Էջմիածնի թղթի գործարան, 18-րդ դարի 80-ական թվականներին Սիմեոն Երևանցու կողմից կառուցված թղթի գործարան Էջմիածին քաղաքում։ Գործարանը գործել է 5-6 տարի, և Սիմեոն կաթողիկոսի մահից հետո դադարել է գործել։ 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին Մամատ խանի արշավանքների, այնուհետև ռուս-պարսկական պատերազմի հետևանքով գործարանն ավերվել է, որից հետո Հայաստանում թղթի գործարան այլևս չի կառուցվել։

Կառուցման պատմություն խմբագրել

1771 թվականին Էջմիածնում ավարտվում է տպարանի կառուցումը, որն անհրաժեշտ էր եկեղեցական գրականությունը տպելու համար։ Սակայն թղթի բացակայության պատճառով տպարանի աշխատանքը շուտով վտանգվեց։ Քանի որ այդ ժամանակաշրջանում թուղթը մեծ դժվարությամբ բերվում էր Եվրոպայից[1], Սիմեոն Երևանցին ձեռնարկեց թղթի գործարանի կառուցման աշխատանքները։

1772 թվականին նա Կոստանդնուպոլսի Մադրասեցի Չաքիկենց Գրիգորից խնդրում է թղթաշեն վարպետներ ուղարկել Էջմիածին, որը չի ստացվում։ Երկու տարի անց Հնդկաստանի Փիլիպոս վարդապետին խնդրում է իրեն ուղարկել «զթղթաշինության խրատն», որը կօգներ առանց օտարների օգնության գործարան կառուցել։ Երեք տարվա նամակագրությունից հետո Չաքիկյանի միջոցով հաջողվում է Փարիզից բերել 2 վարպետների՝ Մուսիօ Բեյսօնին և Մուսիո Դեսիօռին։ Վերջիններս Կոստանդնուպոլսում պայմանագիր են կնքում Չաքիկյանի հետ և ուղևորվում Էջմիածին։ 1775 թվականի մարտից սկսվում է գործարանի շինարարությունը։ Սակայն ֆրանսիացի վարպետները և նրանց թարգմանիչ Ստեփանը փորձում էին ամեն գնով ձգձգել շինարարությունը, հավելյալ գումար կորզել և թղթաշինության արհեստը գաղտնի պահել տեղաբնակներից[2]։ Խնդիրը նրանումն էր, որ վարպետներն իրավունք չունեին թղթաշինության արվեստը տարածել և գաղտնի էին համաձայնվել այս աշխատանքին։

1776 թվականի հունվարի 4-ին արտադրվում է առաջին թուղթը, որը սակայն վատորակ էր, և Սիմեոնը վարպետներին սպառնում է պատժել։ Վերջիններս խոստանում են նոր մաղ պատրաստել և լավ որակի թուղթ արտադրել[3]։ Շուտով ֆրանսիացի վարպետներին վռնդում են Էջմիածնից՝ իրենց պարտականությունները չկատարելու պատճառով։

Նախքան այս վարպետների ժամանելը Սիմեոնը վարպետներ էր խնդրել նաև Պարսկաստանից, ովքեր, 1775 թվականի հունիսի 28-ին ժամանելով Էջմիածին, կարճ ժամանակամիջոցում կառուցում են նոր գործարան, սովորեցնում 2 աշակերտի (Նիկողայոս և Մարգար) և լավորակ թուղթ արտադրում։ Այսպիսով, քաղաքում միաժամանակ կառուցվում է 2 գործարան՝ ֆրանսիացի և պարսիկ վարպետների կողմից։ Ֆրանսիացի վարպետների կառուցած գործարանն ուներ 2240 մ երկարություն և 1008 մ լայնություն։ Բոլոր ծախսերը հոգացել էր Չաքիկենց Գրիգոր աղան։ Պարսիկ վարպետների կառուցած գործարանի չափերի մասին տեղեկություններ չեն պահպանվել։ 1776 թվականի ապրիլի 16-ին պարսիկ վարպետները, ավարտելով իրենց աշխատանքը, վերադառնում են Պարսկաստան։ Նույն թվականի հոկտեմբերի 28-ին աշխատանքից հեռացվում է նախ կրտսեր ֆրանսիացի վարպետը, այնուհետև ավագը։

Գործարանի ղեկավարումը վստահվում է առաջին հայ թղթագործ վարպետ Նիկողայոսին, ով սովորել էր պարսիկ վարպետների մոտ և յուրացրել էր նաև ֆրանսիացի վարպետների հմտությունը։

Կառուցման ծախսեր խմբագրել

Էջմիածնի երկու գործարանների կառուցման և կահավորման վրա ծախսվել է ընդհանուր առմամբ 18 000 ղուռուշ (թուրքական մանրադրամ)՝ չհաշված վարպետների, բանվորների և սննդի ծախսերը։

Շինարարության վրա ամեն օր աշխատել է 1235 քարհատ (օրական 20-25 փարա[Ն 1]), 279 խառատ (12-15 փարա), դարբիններ (25 փարա), 4217 մշակ (6 փարա), 318 որմնադիր բանվոր (15 փարա) և այլն։

Գործարանում օգտագործված գործիքներ խմբագրել

Թղթագործարանի գործիքները պատրաստվել են փայտից, քարից և տարբեր մետաղներից։

Փայտյա գործիքներից կարևոր էր մանկյանան կամ մամլիչը, որը նման էր Հայաստանի ձիթհանքերում կիրառվող սեղմիչներին։ Կազմված էր 12-15 մ երկարություն ունեցող 2 կամ 4 գերաններից, արջից, բուրղուից (պողոսիկ) և կախքարից։ Մանկյանան օգտագործվում էր թուղթ մամլելու համար։ Թղթի բաղադրությունը ծեծելու և մանրացնելու համար պատրաստվել են փայտյա սանդեր։

