Էդուարդ Քեոնջյան

էլեկտրոնիկայի գիտնական և ճարտարագետ, գյուտարար, ինտեգրալ սխեմաների առաջին ստեղծող

Էդուարդ Քեոնջյան (օգոստոսի 14, 1909(1909-08-14), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 6, 1999(1999-09-06)[1]), հայ նշանավոր ինժեներ, ցածր հզորության էլեկտրոնիկայի ոլորտի ռահվիրաներից, միկրոէլեկտրոնիկայի հայրը[2]։ 1954 թվականին Քեոնջյանը նախագծել է արևային էներգիայով աշխատող գրպանի չափի աշխարհում առաջին ռադիոհաղորդիչը։ 1959 թվականին Քեոնջյանը նախագծել է ինտեգրալ սխեմայի առաջին նախատիպը[3]։ 1963 թվականին նա կազմակերպել է ցածր էներգիայի էլեկտրոնիկայի վերաբերյալ աշխարհում առաջին միջազգային սիմպոզիումը։ Ավելի ուշ Քեոնջյանը համագործակցել է ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի հետ՝ որպես «Ապոլոն 11» նախագծի ձախողումների վերլուծության ղեկավար։

Էդուարդ Քեոնջյան
Ծնվել էօգոստոսի 14, 1909(1909-08-14)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 6, 1999(1999-09-06) (90 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  ԱՄՆ
Մասնագիտությունգյուտարար
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական էլեկտրոտեխնիկական համալսարան

Վիկտոր Համբարձումյանի հորաքրոջ որդին է[4]։

Վաղ կյանք խմբագրել

Էդուարդ Քեոնջյանը ծնվել է 1909 թվականին հայ բժշկի ընտանիքում[4] Թիֆլիսում՝ Ռուսաստանի հարավային մասում, որն այժմ Վրաստանի մայրաքաղաքն է։

1922 թվականին քաղաքում գործարկվեց ռադիոկայան, ինչը շրջադարձային եղավ Էդուարդի կյանքում։ Հայթայթելով դետալները` նա պատրաստեց ռադիոընդունիչ։ Բնագավառի նկատմամբ սերը նրան նախ տարավ Թիֆլիսի պոլիտեխնիկ, որտեղ նա սովորեց մեկ տարի, այնուհետև նա տեղափոխեց Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) էլեկտրատեխնիկական ինստիտուտ[4]։

1932 թվականին Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտում նա ստացել է էլեկտրատեխնիկայի գիտական աստիճաններ։ Երբ Լենինգրադը պաշարված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Էդուարդը դասավանդում էր ինստիտուտում։ Միլիոնավոր մարդիկ մահանում էին ցրտից և սովից։ Ծանր հիվանդացավ նաև Քեոնջյանը։ Նա զգաց, որ վերջը մոտ է և խնդրեց տեղեկացնել իր բարեկամ Կլարա Հոլմկվիստին։ Երբ Կլարան եկավ էլեկտրատեխնիկական ինստիտուտ, նրան ասացին, որ Քեոնջյանը մահացել է, և նրան թաղել են տնից ոչ հեռու։ Կլարան ճանապարհին ձյան տակից դուրս ցցված շարժվող ձեռք նկատեց։ Քեոնջյանին հանեցին ձյան տակից և տարան տուն[4]։

Որոշ ժամանակ անց Էդուարդին տարհանեցին Լենինգրադից, սակայն ճանապարհին նրան կնոջ՝ Վիրջինիայի և որդու՝ Էդուարդ Կրտսերի հետ գերմանացիները բռնեցին և ուղարկեցին Գերմանիա` Կոբլենցի մոտ գտնվող աշխատանքային ճամբար[4]։ Ճամբարում նրա պարտականությունները ներառում էին պահեստամասերի համար ինքնաթիռների ապամոնտաժումը։ Քեոնջյաններին հաջողվեց փախչել ճամբարից։ Նրանք գնացքով հասան ամերիկացիների հսկողության տակ գտնվող գոտի։ Դիմելով հյուպատոսին` Քեոնջյանը խնդրեց իրենց օգնել հասնել ԱՄՆ։ Թույլտվությունը տրվեց։ 1947 թվականին նա ԱՄՆ-ում կնոջ (որը մահացավ 1969 թվականին) և որդու հետ հայտնվեց առանց դրամական միջոցների, ոչ մի բառ անգլերեն չիմանալով, առանց ընկերների ու հարազատների[4]։

