Դալիմիլի ժամանակագրություն

Դալիմիլի ժամանակագրություն (չեխ․՝ Dalimilova kronika), չեխերեն առաջին պատմական ժամանակագրությունը, որ ստեղծվել է 1310-ական թվականներին և ունի վառ արտահայտված հակագերմանական ուղղվածություն[1]։

Դալիմիլի ժամանակագրություն
չեխ․՝ Rýmovaná kronika česká tak řečeného Dalimila
ՀեղինակDalimil? և անանուն
Անվանվել էDalimil?
Տեսակժամանակագրություն
Ժանրժամանակագրություն
Թեմաhistory of Bohemia?
Բնօրինակ լեզուչեխերեն
Կերպար(ներ)Šárka?
Ստեղծման տարեթիվ1310
 Chronik Dalimil Վիքիպահեստում

Հեղինակ խմբագրել

Ժամանակագրության հեղինակը ոմն Դալիմիլ է (մահացել է 1315 թվականից հետո), ում մասին ոչինչ հայտնի չէ։ Նախաբանում նա հայտնում է, որ իր ժամանակագրությունը կազմելիս որպես տեղեկությունների հիմնական աղբյուր է ծառայել Բոլեսլավից բերված մի ձեռագիր, որը, ամենայն հավանականությամբ, Կոզմա Պրահացու, «Չեխական ժամանակագրության» ցանկն է, որը չի պահպանվել։ 16-րդ դարի չեխ պատմագիր Վացլավ Գայեկը ենթադրել է, թե ժամանակագրության հեղինակն է Դալիմիլ Մեզիրժիցկին, ով կանոնիկոս էր Ստարա Բոլեսլավից (այս ենթադրությունը հետագայում չի հաստատվել)։ 17-րդ դարում Տոմաշ Պեշինան գիտական շրջանառության մեջ է դնում «Դալիմիլի ժամանակագրություն» անվանումը, որն էլ օգտագործվում է մինչ օրս։ Քանի որ ժամանակագրության հեղինակը լավ է տիրապետել չեխերենին, գերմաներենին ու լատիներենին, սակայն այնքան էլ ծանոթ չի եղել աստվածաբանությանը, ենթադրվում է, որ նա եղել է, ամենայն հավանականությամբ, պալատական կամ հոգևոր ցածր դասի ներկայացուցիչ։

Ժամանակագրություն խմբագրել

Ժամանակագրությունը հանգավորված է և բաժանված է 106 գլուխների։ Առաջին գլուխն սկսվում է Բաբելոնյան աշտարակի շինարարությունից, այնուհետև անցնում է Չեխիայի պատմությանը՝ սկսած նրա առասպելական տիրակալներից, և հասնում մինչև 1314 թվականը։ Դրան հետագայում ավելացվել է 1315 և 1316 թվականների պատմությունը։ Կոզմա Պրահացու «Չեխական ժամանակագրությունից» բացի Դալիմիլի ժամանակագրության համար որպես աղբյուր են ծառայել նաև սրբերի վարքերն ու չեխական լեգենդները։

Դալիմիլի ժամանակագրությունը գրվել է Չեխիայում Յան Լյուքսեմբուրգցու թագավորության տարիներին, և դրա մեջ իր արտացոլումն է գտել պալատականների տրամադրվածությունը օտարազգի թագավորի դեմ։ Հեղինակը հանդես է գալիս հայրենասիրական տեսանկյունից և արտահայտվում է իր երկրում օտար ավանդույթների, հագուստի ու նորաձևության ներմուծման դեմ։ Դալիմիլի ժամանակագրությունը չեխական գրականության վաղ շրջանի ամենահայտնի ստեղծագործություններից է։

Պահպանվել են Դալիմիլի ժամանակագրության ամբողջական ու կիսատ բազմաթիվ ձեռագիր տարբերակներ, իսկ 1620 թվականից հետո այն բազմիցս հրատարակվել է։ Չեխերեն բնագրից բացի՝ գոյություն ունեն նաև միջնադարյան երկու թարգմանություններ գերմաներեն, որոնցից մեկն արձակ է։ 2005 թվականին Փարիզի աճուրդներից մեկում ներկայացվել է ժամանակագրության՝ մինչ այդ անհայտ լատիներեն տարբերակ՝ հարուստ նկարազարդումներով։ Այդ օրինակը, որ կոչվել է «Փարիզյան ձեռագիր», ստեղծվել է հավանաբար 1330-1340 թվականներին հյուսիսային Իտալիայում։ Այդ ձեռագիրը գնել է Չեխիայի կառավարությունը՝ վճարելով 339 հազար եվրո[2]։

Հրատարակություններ խմբագրել

  • Die alttschechische Reimchronik des sogenannten Dalimil, München : Sagner, 1981, Nachdr. / mit e. Einl. von Jiří Daňhelka
  • J. Daňhelka, K. Hádek, B. Havránek, N. Kvítková (Hg.)։ Staročeská kronika tak řečeného Dalimila: vydání textu a veškerého textového materiálu. 2 Bd., Prag 1988, Academia, ISBN 80-7066-591-2. Bd. 3: Marie Bláhová: Staročeská kronika tak řečeného Dalimila v kontextu středověké historiografie latinského kulturního okruhu a její pramenná hodnota. Historický komentář. Rejstřík. Prag 1995, Academia, ISBN 80-200-0282-0. (Критическое издание).
  • Václav Hanka: Dalimilova Chronika Česká v nejdávnější čtení navrácena. 1849
  • Josef Jireček (Hg.)։ Rýmovaná kronika česká tak rečeného Dalimila. Di tutsch kronik von Behemlant.(Fontes rerum Bohemicarum 3), Prag 1878.
  • Marie Bláhová (Hg.)։ Kronika tak řečeného Dalimila. Prag 1977, Svoboda (Չափածո շարադրանքը ժամանակակից չեխերենով).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://books.google.am/books?id=oh0Hwz9gks0C&pg=PT14
  2. Антон Каймаков (18-03-2005 14:45). «Чехия обрела часть национального достояния. Латинский перевод хроники Далимила будет храниться в чешской Национальной библиотеке». Радио Прага. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.

Գրականություն խմբագրել

  • Tomáš Edel: Příběh johanitského komtura řečeného Dalimil. Kapitola z dějin české politiky. Prag 2000, ISV nakladatelství, ISBN 80-85866-61-7
  • Radko Šťastný: Tajemství jména Dalimil. Melantrich, 1991, ISBN 80-7023-072-X
  • Brom, Vlastimil: Der deutsche Dalimil. Untersuchungen zur gereimten deutschen Übersetzung der alttschechischen Dalimil-Chronik, Brno: Masarykova univerzita 2006; ISBN 80-210-4211-7

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դալիմիլի ժամանակագրություն» հոդվածին։