Մուշեղ Բագրատունի

հայ հրապարակախոս, լրագրող, հասարակական գործիչ, գրող

Մուշեղ Արսենի Բագրատունի (Փալանդուզ Մկոն, նոյեմբերի 2, 1870(1870-11-02)[1][2], Կարբի, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 15, 1945(1945-11-15)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2])[3], հայ երգիծական գրականության նշանավոր դեմքերից է, լրագրող, հրապարակախոս և հասարակական գործիչ։

Մուշեղ Բագրատունի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 2, 1870(1870-11-02)[1][2]
ԾննդավայրԿարբի, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էմինչև 1945 թվական
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Ազգությունհայ
Մասնագիտություներգիծաբան, լրագրող և հասարակական գործիչ
ԱշխատավայրԿայծ
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն[1] և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)[1]
Երեխաներերեք որդի՝ Արսեն, Արտաշ ու Վարդգես և երեք դուստր՝ Սիրանուշ, Ժենյա և Սեդա

Մանկություն և կրթություն խմբագրել

Ծնվել է 1870 թվականի նոյեմբերի 2-ին Կարբի գյուղում, Արսեն Տեր-Հովակիմյանի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է գյուղի ծխական դպրոցում։ Մուշեղի հայրը, գյուղում աշխատանք չգտնելով, ստիպված է եղել իր բազմանդամ ընտանիքը տեղափոխել Շամախի, որտեղ և զբաղվել է ուսուցչությամբ։ Նա պատանի Մուշեղին ուսանելու է տալիս քառամյա դպրոցը։ Շուտով մահանում է հայրը՝ անխնամ թողնելով վեց երեխայի, որոնցից ավագը Մուշեղն էր, և բազմանդամ ընտանիքի հոգսն ընկնում է նրա ուսերին։ Մուշեղը ստիպված թողնում է ուսումը և զբաղվում ժամագործությամբ։ Հետագայում նրանց ընտանիքը տեղափոխվում է Երևան, որտեղ և Մուշեղը տարվում է հեղափոխական գործունեությամբ։ Նա 1893 թվականին ընդունվում է հնչակյան կուսակցության շարքերը, որի անդամ է մնում մինչև 1905 թվականին։

Հեղափոխական շարժումների տարիներ խմբագրել

1904 թվականին Մուշեղը ձերբակալվում է ցարական ոստիկանների կողմից և ուղարկվում բանտ՝ արգելված գրականություն տարածելու համար։ 1905 թվականին բանտից ազատվելով՝ մտնում է բոլշևիկյան կուսակցության շարքերը և իր եռանդուն մասնակցությունն ունենում 1905-1906 թթ. հեղափոխական շարժումներին։ 1906 թ. ընտրվել է կուսակցության Երևանի կոմիտեի անդամ, աշխատակցել Բաքվում և Թիֆլիսում հրատարակող «Կայծ», «Նոր խոսք» և «Օրեր» թերթերին։ Միայն այդ տարում բոլշևիկյան թերթերում տարբեր ծածկանուններով (Նար, Նարեմյան, Մե-Բունի, Մար-Տօ, Կար-Դան, Ջաննիկ, Փալանդուզ Մկո, Անցվորական, Լուկուլլոս) տպագրել է 23 հոդված։

Աշխատանքները խմբագրել

1906 թվականին «Կայծի» (խմբագիրներ Շահումյան և Սպանդարյան) համարներից մեկում Փալանդուզ Մկոն գրել է. «Նամակ Կարբի գյուղից» թղթակցությունը. «Երբ դեռ մեր կյանքի ցեցերը ներկայանում էին միմիայն գյուղական կուլակները, վաշխառուները, պորտաբույծ և կաշառակեր պաշտոնյաները, պրիստավից սկսած մինչև վերջին գզիրը, տերտերներն ու բազմատեսակ ձրիակեր մարդիկ, դա դեռ մի կերպ տանելի է... բայց արդեն այսօր նրանց կողքին բուսել է և մի նոր կառավարություն, մի նոր ձրիակեր տարր, մի նոր միլիտարիզմ, մի նոր փաշա ու վարչական մարմին, որոնք ոչ պակաս ծանրանում են ժողովրդի շլնքին, որոնք ոչ պակաս կեղեքում են նրան ու քայքայում»։ 1910 թվականին ցարական ոստիկանությունը խուզարկել է Մուշեղի բնակարանը, հայտնաբերել կուսակցության Երևանի կազմակերպության անդամների ցուցակը, արձանագրություններ։ Մուշեղը, խուսափելով բանտարկությունից, կարողացել է թաքնվել Թիֆլիսում։ Այստեղ, ինչպես պատմում է Բնի Մեսրոպը, Մուշեղը հյուր է եղել հանրահայտ Արամովին, որտեղ և ներկա է եղել Մանթաշովը։ Նա հորինել է երգ, որի համար Արամովից ստացել է 100 ռուբլի։ Մուշեղ Բագրատունին 1911 թ. նոյեմբերին վերադարձել է Երևան և հրատարակել է «Կռան» հասարակական-տնտեսական և գրական-գեղարվեստական շաբաթաթերթը։ Այն միաժամանակ երգիծական բնույթ ուներ և իբրև այդպիսին Երևանում առաջին թերթն էր։ Մուշեղը «Կռանի» էջերում ժողովրդական մասսաներին բացահայտ պայքարի է մղել ցարական կառավարության դեմ. «Դուրս գալ հրապարակ և պայքար հայտարարել մի այնպիսի դասակարգի ու տարրի դեմ, որն այսօր հասարակական կյանքի փաստական տեր ու տնօրենն է», - գրել է նա։

