Գամլա (Գամալա, եբրայերեն՝ גמלא‎), հին հրեական քաղաք Գոլանի բարձունքների արևմտյան լանջին, Կիներետ կիրճից 18 կմ հյուսիս-արևելք։ Հիմնադրվել է Ք.ա. 81 թվականին՝ Հասմոնեական թագավորության կազմում։ Հրեական պատերազմի ժամանակ եղել է ապստամբների հիմնական պատվարը։ Ք.հ. 67 թվականին մեկ ամիս տևած պաշարումից հետո գրավվել և ոչնչացվել է հռոմեական զորքերի կողմից։

Քաղաք
Գամլա
גמלא
ԵրկիրԻսրայել Իսրայել
Հիմնադրված էմ․թ․ա․ 81 թ.
Այլ անվանումներԳամալա
ԲնակչությունՄինչև 9000 մարդ
Ազգային կազմհրեաներ
Պաշտոնական կայքԿայք
Գամլա (Իսրայել)##
Գամլա (Իսրայել)

Որպես Գամլայի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրներ՝ ծառայում են հին հրեա պատմիչ Հովսեփոս Փլավիոսի գրվածքները և 1970-1990 թվականներին անցկացված հնագիտական պեղումների արդյունքները[1][2]։

Պատմություն խմբագրել

 
Գամլայի տեղադրությունը:

Վաղ բնակավայր խմբագրել

Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ Գամլայի տեղանքը բնակեցված է եղել արդեն վաղ բրոնզե դարում։ Բնակավայրը, հավանաբար, եղել է գյուղատնտեսական բնույթի, քանի որ հնագետները գտել են երկարատև օգտագործման բազմաթիվ հղկված կայծքարե մանգաղներ։ Որոշ գտածոներ նույնիսկ ավելի վաղ՝ պղնձեդարյան են։ Հնագույն շինություններն այնքան դիմացկուն էին, որ հետագայում ՝ Ք. հ. 1-ին դարում ևս օգտագործվել են։ Մոտավորապես Ք.ա. 2700 թվականին բնակավայրը լքված է եղել և վերականգնվել է միայն Սելևկյանների օրոք՝ որպես ռազմական ամրակետ[3][4]։ Գամլան Միշնայում հիշատակվում է Հիսուս Նավինի կողմից գրավված քաղաքների թվում, թեպետ իրականում քաղաքն արդեն լքվել էր մինչ հրեաների գալուստը. հնագետ Դանի Սիոնը ենթադրում է, որ հրեական Գամլայի բնակիչները իրենք են հնագույն պատերի մնացորդները շաղկապել բիբլիական պատմության հետ[5]։

Գամլայի հիմնում խմբագրել

Հրեական համառոտ հանրագիտարանը Գամլայի հիմնադրման տարեթիվ է հիշատակում Ք. ա. 81 թվականը՝ Ալեքսանդր Յաննայի կառավարման ժամանակաշրջանը, երբ Գոլանը միավորվել է Հասմոնեական թագավորությանը։ Քաղաքի անվանումը ծագում է «գամալ» (եբրայերեն՝ גמל‏‎‎‎ ՝ ուղտ) բառից, քանի որ բլուրը, որի վրա գտնվում է քաղաքը, ուղտի սապատ է հիշեցնում[6]։ Մեր թվարկության I դարում նկատվել է հրեական ներկայության ամրապնդում Գոլանում, ինչի մասին վկայում է Գամլայում հասմոնեական դրամների զանգվածային օգտագործումը[7]։

Կան քաղաքի հիմնադրման այլ տարբերակներ։ Հնարավոր է, որ Գամլայի տեղանքում հրեական բնակավայր հիմնել են Բաբելոնից ներգաղթյալները։ Այդ տեսությունը հիմնվում է «Գամլա» անվանման արամեերեն գրվածքի վրա։ Իսահակ Գալը ենթադրում է, որ մակաբայեցիների պայքարը հույների հետ բաբելոնյան հրեաների համար (նրանք այդ ժամանակ բնակություն էին հաստատել նաև Գոլանում, որտեղ դեռ հրեական վերահսկողություն չէր հաստատվել) խթան դարձավ՝ վերադառնալու Իսրայելական երկիր։ Մասնավորապես, Հովսեփոս Փլավիոսի «Հրեական պատերազմներ»-ի առաջին գրքում ասվում է, որ Յաննան սելևկյան արքա Դեմետրիոս Էվքերի դեմ Գալիլեյում պատերազմելու արդյունքում գրավել է Գամլայի բերդը[8][9]։

