Թուրքական գրականություն

Թուրքական գրականություն, թուրքերենը սկիզբ է առնում օղուզերենից՝ արևելաթուրքական ցեղերի լեզվից, որոնք բնակվում էին Կենտրոնական Ասիայում, իսկ այնուհետև՝ 8-10-րդ դարերում, ույղուրների կողմից քշվել են արևմուտք։ Օղուզները գրի համար օգտագործել են թյուրքական ռունագրերը։ Թուրքական ֆոլկլորի մեջ պահպանվել են մինչ իսլամական առասպելներ աշխարհի արարման և մարդու ծագման մասին, ինչպես հերոսական էպոս-ցիկլ «Օղուզ նամեն»։ Օղուզները կամ արևելյան թուրքերը իսլամի հետ առնչվեցին 10-րդ դարում։ Այդ շրջանում օղուզները փոխառում են արաբական գիրը՝ հավելելով առանձին նշաններ պարսկերենից։

Օղուզական էպոսի նոր ձևերը խմբագրել

Իսլամի ընդունումից հետո օղուզական էպոսում հայտնվում են նոր ձևեր՝ «Դեդե Քորքուդի» մասին ցիկլը, 13-րդ դարում` լեգենդ-ցիկլերը, որոնք ունեին պատմական հիմք, «Քյոր օղլու»-ի մասին դեսթանները (էպիկական ասքերը), ռոմանտիկ պատմվածքները՝ հիկյայեները, պարզունակ գրականության գործեր, կախարդական, կենցաղային և հումորային հեքիաթներ ու առածներ Հոջա Նասրեդինի մասին, կենդանիների մասին, առակներ, ասացվածքներ, հանելուկներ, հայտնի չաստուշկաները՝ մանիները, երգեր՝ «թյուրքյուի քոշմա» (լիրիկական) և հուլի թաշլամա (ողբերգական)։

Թուրք-սելջուկների առաջին հանրապետությունում՝ Ռումում, շրջանառվում էր մի քանի լեզու. արաբերենն օգտագործվում էր կրոնական և գիտական տեքստեր գրելու համար, ֆարսին, որը բնորոշ էր պալատական պոեզիայի համար, և թուրքերենը` որպես ամենօրյա շփման և ժողովրդական բանավոր արվեստի լեզու։

Օսմանյան կայսրության հիմնադրման և ամրապնդման ժամանակաշրջանում` 13-15-րդ դարեր, հայտնվում են, այսպես կոչված, առաջին հին անատոլիական գրականության գործերը թուրքերենով։ Դա պարսկական, արաբական և թուրքական դասական ոճերի խառնուրդ էր, որտեղ ժանրերից գերակշռում էր պոեզիան։ Պոետական ստեղծագործությունների մեջ նկատվում էր վանկային և վանկաշեշտային տաղաչափության կոնֆլիկտ, որը բնորոշ էր թուրքական ժողովրդական խոսակցական ձևին և արտահայտված էր բանահյուսության և արաբապարսկական արուզ տաղաչափության մեջ, և որը իշխել է թուրքական պոեզիայի մեջ վեց դար շարունակ։

Առաջին պոետներ, սուֆի պոետներ խմբագրել

Առաջին պոետները, ովքեր գրել են թուրքերենով, եղել են սուֆի պոետներ[1] Ահմեդ Ֆաքիհը (մոտ 1250 թվական)` «Ճակատագրի գրքի» հեղինակը, նրա աշակերտ Շեյադ Համզան՝ «Յուսուֆ և Զելիհա» պոեմի հեղինակը։ Պոետ-դերվիշ Յունուս Էմրեն (1240-1320 թվականներ) հայտնի էր իր զգացմունքային և ոգեշնչող ոտանավոր-հիմներով, որոնցում արտահայտվել են նրա ազատասիրական և ընդդիմադիր հայացքները՝ կրոնամիստիկական շղարշով։ Թուրքերենով մի քանի բանաստեղծություն ունեն նաև պարսիկ սուֆի պոետ Ջելալեդդին Ռումին (1207-1273 թվականներ) և նրա որդին՝ Սուլթան Վելեդին (1226-1312 թվականներ)։ Այդ ժամանակաշրջանի առավել նշանակալի ստեղծագործությունը Աշըք Փաշայի «Թափառաշրջիկի գիրքը» (1330 թվական) պոեմ-մեսնեվին է։

