Էսթերներ, թթվածնավոր թթուներում թթվային ջրածնի ատոմը կամ ատոմները ածխաջրածնային ռադիկալներով տեղակալված միացություններ։ Անվանակարգվում են համապատասխան թթվի և ռադիկալի անուններից կամ աղերի նման, օրինակ՝ – ազոտային թթվի մեթիլէսթեր (մեթիլնիտրիտ), – ծծմբական թթվի դիմեթիլէսթեր (դիմեթիլ–սուլֆատ), – քացախաթթվի վինիլէսթեր (վինիլացետատ) ևն։ Գլիցերինի և բարձրամոլեկուլյար կարբոնաթթուների (պալմիտինաթթու, ստեարինաթթու, օլեինաթթու) էսթերները կոչվում են ճարպեր, բարձրամոլեկուլյար սպիրտների (ցետիլսպիրտ – և կարբոնաթթուների էսթերներ` մոմեր, կարբամինաթթվի էսթերները՝ ուրետաններ ևն։

Էսթերներ լինում են հեղուկ և պինդ, հոտավետ և անհոտ, լավ լուծվում են օրգանական լուծիչներում, ջրում չեն լուծվում, տեսակարար կշիռը փոքր է մեկից։ Ստացվում են հիմնականում էսթերացմամբ` էսթերների համար բնորոշ է հիդրոլիզի ռեակցիան։ Միներալ թթուների էսթերներից ծծմբական թթվի էսթերներ լայն կիրառվում են ալկիլացման համար, ազոտական թթվի էսթերներից պատրաստում են դինամիտներ (նիտրոգլիցերին), ֆոսֆորական թթվի էսթերները մեծ դեր են խաղում կենդանի օրգանիզմի նյութափոխանակության մեջ, իսկ այլ էսթերներ միջատասպաններ են։ Կարբոնաթթուների հոտավետ էսթերների էսենցիաներ (տանձի, խնձորի, անանասի ևն) անվան տակ օգտագործում են օծանելիքների և սննդի արտադրություններում։ Այլ էսթերներից պատրաստում են մանրաթելեր (լավսան, ացետատային մետաքս ևն), դեղանյութեր (ասպիրին), սոսինձներ (պոլիվինիլացետատ), օրգանական ապակի ևն։ Էսթերներից շատերը օգտագործվում են նաև որպես լուծիչներ, պլաստիֆիկատորներ և ելանյութեր արտադրական օրգանական սինթեզում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 76 CC-BY-SA-icon-80x15.png