Քաղաքի կյանք խմբագրել

 
Գամլայի համայնապատկերը

Քաղաքը գտնվել է Գամլա և Դալիոտ առվակների հովիտների միջև գտնվող բլրի վրա։ Այն կառուցվել է բազալտե լեռնաշղթայի ոչ մեծ բլրի վրա և շրջապատված է եղել խոր կիրճերով, ինչը քաղաքին ուժեղ պաշտպանական առավելություն է տվել։ Քաղաք բերող միակ ճանապարհը գալիս էր արևելքից։ Այստեղ մինչև 6 մետր հաստությամբ բազալտե քառակուսի քարերով կառուցվել է վիթխարի պարսպապատ[10]։ Բուն քաղաքը տեղակայված էր հարավային՝ ավելի զառիկող լանջին։ Պարսպի երկայնքով կային քառակուսի աշտարակներ, պարսպի հյուսիսային վերջավորությամբ գտնվող բլրի կատարին կար կլոր աշտարակ, որը պարսպից ավելի վաղ էր կառուցվել (հավանաբար՝ դեռևս Սելևկյանների օրոք) և մինչ ռազմական գործողությունների սկիզբը, ենթադրաբար, եղել է Գամլայի միակ պաշտպանական ամրությունը։ Պարսպի ստորին հատվածում ևս 2 աշտարակներ ՝ «ջրային դարպասները» պահպանել են քաղաքի մուտքը, իսկ պարսպի կենտրոնական մասում գտնվում էին, այսպես կոչված, «երկու աշտարակների դարպասները» , որոնք, ըստ հնագետ Սամուել Ռոկկոյի, քաղաքի պաշտոնական մուտքն էին[6]։

Քաղաքի շինությունները կառուցված են եղել աստիճաններով սանդղավանդակնեով[10]։ Քաղաքի արևմուտքում հայտնաբերվել են հարուստ տներ և արտադրական շենքեր[11]։

Գամլան, որպես Գոլանի մայրաքաղաք, գոյություն է ունեցել մոտ 150 տարի։ Քաղաքը հայտնի է եղել ձիթապտղի բարձրորակ յուղի արտադրությամբ։ Բուռն զարգացում է ապրել Հերովդես Մեծի օրոք։ Հետագայում Գամլան եղել է վիճելի տարածք Հերովդես Անտիպասի և նաբաթեացի արքա Արետա IV-ի միջև[12]։

Պաշտամունքի և կենցաղի բնագավառներում Գամլան եղել է տիպիկ հրեական ավանդապաշտական բնակավայր։ Այսպես, հնագետները հայտնաբերել են հնագույն ժողովարանը և մեծ քանակությամբ ծիսական տարբեր առարկաներ[13]։ Բացի հանրահայտ իրերից, այնպիսին, ինչպիսին են միկվան (ջրի փոքրիկ բաք) և ծիսական ամանեղենը, հայտնաբերվել է մի տարօրինակ ճարտարապետական դետալ։ Երկու տների արանքի նեղ նրբանցքի երկու մուտքերը մասամբ ծածկված էին հետագայում կառուցված որմնասյուներով։ Պրակտիկ ճարտարապետական տեսանկյունից այս որմնասյուները ոչ մի գործառույթ չէին կատարում, որտեղից հետևություն է արվում, որ դրանք ունեցել են ծիսական նշանակություն. դրանք հանդիսանում էին էրուվի (տարբեր մարդկանց ունեցվածքների ծիսական միավորում ընդհանուր օգտագործման նպատակով, որը հնարավորություն էր տալիս շաբաթ օրը իրերը մի շենքից մյուսը տեղափոխել) խորհրդանիշը։ Ի տարբերություն մի շարք այլ վայրերի, Գամլայում չի հայտնաբերվել հեթանոսկան կուռքերի հետ կապված մարդկանց և կենդանիների պատկերներ[14]։