14-15-րդ դարեր թուրքական գրականություն են մտնում նոր ժանրեր՝ ռոմանտիկ մեսնեվին՝ բանաստեղծության տեսքով վեպեր՝ Նիզամիի խամսայի սյուժեների հիման վրա[2]։ Նրանցից առավելապես հայտնի են Յուսուֆ Սինան Շեյհիի (1371-1431) «Խոսրով և Շիրինը», ինչպես նաև երգիծական «Պոեմ ավանակի մասին»-ը, որտեղ խոսքն ավանակի մասին է, որը գնացել էր պոզեր որոնելու, իսկ վերադարձել էր առանց ականջների։ Որոշ ժամանակ պալատական պոեզիայի զարգացումն ընթանում էր ոճի բարդացման և մակդիրների ու համեմատությունների կուտակման ճանապարհով։ 15-17-րդ դարեր շարունակվում է դասական ձևերի յուրացումը, անվերջ տարափոխվում են ստանդարտ հնարքներն ու կերպարները։ Առաջին ամբողջական խամսայի հեղինակը թուրքերենով Համդի Չելեբին է (1449-1503 թվականներ)։ Ավելի ուշ թուրք գրականության մեջ հայտնվեցին բազում տարբերակներ, որոնցից շատերը, ի տարբերություն բնօրինակի, հագեցած էին էպիկուրյան մոտիվներով։ Գոյություն ունեցող ավանդույթների շրջանակում ժամանակակից կյանքը փորձել են արտահայտել Ահմեդ Փաշան (մահացել է 1497 թվական), Նեջաթին (մահացել է 1509 թվական), Մեսիհին (1470-1512 թվականներ), Մահմուդ Աբդուլ Բաքին (1526-1600 թվականներ), որը գրում էր նրբագեղ գազելներ՝ նմանակելով Հաֆիզին։ Միհրի Հաթունի դիվանի ոտանավորներում (1456-1514 թվականներ), որը դատավորի աղջիկ էր, հնչում է անձնական բողոք՝ ուղղված միջնադարյան հասարակության մեջ կնոջ դիրքին, սակայն ձևով նրա պոեզիան պահպանել է սուֆիական ավանդույթները։

17-րդ դարի սկզբից ավելի ու ավելի հաճախանում են երգիծական և դիդակտիկ ստեղծագործություններըՙ ուղղված վերնախավին և արատների մեջ թաղված իշխանավորներին. վերջինների վրեժխնդրությունը հարուցելով։ Այսպիսով, երգիծաբան Օմեր Նեֆին (1572-1634 թվականներ), որը հայտնի է «Ճակատագրի նետերը» երգիծական ժողովածուով, մահապատժի ենթարկվեց իրենից վիրավորված վեզիրի կողմից։ Յուսուֆ Նաբիի (1642-1712 թվականներ) «Հայրիյե» մեսնեվիի մեջ նկարագրված է կաշառակերների և գանձագողերի երեսպաշտությունը։ Ալլաեդդին Սաբիթը (1650-1712 թվականներ) իր «Հառնում» պոեմի մեջ առաջին անգամ հումորային երանգներով նկարագրեց Մուհամեդ մարգարեի ճախրանքը յոթ երկնոլորտներում։ 18-րդ դարում շարունակում են զարգանալ պալատական պոեզիայի ժանրերը։ Պոետ Ահմեդ Նեդիմը (1681-1730 թվականներ), նմանակելով թուրքական ժողովրդական երգերը, ստեղծեց նոր պոետական ձև՝ շարքը (երգ)։

 
Ալ-Զաուրա, No. 422, Փետրվարի 28

19-րդ դարի սկզբին թուրքական գրականության մեջ նկատվում է լճացում։ Որոշ պոետներ (Վասըֆ Էնդերունլու, Իզզեթ Մոլլա) ձգտում են պոեզիան մերձեցնել կյանքին՝ ընդլայնելով բանաստեղծության թեմատիկան, խոսակցական տարրերով հարստացնելով պոետական լեզուն։ 19-րդ դարի կեսերը Օսմանյան կայսրությունում նշանավորվեցին լայնամասշտաբ ռեֆորմիստական ծրագրի՝ թանզիմաթի (արաբ. թանզիմաթ-կարգավորում) անցկացմամբ, որը նշանավորվեց ֆեոդալական մշակույթի կողմնակիցների պայքարով մի կողմից և հրապարակախոսների ու գրողների պայքարով, որը քարոզում էր բուրժուական լուսավորական գաղափարներ, մերձություն իրական կյանքին և քննադատում էր ֆեոդալական բռնապետությունըՙ մյուս կողմից։ Այս ժամանակաշրջանը անցումային էր թուրք գրականության համար. արագ և կտրուկ անցում է կատարվել միջնադարյան ավանդույթներից դեպի նոր ժամանակների գրականություն։ Թանզիմաթի շրջանի գրականությունն ընկալեց նոր ռեֆորմատորական հովերը և հանդիսացավ նրանց ռահվիրան՝ միավորելով եվրոպական մշակութային ավանդույթները թուրքերենի ժողովրդական ձևի հետ։ Թուրք գրականագետների և ընթերցողների շրջանում աննկարագրելի հետաքրքրություն առաջացրին դեպի եվրոպական, հատկապես ֆրանսիական գրողների ստեղծագործությունները. նրանց ազդեցությունը նոր թուրքական գրականության զարգացման վրա վիթխարի է։ Ֆրանսիական գրականության ազդեցությամբ առաջանում են նոր ժանրեր՝ նովել, վեպ՝ պատմական, արկածային, սոցիալական։ Արևմտյան միտումները նկատվում էին ամբողջ 19-րդ դարի ընթացքում և իրենց գագաթնակետին հասան Առաջին համաշխարհային պատերազմից առաջ։

Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ լրագրողը` Իբրահիմ Շինասին խմբագրել

