Դամասկոսի հայոց թեմ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Դամասկոսի հայոց թեմ[1] Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Մերձավոր Արևելքի տարածքում գտնվող, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող երկու թեմերից (Իրաքի հայոց թեմի հետ միասին) մեկը, որը ներկայացնում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի առաքելական հայության հոգևոր կյանքը։ Առաջնորդանիստը՝ Դամասկոսի սուրբ Սարգիս եկեղեցի։ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան։

սուրբ Սարգիս եկեղեցի, Դամասկոս

Պատմություն խմբագրել

Թեմը կազմավորվել է 15-րդ դարի կեսին Երուսաղեմի հայոց պատրիարքության կողմից և գործել նրա ենթակայության ներքո։ 1632 թվականին Երուսաղեմի հայոց պատրիարք Գրիգոր Գանձակեցին (Պարոնտեր) այցելել է Դամասկոս, նորոգել 15-րդ դարի կեսին կառուցված սուրբ Սարգիս եկեղեցին, նրան կից օթևաններ կառուցել Երուսաղեմ գնացող ուխտավորների համար։ 1720 թվականին Երուսաղեմի հայոց պատրիարք Գրիգոր Շիրվանցին (Շղթայակիր) եղել է Դամասկոսում, վերանորոգել Սուրբ Սարգիս եկեղեցին, վճարել նրա պարտքերը։ 1860 թվականին եկեղեցին հրդեհվել է։ Նրա տեղում 1867 թվականին, թեմի առաջնորդ Բառնաբաս վարդապետ Տեր-Հովհաննիսյանի (Գանձակեցի) ջանքերով կառուցվել է նոր` ներկայիս առաջնորդանիստ եկեղեցին։ 1906 թվականին կառուցվել է առաջնորդարանի երկհարկանի շենքը։

Օսմանյան կայսրությունից Սիրիայի անկախացումից հետո անգամ՝ մինչև 1929 թվականը Դամասկոսի թեմը պատկանել է Երուսաղեմի հայոց պատրիարքությանը։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության վերակազմավորման համար (հայոց ցեղասպանությունից և 1921 թվականին Կիլիկիայի հայաթափումից հետո նրա ենթակայության տակ էր մնացել միայն Հալեպի թեմը) 1929 թվականին, Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի օրհնությամբ, Երուսաղեմի հայոց պատրիարքությունը Բեյրութի (Լիբանան) և Կիպրոսի թեմերի հետ Կիլիկիո աթոռին է փոխանցել նաև Դամասկոսի թեմը։ Առաջնորդներ են եղել Խադ արքեպիսկոպոս Աջապահյանը (1932-37), Եփրեմ արքեպիսկոպոս Ասիլյանը (Տոհմունի, 1937-46), Ռուբեն արքեպիսկոպոս Մանասյանը (1946-48), Շավարշ եպիսկոպոս Գույումճյանը (1949-56)։

 
Սահակյան վարժարան

1956 թվականին թեմը չի ճանաչել Զարեհ եպիսկոպոս Փայասլյանի կաթողիկոսական ընտրությունը, հրաժարվել է ենթարկվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը և միացել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին։ 1956-69 թվականներին թեմն առաջնորդ չի ունեցել։ Այնուհետև թեմի առաջնորդներ են եղել Տարոն վարդապետ Ճերեճյանը (1969-71), Կորյուն եպիսկոպոս Մանուելյանը (1971-72), Ոսկան եպիսկոպոս Գալփակյանը (1973-91)։ 1995 թվականից Դամասկոսի թեմը մինչև 2007 թվականը գործում էր յուրահատուկ կարգավիճակով, ապա վերջնականապես անցել Էջմիածնին[2]։

1990 թվականին կառուցվել է Սուրբ Սարգիս եկեղեցու գավիթը, 1995 թվականին գավթից աջ` Ապրիլյան նահատակների հուշահամալիրը (Մեծ եղեռնի 80-ամյակի առթիվ)։ Դամասկոսի թեմին է ենթարկվում նաև Հոմսի հայ առաքելական համայնքը, որտեղ գործում են Սուրբ Մեսրոպ եկեղեցին և Սահակյան վարժարանը։ Առաջնորդարանին է պատկանում նաև Դամասկոսի սուրբ Թարգմանչաց ճեմարանը (հիմնադրվել է 1898 թվականին)։ Դամասկոսի և շրջակայքի (Հոմս) հայ առաքելական համայնքի կենտրոնը կաթողիկոսական փոխանորդությունն է։ Դամասկոսի թեմի առաջնորդական տեղապահն է եղել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անդամ Գնել արքեպիսկոպոս Ճերեճյանը (1991-2019)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. «ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ԹԵՄԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ 1995-2018 ԹԹ». etchmiadzinlibrary.am. Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» գրադարան.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: