1919 թվականին ապրել է Փարիզում, հաճախ այցելել է ԽՍՀՄ։ 1928 թվականից Լ․ Արագոնի կինը։ Էլզա Տրիոլեի առաջին ստեղծագործությունները գրված են ռուսերեն («Թսփթիում», 1925 և այլն)։ Ֆրանսերեն առաջին գիրքը «Բարի երեկո, Թերեզա» (1938) վեպն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–1945) տարիներին Էլզա Տրիոլե մասնակցել է Դիմադրության շարժմանը, նրա գրքերը տպագրվել են ընդհատակյա հրատարակչություններում։ Ֆրանսիական պարտիզանների անձնազոհ պայքարին են նվիրված «Մահուդը փչացնելու համար՝ տուգանք 200 ֆրանկ» (1945) ժողովածուում ամփոփված պատմվածքները։ «Զինված ուրվականներ» (1947) վեպը նախազգուշացնում է ֆաշիզմի վերածնման վտանգից։ Էլզա Տրիոլե գրել է նաև շատ այլ վեպեր, առաջադրել է մարդու երջանկության համար պայքարելու հարցեր («Վար դեր ապառիկով», 1959, «Հոգի», 1963, «Նեյլոնի դար» շարքից), արծարծել պատմական ճշմարտության լուսաբանման, ժամանակակից աշխարհում արվեստի վերափոխիչ դերի խնդիրներ («Հուշարձան», 1957, «Մեծն երբեքը», 1965, «Լսեք, տեսեք», 1968)։ 1970 թվականին հրատարակվել է «Սոխակը լռում է լուսաբացին» քնարական վեպը։ Էլզա Տրիոլե եղել է ռուս դասական և սովետական գրականության պրոպագանդիստ։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1967)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։