Երևանի պարբերական մամուլ

Երևանի պարբերական մամուլ, Երևան քաղաքում 19-20-րդ դարերում գոյություն ունեցած թերթերը, պարբերականներն ու ամսագրերը։

Պատմություն խմբագրել

Մինչև տեղական մամուլի ստեղծումը Երևանի քաղաքի իրադարձություններն ակտիվորեն լուսաբանվում էին Թիֆլիսում հրատարակվող «Մշակ» թերթում՝ «Նամակներ Երևանից» համապատասխան բաժնում[1]։

«Պսակ» խմբագրել

 
«Տատրոն» թերթի համարում, 1877—1878
 
«Պսակ» թերթի առաջին էջը 1884 թ. ապրիլի 7-ի համարից

1880 թ. մարտի 15-ին լույս է տեսնում «Պսակ» թերթի առաջին համարը։ «Պսակը» Երևանի առաջին պարբերականն էր, լույս էր տեսնում շաբաթը երկու անգամ՝ ազգային ազատագրական պայքարի գործիչ Վասակ Պապաջանյանի խմբագրությամբ։ Ուներ քննադատական ուղղվածություն, որի հետևանքով 1884թ. ապրիլի 7-ին փակվեց։ Թերթի տպարանը գտնվել է Դոկտորսկայա (այժմ՝ Թումանյան) փողոցում, Պողոս-Պետրոս եկեղեցու դիմաց։

«Առողջապահական թերթ» խմբագրել

 
«Առողջապահական թերթ»ի առաջին էջը 1884 թ. #10 և 11 համարից

1881 թ. հուլիսին լույս է տեսնում «Առողջապահական թերթ» բժշկական ամսագրի առաջին համարը՝ քաղաքի բժիշկ Լևոն Տիգրանյանցի խմբագրությամբ։ «Առողջապահական թերթը» Երևանում լույս տեսնող առաջին ամսագիրն էր։ Անդրադառնալով քաղաքի առողջապահական խնդիրներին՝ ամսագիրը քննադատում էր կառավարության վարած քաղաքականությունն այս բնագավառում, որի հետևանքով 1884 թ. փակվեց, իսկ խմբագիրն աքսորվեց քաղաքից[1]։

«Երևանի հայտարարություններ» խմբագրել

 
«Երևանի հայտարարություններ» թերթի գլխավոր էջը 1883 թ. հուլիսի 9-ի համարում

1883-1886 թթ. շաբաթը երկու-երեք անգամ լույս է տեսնում «Երևանի հայտարարություններ» կոչվող թերթը՝ Էմին Տեր-Գրիգորյանի խմբագրությամբ։ 1886 թ. հայերեն տպագրության պատճառով թերթիկը փակվում է։ 1900 թ. դեկտեմբերին վերաբացվելով՝ տպագրում է ռուսերեն հայտարարություններ։ 1909-1917 թթ տպագրվում է նաև հայերեն։

«Հրազդան» խմբագրել

1908–1909թթ Պողոս Կանդուրալյանի խմբագրությամբ «Լույս» տպարանում շաբաթը երկու անգամ լույս է տեսնում «Հրազդան» թերթը։

«Նոր ձայն» խմբագրել

Նույն տպարանում 1911-1912 թթ լույս է տեսնում «Նոր ձայն» շաբաթաթերթը՝ Վահան Տեր-Աբրահամյանի խմբագրությամբ (առաջին համարը՝ 1911 թ. սեպտեմբերի 17-ին)։

«Կռան» խմբագրել

1911 թ. «Լույս» տպարանում հրատարակվում է նաև «Կռան» հասարակական, տնտեսական և գրական թերթը Մուշեղ Բագրատունու խմբագրությամբ (գրական կեղծանունը՝ Փալանդուզ Մկո)։ «Կռանը» Երևանի առաջին երգիծական թերթն էր, նրա էջերում տպագրվում էին նաև խմբագրի ֆելիետոնները։ 1913-1914 թթ թերթը հրատարակվում է «Նոր մամուլ» անունով[1]։

«Эриванский вестник» խմբագրել

1911 թ. օգտակար գիտելիքների տարածման Երևանի ընկերությունը բնակչության կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով սկսում է հրատարակել «Эриванский вестник» օրաթերթը։

Այլ պարբերականներ խմբագրել

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին լույս են տեսնում երկու պաշտոնական պարբերականներ՝ «Обзор Эриванской губернии» և «Памятная книжка Эриванской губернии» (սրանք կարևոր սկզբնաղբյուրներ են Երևան քաղաքի ու նահանգի պատմության ուսումնասիրության համար)։

Տպարաններ խմբագրել

Նույն ժամանակաշրջանում Երևանում գործել են մի քանի տպարաններ[1].

1874 թ. բացվեց քաղաքի առաջին տպարանը։ Պատկանում էր Զաքարիա Գևորգյանին։ 1880 թ. վաճառվեց Էմին Տեր-Գրիգորյանին։ Տպարանն իր գոյությունը պահպանեց մինչև խորհրդային կարգերի հաստատումը։

1879 թ. բացվեց Աբգար Գուլամիրյանին պատկանող քաղաքի երկրորդ տպարանը։

1880 թ. բացված երրորդ տպարանում լույս էր տեսնում «Պսակ» թերթը, որի անունը փոխանցվեց տպարանին։

1897 թ. բացված նահանգային վարչության տպարանում տպագրվել են պաշտոնական գրություններ, թերթիկներ և կարգադրություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թ.Խ. Հակոբյան, «Երևանի պատմությունը», մաս 3-րդ, Երևան, 1959 թ.