Թրատամ վագր կամ թրատամ կատու (լատին․՝ Machairodontinae), կատվազգիների վերացած ենթաընտանիք։ Թրատամ կատուներին երբեմն շփոթում են նիմրավիդների և բարբուրոֆելիդների հետ, սակայն վերջիններս չեն պատկանում կատվազգիներին։ Թրատամ կենդանիներ հանդիպում էին նաև այլ կենդանիների, օրինակ կրեոդոնտների կամ պարկավորների (պարկավոր թրատամ վագր) շարքերում։

Էվոլյուցիա խմբագրել

Թրատամ կատուները հայտնվել են Աֆրիկայում վաղ կամ միջին միոցենում։ Pseudaelurus quadridentatus ենթաընտանիքի վաղ ներկայացուցիչը հակվածություն է ունեցել վերևի ժանիքների աճմանը և հավանաբար գտնվել է թրատամ կատուների էվոլուցիայի հիմքում։ Ամենավաղ հայտնի Miomachairodus ցեղատեսակը հայտնի է Աֆրիկայի և Թուրքիայի միջին միոցենից։ Ուշ միոցենում թրատամ կատուները մի քանի տեղերում համատեղ գոյատևում էին բարբուրոֆելիսների (Barbourofelis)՝ հնադարյան մեծ գիշատիչ կենդանիների հետ, որոնք նույնպես ունեին երկար ժանիքներ։ Թրատամ կատուների վերջին ներկայացուցիչները՝ սմիլոդոն և հոմոտերիում ցեղատեսակները վերացել են վաղ պլեյստոցենում մոտավոր 10 000 տարի առաջ Ամերիկայում[1]։

«Թրատամ վագրեր» անունը մոլորություն է առաջացնում։ Թրատամ կատուները երբեք չեն եղել նույն ենթաընտանիքում, որտեղ վագրերն են և չկա ոչ մի փաստարկ, որ նրանք ունեցել են մորթու վագրանման տեսք կամ, որ տվյալ կենդանիների տեսակը վագրանման կյանք է վարել և որս է արել վագրերի պես։ 2005 թվականին հրապարակված ԴՆԹ-ի անալիզների պատասխանները ցույց տվեցին, որ թրատամ կատուներն առանձին էին ներկայիս կատվազգիների վաղ նախնիներից և կապ չունեն այս պահին գոյություն ունեցող կատվազգիների որևէ ներկայացուցչի հետ։ Թրատամ կատուները շատ շրջաններում համատեղ գոյատևել են այլ կատվազգիների հետ։ Աֆրիկայում և Եվրասիայում թրատամ կատուները վաղ պլեյստոցենում մրցակցում էին հովազների և գեպարդների (Acinonyx jubatus) հետ։ Հոմոտերիները (Homotherium) պահպանվել են Հյուսիսային Եվրոպայում մինչև ուշ պլեյստոցեն։ Թրատամ և կոնատամ կատուները մրցակցում էին կերային ռեսուրսների համար մինչև առաջինները դադարեցին գոյություն ունենալ։

Հետաքրքիր բացահայտումներ խմբագրել

Թրատամ կենդանիների վերացման ամենատարածված տեսակետն այն է, որ նրանք վերացել են սովից, սակայն ամերիկացի հնէաբանները շեշտը դնում են կլիմայի փոփոխության և նախնադարյան մարդկանց որսի վրա[2]։

Մշակույթում խմբագրել

  • «Սառցե դարաշրջան» մուլտֆիլմի հերոսներից մեկը Դիեգո անունով թրատամ վագրն է։ 4-րդ ֆիլմում հայտնվում է Շիռա անունով թրատամ վագրուհին[3]
  • «Թրատամ» սարսափ ֆիլմ, որի գլխավոր բացասական հերոսը թրատամ վագրն է[4]
  • Համակարգչային խաղ, որի գլխավոր հերոսը թրատամ վագրն է[5]

Արտաքին տեսք խմբագրել

Թրատամ կատուներն իրենց անվան համար պարտական են շատ երկար կորաձև ժանիքներին, որոնց երկարությունը երբեմն հասել է 20 սմ-ի։ Քանի որ ժանիքները երկար էին, նրանք կարողանում էին իրենց երախները 95° նկյամբ բացել. համեմատության համար` ժամանակակից կատվազգիները բացում են 65° անկյամբ։ Կա այնպիսի պատկերացում, որ թրատամ կատուները եղել են շատ խոշոր։ Իրականում նրանց մեծ մասը եղել են համեմատաբար փոքր չափերի (ընձառյուծից փոքր)։ Միայն մի քանի տեսակներ են եղել, որոնք պատկանում են մեգաֆաունային, դրանցից են սմիլոդոնները (տեսակ՝ Smilodon populator՝ թրատամ կատուների ամենախոշոր ներկայացուցիչը) և հոմոտերիումները։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրատամ վագր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրատամ վագր» հոդվածին։