Պոետ Իբրահիմ Շինասին (1826-1871 թվականներ), որը նախահեղափոխական տարիներին ուսանել էր Փարիզում, դարձավ Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ լրագրողը. հրատարակում էր թերթ, հանդիսացավ առաջին թուրքական դրամատիկական ստեղծագործության՝ «Պոետի ամուսնությունը» (1860 թվական) կատակերգության հեղինակը։ Սյուժեով այս կատակերգությունը հիշեցնում էր Մոլիերի «Ակամա ամուսնությունը», սակայն բոլոր տիպերը, սովորույթները, ժողովրդական լեզուն վերցրած էին թուրքական կյանքից։ Խոսքը ավագ դստեր հետ ամուսնության մասին էր սիրահարված կրտսեր դստեր փոխարեն։ Նամըք Քեմալը (1840-1888 թվականներ)` «Նոր օսմաններ» (1865 թվական) կազմակերպության գաղափարախոսը, որը պայքարում էր Թուրքիայում սահմանադրական միապետության հաստատման և բուրժուական ռեֆորմների իրականացման համար, ապրում էր վտարանդիության մեջ, Ֆրանսիայում և Անգլիայումՙ սուլթանի հետապնդումների պատճառով. մահացել է աքսորում։ Որպես պոետ և գրող՝ կրել է Վիկտոր Հյուգոյի ռոմանտիկական գեղագիտության և լուսավորական գաղափարների ազդեցությունը։ Տարված էր թատրոնով, գնահատում էր նրա դաստիարակչական ներգործությունը, կենցաղային և հայրենասիրական պիեսների հեղինակ էր («Խեղճ մանկիկը», 1873, «Գյուլնիհալը», 1875, «Հայրենիք կամ Սիլիստրիա», 1873, «Ջելալեդդին` Խորեզմի շահ», 1885, «Ալի բեյի արկածները», 1876), ինչպես նաև հեղինակն էր առաջին կենցաղային և պատմական վեպերի։

Թանզիմաթի գրականություն խմբագրել

Թանզիմաթի գրականության առաջադիմական ուղղվածությունը, որում գրողները դեմ էին դուրս գալիս բռնապետությանը, անձի հարստահարումներին, զուգակցվում էր պանիսլամիստական և պանթյուրքիստական գաղափարների քարոզչության հետ։ Թանզիմաթի շրջանի մյուս գրողներն են Ահմեդ Միդհատը (1844-1913), Շամսեթթին Սամին (1850-1904)։ Ահմեդ Միդհատը նովելի ժանրի հիմնադիրն է, դրամատուրգ և արձակագիր, ով հեղաշրջել է թուրքերենը՝ մերձեցնելով այն ժողովրդականին։ Ավելի քան քառասուն վեպի հեղինակ է, որոնցից շատերը նվիրված էին բռնի ամուսնությունների թեմային, վերապրուկներին, որոնք դժբախտացնում էին մարդկանց կյանքը, Արևմուտքի առջև կուրորեն խոնարհվելու թեմային՝ «Ստրկություն», «Ամուսնություն», «Էֆլաթուն բեյ և Ռաքըմ էֆենդին», «Կամավորը»։ 19-րդ դարի երկրորդ կեսին Վիկտոր Հյուգոյի, Ալֆրեդ Մյուսսեի ազդեցության ներքո թուրքական գրականության մեջ հայտնվում են գրողներ, որոնք որոնում են լիրիկական թեմայի նոր սյուժեներ՝ դիմելով հերոսների ներաշխարհին. այդ գրողներից են Աբդուլհակ Համիդ Թարխանը (1852-1937 թվականներ) և Ռեջաիզադե Էքրեմը (1847-1913 թվականներ)։ Նախկին դիվանագետ, պոետ և դրամատուրգ Աբդուլհակ Համիդ Թարխանի պիեսների գործողությունները հաճախ տեղի են ունենում Հնդկաստանում, Աֆղանստանում և ուրիշ երկրներում, որոնց կյանքին նա լավ ծանոթ էր։ Նրան հետաքրքրում էր հերոսների վարքագիծը սիրո և պարտքի միջև ընտրության պահին («Հնդկաստանի դուստր Նեստերենը»), զավթողի և պարտվողների հոգեբանությունը («Էշբեր»)։ Նրա բանաստեղծություններում առաջին անգամ հայտնվում է կյանքի հատակն ընկած կնոջ ապաշխարանքի թեման։

