Թերեզա Սարգսի Շահվերդյան (հուլիսի 17, 1945(1945-07-17), Այգեհատ, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Բանասիրական հետաքրքրությունների հիմնական ոլորտները հայոց լեզվի պատմության և ոճագիտության հարցերն են[1]։

Թերեզա Շահվերդյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 17, 1945(1945-07-17) (78 տարեկան)
ԾննդավայրԱյգեհատ, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունլեզվաբան
ԱշխատավայրՎՊՀ
Պարգևներ և
մրցանակներ
ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2005), Ազգային ժողովի «Պատվո մեդալ» (2015), ՀՀ ԳԿ նախարարության ոսկե մեդալ (2004), ՀՀ ԳԿ նախարարության պատվոգիր (2005), ՎՊՄԻ-ի ոսկե մեդալ (2005), Լոռու մարզպետի շնորհակալագիր (2005, 2014), Վանաձորի քաղաքապետի պատվոգիր (2004, 2005)

Կենսագրություն խմբագրել

Թերեզա Շահվերդյանը ծնվել է 1945 թվականի[2] հուլիսի 17-ին Լոռու մարզի Այգեհատ գյուղում՝ բանվորի ընտանիքում։ 1952 թվականից հաճախել է Այգեհատ գյուղի 7-ամյա դպրոցը, այնուհետև՝ 1954 թվականին, ընտանիքը տեղափոխվել է Ալավերդի, ուր ուսումը շարունակել է Միքայել Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1963 թվականին ավարտել է 11-ամյա հանրակրթական դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1968 թվականին ավարտել է համալսարանը և աշխատանքի ընդունվել ՀԼԿԵՄ Կիրովականի քաղկոմի դպրոցական բաժնում՝ որպես հրահանգիչ։ 1969 թվականին, երբ կազմավորվել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը, եղել է այդ ինստիտուտի առաջին աշխատակիցներից մեկը. ընդունվել է աշխատանքի՝ որպես հայոց լեզվի ամբիոնի լաբորանտ, այնուհետև նույն ամբիոնի դասախոս (1972 թվական), ավագ դասախոս (1976 թվական), դոցենտ (1989 թվական), պրոֆեսոր (2011 թվական)։ 1996 թվականից մինչև 2020 թվականի օգոստոսը եղել է ՎՊՀ-ի մանկավարժության ֆակուլտետի դեկան։ Աշխատանքին զուգահեռ ձևակերպվել է հայցորդ Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնում՝ հայոց լեզվի պատմություն մասնագիտությամբ։ 1987 թվականին պաշտպանել է թեկնածուական, իսկ 2008 թվականին՝ դոկտորական թեզեր և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի և դոկտորի գիտական աստիճաններ։ 1990 թվականին ստացել է դոցենտի, իսկ 2010 թվականին՝ պրոֆեսորի գիտական կոչումներ[3][4]։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ է, «Մաշտոց» Հասարակական կրթամշակութային, հայագիտական հանդեսի գիտական խմբագիրներից։ Ամուսնացած է, ունի մեկ որդի, մեկ դուստր և երեք թոռներ։

Գիտական գործունեություն խմբագրել

 

Թերեզա Շահվերդյանը 100 և ավելի գիտական հոդվածների, 5 գրքերի՝ 3 մենագրությունների, 2 բուհական ձեռնարկների հեղինակ և համահեղինակ է։

Հետազոտությունների հիմնական շրջանակը հայոց լեզվի պատմության և ոճագիտության հարցերն են։ 5-րդ դարի գրաբարի ինքնուրույն և թարգմանական գրական նյութի հիման վրա ուսումնասիրել է հին հայերենի շարահյուսական իրողությունների ոճական առանձնահատկությունները, քննության է առել ոճաբանության առանցքային հիմնահարցերը՝ որոշ խնդիրներ լուսաբանելով նորովի։ Հայ ոճագիտության մեջ առաջին անգամ հատուկ անդրադարձել է տեքստային ոճական հնարներին և հիմնական միջոցներին։

Գրախոսություն խմբագրել

  Հայերենի կառուցվածքի պատմական ուսումնասիրության մեջ բացառիկ գիտական արժեք ունի դասական գրաբարի կամ 5-րդ դարի լեզվական իրողությունների քննությունը։ Եթե նկատի ունենանք գրաբարի շարահյուսության համեմատաբար ոչ բավարար ուսումնասիրությունը հայ քերականագիտության դարավոր պատմության մեջ, ապա միանգամայն ակնառու են Շահվերդյանի մենագրության արդիականությունն ու կարևորությունը հայերենի պատմական քերականության համար։ Աշխատանքի ամենակարևոր արժանիքներից է նրա միանգամայն ինքնուրույն և մեծագույն դժվարությունների հաղթահարման գնով ստեղծված լինելն է։  


  Թեև հին գրական հայերենի քերականական առանձնահատկությունների ուսումնասիրությամբ զբաղվել են շատերը, այնուհանդերձ դասական գրաբարի շարահյուսական ոճաբանության հիմնախնդիրները հատուկ քննության նյութ են դառնում առաջին անգամ։ «Դասական գրաբարի շարահյուսական ոճաբանություն» մենագրությունն իր ընդհանուր ուղղվածությամբ, քննության խորությամբ և հետևողականությամբ գնահատելի նորություն է լեզվաբանության ասպարեզում։
- Արտեմ Սարգսյան, լեզվաբան
 


  Թերեզա Շահվերդյանի աշխատությունում գիտական պատշաճ մակարդակով հետազոտվում են գրաբարի շարահյուսական պատկերավորման և արտահայտչական բոլոր միջոցները, և դա հեղինակի կողմից հաճախ արվում է նաև գրաբարագիտական ավանդական ըմբռնումների միանգամայն նորովի դիտարկումներով և մեկնաբանություններով[5]։
- Սերգեյ Հայրապետյան, գրաբարագետ-լեզվաբան
 


Հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ խմբագրել

Գրքեր խմբագրել

Գիտական հոդվածներ խմբագրել

Գրախոսություններ խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ ԿԳ նախարարության ոսկե մեդալ (2004)
  • Վանաձորի քաղաքապետի պատվոգիր (2004)
  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2005)
  • ՀՀ ԿԳ նախարարության պատվոգիր (2005)
  • ՎՊՄԻ-ի ոսկե մեդալ (2005)
  • Լոռու մարզպետի շնորհակալագիր (2005, 2014)
  • Ազգային ժողովի «Պատվո մեդալ» (2015)
  • Վանաձորի քաղաքապետի շնորհակալագիր (2005, 2019)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "«Արդի բանասիրության հիմնախնդիրները»" (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. Շահվերդյան, Թերեզա Սարգսի (2007). Դասական գրաբարի շարահյուսական ոճաբանություն. Երևան: Հայաստան (Գրական հայրենիք).(չաշխատող հղում)
  3. "ԻՆՉՊԵՍ ՀԻՄՆԱԴՐՎԵՑ ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ - Վանաձորի պետական համալսարան". www.vsu.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  4. ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԱՆԽՈՆՋ ՄՇԱԿԸ/Մաշտոց, գիրք 50, էջ Լ/
  5. ԳԱՌՆԻԿ ՇԱԽԿՅԱՆ, «ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ» Մշակութային գիտարան, Երևան, 2016 թվական, Էջ 613-614

Արտաքին հղումներ խմբագրել