Թուրք-ամերիկյան հարաբերություններ

Թուրք-ամերիկյան հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև։

Թուրք-ամերիկյան հարաբերություններ
ԱՄՆ և Թուրքիա

ԱՄՆ

Թուրքիա

Պատմություն խմբագրել

1831 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգները դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Օսմանյան կայսրության հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո հիմնադրվեց Թուրքիայի Հանրապետությունը, որի հետ ԱՄՆ-ը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց 1927 թվականին։ 1947 թվականի հուլիսի 12-ին ստորագրվեց Տնտեսական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը, որը դարձավ Թրումենի դոկտրինի շրջանակներում Թուրքիային օգնություն ցուցաբերելու ԱՄՆ քաղաքականության տրամաբանական շարունակությունը, որը կոչված էր օգնելու նրան դիմակայել Խորհրդային Միության սպառնալիքներին։ Խորհրդային էքսպանսիան զսպելու նկատմամբ ընդհանուր հետաքրքրությունը հիմք ստեղծեց ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ամուր հարաբերությունների համար հաջորդ քառասուն տարիների ընթացքում։ 1950 թվականին զինված ուժերի ստորաբաժանումներ ուղարկեց Կորեական պատերազմին մասնակցելու համար (1950-1953), 1952 թվականին միացավ ՆԱՏՕ-ին, 1955 թվականին դարձավ կենտրոնական պայմանագրի կազմակերպության կազմակերպիչներից մեկը, ինչպես նաև 1957 թվականին հաստատեց Էյզենհաուերի դոկտրինի սկզբունքները։ 1950-ական թվականների և 1960-ական թվականների ընթացքում Թուրքիան համագործակցել է նաև Մերձավոր Արևելքում Ամերիկայի Միացյալ Նահանգների այլ դաշնակիցների (Իրան, Իսրայել և Հորդանան) հետ՝ զսպելու Եգիպտոսի, Իրաքի և Սիրիայի ազդեցությունը, որոնք աջակցում էին Խորհրդային քաղաքականությանը։

Սակայն պարբերաբար ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ծագել են կոնֆլիկտային իրավիճակներ և թյուրըմբռնումներ։ 1974 թվականին սկսվեց նրանց հարաբերությունների ամենաբարդ շրջանը Հյուսիսային Կիպրոս Թուրքիայի ներխուժումից հետո։ Ի պատասխան Կիպրոսի հակամարտությանը Թուրքիայի միջամտության՝ Միացյալ Նահանգները դադարեցրել է զենքի մատակարարումն այդ երկիր։ Իսկ Անկարան արգելել է ԱՄՆ զինված ուժերին իր տարածքում գործունեություն ծավալել, որը կապված չէր ՆԱՏՕ-ի առաքելությունների հետ։ Կիպրոսի խնդիրը մի քանի տարի շարունակ լարված էր պահում ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները։ Նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսը 1978 թվականին վերացրեց զենքի էմբարգոն Թուրքիային, երկու տարի անցավ, մինչև պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությունը վերականգնվեց մինչև 1974 թվականը։

1980-ական թվականների ընթացքում Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններն աստիճանաբար վերականգնվում էին։ Չնայած Անկարայի վրդովմունքն էր առաջացնում Կիպրոսի պատճառով ռազմական օգնության մատակարարումները սահմանափակելու ԱՄՆ Կոնգրեսի շարունակական փորձերը, ինչպես նաև ԱՄՆ քաղաքական գործիչների կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը, Թուրգութ Օզալի կառավարությունն ընդհանուր առմամբ դրական էր ընկալում նախագահներ Ռոնալդ Ռեյգանի և Ջորջ Բուշի քաղաքականությունը։ Վաշինգտոնը ցույց տվեց իր աջակցությունը Թուրգութ Օզալի տնտեսական քաղաքականությանը և գնահատեց Թուրքիայի տնտեսությունը միջազգային առևտրի համար բացելու նրա ջանքերը՝ նախաձեռնելով Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Թուրքիային տնտեսական օգնություն ցուցաբերելու ծրագրի ընդունումը։ ԱՄՆ-ն, ի տարբերություն եվրոպական երկրների, առանձնապես խիստ չի քննադատում Թուրքիային մարդու իրավունքների խախտումների համար, ինչպես նաև թուրք-քրդական հակամարտության պատճառով ճնշում չի գործադրել Թուրգութ Օզալի կառավարության վրա։ 1989 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը դրական էր ընկալվում Թուրքիայի քաղաքական վերնախավի կողմից։

1991 թվականին սառը պատերազմն ավարտվեց, ինչը ստիպեց թուրք առաջնորդներին վերանայել իրենց երկրի արտաքին քաղաքականությունը։ Խորհրդային սպառնալիքի անհետացումը և Եվրամիությանը երկրի անդամակցության չլուծված խնդրահարույց հարցը թուրքերի մոտ անորոշության զգացում առաջացրեցին։ Թուրգութ Օզալը կարծում էր, որ Թուրքիայի ապագա անվտանգությունը սերտորեն կապված է Միացյալ Նահանգների հետ գործընկերային հարաբերությունների շարունակման հետ։ Այդ իսկ պատճառով նա սատարեց ԱՄՆ դիրքորոշմանը Պարսից ծոցի պատերազմի ժամանակ, թեև Թուրքիան և Իրաքը մեծ տնտեսական կապեր ունեին։ Պատերազմի ավարտից հետո Թուրգութ Օզալը շարունակեց աջակցել տարածաշրջանում Միացյալ Նահանգների քաղաքականությանը, այդ թվում՝ Հյուսիսային Իրաքի վրա ոչ թռիչքային գոտու ստեղծմանը, արաբա-իսրայելական խաղաղության գործընթացին և ԱՊՀ-ում Կենտրոնական Ասիայի պետությունների հետ կապերի ընդլայնմանը։