Թանզիմաթի ժամանակաշրջանում լույս են տեսնում առաջին գրականագիտական հոդվածներն ու աշխատությունները, ժողովրդական բանահյուսության ժողովածուները։ Երկրում մտցվեց գրաքննություն, իսկ գրականության մեջ տարածվեցին միստիկական տրամադրություններ։ Նոր թուրքական գրականության կայացման մեջ մեծ դեր խաղացած «Սերվեթ ի ֆյունուն» հանդեսի գրողների շրջանում տարված էին ֆրանսիական հեղինակներով՝ Զոլայով, Մոպասանով, Գոնկուր եղբայրներով, Ստենդալով, Բալզակով (այդ գրողներից էին Թեվֆիք Ֆիքրեթը (1867-1915 թվականներ), Նազըմ Նաբիզադեն (1862-1893 թվականներ), Հյուսեին Ռահմի Գյուրփընարը (1864-1944 թվականներ)։ Պոետ Թեվֆիք Ֆիքրեթի վաղ շրջանի ստեղծագործությունները հագեցած էին ռոմանտիկ տխրության մոտիվներով։ Նրա պոեզիայում հայտնվում են քաղաքացիական մոտիվներ և կարեկցանք հասարակ մարդկանց նկատմամբ։ Հյուսեին Ռահմի Գյուրփընարը, որը քննադատական ռեալիզմի հիմնադիրներից էր, հեղինակՙ 35 վեպի, պիեսի, պատմվածքների ժողովածուների, քննադատական հոդվածների. 1935-1943 թվականներին եղել է մեջլիսի պատգամավոր։ Իր առավել հայտնի վեպերում՝ «Հայելի կամ շքեղություն» (1888 թվական), «Տնային դաստիարակչուհին» (1898 թվական), «Չլսված բան» (1919 թվական), «Ճակատագրի քմահաճույքը» և այլուր իրատեսորեն նկարագրում է թուրք հասարակության արատները՝ խոնարհումը Արևմուտքի առաջ, պաշտոնյաների ագահությունը, նահապետական ընտանիքի քայքայումը, հայրերի և որդիների բախումը և այլն։ Գրողը կարծում էր, որ արատների նկարագրությունն ունակ է խղճմտանք առաջացնել իշխանավորների մոտ և նրանց դրդել ինքնակատարելագործման։

Բովանդակությամբ և ձևով եվրոպական ստեղծագործություններին առավել մոտ են Ուշաքլըգիլի (1866-1945 թվականներ), Մեհմեդ Ռաուֆի (1875-1931 թվականներ), Հյուսեին Ջահիդ Յալչընի (1874-1957 թվականներ) և ուրիշների վեպերն ու պատմվածքները։ Նրանք արծարծում էին նոր թեմաներ, քննադատում էին իշխանավորների այլասերվածությունը, փողի ազդեցությունը մարդկային հարաբերությունների վրա։

Հասարակական ինքնագիտակցության վերելքը գրականությունում խմբագրել

 
Թուրքերեն գրքի կազմի պատկերազարդում (1-ին օրինակ)

1900-ականների սկզբին գրական լճացման շրջանից հետո Թուրքիայում սկսվեց հասարակական ինքնագիտակցության վերելք, որն ավարտվեց երիտթուրքերի հեղափոխությամբ, 1908 թվականին։ Գրականության մեջ զարգանում են իրատեսական միտումներ, աշխուժանում է տարբեր գրական ուղղությունների պայքարը։ Դեմոկրատացման կողմնակիցները կարծում էին, որ թուրքերենը պետք է պարզեցվի և մաքրվի օտար բառերից։ Սա հանգեցրեց նախկին պոետական ձևերից և տաղաչափությունից հրաժարվելուն, որն իր արտացոլումը գտավ Մեհմեթ Էմին Յուրդաքուլի «Թուրքերեն բանաստեղծություններ» ժողովածուի մեջ՝ գրված ժողովրդական պոեզիայի չափով՝ հեջեով։ Սակայն հետագայում Մեհմեթ Էմինի թեմաները՝ պատերազմ և Թուրան (բոլոր թյուրքերի առասպելական հայրենիքը), սկսեցին համառորեն կրկնվել նրա հաջորդների ստեղծագործություններում, որոնք իրենց արվեստը կառուցում էին ազգայնամոլական տրամադրությունների շահարկման վրա[3]։

Պոետական հռետորաբանության վանկային կատարելագործման և այն ժամանակակից դարձնելու հարցում փորձեր էին կատարում պոետներ Օրհան Սեյֆի Օրհոնը (1890-1972 թվականներ), Յուսուֆ Զիյա Օրթաչը (1895-1967 թվականներ), Ֆարուք Նաֆիզ Չամլըբելը (1898-1973 թվականներ), Հալիդ Ֆահրի Օզանսոյը (1891-1971 թվականներ)։ Մյուս կողմից, նախկին ձևերի և ավանդական արուզ չափի պահպանման նպատակով, որը հարմարեցված էր թուրքերենի նոր պահանջներին, հանդես էին գալիս խոսքի այնպիսի խոշոր վարպետներ, ինչպիսիք էին Ահմեդ Հաշիմը (1885-1933), որը տարված էր ֆրանսիական սիմվոլիստներով ե՛ւ Յահյա Քեմալ Բեյաթլըն (1884-1958), որը բանաստեղծականացրել էր Օսմանյան կայսրության անցյալը։ 20-րդ դարի սկզբին թուրքական արձակում զարգանում են իրատեսական միտումներ։ Գրողների ուշադրությունը հրավիրում է գավառական կյանքը։ Այդ գրողներից էին Ռեֆիք Հալիդ Քարայը, Աքա Գյունդյուզը, Հյուսեին Ռահմի Գյուրփընարը (1864-1944 թվականներ), Օմեր Սեյֆեդդինը (1884-1920)։ Անատոլիայի հասարակ բնակիչների նրանց նկարագրությունը կարճառոտ է, կոնկրետ, բովանդակալից և քննադատական։ Երգիծաբան Օմեր Սեյֆեդդինի նովելներն ազդեցություն են թողել հետագա տասնամյակների արձակի զարգացման վրա։ Նրա արվեստում, ինչպես և նրա հետևորդների, պարզ երևում են ազգայնամոլական տրամադրությունները՝ Հալիդե Էդիփ Ադըվարի (1884-1964 թվականներ) «Նոր Թուրան» վեպը և Քարաօսմանօղլուի (1885-1974 թվականներ) «Վերջին երեկոն»։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Թուրքիան օկուպացված էր օտար զորքերով (ֆրանսիական և անգլիական)։ Գրական ամսագրերում, որոնք գտնվում էին կրկնակի գրաքննության տակ՝ օկուպացիոն և սուլթանական, տպագրվում էին սալոնային բնույթի ստեղծագործություններ։

