Լալակաոնի ճակատամարտ (հուն․՝ Μάχη τοῦ Λαλακάοντος), ճակատամարտ 863 թվականին սեպտեմբերի 3-ին Բյուզանդիայի և արաբների միջև։ Պոսոն վայրում (Պափլագոնիայի և Արմենիակների բանակաթեմերի սահմանագլխին, Հալիս գետից արևմուտք, Լալակաոն գետի մոտ)։

Լալակաոնի ճակատամարտ
Բյուզանդա-արաբական պատերազմներ

Լալակաոնի ճակատամարտը ըստ Հովհաննես Սկիլիցեսի «Ժամանակագրության»։
Թվական Սեպտեմբերի 3, 863 թ
Վայր Լալակաոն գետ, Պաֆլագոնիա, Փոքր Ասիա
Արդյունք Բյուզանդական հաղթանակ
Հակառակորդներ
Մալաթիայի էմիրություն Բյուզանդական կայսրություն Բյուզանդական կայսրություն
Հրամանատարներ
Օմար ալ-Աքտա
Կարբեաս
Բյուզանդական կայսրություն Միքայել III
Պետրոնաս
Նասար

Արաբական 40 հազարանոց զորքը՝ Մալաթիայի ամիրա Օմար իբն Աբդալլահ ալ Ակտայի գլխավորությամբ, ասպատակել է Արմենիակների բանակաթեմը, գրավել Ամիսոսը (Սամսոն), հասել Սինոպ։ Նրանց դեմ ելել են բյուզանդանական փոքրասիական բանակաթեմերի զորքերը (մոտ 50 հազար), Թրակեսիոնի բանակաթեմի հայազգի զորավար Պետրոնասի գլխավորությամբ։ Արաբական զորքը նահանջել է, բայց Պոսոնի մոտ շրջապատվել և ջախջախվել է, մարտում սպանվել է նաև ամիրա Օմար իբն Աբդալլահ ալ Ակտան։

Պոսոնի ճակատամարտում տարած հաղթանակից հետո բյուզանդական զորքերը շարժվել են հարավ-արևելք և Միջագետքի սահմանի մոտ հոկտեմբեր-նոյեմբերին պարտության մատնել նաև Արմինիայի ոստիկան` հայազգի Ալի իբն Յահյա ալ Արմանիին։ Պետրոնասը վերադարձել է Կ. Պոլիս, ստացել մագիստրոսի պատվաստիճան և սխոլերի դոմեստիկոսի (սպարապետ) աստիճան։ Ենթադրվում է, որ Պոսոնի ճակատամարտին արաբների կողմում մասնակցել են նաև պավլիկյանները՝ Կարբեասի գլխավորությամբ։ Պոսոնի ճակատամարտը Բյուզանդիայի առաջին վճռական հաջողությունն էր Արևելքում գերիշխանության համար Արաբական խալիֆայության դեմ մղած դարավոր պայքարում։ Այն կայունացրեց կայսրության տիրապետությունը Արևելքում, նախադրյալներ ստեղծեց հետագամ առաջխաղացման համար։

Սկզբնապես արաբները կարողացան հասնել որոշ հաջողությունների և հասնել մինչև Սև ծով։ Սակայն շուտով արաբները շրջապատվեցին բյուզանդացիների կողմից Լալակաոն գետի մոտ։ Ճակատամարտում արաբները ջախջախիչ պարտություն կրեցին, որի հետևանքով Բյուզանդիան ազատվեց անընդհատ կրկնվող արաբական ասպատակիչ արշավանքերից։ Այս ճակատամարտով նաև սկսվեց Բյուզանդիայի վերանվաճման դարաշրջանը Արևելքում։

Այս հաղթանակի մյուս հետևանքն էր նաև այն, որ Բյուզանդիան ազատվելով արաբական վտանգից ավելի մեծ ուշադրություն սկսեց հատկացնել եվրոպական հատվածում, որի հետևանքով Բյուզանդական կայսրության ճնշման տակ Բուլղարական Առաջին Կայսրությունն ընդունեց քրիստոնեություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 383