Մուշեղ Բագրատունու մասին խմբագրել

«Կռանում» մեծ տեղ են գրավել նաև արևմտահայ կյանքը լուսաբանող հոդվածներ։ «Թուրքահայ խնդիրը», «Հայերի վիճակը Տաճկաստանում» և այլ հոդվածներ, որտեղ Մուշեղը բարձրաձայն մերկացրել է Թուրքիայի վարած քաղաքականությունը հայերի հանդեպ։ «Տաճկական լեռների մեջ իրենց բարբարոսական անաղարտությամբ մնացած ցեղերը նորից հանդես են գալիս տաճկահայի կյանքը արյունոտելու, կարմրացնելու դարերից ի վեր մարտիրոսվող ժողովրդի արյունով», - գրել է Մուշեղը՝ կարծես կանխազգալով ցեղասպանության սոսկալի վտանգը։ 1912 թվականի դեկտեմբերին փակվել է թերթը, սակայն Բագրատունին չի վհատվել, 1913 թ. հունվարից սկսել է հրատարակել «Նոր մամուլ» անունով շաբաթաթերթը, որը գալիս էր լրացնելու և շարունակելու «Կռանին»։ Թերթը նույնպես անդրադարձել է հայ ժողովրդի կացությանը, նրա ճակատագրին. «Ուժի դեմ ուժ, հարձակման դեմ դիմադրություն», - գրել է Մուշեղը։ Նա իր մի շարք ֆելիետոններում բացահայտ զենքի ուժով օտարի լծից ազատվելու գաղափար է տարածել։ 1916-1920 թվականներին նա աշխատակցել է «Պայքար», «Խոսք», «Պահակ» և այլ պարբերականների։ Բագրատունին իր խմբագրած թերթերում քննադատել է նաև դաշնակցական կուսակցությանը։ 1920 թվականին Մայիսյան ապստամբությունը ճնշելուց հետո ձերբակալվել և աքսորվել է Բաշ-Գառնի։ Բաշ-Գառնի աքսորավայրից անցել է Պարսկաստան և միայն Խորհրդային Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանի բռնազավթումից և երկրում խորհրդային կարգեր հաստատելուց հետո է վերադարձել Հայաստան։ 1921 թվականին նա դարձել է Բաշ-Գառնիի գյուղհեղկոմի առաջին նախագահը։ Խորհրդային տարիներին Բագրատունին շարունակել է իր գրական գործունեությունը, զբաղվել ուսուցչությամբ, աշխատակցել «Մաճկալ», «Խորհրդային Հայաստան» թերթերին, «Մոծակ» և «Աշխատանք» ամսագրերին, գրել «Կրոնի թույնը» երգիծական պատմվածքների ժողովածուն (1930 թ.), «Շնագայլեր» երգիծական վեպը։ Իսկ 1914 թ. նրա գրած «Ծիծաղի արցունքները, շոռշոռաքարափը» պատմվածքի հիման վրա Համո Բեկնազարյանը 1926 թվականին նկարահանել է «Շորն ու Շորշորը» գեղարվեստական կինոնկարը։

Կյանքի վերջին տարիները խմբագրել

Մուշեղ Բագրատունուն ձերբակալել են 1937 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում։ Նա հավանաբար գնդակահարվել է մինչև 1945 թվականը, երբ նրա զավակները ստացել են նրա մահվան ծանուցումը։ Ունեցել է երեք որդի՝ Արսեն, Արտաշ ու Վարդգես և երեք դուստր՝ Սիրանուշ, Ժենյա և Սեդա։ Արսեն Բագրատունին (ծնված 1914 թվականին) հանդես է եկել Գաբրիել Սունդուկյանի անվան պետական թատրոնում, եղել է ՀՍՍՀ վաստակավոր արտիստ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուշեղ Բագրատունի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 201