Կարբեաս
Կարբեաս (9-րդ դար - 863), պավլիկյանների գլխավոր զորահրամանատարը 843—844-ից։ Ազգությամբ՝ հայ։
Ծառայել է բյուզանդական բանակում՝ հասնելով պրոտոմանդատորի աստիճանի։ Պավլիկյանների դեմ սկսված հալածանքների ժամանակ, հոր զոհվելուց հետո, Կարբեասն անցել է 5000 պավլիկյանների գլուխ, Բյուզանդական կայսրության դեմ ռազմական դաշինք է կնքել արաբ խալիֆայի հետ և իրավունք ստացել իր աղանդակիցներով բնակվելու արաբա-բյուզանդական սահմանի վրա։ Հաստատվել է Արգաուսում (Արգովան), կառուցել Ամարան Տեֆրիկեն (այժմ՝ Տևրիկ)՝ վերջինս դարձնելով պավլիկյանների կենտրոն։ Այնուհետև, Մելիտենեի արաբ ամիրայի և Տարսոնի հայազգի ամիրա Ալի իբն Յահյա ալ Արմանիի հետ կռիվներ է մղել բյուզանդական բանակների դեմ։ 859-ին Սամոսատում պարտության է մատնել կեսար Վարդասի և Միքայել III կայսեր գլխավորած զորքին։
Ըստ պատմագիր Փոտի՝ Կարբեասը վախճանվել է բնական մահով, մի շարք ուսումնասիրողների կարծիքով՝ սպանվել Կյուրինի 863-ի ճակատամարտում։ Պավլիկյանների զորահրամանատարի պաշտոնը Կարբեասի մահից հետո ստանձնել է Խրիսոխիրը։ Կարբեասի կերպարը՝ հանձին «Կարոես»-ի, արտացոլվել է բյուզանդական «Դիգենիս Ակրիտաս» էպիկական պոեմում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 312)։ |