Ստեպան Ռազինի ապստամբություն
Ստեպան Ռազինի ապստամբություն (ռուս.՝ Восстание Степана Разина), կազակային-գյուղացիական ապստամբություն Ռուսաստանում 1670—1671 թվականներին։ Ուղղված Էր ճորտատիրական կարգերի դեմ։ Տարածվել է Դոնում, Վոլգայի միջին և ստորին ավագանում։ Շարժման պատճառը Պերովի ֆեոդալական շահագործման ուժեղացումն էր, Լեհաստանի (1654—1667) և Շվեդիայի (1656—1658) դեմ երկարամյա պատերազմների ընթացքում բնակչության դրության վատթարացումը։ Ապստամբությանը նախորդել է Վասիլի Ուսի ջոկատների արշավանքը դեպի Տուլա (1666)։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/97/Astrachan2.jpg/220px-Astrachan2.jpg)
Սկզբնական շրջանում շարժումը ուներ ավարառուական բնույթ։ 1667 թվականին Դոնում հավաքված կազակներն ու գյուղացիները Ստեպան Ռազինի գլխավորությամբ շարժվել են Վոլգա, գրավել Յաիցկը, ապա Կասպից ծովով հասել իրանական ափերը և 1669 թվականին հարուստ ավարով վերադարձել Դոն։ Չերկասկամ Ռազինն ընտրվել է կազակական զորքի ղեկավար։ 1670 թվականին մայիսին ապստամբները կրկին արշավեցին դեպի Վոլգա։ Ապստամբությունը, որին միացել են փախած գյուղացիներ ու ստրելեցներ, ընդունել է հակաֆեոդալական բնույթ։
Կառավարությունը զորքեր ուղարկեց ապստամբությունը ճնշելու համար։ Ռազինը գրավեց Ցարիցինը, Աստրախանը, Սարատովը, Սամարան, Սիմբիրսկը, սակայն Սլոբոդյան Ուկրաինայում ապստամբները հաջողության չկարողացան հասնել։ Ապստամբները գրաված վայրերում ստեղծեցին կազակային ինքնավարություն, կազմակերպեցին կալվածատերերի և աստիճանավորների սպանդ։ 1670 թվականի հոկտեմբերի 1-ին Ռազինը Սիմբիրսկի մոտ պարտվեց և նահանջեց Դոն։ 1670 թվականի վերջերին և 1671 թվականի սկզբներին ապստամբները կառավարական մեծաթիվ զորքերի հարվածների տակ աստիճանաբար նահանջեցին։
Անհաջողությունները ոտքի հանեցին ունևոր կազակներին, որոնք հարձակվելով Կագալնիկի վրա (մոտ 1671 թվականի ապրիլի 9-ին)՝ գերեցին Ռազինին և նրա եղբայր Ֆրոլին։ Ապրիլի 25-ին նրանց տեղափոխեցին Մոսկվա և հունիսի 6-ին մահապատժի ենթարկել։ Ապստամբության վերջին օջախը Աստրախանն էր, որն ընկավ նոյեմբերի 27-ին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 129)։ ![]() |