Դոկտոր Օքսի փորձը (ֆր.՝ Une fantaisie du docteur Ox), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի երգիծական ժանրով գրված գիտաֆանտաստիկ պատմվածքը։ Գրվել է 1872 թվականին։ Պատմվածքում նկարագրվում է ոմն դոկտոր Օքսի գիտափորձը, որի նպատակն է պարզել թթվածնի ազդեցությունը կենդանի էակների վրա։

Դոկտոր Օքսի փորձը
ֆր.՝ Une fantaisie du docteur Ox
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտաֆանտաստիկական պատմվածք
Բնօրինակ լեզուֆրանսերեն
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆկարազարդողԼորենց Ֆրյոլիխ
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1874
 Dr. Ox's Experiment Վիքիպահեստում

Հրատարակման պատմություն խմբագրել

Պատմվածքն առաջին անգամ կարդացվել է 1872 թվականի հունվարին Ամյենում` «Hôtel de Ville d’Amiens» հյուրանոցում և հատվածաբար հրատարակվել 1872 թվականի մարտ և մայիս ամիսներին «Musée des familles» ամսագրում՝ ֆրանսիացի խմբագիր և հրատարակիչ Պիեռ Ժյուլ Էտցելի կողմից, «Դրամա օդում» պատմվածքի հետ միասին։ Նկարազարդումների հեղինակն է Լորենց Ֆրյոլիխը։ Պատմվածքը վերահրատարակվել է 1874 թվականին Ժյուլ Վեռնի փոքրիկ պատմվածքների «Դոկտոր Օքս» հավաքածուում։

Սյուժե խմբագրել

Գործողությունները տեղի են ունենում Բելգիայում՝ Արևմտյան Ֆլանդրիայում գտնվող մտացածին Կիկանդոն քաղաքում։ Քաղաքում գործում էր թատրոնի շենքը, որի կառուցումը սկսվել էր 1175 թվականին և ավարտվել 1837 թվականին։ Այնտեղ հիմնականում բեմադրվում էին օպերաներ, որոնց հեղինակները երբեք չէին ճանաչի իրենց ստեղծագործությունները։

Քաղաքի բուրգոմիստրը վան Տրիկասն է, որի հիմնական զբաղմունքը խորհրդական Նիկլոսի հետ զրույցներ վարելն է, որի ընթացքում նրանք որոշում են ոչնչով չզբաղվել։ Դոկտոր Օքսը, որի տարիքը և ազգությունը հնարավոր չէր որոշել, առաջարկում է իր միջոցների հաշվին լուսավորել ամբողջ քաղաքը։ Դրա համար նա քաղաքում կառուցում է լուսավորող գազի արտադրության գործարան, որը ստացվելու է թթվածնի և ջրածնի խառնուրդից։ Սակայն դոկտոր Օքսի հիմնական նպատակն այլ էր։ Նա ցանկանում էր փորձարկումներ անցկացնել՝ ստուգելու թթվածնի ազդեցությունը բույսերի աճի, մարդկանց և կենդանիների ագրեսիվության ու հույզերի վրա։

Բուրգոմիստրը և խորհրդականն այցելության են գնում դոկտոր Օքսի գործարան և այնտեղ զրույց ունենում Օքսի հետ, որի ակումբում նախորդ օրը` վեճի ժամանակ, Շուտը և Կուստոսը վիրավորել էին միմյանց, որը Կիկանդոնի համար շատ եզակի երևույթ էր։