Թուրքիայի բնակչության շրջանում ոչ բոլորն էին հավանություն տալիս Թուրգութ Օզալի արևմտամետ քաղաքականությանը։ 1991 թվականին երկրում տեղի ունեցան մի շարք հակապատերազմական ցույցեր, որոնք ուղղված էին ԱՄՆ-ին արգելելու օգտագործել Թուրքիայի ռազմական օբյեկտները Իրաքի ռմբակոծման համար, իսկ 1992 թվականին և 1993 թվականին եղան Թուրքիայի տարածքում գտնվող Միացյալ Նահանգների օբյեկտների վրա սպորադիկ հարձակումների դեպքեր։ Այնուամենայնիվ, Թուրքիայի քաղաքական վերնախավի շրջանում կոնսենսուս կար, որ երկրին ձեռնտու է մնալ Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցը։ Այդ պատճառով թուրք քաղաքական գործիչներ Սուլեյման Դեմիրելը և Թանսու Չիլերը շարունակել են զարգացնել հարաբերությունները ԱՄՆ նախագահներ Ջորջ Բուշի և Բիլ Քլինթոնի հետ։ 1995 թվականի սկզբին Թուրքիան ամենաուժեղ միջազգային կապերն ուներ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։

2001 թվականին Թուրքիան միացավ Աֆղանստանում կոալիցիոն ուժերի ռազմական գործողությանը։

2016 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտեց Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը և շարունակեց աջակցություն ցուցաբերել Թուրքիայի գործող կառավարությանը։

Երկրների միջև հարաբերությունները վատթարացել են 2018 թվականին՝ կապված Թուրքիայում քահանա Էնդրյու Բրանսոնի ձերբակալության հետ, 2018 թվականի հոկտեմբերին Թուրքիայի կառավարությունը բաց է թողել է. Բրանսոնին, և նա վերադարձել է հայրենիք՝ ԱՄՆ[1]։

2019 թվականի հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որը վատացրեց թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Նույն թվականի դեկտեմբերի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ երկրի խորհրդարանը կարող է ընդունել ամերիկյան մայրցամաքի գաղութացման ժամանակ հնդկացիների, բնիկ բնակչության ցեղասպանության մասին բանաձևը՝ որպես պատասխան միջոց։

Առևտրային հարաբերություններ խմբագրել

2000-ական թվականներին Թուրքիան դարձավ ամերիկյան ապրանքների սպառման կարևոր շուկա։ 2001-2011 թվականներին ԱՄՆ-ից Թուրքիա տարեկան արտահանումը 3261 միլիոն դոլարից հասել է 16034 միլիոն դոլարի[2]։ Այդ ընթացքում դեպի ԱՄՆ թուրքական արտահանման տարեկան արժեքն աննշան աճել է՝ 3126 միլիոն դոլարից հասնելով 4584 միլիոն դոլարի[3]։ 2015 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 17,4 միլիարդ ԱՄՆ դոլար։

ԱՄՆ-ից Թուրքիա արտահանման կառուցվածքը. ինքնաթիռներ, երկաթ և պողպատ, գյուղատնտեսական արտադրանք, յուղ, բամբակյա մանվածք և գործվածք։

ԱՄՆ-ը Թուրքիայից ներկրում է ավտոտրանսպորտային միջոցներ, մեքենաներ, երկաթ և պողպատ, գյուղատնտեսական արտադրանք, տրավերտին և մարմար։

Համագործակցություն մշակույթի ոլորտում խմբագրել

2021 թվականի սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում բացվեց թուրքական տուն։ Թուրքական տունը գտնվում է 35 հարկանի շենքում։ Շենքի բարձրությունը 171 մետր է[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Власти Турции освободили американского пастора Эндрю Брансона Արխիվացված 2018-10-31 Wayback Machine // Deutsche Welle
  2. Калугин П. Е. Современное стратегическое сотрудничество Российской Федерации с Турцией в сфере энергетики. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. Иркутск, 2014. — С. 168. Режим доступа: http://isu.ru/ru/science/boards/dissert/dissert.html?id=5 Արխիվացված 2016-06-03 Wayback Machine
  3. Калугин П. Е. Современное стратегическое сотрудничество Российской Федерации с Турцией в сфере энергетики. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. Иркутск, 2014. — С. 167. Режим доступа: http://isu.ru/ru/science/boards/dissert/dissert.html?id=5 Արխիվացված 2016-06-03 Wayback Machine
  4. «Эрдоган открыл здание "Турецкого дома" в Нью-Йорке». Day.Az (ռուսերեն). 2021 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 1-ին.