Դիգենիս Ակրիտաս
«Դիգենիս Ակրիտաս» (հուն․՝ Διγενής Ακρίτας), բյուզանդական էպոս, որ ձևավորվել է իններորդ դարի վերջին և տասներորդ դարի առաջին կեսին, մեզ է հասել էպիկական պոեմի ձևով։ Պոեմում փառաբանվում են Վասիլ Դիգենիս Ակրիտասի («Երկածին սահմանապահի») սխրանքները։
Բովանդակություն
խմբագրել«Դիգենիս Ակրիտաս»-ն սկսվում Է համառոտ նախերգանքով, ուր ասվում է, թե երգվելու են Վասիլ Դիգենիս Ակրիտասի քաջագործությունները, այն հերոսի, որն իրեն ենթարկեց ամբողջ Ասորիքը, Բաբելոնը, Խարսիանոն, գրավեց Հայաստանը, Կապադովկիան, Ամորիոնը, Իկոնիոնը, Անկյուրան և Զմյուռնիան։
Այնուհետև խոսվում Է այն մասին, որ Եդեսիայի (հայոց Ուռհան) ամիրան, որն Անդրոսի և Էսկուբիալի տարբերակներում կոչվում է Մուսուր, իր զորքերի գլուխն անցած արշավանքի է դուրս գալիս Բյուզանդիայի դեմ, հասնում է Հերակլիա (այժմ՝ Էրեդլի), ավերում է Խարսիանոն և հասնում Կապադովկիա, ավարառում այն ու վերադառնում իր երկիրը։ Ավարի մեջ էր նաև մի աղջիկ՝ Իրինա անունով, հայտնի ազնվականների դուստրը։ Առևանգված աղջկա հինգ եղբայրները, տեղի տալով իրենց մոր թախանձանքներին, գնում են ամիրայի մոտ՝ փրկելու իրենց քրոջը։ Ամիրան նրանց առաջարկում է մենամարտել իր հետ. եթե ինքը հաղթող դուրս գա, ապա հինգ եղբայրները կդառնան իր ստրուկները, իսկ եթե պարտվի, ապա նրանց կվերադարձնի իրենց քրոջը։ Ամիրայի հետ մենամարտի է դուրս գալիս ամենակրտսեր եղբայրը՝ Կոստանդինը և հաղթում ամիրային։ Դրանից հետո ամիրան հարցնում է հինգ եղբայրներին, թե ովքեր են նրանք, որ թեմայում են բնակվում։ Երկար բանակցություններից հետո աղջկան սիրահարված ամիրան թողնում է ամեն ինչ, գալիս Կապադովկիա, քրիստոնեություն ընդունում, մկրտությունից հետո ստանում է Հովհաննես անունը, և ամուսնանում աղջկա հետ։ Այդ ամուսնությունից ծնվում է մի որդի, որի անունը դնում են Վասիլ։ Քանի որ նա ծնունդն էր հույն մոր և արաբ հոր, կոչվում է նաև Դիգենիս (երկածին)։ Ամիրան վերադառնում է իր մոր մոտ Ուռհա, համոզում նրան քրիստոնեություն րնդունել։ Այնուհետև նրանք երկուսով գալիս են Կապադովկիա, ուր ամիրան իր մորը մկրտում է։ Սրանից հետո արդեն սկսվում է Դիգենիս Ակրիտասի քաջագործությունների պատմությունը։ Սկզբում Դիգենիսը երեք տարի գրագիտություն է սովորում։ Տասներկու տարեկանում առաջին անգամ հոր հետ գնում է որսի և առանց զենքի խեղդամահ է անում երկու արջ, բռնում է մի եղնիկ և պատառոտում, թրի հարվածով կիսում մի առյուծ։ Դիգենիսն այնուհետև լսում է ստրատեգ Դուկասի դստեր՝ գեղեցկուհի Եվդոկիայի մասին և հանդիպում նրա հետ։ Վերջինս համաձայնում է, որ Դիգենիսը իրեն առևանգի։ Դիգենիսր կռվում է ստրատեգի, նրա որդիների և նրանց զորքերի դեմ, և հաղթող դուրս գալիս։ Դրանից հետո աղջկա ընտանիքը համաձայնում է Եվդոկիային կնության տալ հերոսին մեծ օժիտով, որից Դիգենիսը հրաժարվում է։ Ամուսնությունից հետո հերոսը իր կնոջ հետ առանձնանում Է սահմանների վրա։ Նա գնում է Եփրատի ափը, ուր և կառուցում է հրաշալի ապարանք։ Էպոսի մեջ մանրամասն նկարագրվում է ապարանքը, նրա զարդաքանդակներր, խճանկարները և այլն։ Որոշ ժամանակ անց նա իմանում է իր հոր մահվան մասին, գնում է Կապադովկիա և վերցնելով հոր աճյունը, բերում իր ապարանքը, ուր և թաղում է նրան։ Այդ ժամանակ է, որ Դիգենիսի մայրր որոշում է բնակվել որդու մոտ։ Դիգենիսի երջանկությունը մի բան է միայն մթագնում, այն, որ երեխա չուներ։ Հոր մահից հինգ տարի անց վախճանվում է նաև Դիգենիսի մայրը։ Վիպերգությունն ավարտվում է Դիգենիսի մահվան նկարագրությամբ։ Մի օր լողանալիս նա մրսում է, ծանր հիվանդանում և մահվան մահիճի վրա խնդրում կնոջը, որ իր մահից Հետո անպայման ամուսնանա։ Կինը աղիողորմ լացով նետվում է մահացող Դիգենիսի վրա և երկուսն էլ նույն օրը, նույն ժամին մահանում են։ Այստեղից էլ ստանում է «Երկածին սահմանապահ» անունը։
Առնչությունը հայերի հետ
խմբագրել«Դիգենիս Ակրիտաս»-ում հիշված են հայազգի առասպելական ու պատմական անձինք՝ Անգիլաս (Տորք Անգեղ֊յա), Ապոխալպ (Ապուքապ), Մայակես (Հմայակ), Մուսելես (Մուշեղ), Մելեմենծիս (Մլեհ Մեծ), պավլիկյան նշանավոր գործիչներ Կարբեասն ու Խրիսոքիրը (պոեմում՝ Կարոես և Խրիսոխերպոս)։ Ելնելով այն հանգամանքից, որ Ուռհայի ամիրա Մասուրի հայրը հիշյալ Խրիսոխերպոսն է, քեռին՝ Կարոեսը, իսկ մայրը՝ Սպաթիան, այսինքն՝ արաբների հետ որևէ առնչություն չունեցող պատմական անձինք, կարծիք է հայտնվել, որ բյուզանդական էպոսը նկատի ունի ոչ թե Բյուզանդիա անցած արաբների, այլ Վասիլ Ա-ի (867—886 թվականներ) կոտորածների ժամանակ Տիվրիկից ու պավլիկյան շրջաններից խալիֆայություն փախած, իսկ հետագայում՝ Լևոն Զ-ի օրոք (886—912 թվականներ) Բյուզանդիա վերադարձած պավլիկյաններին ու նրանց հետնորդներին։ Էպոսը սնող երկու աղբյուրներն էլ՝ պավլիկյաններն ու փոքրասիական ավագանին, մեծ մասամբ առնչվում են հայերի հետ։
Մինչև օրս հայտնաբերվել են «Դիգենիս Ակրիտաս»-ի հինգ չափածո և մեկ արձակ։ Միջնադարում, բյուզանդական էպոսը թարգմանվել է նաև ռուսերեն և մեզ է հասել «Девгениево Деяние» անվան տակ։
Աղբյուրներ
խմբագրել- Բարթիկյան, Հ. Մ. (1963) Բյուզանդական «Դիգենիս Ակրիտաս» վիպերգությունը և նրա նշանակությունը հայագիտության համար. Պատմա-բանասիրական հանդես- http://rbedrosian.com/Byz/Bartikyan_1963_PBH.pdf
Գրականություն
խմբագրել- Сыркин А» Я․, Поэма о Дигенисе Акрите, М․, 1964;
- Бартикян Р․ М․, Заметки о византийском эпосе о Дигенисе Акрите, «Византийский временник», 1964, т․ 25;
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 377)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիգենիս Ակրիտաս» հոդվածին։ |