Օտարերկրյա ռազմական ներկայության դեմ շարժման դիմակայում խմբագրել

1920-ական թվականներին Անատոլիայում ձևավորվում է օտարերկրյա ռազմական ներկայության դեմ շարժման կենտրոն։ Թերթերում հայտնվում են դիմադրության կոչեր օտարերկրյա զավթիչների դեմ։ Անատոլիայի համար պայքարը վերաճում է Թուրքիայի ինքնուրույնության պայքարի։ Գրականագետների առավել ակտիվ մասը միանում է անատոլիական կենտրոնին։ Շատ գրողներ մասնակցություն են ունեցան այսպես կոչվածՙ Թուրքիայի ազգային-ազատագրական պատերազմին, որը մեծ արձագանք գտավ գրականության մեջ այն բանից հետո, երբ 1923 թվականին Թուրքիան հռչակվեց հանրապետություն։ Հայտնի են Հալիդե Էդիփ Ադըվարի, Ռեշաթ Նուրի Գյունթեքինի վեպերը, Յաքուփ Քադրիի «Սոդոմ և Գոմոր» (1928 թվական) վեպը և Աքա Գյունդյուզի «Երկնագույն կայծակ» (1933 թվական) պիեսը։ Կին գրող Հալիդե Էդիփ Ադըվարը (1884-1964 թվականներ) պանթյուրքիստական շարժման ակտիվ գործիչ էր, մեջլիսի պատգամավոր։ Իր հայտնի վեպերում՝ «Կրակե վերնաշապիկ» (1922 թվական), «Սպանե՛ք անառակ կնոջը» (1926 թվական), նա նկարագրում էր մարդկային ճակատագրերի և սիրո անակնկալ փոփոխությունները ազգային-ազատագրական պատերազմի, դավաճանության ֆոնի վրա։ Վիպագիր և դրամատուրգ Ռեշաթ Նուրի Գյունթեքինը (1892-1956) նույնպես գրում էր պատերազմական, ազգային-ազատագրական թեմաներով («Կանաչ գիշեր» վեպը, «Մեկ գիշերվա ողբերգություն» պիեսը), այն մասին, թե որքան դժվար է իրականացնել բարձր երազանքները և հետևել բարոյականության պատվիրաններին կապիտալի աշխարհում («Խարան», «Տերևաթափ» վեպերը, «Զղջացե՛ք» պատմվածքը)։

Քանի որ վերջին դարերի ընթացքում թուրքերենը ենթարկվել էր պարսկերենի և արաբերենի զգալի ազդեցությանը (փոխառյալ բառերի քանակը հասնում էր մինչև 20 տոկոսի), Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո՝ 1923 թվական, զարկ էր տրվել փոխառյալ օտար բառերը բուն, նախասկզբնական թուրքական բառերով փոխարինելու գործընթացին։ 1926 թվականի սկզբին երիտթուրքական հեղափոխության առաջնորդ Քեմալ Աթաթուրքը մասնակցեց Բաքվում անցկացվող թուրքագետների կոնգրեսին, որի ժամանակ պահանջ հնչեց ստեղծելու թյուրքական լեզուների համար այբուբեն լատինականի հիման վրա։ 1928 թվականից սկսած թուրքերենի համար սկսեց օգտագործվել լատինական տառաձևի տարբերակը, որը Աթաթուրքի պահանջով ստեղծեց հայազգի Հակոբ Մարթայանը (Դիլաչարը), և որի մշակման հարցում Աթաթուրքը մասնակցություն ունեցավ[4][5]։

Բառերի նոր գրության, ինչպես նաև լեզվի ընդհանուր ռեֆորմի համար հիմք հանդիսացավ Ստամբուլի բարբառը։ 1932 թվականին ստեղծվեց «Թուրքական լեզվի կազմակերպությունը», որը պետք է զբաղվեր թուրքերենի վերաթուրքացման և ժամանակակից դարձնելու հարցերով։ Այդ գործընթացը շարունակվում է մինչև օրս, քանի որ թուրքերենում կարելի է հանդիպել ոչ միայն արաբա-պարսկական ծագման բառերի, այլև եվրոպական ծագման, առաջին հերթին՝ ֆրանսիական, որոնք լեզվում հայտնվել են 20-րդ դարում։

