Երկրագործության պաշտամունքը Հայաստանում (1-2-րդ դարեր)

Հայոց լեզվի հնուց եկող բառապաշարից և հատկապես պաշտամունքից երևում է, թե որքան մեծ դեր է խաղում երկրագործությունը հայ ժողովրդի կյանքում։ Նախաքրիստոնեական Հայաստանում խիստ զարգացած էր երկրագործության պաշտամունքը, որը ստացել էր սինկրետիկ բնույթ և միաձուլվել էր հելլենական, ապա հելլենիստական աշխարհի պանթեոնին։ Մարդիկ հատկապես պաշտում էին Արա Գեղեցիկին՝ բերրիության և բնության զարթոնքի աստծուն, որը միաձուլվում է Տիր և Միհր աստվածների պաշտամունքների հետ։ Հատկապես Վասպուրականում ժողովուրդը ուներ «Տիր դնել» արտահայտությունը, որը նշանակում է ցորենի հատիկը ցանել գետնում։ Տիր աստծու անունից առաջ է եկել հացահատիկի մի տեսակ, որը կոչվում է «տիր» կամ «դիր»։ Արա Գեղեցիկ-Տիր-Միհրից հետո ժողովուրդն առանձնապես պաշտում էր բնության արտադրող ուժերի աստվածուհուն՝ «Ոսկեմայր» Անահիտին։ Նա նույնացվել էր Արտեմիսի, ապա Դեմետրա աստվածուհու հետ։ Այս տեսակետից պատահական չէ այն, որ Վաղարշապատի (այժմ՝ Էջմիածին) քաղաքամերձ հողերի 1-ին-2-րդ դարերի շերտերի պեղումների ժամանակ գտնվել է գեմմա, որի վրա պատկերված է Դեմետրե աստվածուհին՝ հասկը ձեռքին։ Հավանաբար գոյություն է ունեցել նաև խաղողի վազի պաշտամունք, այդ մասին վկայում են քրիստոնեական տոնակատարություններում և հնուց եկող քանդակներում նրա մնացուկները։ Հյուսիսային Կովկասում գտնված հայոց Բակուր Ա Արշակունի թագավորի (161-163 թվականներ) հայտնի գավաթի վրա պատկերված են Սիլենի նման զգեստավորված դերասան, ինքը՝ Դիոնիսոսը, և դիոնիսիաների հետ կապված ատրիբուտներ։

Գրականություն խմբագրել

  • Աղայան Ծ.Պ., Առաքելյան Բ.Ն, Գալոյան Գ. Ա.,Երեմյան Ս. Տ, Խաչիկյան Լ.Ս, Հակոբյան Ա.Մ, Հովհաննիսյան Ա.Գ, Ներսիսյան Մ.Գ «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 1,Երևան 1971, էջ 805