Զիլճյան
Ավետիս Զիլճյան Քոմփընի (անգլ.՝ Avedis Zildjian Company), հայտնի է նաև պարզապես՝ Զիլճյան (անգլ.՝ Zildjian) անունով. ծնծղաներ արտադրող համաշխարհային առաջատար ընկերություններից մեկն է, որ հիմնադրվել է Զիլճյան ընտանիքի կողմից։ Բացի ծնծղաներից արտադրում է նաև հարվածային գործիքների փայտիկներ, ծնծղաների պատյաններ և պայուսակներ, փորձարարական փեդեր, և այլ աքսեսուարներ։
Զիլճյան | |
---|---|
Ընկերության տեսակ | Կորպորացիա |
Հիմնադիր | Ավետիս I Զիլճյան Ավետիս III Զիլճյան |
Վայր | Նորուել, Մասսաչուսեթս ԱՄՆ |
Գլխավոր անձինք | Քրեյգի Զիլճյան, գլխավոր տնօրեն Դեբի Զիլճյան, փոխտնօրեն, մարդկային ռեսուրսներ |
Արդյունաբերություն | Երաժշտական գործիքներ |
Արտադրանք | ծնծղաներ, հարվածային գործիքների փայտիկներ, ծնծղաների պատյաններ և պայուսակներ, փորձարարական փեդեր այլ աքսեսուարներ |
Հասույթ | $53.7 միլիոն USD (2006)[1] |
Աշխատողների թիվ | 125 (2013)[2] |
Կայք | zildjian.com |
Ծանոթագրություններ | 12010 թվականին հայտարարվել է Զիլճյան և Vic Firth ընկերությունների միավորման մասին[3]։ |
Պատմություն
խմբագրելԶիլճյան ազգանունը առաջացել է թուրքերեն զիլ (ճչան, ծնծղա) բառից։
Զիլճյան ընտանիքի պատմությունը սկսվում է 1623 թվականից, երբ ալքիմիկոս Ավետիս Զիլճյանը Կոստանդնուպոլսում մետաղների (անագ, պղինձ) որոշակի խառնուրդից ստացել է հատուկ համաձուլվածք՝ ծնծղա պատրաստելու համար։ Ստացման եղանակը որպես գաղտնիք սերնդեսերունդ հաղորդվել է միայն ընտանիքի երեք արու անդամներին։
Զիլճյաններն Օսմանյան կայսրության ողջ տարածքում ծնծղաների համատարած արտադրության արտոնյալ իրավունք են ստացնում։ Հետագայում այդ ծնծղաները կատարելագործվեցին ու սկսեցին օգտագործվել օսմանյան բանակի երաժշտախմբերում։
Զիլճյան ընտանիքի նշանավոր ներկայացուցիչն էր Քերովբե Զիլճյանը (1838-1910)։ Ապրել և ստեղծագործել է Կոստանդնուպոլսում, ունեցել սեփական գործատուն, որտեղ պատրաստված ծնծղաները դիմացկունությամբ և հնչյունի նրբությամբ գերազանցել են եվրոպական ամենանշանավոր մակնիշների արտադրանքին։ Նրա արտադրած ծնծղաները եվրոպական ն ամերիկյան միջազգային ցուցահանդեսներում արժանացել են շքանշանների ու պատվոգրերի (Լոնդոնում՝ 1851 թվականին, Փարիզում՝ 1862 թվականին, Չիկագոյում՝ 1893 թվականին, Բեռլինում՝ 1898 թվականին, Իտալիայում՝ 1907 թվականին, «Մեծ մրցանակ»)։
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Զիլճյանների ընտանիքի ողջ մնացած անդամներին հաջողվել է տեղափոխվել ԱՄՆ։ 1928 թվականին Ավետիս III Զիլճյանը իր երկու եղբայրների հետ ծնծղաների պատրաստման արհեստանոց է հիմնում Մասսաչուսեթսի Նորթ Քուինս քաղաքում։ 1929 թվականի սեպտեմբերի 19-ին հիմնադրվում է Ավետիս Զիլճյան Քոմփընին։
Ժամանակի ընթացքում Զիլճյան կորպորացիան կատարելագործել է արտադրական ողջ տեխնոլոգիան, ստեղծելով թավալուն (ռայթ) ծնծղաներ, որոնք ներառված են մի քանի թմբուկներից բաղկացած հարվածային գործիքի մեջ և հանրությանը ծանոթ են չիկա-չիկ անվամբ։
Քսաներորդ դարի կեսերից ցայսօր ջազ և ռոք նվագախմբերի հիմնական մատակարարը Զիլճյաններն են եղել, ինչի շնորհիվ նրանց ընկերությունը ֆինանսական հսկայական միջոցներ է կուտակել և, միայն 2006 թվականի վաճառքի հասույթը կազմել է մոտ 53.7 միլիոն ամերիկյան դոլար[4]։
2010 թվականին հայտարարվել է Զիլճյան Քոմփընիի և հարվածային գործիքների փայտիկներ արտադրող առաջատար Vic Firth ընկերության միավորման մասին[3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Family Business Magazine: At the Helm: Craigie Zildjian». Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «How a 390-Year-Old Family Business Avoids Layoffs». Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ 3,0 3,1 «Avedis Zildjian Company and Vic Firth Company Announce Merger». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Family Business Magazine: At the Helm: Craigie Zildjian(անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |