Մամլիչ, ճնշմամբ նյութերի մշակման ստատիկ գործողության մեքենա։ Լայնորեն կիրառվում է արդյունաբերության տարբեր բնագավառներում՝ մետաղների, պլաստիկ զանգվածների, ռետինի, սննդամթերքի և այլ նյութերի մշակման, ինչպես նաև բարձր ճնշման պայմաններում դրանց հատկությունների ուսումնասիրման համար։ Մամլիչներն առավելապես տարածված են մետաղամշակման արդյունաբերության մեջ՝ կռման, ծավալային և թերթային դրոշմման, ատամնանիվների հավաքման գործողությունների, մեխանիկական փորձարկումների ն այլ նպատակների համար։ Դեռևս XV-XVI դդ. մետաղամշակման հետ կապ չունեցող տարբեր արհեստներում կիրառում էին ձեռքի հաղորդակով պտուտակաձև մամլիչներ։ XVII դ. վերջին և XVIII դ. սկզբին պտուտակաձև մամլիչներն սկսեցին կիրառել ճնշմամբ մետաղների մշակման, մասնավորապես դրամահատման և մեդալների դրոշմման համար։ XIX-XX դ. կեսերին դարբնոցա-դրոշմիչ արտադրությունում լայն տարածում ստացան հիդրավլիկական մամլիչները։

Մամլիչ
Մամլիչը ջրի մեծ ուժի ազդեցությամբ ,բարձր ճնշման տակ դեֆորմացնում է թիթեղը

Մամլիչի հիմնական մասերն են. սողանը, հենոցը՝ սողանի ուղղորդիչներով ու սեղանով, հաղորդակը, կառավարման մեխանիզմները, մեքենայացման ու ավտոմատացման միջոցները, գործիքը։ Գործիքի շարժական մասն ամրացվում է սողանին (որը կատարում է ետադարձհամընթաց շարժում), անշարժ մասը՝ սեղանին։ Շինվածքի ձևագոյացման համար նախապատրաստուկը դնում են գործիքի շարժական և անշարժ մասերի միջև ու ճնշում։ Մամլիչի գլխավոր պարամետրերն են. նոմինալ ճիգերը, սողանի շարժման ընթացքն ու արագությունը, սեղանի չափերը։ Ըստ հաղորդակի տեսակի մամլիչները լինում են հիդրավլիկական, մեխանիկական (շուռտվիկային, պտուտակավոր, ֆրիկցիոն) b հիդրոմեխանիկական։ Կան նաև պնևմատիկ, էլեկտրամագնիսական, էլեկտրահիդրավլիկական մամլիչներ, որոնք լայն կիրառում չեն ստացել արդյունաբերության մեջ։ Հիդրավլիկական մամլիչներում սողանը շարժվում է հեղուկի ճնշման տակ, իսկ մեխանիկական մամլիչներն աշխատում են շուռտվիկաշարժաթևային մեխանիզմների, արտակենտրոնակների, լծակների համակարգի առաջացրած ճիգերով։ Ըստ նշանակման տարբերում են սողանի ուղղաձիգ (օրինակ, դրոշմման համար) և հորիզոնական (օրինակ, մամլման համար) շարժումով մամլիչներ։ Ամենահզոր մամլիչները հիդրավլիկական մամլիչներն են։ Դրանցից առավել խոշորը՝ դրոշմիչ մամլիչը, զարգացնում է 735 Մն ճիգեր, շուռտվիկայինը՝ 100 Մն, իսկ պտուտակավորը՝ մոտ 125 Մն։ Մամլիչներով նյութերի մշակման սկզբունքային առավելությունն այն է, որ պրոցեսը տեղի է ունենում առանց կտրման, հետևաբար և առանց մնացուկների գոյացման։ Բացի այդ, մամլիչները բնութագրվում են բարձր արտադրողականությամբ և մշակվող դետալների լավ մեխանիկական հատկություններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 195