Սկզբում նա աշխատեց ավտոլվացման կետում, այնուհետև որպես գծագրող աշխատեց Westinghouse-ում։ Սովորելով անգլերենը՝ նա կարողացավ իրեն դրսևորել մասնագիտական ոլորտում։ Շուտով նրան հրավիրեցին «Ջեներալ էլեկտրիկ», որտեղ էլ սկսվեց նրա մասնագիտական կարիերան. նա դարձավ միկրոէլեկտրոնիկայի ականավոր գիտնականներից և գյուտարարներից մեկը[4]։

Անձնական կյանք խմբագրել

Էդուարդ Քեոնջյանը մոլի ճանապարհորդ էր և Հետախույզների ակումբի, Շրջագայողների ակումբի և Ամերիկայի հնագիտական ինստիտուտի անդամ։

Առաջին անգամ Էդուարդն ամուսնացել էր Վիրջինիայի հետ, նրանք 1937 թվականին ունեցան մեկ երեխա՝ Էդուարդ Քեոնջյան Կրտսերը։

Նա իր երկրորդ կնոջ՝ Մարիայի հետ Նյու Յորք նահանգի Գրեյթ Նեք քաղաքից 1993 թվականին տեղափոխվել է Գրին Վելլի։

1997 թվականին Էդուարդ Քեոնջյանը նկարագրել է իր կյանքի պատմությունը «Վերապրել եմ պատմելու համար» ինքնակենսագրականում[5]։

Էդուարդ Քեոնջյանը մահացել է 1999 թվականի սեպտեմբերին՝ իր 90-ամյա հոբելյանը նշելուց մի քանի օր անց։ Հոբելյանի օրը նրան անձամբ շնորհավորել է ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնը[4]։

Էդուարդ Քեոնջյանի ժառանգներից մնացել են նրա որդին՝ Էդուարդ կրտսերը, թոռը՝ Քամիլ Քեոնջյանը և նրա այրին՝ Մարիան։

Գիտական կարիերա խմբագրել

Էդուարդ Քեոնջյանը ցածր հզորության էլեկտրոնիկայի ոլորտի ռահվիրաներից էր։ Նա 1954 թվականին նախագծել է արևային էներգիայով աշխատող գրպանի չափի աշխարհում առաջին ռադիոհաղորդիչը։ Այժմ այդ հաղորդիչը ցուցադրվում է Սմիթսոնյան ամերիկյան պատմության ազգային թանգարանում։

Էդուարդ Քեոնջյանն ունեցել է ավելի քան 100 հրապարակում[6][7], ինչպես նաև ԱՄՆ-ի և այլ երկրների 27 արտոնագրեր։ Քեոնջյանի խմբագրած և համահեղինակած գրքերից մեկը՝ «Միկրոէլեկտրոնիկա. տեսություն, ձևավորում և արտադրություն», վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով ամբողջ աշխարհում և թարգմանվել է վեց լեզուներով՝ 1963 թվականին առաջին անգամ հրատարակվելուց հետո։