Թուրքիայի մասին «մտածմունք»-ը խմբագրել

1923 թվականից թուրք գրողներն ու գրականագետները լրջորեն մտածում էին Թուրքիայի ապագայի խնդրի մասին, թե ի՛նչ ճանապարհով այն կգնա քեմալական հեղափոխությունից հետո։ Առաջին ճանապարհը ազգային միավորումն էր, որի ժամանակ ենթադրվում էր, որ ինքնըստինքյան կվերանան հիմնական դասակարգային հակասությունները, իսկ ուժերը պետք է կենտրոնացնել կրթության և ժողովրդի ընդհանուր մշակութային մակարդակի բարձրացման, քարածացության և հետադիմական տրամադրությունների ու ավանդույթների հաղթահարման վրա։ Այսպիսի դիքորոշում, որն ընկած էր 1908 թվականի հեղափոխության հիմքում, ունեին գրողներ Յաքուփ Քադրին, Հալիդե Էդիփը, Մեհմեդ Ռաուֆը։ Մյուս ճանապարհը ենթադրում էր անխուսափելի դասակարգային պայքար՝ ուղղված պաշտոնյաների կամայականությունների, կաշառակերության, գործազրկության, դասակարգային շերտավորման դեմ, քանի որ բուրժուական բարեփոխումները չէին շոշափում այս «հավերժական» հասարակական հակասությունները։ Այս դիրքորոշմանն առավել մոտ էին Սադրի Էրթեմը (1900-1943 թվականներ), որը թուրք գրականության մեջ առաջին իրատեսական սոցիալ-պատմական «Երբ կանգ են առնում ճախարակները» (1931 թվական) վեպի հեղինակն էր. այն պատմում էր թուրք արհեստավորների 19-րդ դարի երկրորդ կեսի խռովությունների մասին, ինչպես նաև Ռեշաթ Էնիս Այգենը (1909-1984 թվականներ) և Սաբահաթթին Ալին (1907-1948 թվականներ)։ Իր՝ «Յուսուֆը Քույուջաքից» (1937 թվական) պատմվածքի և «Ապակե դղյակ» (1947 թվական) նովելների ժողովածուի մեջ Սաբահաթթին Ալին նկարագրում է, թե ինչպես է հասարակ մարդու մեջ ձևավորվում բողոք գոյություն ունեցող իրերի դրության նկատմամբ, և հանգում է հեղափոխական պայքարի անհրաժեշտության գաղափարին։ Կապիտալիստական հասարակության մեջ մարդու ճակատագրի թեման շոշափվում է նաև Նազըմ Հիքմեթի «Վերք», «Մոռացված մարդը» (1935 թվական) և Մուսաինզադե Ջելալ Սելմայի պիեսներում (1936 թվական)։

Հեղափոխական բարեփոխումները խմբագրել

 
Թուրքերեն գրքի կազմի պատկերազարդում (2-րդ օրինակ)

Հեղափոխական բարեփոխումների համոզված կողմնակից գրողների շրջանում առավել վառ դեմք էր Նազըմ Հիքմեթ Ռանը։ Նրա արվեստը և իր գաղափարների իրականացման համար պայքարի ճանապարհը նրան բերեցին քաղաքական վտարանդիության դեպի Խորհրդային Միություն։ Նա թուրք գրականության ամենահամարձակ բարեփոխիչներից մեկն էր. պոեզիա էր մտցնում ավանգարդային, աններդաշնակ ռիթմեր։ Նա մեր օրերում էլ է համարվում թուրք գրականությանում մի ողջ պոետական ուղղության հիմնադիր։ Գրության հռետորական ձևը և պաթետիկությունը, որը բնորոշ էր նրա արվեստի վաղ շրջանին, ավելի ուշ իրենց տեղը զիջեցին խորը քնարականությանը։ Գոյություն ունեն շատ երգեր՝ գրված Հիքմեթի բանաստեղծություններով։ Նրա կյանքի ճանապարհին նվիրված են գրքեր, հետազոտություններ, հիշողություններ։ Հիքմեթի ստեղծագործությունները թարգմանված են աշխարհի շատ լեզուներով, նրա պիեսները ցուցադրվում են Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի թատրոններում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի գրեթե սկզբում Թուրքիայում ակտիվանում են ագրեսիվ ազգայնամոլական տրամադրությունները, իրենց գործունեությունն են ծավալում ամենատարբեր պանթյուրքիստական կազմակերպություններ։ Առաջադեմ գրողները կոչ են անում պայքարել ֆաշիզմի դեմ։ «Մեր միջի սատանան» (1940 թվական) վեպում Սաբահաթթին Ալին պատմում է թուրք մտավորականության ճակատագրի մասին, նկարագրում է պանթյուրքիստական գաղափարների մոլի հետևորդների և թուրք ֆաշիստների արտահայտիչ կերպարները։ Այն ժամանակ, երբ թուրքական հասարակությունը կաթվածահար էր գալիք իրադարձություններից, երեք պոետ՝ Օրհան Վելի Քանըքը (1914-1950), Մելիհ Ջեվդեթ Անդայը (1915-2002) և Օքթայ Ռիֆաթ Հորոզջուն (1914-1988)` «Եռոտանի» խմբից, իրենց «Տարօրինակ» գրքում (1941 թվական) հանդես են գալիս գրական «Երեքի մանիֆեստով»։ Նրանք կոչ են անում պոեզիայի հերոս դարձնել աշխատավոր մարդուն, գրել քաղաքի և գյուղի հանրամատչելի լեզվով, հրաժարվել հանգից և չափից։ Նման մոտեցումը, ինչպես նաև Նազըմ Հիքմեթի արվեստը, կանխորոշեցին հետպատերազմյան թուրք գրականության որոնումները։

