Իվան Շմելյովի տուն-թանգարան
Իվան Շմելյովի տուն-թանգարան (ռուս.՝ Дом-музей Ивана Шмелёва), գրական թանգարան Ղրիմի Ալուշտա քաղաքում։ Բացվել է 1993 թվականին։
Իվան Շմելյովի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ղրիմ |
Տեղագրություն | Ռուսաստան / Ուկրաինա[1] |
Հիմնադրվել է | 1993 |
Կայք | shmelyov.at.ua |
Պատմություն
խմբագրելՌուս մեծ գրող և հրապարակախոս Իվան Սերգեևիչ Շմելյովը (1873-1950) Ալուշտայում ապրել է չորս ողբերգական տարի՝ 1918-1922 թվականներին[2]։
Առաջին անգամ Իվան Շմելյովը եղել է Ալուշտայում 1907 թվականին՝ այցելելով իր խմբագիր Դ. Տիխոմիրովի ամառանոցը Պրոֆեսորական անկյունում։ Ղրիմի բնության շքեղությունը մեծ տպավորություն է թողել գրողի վրա, ինչն ավելի ուշ արտացոլվել է «Լեռների տակ» (1907) և «Խաղող» (1913) պատմվածքներում։ Շմելյովը ցանկանում էր բնակություն հաստատել Ղրիմում, հաճախ այդ մասին խոսում էր որդու հետ։ 1917 թվականին, Սերգեյ Սերգեև-Ցենսկու տանը միամսյա ամառային հանգստի ավարտից հետո նա կարողանում է պայմանավորվել և գնել հարևանությամբ գտնվող հողամասը։ Շմելյովը պատրաստվում էր այնտեղ տուն կառուցել, տնկել խաղող, վայելել Ղրիմի բնությունը և նույնիսկ ձի ձեռք բերել[2]։
Ղրիմում ապրելու երազանքն իրականացավ, բայց սարսափելի ձևով։ Այստեղ գրողը վերապրեց Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի բոլոր սարսափները։ 1918 թվականի ամռանը նա Խորհրդային Ռուսաստանից հեռացավ գերմանացիների կողմից գրավված Ալուշտա, որտեղ սկզբում հյուրընկալվեց Ցենսկուն, այնուհետև խմբագրի այրուն՝ Ե. Տիխոմիրովային։ Ավելի ուշ նա ապրեց իր փոքրիկ տանը։ Երբ 1922 թվականի գարնանը նա վերադարձավ Մոսկվա, գրողի ընկեր բանաստեղծ Ա. Ա. Բելոուսովը գրեց. «Շմելյովը վերադարձել է Մոսկվա, ես նրան հազիվ ճանաչեցի հանդիպման ժամանակ. կենսուրախ, շարժուն և միշտ առույգ մարդու փոխարեն հանդիպեցի կռացած, ճերմակ մազերով, չխնամված մորուքով մի մարդու։ Մոսկվայում մի փոքր վերականգնվեց, բայց շատ էր տխրում, որ չի կարողանում գրել»[2]։
Հանուն գրական գործունեության ապագայի Շմելյովը 1922 թվականին արտագաղթեց Ֆրանսիա՝ կյանքի միակ իմաստը համարելով աշխարհին Ռուսաստանում տեղի ունեցածի մասին պատմելը[2]։
Ղրիմում Շմելյով ամուսինների կյանքում տեղի ունեցավ սարսափելի իրադարձություն։ Նրանց որդին՝ Սերգեյը, Կամավորական բանակի անդամ էր, իսկ Վրանգելի նահանջից հետո նա ձերբակալվեց և Թեոդոսիա քաղաքում գնդակահարվեց։ Միայն Ֆրանսիայում գրողը վերջնականապես հավատաց որդու մահվանը[3]։
2000 թվականին Շմելյովի աճյունը բերվեց հայրենիք և վերաթաղվեց Դոնի մենաստանի տարածքում[2]։
Թանգարան
խմբագրելԹանգարանը բացվել է 1993 թվականին, գրողի ծննդյան 120-ամյակի առթիվ, Ալուշտայի երեք թանգարանների տնօրեն Վ. Պ. Ցիգաննիկի նախաձեռնությամբ։ Այն Սերգեյ Սերգեև-Ցենսկու գրական հուշաթանգարանի բաժինն է[3]։
Թանգարանի հավաքածուն կազմված է Շմելյովի արխիվի նյութերից, որոնք փոխանցել է նրա քրոջ թոռը՝ Ի. Ժանտիյոմը, ինչպես նաև Սերգեյ Սերգեև-Ցենսկու գրական հուշաթանգարանի արխիվային փաստաթղթերից[3]։
Թանգարանի ցուցադրությունն արտացոլում է Իվան Շմելյովի կյանքի հիմնական փուլերը, գլխավոր ուշադրությունը հրավիրվում է 1917-1922 թվականների Ալուշտայի ժամանակաշրջանին, նրա կյանքի և ստեղծագործության տարիներին արտասահմանում։ Նկարները, կահույքը, կենցաղային իրերը, գրքերը և լուսանկարները վերստեղծում են Ի. Ս. Շմելյովի չկատարված երազանքի կերպարը՝ ունենալ սեփական գրական արվեստանոցը Ղրիմի շքեղ բնության մեջ[2]։
Թանգարանի հիման վրա տեղի են ունենում ամենամյա Ղրիմյան միջազգային շմելյովյան ընթերցումներ։ Թանգարանի աշխատակիցները Ղրիմի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի գիտական ժողովածուներում, գրքերում, պարբերական մամուլում հրապարակում են գիտական աշխատություններ[3]։
Իվան Սերգեևիչ Շմելյովի տուն-թանգարանը գտնվում է ճարտարապետության ակադեմիկոս Ա. Ն. Բեկետովի տուն-թանգարանի կողքին, այն տանը, որն անցյալում նույնպես պատկանել է Բեկետովների ընտանիքին[2]։
Թանգարանի հասցեն՝ Ղրիմ, քաղաք Ալուշտա, Պրոֆեսորական անկյուն, Առափնյա փողոց, տուն 2[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «ПЕРСОНАЛЬНЫЙ САЙТ МУЗЕЯ В АЛУШТЕ».
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Литературный музей И.С. Шмелёва в Алуште». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.