորգի եկեղեցու կողային մուտքի մոտ:
-
Բեթ Աբբա Լիբանոս
-
Սուրբ Մարիայի եկեղեցի
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 UNESCO World Heritage Centre. «Rock-Hewn Churches, Lalibela». unesco.org.
- ↑ Windmuller-Luna, Kristen (September 2014), «The Rock-hewn Churches of Lalibela», Heilbrunn Timeline of Art History, New York: The Metropolitan Museum of Art, Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին
- ↑ David Phillipson Ancient Churches of Ethiopia: Fourth-fourteenth Centuries. — Yale University Press, 2009. — С. 181. — ISBN 978-0-300-14156-6
- ↑ Ancient Churches of Ethiopia: Fourth-fourteenth Centuries. — Yale University Press, 2009. — С. 179. — ISBN 978-0-300-14156-6
- ↑ Francisco Alvarez, The Prester John of the Indies translated by C.F. Beckingham and G.W.B. Huntingford (Cambridge: Hakluyt Society, 1961), p. 226. Beckingham и Huntingford добавили приложение, где рассматривается описание Альварешом этих церквей, стр. 526—542.
- ↑ Перевод на английский отчёта De Castanhoso приведён в книге R.S. Whiteway, The Portuguese Expedition to Ethiopia (London: The Hakluyt Society, 1902), pp. 94-98.
- ↑ 7,0 7,1 Sihab ad-Din Ahmad bin 'Abd al-Qader, Futuh al-Habasa: The conquest of Ethiopia, translated by Paul Lester Stenhouse with annotations by Richard Pankhurst (Hollywood: Tsehai, 2003), pp. 346f.
- ↑ «what is special about Lalibela (as every tourist knows) is that it is the site of eleven or so rock churches, not just one — and they are all within more or less a stone’s throw of each other!» Pankhurst, «Did the Imam Reach Lalibela?» Addis Tribune, 21 November 2003
- ↑ Sihab ad-Din Ahmad, Futuh al-Hasasa, p. 346 n. 785.
- ↑ «10 miles east of Lalibela which likewise has a colonnade of pillars cut from the mountain», Sihab ad-Din Ahmad, Futuh al-Hasasa, p. 346n. 786.
- ↑ „two of them follow, with great fidelity of detail, the tradition represented by Debra Damo as modified at Yemrahana Kristos.“ David Buxton, The Abyssinians (New York: Praeger, 1970), p. 110
- ↑ Buxton, The Abyssinians, p. 108
- ↑ «Medieval Houses of God, or Ancient Fortresses?» Archaeology (November/December, 2004), p. 10.
- ↑ Getachew Mekonnen Hasen, Wollo, Yager Dibab (Addis Ababa: Nigd Matemiya Bet, 1992), p. 24.
- ↑ Buxton, The Abysssinians, pp. 103f
- ↑ Mark Jarzombek, "Lalibela and Libanos, the King and the Hydro-Engineer of the 13th Century, " Thresholds, pp. 78-82.
- ↑ Odiaua, Ishanlosen. «Mission Report:Earthen architecture on the Lalibela World Heritage Site» (PDF). http://whc.unesco.org/en/earthen-architecture/. UNESCO. Վերցված է 2014 թ․ հուլիսի 25-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «The 2007 Population and Housing Census of Ethiopia: Statistical Report for Amhara Region"» (PDF). Central Statistical Agency. 2010 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ CSA 2005 National Statistics Արխիվացված 2007-08-13 Wayback Machine, Table B.3
- ↑ Тайна «Креста Лалибелы»
Գրականություն
խմբագրել- David W. Phillipson, Ancient Churches of Ethiopia (New Haven: Yale University Press, 2009). Chapter 5, «Lalibela: Eastern Complex and Beta Giyorgis»; Chapter 6, «Lalibela: Northern Complex and Conclusions»
- Sylvia Pankhurst, «Ethiopia: a cultural history» (Lalibela House, Essex, 1955). Chapter 9, «The monolithic churches of Lalibela»
- Paul B. Henze, «Layers of time: a history of Ethiopia» (Shama Books, Addis Ababa, 2004). Chapter 3: «Medieval Ethiopia: isolation and expansion»
- Hancock, Graham, Carol Beckwith & Angela Fisher, African Ark — Peoples of the Horn, Chapter I: Prayers of Stone/The Christian Highlands: Lalibela and Axum. Harvill, An Imprint of HarperCollinsPublishers, 0-00-272780-3
Արտաքին հղումներ
խմբագրել- «[3]» վավերագրական ֆիլմ «Համաշխարհային մշակութային գանձեր» ցիկլից
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լալիբելա» հոդվածին։ |