Երկրորդ համաշխարհային պատերազմի փորձը հերթական անգամ առիթ հանդիսացավ ազգային-ազատագրական պայքարի ընկալման հարցի շուրջ բանավեճերի։ 1941-1946 թվականներ բանտում Նազըմ Հիքմեթը գրում է «Ազատագրական պայքարի մասին դեսթան» հերոսապատումը՝ ուղեկցելով այն Վ.Ի.Լենինի «Վելիկոռուսների ազգային հպարտության մասին» աշխատության թարգմանությամբ։ Նույն թեմային են նվիրված Քեմալ Թահիրի (1910-1973 թվականներ) «Գերեվարված քաղաքի մարդիկ» (1958 թվական) և «Հոգնած մարտիկը» (1965 թվական)։

1940-ականների վերջին 1950-ականների սկզբին թուրք գրականության մեջ հայտնվում է նոր հերոս՝ մտավորականը, որը գնացել է գյուղ՝ օգնելու գյուղացիներին դիմագրավելու կալվածատերերի ապօրինություններին և հոգևորականությանը։ Սովորաբար, այդպիսի հերոսները պարտություն են կրում անհավասար պայքարում, սակայն սերմերը, որ նրանք գցում են ժողովրդական գիտակցության մեջ, ինչպես ենթադրում էին հեղինակները, պետք է լավ հետևանքներ ունենան։ Այդ թեմային են նվիրված Մահմուդ Մաքալի (ծնվել է 1923 թվականին) «Գյուղական ուսուցչի գրառումները» (1948 թվական) և «Մեր գյուղը» վեպերը, Յաշար Քեմալի (ծնվել է 1922 թվականին) «Լղար Մամեդը և թիթեղատուփը» (1955 թվական), Օրհան Հանչերլիօղլուի «Մութ աշխարհը» (1951 թվական), Ֆաքիր Բայքուրթի (1929-1999 թվականներ) «Օձերի վրեժը» (1959 թվական)։

1960-ականների թուրքական պոեզիայի մեջ նկատվում էր երկու միտում՝ բառերի և չափի ձևապաշտական փորձարկումներ (Իլհան Բերք, 1916-2008 թվականներ) և քաղաքացիական լիրիկա, որը շարունակում էր դեմոկրատական ավանդույթները (Ֆազիլ Հյուսնյու Դաղլարջա, Բեհչեթ Նեջաթիգիլ, Բեդրի Ռահմի Էյուբօղլու, Զիյա Օսման Սաբա)։ Նման միտումներ զարգանում էին նաև արձակի մեջ, որը հակված էր մոդեռնիստական փորձերինՙ տեղի ունեցողը նկարագրել «կողմնակի դիտորդի» դիրքորոշումից։ Դեմոկրատական կուսակցության տասնամյա կառավարումից հետո՝ 1950-1960 թվականներին, որն ավարտվեց պետական հեղաշրջմամբ, սկսեց զարգանալ, այսպես կոչված, «հուսահատության գրականությունը», որը լի էր տխրության մոտիվներով, ինչպեսՙ Վեդաթ Թյուրքալիի «Ինքդ քեզ հետ միայնակ» (1955 թվական) վեպը։

Սակայն 1970-1990-ականների գրողների սերնդի արվեստի մեջ արդեն ավելի ակնհայտ էր հնչում երկրի ճակատագրի, քաղաքականության և տնտեսության հանգուցային խնդիրների լուծման համար պատասխանատվության թեման՝ գործազրկություն, կրոնական ֆանատիզմի, տարածքային հարցեր (Էրդալ Օզ, Բեքիր Յըլդըզ, Մեհմեթ Սեյդա, Մուզաֆֆեր Բույրուքչու, Թարըք Դուրսուն, Քեմալ Բիլբաշար (1910-1983), Մուհթար Քյորյուքչյու, Յաշար Քեմալ, Սամիմ Քոջագյոզ և ուրիշներ)։ Թուրքիայում հայտնի է Ազիզ Նեսինը (1915-1995), ում սուր երգիծական ստեղծագործություններում նկարագրված են հասարակական հրեշային հարաբերությունները։

 
Օրհան Փամուկ

1960-ական թվականներ սկզբին սկսեց ակտիվորեն զարգանալ դրամատուրգիան, որը պարունակում էր սուր քննադատություն թուրք բյուրոկրատիայի հանդեպ (Չեթին Ալթանի՝ «Մեղավորները», Բիլգիների՝ «Պետությունը ես եմ» (1965 թվական), Էրդուրանի՝ «Մեկ կիլոգրամ պատիվ» (1958 թվական), Հալդուն Թաների՝ «Հայրենիքի փրկիչը» (1967 թվական) և այլոց պիեսները)։ Թուրքական դրամատուրգիայի մեջ առաջին անգամ Բրեխտի թատրոնի ոգու մեջ բեմադրվեց Թաների «Հեքիաթ Քեշանցի Ալիի մասին» (1974 թվական)։