Շաբաթ օրը թատրոնի շենքում ընթանում էր «Հուգենոտներ» օպերան։ Չորրորդ ակտում մշտապես հանգիստ ընթացող օպերան և հանդարտ նվագող նվագախումբը դուրս են գալիս դիրիժորի ենթակայությունից։ Ամեն ինչ արագանում է։ Հանդիսականներն անհանգիստ են։ Թվում է` նրանք նույնպես պատրաստ են դուրս գալ բեմ և հաշվեհարդար տեսնել հուգենոտների հետ։ Օպերայի վերջում դիրիժորը փշրում է փայտիկը, ջութակի վրա կտրվում են բոլոր լարերը։ Հանդիսականները հրմշտոցով դուրս են գալիս թատրոնի շենքից և աստիճանաբար հանդարտվում են։ «Հուգենոտներ»-ի չորրորդ ակտը, որը նախկինում տևում էր վեց ժամ, այդ օրն ավարտվում է տասնութ րոպեում։

Երբ կիկանդոնցիները հավաքվում էին ինչ-որ տեղ, նրանց հանդարտ բնավորությունը վերափոխվում էր։ Նրանց միջև անընդհատ վեճեր էին տեղի ունենում։ Սակայն այդ ամենն անհետանում էր, երբ նրանք վերադառնում էին տուն։ Այդ փոփոխությունները նկատում և անհանգստանում էր միայն կոմիսար Պասոֆը։

Անցնում է երկու շաբաթ, և այդ «համաճարակը» ներթափանցում է նաև մասնավոր տներ։ Առաջին նախանշաններն ի հայտ են գալիս բանկիր Կոլերտի տանը։

Շուտով ավարտվում է գործարանի շինարարությունը։ Համաճարակը տարածվում է ամբողջ քաղաքով և սկսում ազդել ոչ միայն կենդանական աշխարհի, այլ նաև բուսական աշխարհի վրա։ Բույսերն աճում են ոչ թե օրերով, այլ ժամերով, իսկ դրանց չափերը հսկայական էին։ Ելակը կարելի էր բարձրացնել միայն երկուսով, իսկ տանձը՝ չորսով։ Քաղաքում նույնիսկ սկսում են մենամարտեր տեղի ունենալ։

Կիկանդոնցիները որոշում են իրենց վաղեմի վրեժը լուծել հարևան քաղաք Վիրգամենից և ռազմական արշավի են դուրս գալիս նրա դեմ՝ առանց զենքի և զինամթերքի։ Շուտով վիճաբանում են նաև բուրգոմիստրը և խորհրդականը։

Դոկտոր Օքսի օգնական Իգենն առաջարկում է ընդհատել այդ փորձարկումը, սակայն մերժում է ստանում։

Կիկանդոնցիների զորքը շարժվում է Վիրգամենի վրա։ Երբ նրանք դուրս են գալիս քաղաքից, նրանց ճանապարհը կտրում է Իգենը, որպեսզի կանխի բախումը։ Դոկտոր Օքսը փակում է Իգենի բերանը։ Կատաղած ամբոխը ոտնակոխ է անում նրանց և պատրաստվում բանտ նետել։ Այդ պահին հրեշային պայթյունի ձայն է լսվում։ Տարբեր ռեզերվուարներում պահվող թթվածինը և ջրածինը միախառնվում են միմյանց և առաջանում է պայթյունավտանգ խառնուրդ, որն էլ պայթում է։

Պայթյունից հետո Կիկանդոնի կյանքը վերագտնում է նախկին անդորրը։ Դոկտոր Օքսը և Իգենն անհետանում են։

Բովանդակություն խմբագրել

Պատմվածքը բաղկացած է տասնյոթ գլուխներից[1].

