Գերտրուդա Ջեքիլ
Գերտրուդա Ջեքիլ (անգլ.՝ Gertrude Jekyll, նոյեմբերի 29, 1843[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - դեկտեմբերի 8, 1932[1][2][3][…], Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի այգեգործ, լանշաֆտային դիզայներ, գրող և նկարիչ։ Ստեղծել է մոտ 400 այգի Մեծ Բրիտանիայում, Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում[8][9], գրել է նաև մոտ 1000 հոդված և այգեգործության 14 գիրք[10][8]։
Գերտրուդա Ջեքիլ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1843[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | դեկտեմբերի 8, 1932[1][2][3][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | պտղաբան, նկարչուհի, այգեգործ, ոչ գեղարվեստական գրող, բուսաբան, ճարտարապետ, լանդշաֆտային ճարտարապետ, garden designer, լուսանկարիչ և խմբագիր |
Ծնողներ | հայր՝ Edward Joseph Hill Jekyll?[6], մայր՝ Julia Hammersley?[6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Gertrude Jekyll Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԳերտրուդա Ջեքիլը ծնվել է 1843 թվականին Լոնդոնում։ Նա Էդվարդ Ջոզեֆ Ջեքիլի՝ Գրենադերի գվարդիայի պաշտոնաթող կապիտանի և նրա կնոջ՝ բանկի կառավարիչ Չարլզ Համերսլիի աղջկա՝ Ջուլիի յոթ երեխաներից հինգերորդն է։ Ստացել է տնային կրթություն, այդ թվում նաև Ֆրանսիայից և Գերմանիայից դաստիարակչուհիների ղեկավարության ներքո։ Ջեքիլների տանը լինում էին այդ ժամանակների շատ հայտնի մարդիկ՝ Մայքլ Ֆարադեյ, Չարլզ Նյուտոն, Ֆելիքս Մենդելսոն, Օստին Հենրի Լայարդ և ուրիշներ։ Դեռևս մանուկ հասակում Գերտրուդան ուներ իր այգին, որի մասին հոգ էր տանում քրոջ՝ Կարոլինայի հետ[8]։
1861 թվականին Գերտրուդա Ջեքիլը ընդունվել է Քենինգստոնի արվեստի ազգային դպրոց, որտեղ ուրիշ բաներին զուգահեռ ուսումնասիրել է նաև անատոմիա, կենսաբանական նկարազարդում և զարդարանք։ 1865 թվականից նրա նկարները, որոնք գովաբանում էր Ջոն Ռասկինը ցուցադրվել են Գեղարվեստի թագավորական ակադեմիայում և Կին-նկարիչների միության ցուցահանդեսներում[8]։ 1869 թվականին Ջեքիլը ծանոթացել է Ուիլյամ Մորիսի հետ և, չնայած չի միացել Արվեստներ և արհեստներ շարժմանը, խորամուխ է եղել տարբեր տեսակի արվեստների ընդհանրության գաղափարի մեջ[8]։
Հետզհետե Գերտրուդը սկսել է նկարների, ասեղնագործության, ինտերիերի ձևավորման պատվերներ ստանալ, այդ թվում՝ բավականին ծավալուն և բարդ աշխատանքներ։ Բայց նրա գլխավոր հետաքրքրությունը մնացել են Միջերկրածովյան երկրների ճարտարապետությունը, պարտեզները, բույսերը, որտեղ նա առաջին անգամ եղել է 1863-1864 թվականներին՝ այցելելով Թուրքիա, Հունաստան, Հռոդոս։ Ճանապարհորդության ընթացքում նա հավաքել է տեղի բույսերը և ուղարկել Անգլիա, որտեղ ուսումնասիրել է դրանց՝ որպես պարտեզային բույսերի կլիմայավարժեցման հնարավորությունը։ Նրա քույրը՝ Կարոլինան և եղբայրները՝ Վոլտերը և Հերբերտը ևս զբաղվում էին այգեգործությամբ[8]։
1863 թվականից Գերտրուդան հավաքել է Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի վայրի բույսերի հավաքածուներ, նաև զբաղվել է պարտեզային բույսերի բուծմամբ և սելեկցիայով։ Նրա ստեղծած սորտերից շատերը ցուցադրվել են Այգեգործական թագավորական միության ցուցահանդեսներում և արժանացել են մեդալների։ Ընդհանուր առմամբ նա ստացել է միամյա, երկամյա, բազմամյա պարտիզային բույսերի 30 սորտ։ Սակայն դրանցից բոլորը չէ, որ մինչ հիմա գոյություն ունեն, չնայած Ջեքիլը ձգտում էր ապահովել իր ստեղծած սորտերի պահպանումը՝ ուղարկելով նմուշներ տարբեր բուսաբանական այգիներ, այդ թվում՝ Քյուի թագավորական բուսաբանական այգիներ։ 1897 թվականին նա Էլեն Ուիլմոթի հետ դարձել է առաջին կինը, որը ստացել է Վիկտորիա թագուհու պատվավոր մեդալ (Victoria Medal of Honour), որը շնորհվում էր թագավորական այգեգործական ընկերության կողմից[8]։
1875 թվականից Գերտրուդան Ջեքիլը սկսել է The Garden ամսագրում հոդվածներ գրել այգեգործության մասին։ Ամսագրի հիմնադիրը Ուիլյամ Ռոբինսոնն էր, որի հետ նա հետագայում պահպանել է ընկերական և մասնագիտական համաբերություններ ավելի քան 50 տարիների ընթացքում[11]։ 1876 թվականին մահացել է նրա հայրը, և մայրը որոշել է իր և աղջիկների համար տուն կառուցել Սուրեում, որը հայտնի է որպես Մանսթեդ Հաուզ (Munstead House)։ Գերտրուդա Ջեքիլը ստեղծել է այգի, որտեղ կային ծաղիկներ, պերգոլա, ալպինարիա, լեռնավարդի պուրակ, մարգագետիններ, պտղատու ծառեր և մրտավարդի տնկիներ։ Ավելի ուշ՝ 1895 թվականին, Գերտրուդան մոտերքում կառուցել է իր տունը՝ Մանսթեդ Վուդը (Munstead Wood)։ Շատ նշանավոր այգեգործներ և բուսաբաններ այցելում էին Գերտրուդա Ջեքիլի այգի՝ նշելով դրա հիասքանչությունը[8]։
Հետագայում Գերտրուդան սկսել է նաև զբաղվել պատվերով այգիների ձևավորմամբ ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում։ Ընդհանուր առմամբ ստեղծել է 400 այգի[8][9]։ Բացի այդ հրատարակել է 14 գիրք և մի շարք հոդվածներ, որտեղ շարադրել է իր արվեստի սկզբունքները։ Մանսթեդ Վուդում Ջեքիլը ստեղծել է բույսերի բուծարան և ամեն տարի աճեցրել է հազարավոր տնկիներ, ինչպես մասնավոր հաճախորդների, այնպես էլ բուսաբանական այգիների և տարբեր պետական հաստատությունների համար[8]։
Գերտրուդա Ջեքիլը մահացել է 1932 թվականի դեկտեմբերի 8-ին։ Նրա ստեղծած ոչ բոլոր այգիներն են պահպանվել մինչ օրս, բայց որոշները, այդ թվում՝ Մանսթեդեն կան մինչ օրս և հասանելի են այցելությունների համար[8][12]։ Գերտրուդայի պատվին է անվանվել վարդերի Gertrude Jekyl սորտը[13]։
-
Հեստերկոմբ այգի
-
Այգի Լինդիսֆարն ամրոցի մոտերքում]]
-
Այգի Լիթլ Կամբերո կղզու վրա
-
Վարդ 'Gertrude Jekyll'
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Williams R. Jekyll, Gertrude // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T044561
- ↑ 4,0 4,1 4,2 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th Century — Routledge, 2003. — Vol. 1. — P. 655—656. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
- ↑ 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2010.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Kindred Britain
- ↑ Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 Oxford Dictionary of National Biography
- ↑ 9,0 9,1 Jekyll Estate
- ↑ Lynn Van Matre (1989). «In Bloom Again». Chicago Tribune (անգլերեն).
- ↑ «William Robinson». Jekyll Estate (անգլերեն).
- ↑ «Visiting Jekyll Gardens». Jekyll Estate (անգլերեն).
- ↑ David Austin The English Roses. — Hachette UK. — 2017. — P. 132.
Գրականություն
խմբագրել- Richard Bisgrove The Gardens of Gertrude Jekyll. — University of California Press, 2000. — P. 192.
Արտաքին հղումներ
խմբագրել- Michael Tooley. «Jekyll, Gertrude». Oxford Dictionary of National Biography (անգլերեն).
- «The Official Website of the Jekyll Estate» (անգլերեն).
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերտրուդա Ջեքիլ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերտրուդա Ջեքիլ» հոդվածին։ |