Էդուարդ Գրեյ (Grey of Fallodon, ապրիլի 25, 1862(1862-04-25)[1][2][3], Ֆալլոդոն, Newton-by-the-Sea, Նորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 7, 1933(1933-09-07)[4][5][2][…], Ֆալլոդոն, Newton-by-the-Sea, Նորթամբերլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պետական գործիչ, դիվանագետ։ Դերկոմս։ 1885 թ-ից՝ պառլամենտի անդամ լիբերալ կուսակցությունից, 1905-16 թթ.` արտաքին գործերի նախարար։ Անտանտի (1907) կազմակերպիչներից։ 1914-18 թթ. առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին հայկական հարցի նոր արծարծման ժամանակ վարել է երկդիմի քաղաքականություն՝ ի վնաս հայերի պաշտպանելով Թուրքիային ընդդեմ Ռուսաստանի և փաստորեն ձախողելով հայկական բարենորոգումների ռուսական ծրագիրը։ Պատերազմի ժամանակ Անտանտի ղեկավարներից Գրեյն առաջինն էր, որ բարձրացրեց Օսմանյան կայսրության անդամահատման հարցը՝ հայտարարելով, որ եթե Թուրքիան հանդես գա Գերմանիայի կողմում, ապա «պետք է դադարի գոյություն ունենալուց»։ Գրեյի ժամանակ և նրա անմիջական մասնակցությամբ են կնքվել Օսմանյան կայսրության, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի բաժանման վերաբերյալ գաղտնի համաձայնագրերը։ Օժանդակել է «Կապույտ գրքի» (1916) հրատարակմանը, Ջեյմս Բրայսին գրած նամակում այն բնութագրել որպես «սարսափելի վկայությունների մի հավաքածու», որը, սակայն, պետք է հրատարակվի և հետազոտվի բոլոր նրանց կողմից, ովքեր «մարդասիրական կարեկցանք ունեն իրենց սրտերում»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 208)։