  • Գլուխ I, որում պատմվում է, որ նույնիսկ լավագույն քարտեզներում անօգուտ է փնտրել Կիկանդոն քաղաքը,
  • Գլուխ II, որում բուրգոմիստր վան Տրիկասը և խորհրդական Նիկլոսը զրուցում են քաղաքային գործերից,
  • Գլուխ III, որում կոմիսար Պասոֆը հայտնվում է այնքան աղմկոտ, որքան և անսպասելի,
  • Գլուխ IV, որում դոկտոր Օքսը երևում է որպես բարձրակարգ ֆիզիոլոգ և խիզախ փորձարար,
  • Գլուխ V, որում բուրգոմիստրը և խորհրդականն այցելում են դոկտոր Օքսին, և ինչ է դրանից հետևում,
  • Գլուխ VI, որտեղ Ֆրանց Նիկլոսը և Սյուզել վան Տրիկասը որոշակի հեռանկարներ են կազմում,
  • Գլուխ VII, որում andante-ն վեր է ածվում allegro-ի, իսկ allegro-ն՝ vivace-ի,
  • Գլուխ VIII, որում հնագույն, հանդիսավոր վալսը վերածվում է խելագար մրրիկի,
  • Գլուխ IX, որում դոկտոր Օքսը և նրա օգնական Իգենը փոխանակում են մի քանի խոսքեր,
  • Գլուխ X, որում պատմվում է այն մասին, թե ինչպես է համաճարակը տիրում քաղաքին, և ինչ է դրանից հետևում,
  • Գլուխ XI, որում կիկանդոնցիներն ընդունում են հերոսական որոշում,
  • Գլուխ XII, որում օգնական Իգենն արտահայտում է ողջամիտ կարծիք, սակայն մերժվում է դոկտոր Օքսի կողմից,
  • Գլուխ XIII, որում մեկ անգամ ևս ապացուցվում է, որ բարձրությունից ավելի հեշտ է վերահսկել մարդկային թուլությունները,
  • Գլուխ XIV, որում գործը հասնում է այնտեղ, որ Կիկանդոնի բնակիչները, ընթերցողները և նույնիսկ հեղինակը պահանջում են հանգուցալուծում,
  • Գլուխ XV, որում անսպասելի տեղի է ունենում հանգուցալուծումը,
  • Գլուխ XVI, որում խելամիտ ընթերցողը տեսնում է, որ չի սխալվել, չնայած հեղինակի բացթողումներին,
  • Գլուխ XVII, որում բացատրվում է դոկտոր Օքսի տեսությունը։

Կերպարներ խմբագրել

  • վան Բիստրոմ` այգեպան
  • Կոլերտ` բանկիր
  • Տիկին Կոլերտ` բանկիրի կինը
  • Սայմոն Կոլերտ` բանկիրի որդին
  • Դոմինիկ Կուստոս` բժիշկ
  • Լենտո
  • Ժոսս Լիֆրինկ` դեղագործ
  • Լոտչե Ժանշու
  • Ժան Միստրոլ` քաղաքային մունետիկ
  • Նիկլոս` քաղաքագլխի խորհրդական
  • Ֆրանց Նիկլոս` նրա որդին
  • Ժան Օրբիդեկ` հրուշակագործ, զորքի հրամանատար
  • Դոկտոր Օքս
  • Միշել Պասոֆ` կոմիսար
  • Սիլվեստր Պալմաիեր` նպարավաճառ
  • Ջերոմ Ռեշ` ակադեմիայի նախագահ
  • Ռուպ` հարկահավաք
  • Անդրե Շուտ` փաստաբան
  • Նորբերթ Սութման
  • Օնորե Սինտակսիս` գլխավոր դատավոր
  • Տատանեմանս` գեղեցկուհի
  • վան Տրիկաս` բուրգոմիստր, մոտ 50 տարեկան
  • Բրիջիտ վան Տրիկաս` նրա կինը, մոտ 60 տարեկան
  • Պելաժի վան Տրիկաս` նրա երկրորդ կինը
  • Սյուզել վան Տրիկաս` նրա դուստրը
  • Գեդեոն Իգեն` Օքսի օգնականը։

Նկարազարդումներ գրքից խմբագրել

Արվեստում խմբագրել

  • 1877 թվականին կոմպոզիտոր Ժակ Օֆենբախը գրել է նույնանուն երգիծական օպերա։
  • 1964 թվականին կոմպոզիտոր Պիեռ Մակս Դյուբուան պատմվածքի հիման վրա ստեղծել է բալետ։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Le Docteur Ox