Արևմուտքում առավել հայտնի է ժամանակակից թուրք վիպագիր Օրհան Փամուքը (ծնվել է 1952 թվականին)։ Նրան համարում են դասական, նրա ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 12 լեզվով։ Իր՝ «Պարոն Ջևդեթը և նրա որդիները» (1982), «Սև գիրք» (2002), «Ձյուն» (2002), «Ստամբուլյան վեպ» (2003), «Սպիտակ ամրոց» (2005) և այլ վեպերում Փամուքը շարունակում է եվրոպական վեպի լավագույն ավանդույթները. նրա ստեղծագործություններում միակցված են Արևմուտքի և Արևելքի փոխհարաբերությունների մասին մտորումները, պատմվածքներ լքած սիրեցյալի որոնումների մասին և Ստամբուլի ժամանակակից խայտաբղետ, հագեցած կյանքի նկարագրությունը։ Գրողն արժանացել է շատ միջազգային պարգևների և հանդիսանում է թուրքական գրականության «մրցունակության» կենդանի ապացույց համաշխարհային գրքի շուկայում։

Ինչպես ցույց է տալիս թուրքական գրականության պատմությունը, նախապես նրա կայացումը դանդաղ էր ընթանում, գրական փորձը կուտակվում էր աստիճանաբար։ Սրընթաց անցումը դեպի նոր ժամանակի գրականություն տեղի ունեցավ 19-րդ դարում՝ Թանզիմաթի շրջանում, երբ Թուրքիայում հասարակությունը նշանակալի ջանքեր էր գործադրում հասարակության և տնտեսության բոլոր կողմերի բարեփոխման ուղղությամբ։ Նման առաջընթացի կարևորագույն բաղկացուցիչ և պայման հանդիսացավ լուսավորական գաղափարների տարածումը և Թուրքիա-Եվրոպա միջազգային շփման փորձը։ 19-րդ դարում եվրոպացիների հետ հարաբերությունների բնույթը փոխվում է. դրանք դառնում են ավելի խորը և բովանդակալից, որն իր արտացոլումը գտավ նաև մշակութային փոխանակման մեջ։ Թուրքերն սկսեցին ակտիվորեն հետաքրքրվել արևմտյան մշակույթով և գրականությամբ, մասնավորապես՝ ֆրանսիականով։ Դրա շնորհիվ հաջողվեց ձևափոխել միջնադարյան ավանդական գրականությունը։

Թուրքական գրականության առանձնահատկությունները խմբագրել

Թուրքական գրականության առանձնահատկությունները նշանակալի կերպով պայմանավորված են երկրի աշխարհագրական մերձությամբ Եվրոպային և գենետիկ պատկանելությամբ իսլամական մշակութային ավանդույթներին։ Չնայած այն բանին, որ թուրքական բանահյուսական աղբյուրներն սկսում են արտահայտվել միայն 13-14-րդ դարերում, ժամանակակից թուրք գրականությունը, շնորհիվ համաշխարհային գրականության առաջավոր ազդակներն ընկալելու ունակության, այժմ զգալի չափով առաջ է անցնում Մերձավոր և Միջին Արևելքի շատ երկրների գրականությունից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Թուրքական գրականությունը (stanbul.ru)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  2. «Թուրքական գրականություն, օնլայն հանրագիտարան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  3. Թուրքական գրականություն
  4. Aidan Russell (2019). Truth, Silence and Violence in Emerging States : Histories of the Unspoken. Milton: Routledge. ISBN 9781351141109. «The modern Turkish alphabet based on Latin was composed by Hakob Martayan (Agop Dilâçar)»
  5. Adam J. Goldwyn; Renée M. Silverman (2016). Mediterranean modernism : intercultural exchange and aesthetic development. New York: Springer. էջ 224. ISBN 9781137586568. «With the establishment of the Turkish republic in 1923 and the language reforms initiated by Mustafa Kemal in 1928, the language went through a radical transformation: it would no longer be written in the Arabic alphabet but in the Latin, and it would be purified of its Arabic and Persian vocabulary. Concurrently, it would no longer be called Ottoman Turkish but simply Turkish. A language committee was established to adapt the Latin script to the phonetic demands of Turkish, resulting in a new alphabet of 29 letters. The script was founded by an Armenian, Hagop Martayan (1895-1979).»

Գրականություն խմբագրել

  • Օրհան Փամուկ, «Համառոտ ակնարկ թուրքական գրականությունից»
  • Т. Д. Меликли «История литературы Турции», Մոսկվա, 2010։
  • Гениш Эйюн Турецкая литература: Биографии самых известных поэтов и писателей, направления их творчества и примеры произведений, Մոսկվա, ЛКИ հրատարակություն, 2008, 464 էջ։
  • Кямилев Х. У истоков современной турецкой литературы, Մոսկվա, 1967։
  • Алькаева Л. О. Очерки по истории турецкой литературы, Մոսկվա, 1959։

Արտաքին հղումներ խմբագրել