Ինֆորմացիոն ՌՆԹ

(Վերահղված է Ի-ՌՆԹից)

Ինֆորմացիոն ՌՆԹ (նաև՝ տեղեկատվական ՌՆԹ, երբեմն՝ մատրիցային ՌՆԹ, կրճատ՝ ի-ՌՆԹ, իՌՆԹ, մ-ՌՆԹ, մՌՆԹ), ռիբոնուկլեինաթթուների (ՌՆԹ) խոշոր ընտանիք։ Հիմնական ֆունկցիան գենետիկական տեղեկատվության տեղափոխումն է ԴՆԹ-ից ռիբոսոմ, որտեղ նրանք «որոշում են» սպիտակուցների ամինաթթվային կազմը։

Ի-ՌՆԹկյանքի ցիկլը էուկարիոտ բջջում:

Ի-ՌՆԹ-ի կարճատև կյանքը սկսվում է տրանսկրիպցիայով և ավարտվում դեգրադացիայով։ Իրենց գոյության ընթացքում ի-ՌՆԹ-ները ենթարկվում են մշակման, փոփոխությունների և տեղափոխությունների։ Էուկարիոտիկ բջիջներում ի-ՌՆԹ-ն սովորաբար ենթարկվում է մեծածավալ մշակման (պրոցեսինգ), իսկ պրոկարիոտների դեպքում այդպիսի երևույթ չի նկատվում։

Տրանսկրիպցիայի ընթացքում ՌՆԹ-պոլիմերազի կողմից սինթեզված ի-ՌՆԹ-ն դեռևս իր վերջնական տեսքով չէ, այդ պատճառով կոչվում է նախաինֆորմացիոն ՌՆԹ։ Միայն պրոցեսինգից հետո է այն պատրաստ դառնում սպիտակուցների սինթեզին. այս դեպքում այն արդեն կոչվում է հասուն ի-ՌՆԹ։ Պրոցեսինգը ներառում է՝ սպլայսինգը, կեպի ավելացումը, պոլիադենիլացումը։

Ինչպես ԴՆԹ-ում, այստեղ ևս ժառանգական ինֆորմացիան արտահայտվում է նուկլեոտիդային հաջորդականությունների՝ կոդոնների տեսքով։ Յուրաքանչյուր կոդոն, բացի ստոպ կոդոններից, կոդավորում է մեկ, որոշակի ամինաթթու։ Ստոպ կոդոնները միայն ազդարարում են սպիտակուցի սինթեզի ավարտը։ Սպիտակուցի սինթեզի համար անհրաժեշտ է նաև 2 այլ տեսակի ՌՆԹ-ներ՝ փոխադրող ՌՆԹ, որը ռիբոսոմ է տեղափոխում համապատասխան ամինաթթուն և ռիբոսոմային ՌՆԹ-ն, որը կազմում է ռիբոսոմի գրեթե կեսը։

Սովորաբար ի-ՌՆԹ-ի երկարությունը տատանվում է մի քանի հարյուր կամ մի քանի հազար նուկլեոտիդների սահմանում։ Ամենաերկար ի-ՌՆԹ-ները բացահայտված են ԴՆԹ պարունակող վիրուսներում։ Սակայն պետք է հիշել, որ նրանց դեպքում մեկ ի-ՌՆԹ-ն կոդավորում է այդ վիրուսների ողջ գենոմը։

Տարբեր ի-ՌՆԹ-ներ ունեն կայունության (կյանքի տևողություն)։ Բակտերիաների բջիջներում ի-ՌՆԹ-ն կարող է գոյություն ունենալ մի քանի վայրկյանից մինչ մեկ ժամ, իսկ կաթնասունների դեպքում՝ մի քանի րոպեից մինչև մի քանի օր։ Որքան մեծ է ի-ՌՆԹ-ի կայունությունը, այնքան ավելի շատ նրա կողմից կոդավորվող սպիտակուց կսինթեզվի։ Ի-ՌՆԹ-ի կյանքի կարճատևությունը պայմանավորված է բջիջների՝ միջավայրի պայմաններից կախված սպիտակուցների սինթեզի ծավալը փոփոխելու ցանկությամբ։ Ի-ՌՆԹ-ի քայքայումը տեղի է ունենում ռիբոնուկլեազների օգնությամբ։

Ի-ՌՆԹ-ների գոյության մասին տեսական առաջին պատկերացումները տվել են Ժակ Մոնոն և Ֆրանսուա Յակոբը, իսկ նրանց գոյությունը փորձնականորեն հաստատվել է 1961 թվականին։

Արտաքին հղումներ խմբագրել