Զավեն Մարուքյան
Զավեն Արսենի Մարուքյան (1919 - 2006), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1961): ԽՄԿԿ անդամ (1944): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Զավեն Մարուքյան | |
---|---|
Ծնվել է | 1919 |
Մահացել է | 2006 |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1948) |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԶավեն Մարուքյանը ծնվել է 1919 թվականին, Հին Բայազետում։ Ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը, աշխատել Թալինի շրջանի Սորիկ գյուղի տարրական դպրոցում[1]։
1939 թվականի հոկտեմբերին զորակոչվել է բանակ։ 1941 թվականին ծառայել է Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքի 1746-րդ զորամասում, եղել տանկի հրամանատար։ Մասնակցել է Ժիտոմիր, Նովգորոդ-Վոլինսկու ուղղությամբ թշնամու դեմ մղված մարտերին, իր տանկով շարքից հանել է թշնամու տանկերը, մեծ թվով զինվորների, որի համար պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։ Այդ մարտում վիրավորվել է և տեղափոխվել Խարկով, ապա՝ Լազարևսկայա կայարանի հիվանդանոց, այնուհետև տեղափոխվել է Երևանի զինվորական հիվանդանոց, որտեղից էլ զորացրվել է[1]։
1948 թվականին Մարուքյանն ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը։ 1942-1952 թվականներին եղել է Կոտայքի շրջանի Հացավանի, Գետամիջի, մանկական գաղութի դպրոցների տնօրեն։ 1952-1962 թվականներին եղել է Կոտայքի շրջանային խորհրդի գործկոմի ժողկրթբաժնի վարիչ և № 84 դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ։ 1962-1968 թվականներին եղել է Երևանի № 73 միջնակարգ դպրոցի տնօրեն, ղեկավարել է նաև Երևանի № 2 և № 6 հատուկ գիշերօթիկ դպրոցները։ 1961 թվականին արժանացել է հանրապետության վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչման։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և մեդալներով։ 1944 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[1]։
Զավեն Մարուքյանը մահացել է 2006 թվականին։ Թաղված է Երևանի Քանաքեռի գերեզմանատանը[2]։
Պարգևներ
խմբագրել- ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1961)
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- «Պատվո նշան» շքանշան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
- ↑ «The memorial of Maruqyan Zaven (Զավեն Մարուքյան Արսենի) buried at Yerevan's Kanaker cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.