Եվրոպական ճնճղաճուռակ

Եվրոպական ճնճղաճուռակ
Եվրոպական ճնճղաճուռակ
Եվրոպական ճնճղաճուռակ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճուռականմաններ (Accipitriformes)
Ընտանիք Ճուռակներ (Accipitridae)
Ցեղ Իսկական սակռներ (Accipiter)
Տեսակ Եվրոպական ճնճղաճուռակ (A. brevipes)
Միջազգային անվանում
Accipiter brevipes
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Եվրոպական ճնճղաճուռակ (լատ.՝ Accipiter brevipes), ճուռակների ընտանիքին պատկանող բնադրող-չվող և քիչ տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Accipiter brevipes

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Մարմնի երկարությունը 32-38 սմ է, թևերի բացվածքը՝ 65-75 սմ, կենդանի զանգվածը՝ 100-200 գ։ Արուները վերևից բաց կապտավուն-մոխրագույն են, առաջնային փետուրները՝ մուգ, մարմինը՝ ներքևից սպիտակ, փորը և կուրծքը՝ նարնջագույն զոլերով։ Պոչի կենտրոնական փետուրները վերևից առանց զոլերի են։ Էգի մարմինը վերևից մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ սպիտակ, մինչև արտաքին թևը խիտ շիկակարմիր-դարչնագույն զոլերով։ Երիտասարդի մարմինը ներքևից սպիտակ է՝ ցայտուն, երկայնակի դարչնագույն պտերով, մոտիկից նկատելի է կզակի մուգ շերտը։ Արուի թևատակը սպիտակավուն է, էգինը՝ շիկակարմիր-դարչնագույն զոլերով։

ԿենսակերպԽմբագրել

Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, գետաձորերում, պուրակներում և բաց տարածքներում։ Թռչում է ուղիղ գծով՝ թևերի հաճախակի թափահարումներով։ Որսի ընթացքում հաճախ սահասավառնում է, իսկ բաց տարածքներում զոհին բռնում գետնին։ Չվում է երամներով։

ՍննդառությունԽմբագրել

Սնվում է միջատներով, մանր ողնաշարավորներով, մողեսներով, ուղղաթևավորներով և մանր թռչուններով։ Սնունդը հայթայթում է կիսաանապատներում և այգիներում[1]։

ԲնադրումԽմբագրել

Գարնանային ամենավաղ վերադարձը նկատվում է մայիս ամսին։ Բները հայտնվում են ապրիլ-մայիսին։ Բույնը գավաթաձև է (տրամագիծը 50-40 սմ)՝ ճյուղերի կտորտանքների կույտ։ Բնադրում է ծառերին (6-12 մ բարձր), սակայն օրվա մեծ մասն անցկացնում է բաց տարածություններում։

Բազմացում և զարգացումԽմբագրել

Դնում է 40 մմ տրամագծով, բաց կապտականաչ և կանաչավուն պտերով 3-5 ձու։ Թխսակալում է էգը՝ 33-35 օր։

ՏարածվածությունԽմբագրել

Պոպուլյացիայի հիմնական մասը տեղադրվում է Հարավարևելյան Եվրոպայում, բնակվում է Կովկասում և Մերձավոր Արևելքում, իսկ Հայաստանում՝ հարավային և հյուսիսարևելյան շրջաններում[1]։

ՊահպանությունԽմբագրել

Քիչ ուսումնասիրված, բնադրող չվող և քիչ տարածված տեսակ է։ Գրանցված էր նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում։ Քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակի գնահատման համար տվյալները անբավարար են։ Մեղրու շրջանում, համաձայն վերջին տվյալների, հաշվառվում են 20-25 բնադրող զույգ։

Տեսակի վրա բացասականորեն կարող են ազդել գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատները և ապօրինի որսը։

Բնադրում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներում։ Գրանցված է CITES-ի Հավելված 2-ում և Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։