Քարից պատրաստվել են ավազաններ և նավեր, որոնցով հեղուկ թղթանյութը հոսել է մի տեղից մյուսը։ Թղթանկյութը մանրացնելու համար կառուցվել է հատուկ ջրաղաց։

Պղնձից պատրաստվել են տարբեր չափերի ամաններ, ծորակներ, խառնիչներ և այլն։

Լավ որակի թուղթ ստանալու համար մեծ նշանակություն են ունեցել մաղերը, որոնք պատրաստվել են պարբերաբար։ Որոշ մանր գործիքներ, որոնք անհրաժեշտ էին տարբեր չափումների համար, գնվել են ֆրանսիացի վարպետներից մեկից։

Հումք խմբագրել

Թղթաշինության համար որպես հիմնական հումք օգտագործվել է քաթանի փալաս։ Սիմեոն Երևանցին քաթանի ձեռք բերման համար դիմել է Բայազետի, Կարսի[4], Կարինի[5] վարդապետներին, ինչպես նաև Աստրախանի Հովսեփ Արղության վարդապետին, որպեսզի վերջինս Ռուսաստանի քաղաքներում փալասներ հավաքի և ուղարկի Էջմիածին[6]։

Բացի քաթանից օգտագործվել է նաև բամբակ, կանեփ, կտավատի ցողուն։ Որպես օժանդակ նյութ օգտագործվել է կալաքար, թորթոն, բորակ, պնձարջասպ, շիբ, սոսինձ, նշաշտայ։ Բոլոր նյութերը ներմուծվել են Թուրքիայից։

Արտադրանքի կիրառում խմբագրել

Արտադրված թուղթն օգտագործվել է հիմնականում տեղական կարիքները հոգալու համար, մասամբ բավարարել է այլ վանքերի և թեմական առաջնորդների կարիքները։ Թղթի առանձին օրինակներ ուղարկվել են Վրաց Հերակլ արքային, Կոստանդնուպոլսի և Ռուսաստանի հայոց հոգևոր առաջնորդներին և այլոց։ Տեղում թուղթը գլխավորապես օգտագործվել է տպարանում․ տպվել են մի շարք աշխատություններ, որոնցից առավել կարևոր է Սիմեոն կաթողիկոսի «Պարտավճար»-ը։ Արտադրվող նյութն օգտագործվել է նաև գրագրությունների համար։

Թուղթը բավականին կոշտ էր, բաց հարդագույն, գորշ կամ ոչ շատ սպիտակ գույնի։ Ուներ ջրանկար դրոշմ՝ մի կողմում պատկերված էր «Սուրբ Էջմիածին» բառերի փակագիրը, որից ներքև Սիմեոն կաթողիկոսի սկզբնատառերն էին՝ «Ս․ Կ․», իսկ մյուս էջում փակագրով գրված էր «թուին ՌՄԻԵ» (1776) և Գրիգոր Միքայելյանի (Չաքիկյան) անվան և ազգանվան սկզբնատառերը՝ «Գ․ Մ․»։ Քանի որ գործարանի և տպարանի կառուցման ծախսերը հոգացել էր Գրիգոր Չաքիկյանը, Սիմեոն Երևանցին շինությունների ճակատին արձանագրություններ փորագրեց նրա անունով։ Տպագրվող գրքերի առաջին էջում ևս նշվում էր Չաքիկյանի անունը։

Գործարան կառուցելու այլ փորձեր խմբագրել

Էջմիածնի գործարանը գործել է 5-6 տարի, և Սիմեոն կաթողիկոսի մահից հետո դադարել է գործել։ Հետագայում թղթի գործարաններ հիմնադրելու մի քանի փորձեր են արվել, որոնք հաջողությամբ չեն պսակվել։ 1837 թվականին ծաղկարար Սահակ եպիսկոպոսը խնդրագրեր է ուղարկում Էջմիածնի սինոդին նոր թղթագործարան, նկարչական ներկերի, կազմարարական ու այլ նյութերի արհեստանոց կառուցելու համար։ 1837 թվականի մարտի 1-ին կայացած Սինոդի նիստում մերժվում է եպիսկոպոսի՝ գործարան կառուցելու խնդրանքը։ Նկարչական ներկերի և մյուս խնդրագրերը քննվում են հուլիսի 16-ի նիստում, որտեղ որոշվում է ծաղկարարին տրամադրել անհրաժեշտ գումարը։

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. 40 փարան հավասար է 1 ղուռուշի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Դիվան Հայոց պատմության, գիրք Ը, էջ 297, 428
  2. Դիվան Հայոց պատմության, գիրք Ը, էջ 364
  3. Դիվան Հայոց պատմության, գիրք Ը, էջ 582
  4. Սիմեոն կաթողիկոսի հիշատակարան «Սիմեոն Երևանցու նամակը Կարսեցի պարոն Գեորգին», մայիսի 22, 1775 թ, էջ 403
  5. Սիմեոն կաթողիկոսի հիշատակարան «Սիմեոն Երևանցու նամակը Կարինի առաջնորդ Հարություն վարդապետին», հուլիս, 1775 թ, էջ 464
  6. Սիմեոն կաթողիկոսի հիշատակարան «Սիմեոն Երևանցու նամակը Հովսեփ վարդապետին», հոկտեմբերի 27, 1776 թ, էջ 512

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել