Դոնի պետական հանրային գրադարան
Դոնի պետական հանրային գրադարան (ռուս.՝ Донская государственная публичная библиотека, մինչև 1992 թվականը` Ռոստովի Կարլ Մարքսի անվան պետական գիտական գրադարան), Ռուսաստանի Ռոստովի մարզի կենտրոնական գրադարանը, որը գտնվում է Դոնի Ռոստով քաղաքում։ Ռուսաստանի հարավի հնագույն գրապահոցը հիմնադրվել է 1886 թվականին։ Ռոստովի մարզի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների կենտրոնական գրադարանների մեջ ամենամեծն է։ Նրա գրապահոցներում կա ավելի քան հինգ միլիոն օրինակ։
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Տեսակ | գրադարան |
Հիմնվել է | հունվարի 7, 1886 |
Տեղադրություն | Դոնի Ռոստով |
Հասցե | Ростов-на-Дону, ул. Пушкинская, 175а |
Հավաքածուներ | |
Չափ | 5 443 981 տպագիր օրինակ[1] |
Հասանելիություն և օգտագործում | |
Մուտքի պահանջներ | 14 տարեկանից բարձր, անձը հաստատող փաստաթղթի առկայություն[2] |
Շրջանառություն | տարեկան 2 մլն օրինակ |
Անդամներ | 89 695[1] |
Այլ տվյալներ | |
Բյուջե | 106 690 800 ռուբլի[3] |
Տնօրեն | Ե. Մ. Կոլեսնիկովա |
Անձնակազմ | 280[3] |
Կայք | dspl.ru |
Դոնի հանրային գրադարանը Դոնի Ռոստովի խոշոր մշակութային կենտրոններից մեկն է։ Այստեղ անցկացվում են ֆիլմերի փառատոներ, կերպարվեստի, կիրառական արվեստի, մանկական նկարների անհատական և կոլեկտիվ ցուցահանդեսներ, լուսանկարչական և գրքերի ցուցահանդեսներ։
Պաշտոնական անվանումը`
- ամբողջականը` Ռոստովի մարզի «Դոնի պետական հանրային գրադարան» մշակույթի պետական բյուջետային հաստատություն
- կրճատը` ՌՄ «Դոնի պետական հանրային գրադարան» ՄՊԲՀ
Պատմություն
խմբագրելԴոնի Ռոստովի հանրային գրադարանը, որը դարձել է առաջինը քաղաքում, բացվել է 1886 թվականի հունվարի 7-ին։ Նոր գրադարանի ֆոնդը 3000 գիրք էր, որոնք քաղաքի ղեկավարությունը ձեռք էր բերել մասնավոր գրադարանից 5000 ռուբլով։ Մինչև 1994 թվականը Ռոստովի հանրային գրադարանը, ինչպես և Դոնի Ռոստովի մյուս գրադարանները, փաստորեն չուներ սեփական շենք և տեղակայվում էր Բոլշայա Սադովայա փողոցի տարբեր մասնավոր առևտրական տներում։ 1921-1994 թվականներին գրադարանը տեղակայված էր Վելիկանովայի առանձնատանը Սերաֆիմովիչի փողոցում[4]։
Պատմության ընթացքում գրադարանում տեղի են ունեցել բազմաթիվ վերափոխումներ։ Սկզբում այն կոչվել է Ռոստովի հանրային գրադարան, այսուհետև` Ռոստովի Կ. Մարքսի անվան պետական հանրային գրադարան, Կ. Մարքսի անվան գրապահոց, Դոնի Կ. Մարքսի անվան հանրային գրադարան, Հյուսիսային Կովկասի Կ. Մարքսի անվան պետական գրադարան, Կ. Մարքսի անվան Ազով-Սևծովյան տարածաշրջանային գրադարան, Ռոստովի Կ. Մարքսի անվան պետական գիտական գրադարան, Ռոստովի Կ. Մարքսի անվան մարզային գիտական գրադարան և 1992 թվականից` Դոնի պետական հանրային գրադարան[5]։
1974 թվականին սկսվել է Պուշկինի փողոցում գրադարանի նոր շենքի կառուցումը։ Այն նախագծել էին ճարտարապետ Յան Զանիսը և ճարտարագետ Բ. Ն. Սիդելկովսկին, սակայն շինարարությունը ձգձգվել է 20 տարով և ավարտվել միայն 1994 թվականին։ Նույն թվականի մայիսի 25-ին գրադարանը տեղափոխվել է նոր շենք։ Մի քանի ամիս անց` սեպտեմբերին, գրադարանում կայացել է գրող Ալեքսանդր Սոլժենիցինի հանդիպումը ընթերցողների և քաղաքի հասարակության հետ[6]։ 1995 թվականին գրադարանին շնորհվել է Ռոստովի մարզի կենտրոնական գրադարանի կարգավիճակ[7]։
Առաջին էլեկտրոնային հրատարակությունները հայտնվել են 1996 թվականին, իսկ երեք տարի անց բացվել է էլեկտրոնային ընթերցասրահը[8]։ 2004 թվականին գրադարանային ֆոնդի անվտանգության ապահովման համար ներդրվել է գրքերի անվտանգության պիտակավորման էլեկտրամագնիսական պաշտպանիչ համակարգ[9]։
2010 թվականի մայիսի 8-9-ին Դոնի պետական հանրային գրադարանում տեղի է ունեցել ռուսաստանյան չորրորդ Վիքիկոնֆերանսը։ Գրադարանն ամեն տարի կազմակերպում է տիկնիկների փառատոն։
Շենք
խմբագրելԳրադարանի մասնաշենքերը միմյանց ուղղահայաց են։ 16-հարկանի (ներառյալ ստորգետնյա հարկերը) մոնոլիտ բետոնե գրապահոցը գրեթե զուրկ է որևէ ճարտարապետական դեկորից։ Գրապահոցի արտաքինի միակ քանդակագործական տարրը ճակատի վերին անկյունը եզրակալող ռելիեֆն է։ Մոսկվացի նկարիչ մոնումենտալիստներ Վ. Ս. Լեմպորտը և Ն. Ա. Սիլիսը ստեղծել են կերպար-նշանների ոճավորված հավաքածու, որոնք ներառում են «մարդկության հանճարների դեմքերի» պատկերները գրքի էջերի միջև։ Ընթերցասրահները զբաղեցնում են եռահարկ բլոկները, որոնք կառուցված են ճարտարապետական նույն ոճով[4]։
Գրադարանային համալիրի մասնաշենքերի արտաքին տեսքի միտումնավոր զսպվածությունը զուգորդվում է գրադարանի ինտերիերի բազմազանությամբ։ Պատերը դրվագված են սպիտակ գրանիտով և մարմարով։ Դահլիճները զարդարում են ջրվեժներն ու ավազանները։ Այս ամենը լրացվում է բուսականության և տարբեր քանդակագործական հորինվածքների առատությամբ[4]։
Ֆոնդեր և ռեսուրսներ
խմբագրել2007 թվականի հունվարի դրությամբ գրադարանի ֆոնդերը պարունակում էին ավելի քան 5 միլիոն տպագիր հրատարակություն ռուսերեն և օտար լեզուներով։ Գրադարան ամեն օր այցելոմ է ավելի քան 1500 մարդ, յուրաքանչյուր տարի ընթերցողներին տրվում է շուրջ 2 մլն փաստաթուղթ։
Կազմակերպական կառուցվածք
խմբագրելԳրադարանը բաղկացած է 29 բաժիններից, ներառյալ բաժանորդագրությունը, էլեկտրոնային ռեսուրսների կենտրոնը, գավառագիտության բաժինը, մշակութային ծրագրերի կենտրոնը, ունիվերսալ ընթերցասրահը, արվեստի բաժինը, գիտամեթոդաբանական և տեղեկատվական-մատենագիտական բաժինը։
Էլեկտրոնային ռեսուրսներ
խմբագրելԳրադարանի էլեկտրոնային կատալոգը պարունակում է ավելի քան 360 հազար գրառում, կատալոգը հասանելի է գրադարանի կայքում, ներառյալ հոդվածների կատալոգը, հազվագյուտ հրատարակությունների կատալոգը, պարբերականների կատալոգը և գրադարանի գավառագիտական կատալոգը[10]։
Պատկերասրահ
խմբագրել-
Գրադարանի մասնաշենքերի համակառույցը
-
2010 թվականի Վիքիկոնֆերանսը գրադարանում
Հասցեներ
խմբագրել- Փոստային` Պուշկինի փողոց, շենք թիվ 175Ա, քաղաք Դոնի Ռոստով, Ռուսաստանի Դաշնություն (Ռուսաստան), 344006։
- Էլեկտրոնային` dspl-online@dspl.ru
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Донская государственная публичная библиотека» (ռուսերեն). Министерство культуры Ростовской области. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Как стать читателем» (ռուսերեն). Донская государственная публичная библиотека. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ 3,0 3,1 «Отчёт о результатах деятельности» (PDF) (ռուսերեն). Донская государственная публичная библиотека. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «История и легенды Ростова: Публичная библиотека. В поисках красоты» (ռուսերեն). Выходной. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Министерство культуры Ростовской области - "Донская государственная публичная библиотека"». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Хроника 1994» (ռուսերեն). Донская государственная публичная библиотека. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Хроника 1995» (ռուսերեն). Донская государственная публичная библиотека. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Хроника 1996» (ռուսերեն). Донская государственная публичная библиотека. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Хроника 2004» (ռուսերեն). Донская государственная публичная библиотека. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Электронные каталоги библиотеки». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
Գրականություն
խմբագրել- Волошинова Л. Ф. Пушкинская улица. — Ростов-на-Дону: «Донской издательский дом», 2000. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87688-250-X