Մարմնի երկարությունը 4-10 սանտիմետրից (տափակագլուխ պարկավոր մկներ) մինչև 75-160 սմ է (մոխրագույն կենգուրու)։ Արտաքին տեսքը խիստ բազմազան է։ Պոչը սովորաբար լավ զարգացած է, մորթին՝ խիտ, փափուկ, երբեմն՝ քիստամազերով։ Պարկավորներին բնորոշ են հետանցքային գեղձերը։ Տեսակների մեծամասնության էգերն օժտված են իրենից մաշկի ծալք ներկայացնող պարկով, որտեղ պահում են ձագերին։ Տարբեր պարկավորների մոտ պարկը կարող է բացվել դեպի առաջ, ետ, երբեմն այն առաջանում է կողքային փոքր ծալքերից կամ բացակայում է։ Պտուկները (2-6) բացվում են պարկի մեջ, պարկ չունեցող տեսակներինը (մինչև 25) տեղադրված են մարմնի կողքերում։ Մարմնի ջերմաստիճանը 34-36°C է։
Տարածված են Ամերիկայում (պարկամկներ, ցենոլեստներ), Ավստրալիայում ու շրջակա կղզիներում (մնացած ընտանիքները)։ Ամենապարզունակ պարկավորները պարկամկներն են, որոնցից սկիզբ են առնում մյուսները։ Հարմարվածության բազմազանությամբ քիչ են զիջում ընկերքավորներին․ ապրում են ամենաբազմազան պայմաններում։
Սնվում են բույսերով, ցամաքային ողնաշարավորներով, միջատներով, շատ տեսակներ ամենակեր են։ Բազմանում են տարեկան մեկ կամ մի քանի անգամ։ Հղիությունը 8-40 օր է։ Ծնվում են թերաճ, 0, 5-3 սմ երկարությամբ ձագեր, որոնք ծնվելուց անմիջապես հետո տեղավորվում են մոր պարկում և կախվում պտուկներից։ Ձագերը կաթով սնվում են ավելի քան 2 ամիս, իսկ պարկի մեջ մնում են մինչև 8 ամիս։ Պարկ չունեցող տեսակները ձագերին կրում են մեջքին։ Պարկավորների տնտեսական նշանակությունն աննշան է։ Որոշ խոշոր պարկավորների որսում են մսի և մորթու համար։ Առանձին տեսակների քանակը խիստ կրճատվել է, 23 տեսակ գտնվում է ոչնչացման եզրին և գրանցված է «Կարմիր գրքում»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։