Էդուարդ Քեոնջյանն իր աշխատանքը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում սկսել է «Ջեներալ էլեկտրիկում» 1951 թվականին։ Հետագայում՝ 1963 թվականին, նա կազմակերպել է ցածր հզորության էլեկտրոնիկայի վերաբերյալ միջազգային առաջին սիմպոզիումը։ Grumman Aircraft-ում աշխատելու տարիներին նա ղեկավարել է 165-հոգանոց անձնակազմ և աշխատել է Նիլ Արմսթրոնգի հետ որպես «Ապոլոն 11» նախագծի ձախողումների վերլուծության ղեկավար։ Նա մի քանի տարի անցկացրել է Հնդկաստանում և Եգիպտոսում՝ աշխատելով ՄԱԿ-ի էլեկտրոնիկայի մասնագետ։ Նա նաև 12 տարի անցկացրել է որպես ՆԱՏՕ-ի հետազոտական խմբի (AGARD) ԱՄՆ-ի անդամ։

Էդուարդ Քեոնջյանն Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ էր, արժանացել է Ավիատիեզերական արդյունաբերության ասոցիացիայի (AIA) «Վաստակավոր գործընկեր» մրցանակին և Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ էր։ Թուսոնի Արիզոնայի համալսարանը Էդուարդ Քեոնջյանին շնորհել է այցելու պրոֆեսորի պաշտոն, որը թույլ է տվել միկրոէլեկտրոնիկայի ոլորտի աշխարհի առաջատար գիտնականներից մի քանիսին գալ համալսարան՝ աշխատելու պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։ 1998 թվականին նա իր երկրորդ կնոջ հետ համալսարանում հիմնադրել է Էդուարդ և Մարիա Քեոնջյանների միկրոէլեկտրոնիկայի ամբիոնը։ 2001 թվականին Արիզոնայի համալսարանը Էլեկտրատեխնիկայի և համակարգչային տեխնիկայի շենքում տեղադրել է Էդուարդ Քեոնջյանի բնական չափի բրոնզե ձուլվածքը։

Միկրոէլեկտրոնիկայի բնագավառի վաստակավոր պրոֆեսոր խմբագրել

Ի նշանավորումն ծննդյան 100-ամյակի (Էդուարդ Քեոնջյանը 100 տարեկան կդառնար 2009 թվականի օգոստոսի 14-ին), Ճարտարագիտական քոլեջը հայտարարել է Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում Էդվարդ և Մարիա Քեոնջյանների անվան վաստակավոր պրոֆեսորի կոչման հաստատման մասին, որը Կեոնջյանի և նրա կնոջ՝ Մարիայի միլիոնավոր դոլարների նվիրատվության արդյունքն էր։ Այդ կոչման առաջին կրողը Վոլֆգանգ Ֆինկն է, որը Արիզոնայի համալսարանի ֆակուլտետին միացել է 2009 թվականի հոկտեմբերին՝ գալով Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտից և ՆԱՍԱՌեակտիվ շարժման լաբորատորիայից[8]։

Մատենագիտություն խմբագրել

  • Keonjian, Edward Micropower electronics (paper) Dewey: 621.3817, LC: TL500 .N6 no. 77, OCLC: 1855674
  • Keonjian, Edward (1970) Air and spaceborne computers Technivision Services (Slough, England)
  • Keonjian, Edward (1963) Microelectronics theory, design, and fabrication. McGraw-Hill (New York) LCCN: 63013140, Dewey: 621.381, LC: TK7870 .K4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://wc.arizona.edu/papers/93/15/06_1_m.html Arizona University
  2. Brown, Pete (2009 թ․ հոկտեմբերի 6). «Keonjian Distinguished Professorship Honors Life and Work of "Father of Microelectronics"». College of Engineering News Archive. University of Arizona. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  3. Кеонджян Эдуард
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Գյուլմիսարյան, Ռուբեն (20171026T2138+0400). «Հայկական հանճարի «ամերիկյան երազանքը». գյուտարար Քեոնջյանի մի քանի կյանքերը». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 19-ին.
  5. Autobiography
  6. Amazon
  7. https://web.archive.org/web/20090831091137/http://geocities.com/famousgeorgians1/ethnicity.html famous georgians
  8. http://uanews.org/node/27982 University Arizona News