Թավշածաղիկ ուղղաձիգ

միամյա բույսատեսակ
Թավշածաղիկ ուղղաձիգ
Թավշածաղիկ ուղղաձիգ
Թավշածաղիկ ուղղաձիգ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ցեղ Թավշածաղիկ (Tagetes)
Տեսակ Թավշածաղիկ ուղղաձիգ (T. erecta)
Միջազգային անվանում
Tagetes erecta

Թավշածաղիկ ուղղաձիգ կամ թավշածաղիկ աֆրիկյան (լատին․՝ Tagetes erecta), բարդածաղկավորների ընտանիքի թավշածաղիկների ցեղի միամյա խոտաբույսերի տեսակ է։ Ծագում է Կենտրոնական Ամերիկայից, բնության մեջ աճում է Կենտրոնական և Հարավային Ամերիկաներում։ Որպես դեկորատիվ բույս լայն տարածում ունի բոլոր կլիմատիկ գոտիներում։

Նկարագրություն խմբագրել

 
Թավշածաղիկ ուղղաձիգ

Կոմպակտ թուփ է, երբեմն ցրված սաղարթով։ Միամյա խուտաբույս է։ Արմատային համակարգը փնջաձև է։ Ցողունն ուղիղ է, 20-80 սմ բարձրությամբ։ Տերևները խոշոր են՝ մինչև 20 սմ երկարությամբ, հերթականությամբ են, փետրավոր կամ առանձնացված, ատամնավոր, բաց կանաչից մինչև մուգ կանաչ։ Ծաղկաբույլերը ևս խոշոր են՝ 6-8 սմ տրամագծով, հասարակ կամ լիաթերթիկ՝ դեղին, կիտրոնադեղին, նարնջագույն, առանձին, 3-10 սմ ցողունի վրա[1]։

Բնապահպանություն խմբագրել

Հիմնական արեալը Մեքսիկայում ցածր խոնավությամբ սոսու և կաղնու անտառներն են։ Վայրի տեսքով հանդիպում են ԱՄՆ հարավային նահանգներում, համարվում է մոլախոտ, զբաղեցնում է խաթարված հողատարածքները։

Կիրառում խմբագրել

Լայնորեն օգտագործվում է որպես դեկորատիվ բույս։ Առանձնանում է աղտոտվածության հանդեպ դիմացկունությամբ, այդ պատճառով հարմար է քաղաքների ձևավորման համար։ Թավշածաղիկը կարողանում է կուտակել ծանր մետաղները, այդ պատճառով էլ օգտագործվում է աղտոտված վայրերի մաքրման համար[2]։ Օգտագործվում է դեղին և նարնջագույն սննդային ներկեր ստանալու համար, ինչպես նաև որպես երկրորդային հումք օգտագործվում է ակտիվ կենսաբանական նյութեր ստանալու համար[3]։

Թավշածաղիկն ունի սուր հոտ, որով տարբերվում է մյուս ծաղկաբույսերից։ Լուսասեր է, ջերմասեր, բավականին արագ է աճում, վատ է տանում անգամ ամենաթեթև սառնամանիքները։ Խոնավասեր է, սակայն լավ է տանում նաև ժամանակավոր չորությունը։ Գերադասում է ավազակավային, սննդանյութերով հարուստ, փուխր, ստրուկտուրային հողերը։ Ծաղկում է ցանքից 60-70 օր հետո։ Մարտին սերմերը ցանում են ջերմոցներում։ Ծաղիկները դաշտ են տեղափոխում ուշ գարնանային ցրտահարությունների վտանգն անցնելուց հետո։ Օգտագործում են ծաղկային ձևավորումներում, իսկ բարձր տեսակները՝ նաև կտրելու ծաղիկ ստանալու համար[1]։

Իր «Նոր Իսպանիայի գործերի ընդհանուր պատմությունը» հիմնական աշխատության մեջ Բեռնարդինո դե Սաագունը (1547-1577), հիմնվելով ացտեկների ներկայացրած տվյալների վրա, տարբեր փաստեր է ներկայացրել ուղղաձիգ թավշածաղկի վերաբերյալ[4].

«Այս ծաղիկները դեղին են և անուշ բույրով, լայն են և գեղեցիկ, իսկ ուրիշները, այգիներում մշակվածները, լինում են երկու տեսակ։ Իգական սեռի ծաղիկները մեծ են և գեղեցիկ, իսկ մյուսները, որ արական սեռի են, այդքան գեղեցիկ ու մեծ չեն»։

Ծանոթագրություններ խմբագրել