1-ին հազարամյակի սկզբից, երբ հռոմեացիները նախկին Հուդայի թագավորությունը վերածեցին Հրեաստանի գավառի, Գամլայի գաղթականները անկախության համար պայքարում կարևոր դեր խաղացին։ Մասնավորապես, Հուդա Գալիլեացին Ք. ա. 4 թվականին հակահռոմեական ապստամբություն բարձրացրեց Սեպֆորիսում և սպանվեց ապստամբությունը ճնշելու ժամանակ։ Նրա որդիներ Հակոբը և Սիմոնը հռոմեացիների դեմ պայքարում էին 46 թվականին, երրորդ որդին՝ Մենահեմ բեն Յաիրը սիկարիներ առաջնորդն էր, իսկ ազգականներից Էլազար բեն Յաիրը գլխավորել է Մասադ ամրոցի պաշտպանությունը[2]։

66-71 թվականների հակահռոմեական ապստամբության ժամանակ Գամլան դարձավ ապստամբների հիմնական հենակետերից մեկը։ 67 թվականին Գամլայի գրավումը հռոմեացիների կողմից նկարագրված է Հովսեփոս Փլավիոսի «Հրեական պատերազմ» աշխատության 4-րդ գրքի 1-ին մասում։ Իր իսկ վկայությամբ Հովսեփոսը զբաղվել է Գամլայի պաշտպանության ավելի վաղ ամրապնդմանը, ճանաչել է նրա բնակիչներին, իսկ հռոմեացիների կողմից բնակայրը նվաճվելուց հետո Յոտապատում գերի լինելով՝ հռոմեական ճամբարից հետևել է Գամլայի պաշարմանը[15][16]։ Գամլայի պաշարման մի շարք մանրամասներ Փլավիոսի մոտ ճշմարտանման չեն և հնագիտական հետազոտություններով չեն հաստատվում[17][18]։ Դրա փոխարեն, աշխարհագրական նկարագրությունները նրա մոտ շատ ճիշտ են և թույլ են տալիս նույնականացնել շատ օբյեկտներ և դրանց հետ կապված իրադարձությունները[19]։

Փլավիոսը գրում է, որ Գամլան սկզբնապես լոյալ էր իշխանությունների հանդեպ, բայց ապստամբների՝ ի դեմս ընդդիմադիր Ագրիպպաս II-ի, քաղաք գալով՝ քաղաքացիները միացան ընդդիմությանը[20]։ Ղեկավարումն անցավ հռոմեական օկուպացիային ընդդիմացող մոլեռանդ ապստամբների ձեռքը։

Գամլայի պաշարում խմբագրել

 
Հռոմեական բալիստաների վերականգնում

Քաղաքը առաջին անգամ յոթամսյա պաշարում վերապրեց, որը կազմակերպել էր Հրեաստանի Հերովդես Ագրիպպաս II արքան 66 թվականին[3]։

67 թվականի հոկտեմբերի 12-ին հռոմեական լեգեոնները (V Մակեդոնական, X Նեղուցի պահպանության և XV Ապոլլոնի), ընդհանուր հաշվով մոտ 60 հազար զինվոր՝ Վեսպասիանոսի գլխավորությամբ, սկսեցին քաղաքի երկրորդ պաշարումը[21][22]։ Քաղաքի բնակիչները, նրանց թվում նաև զինված ապստամբները, ըստ Փլավիոսի, ընդամենը 9000 հոգի էին։ Կեննետ Աթկինսոնը այդ թիվը չափազանցված է համարում[17]։ Այդուհանդերձ, Դանի Սիոնը գրում է, որ մինչ պաշարումը Գամլան եղել է քաղաք-ապաստարան, ուր հավաքվել էին ինչպես ապստամբներ՝ ողջ Գալիլեայից, այնպես էլ շրջակա գյուղերի բնակիչներ։ Քաղաքում տեղ քիչ կար, անգամ քաղաքային ժողովարանն էր հարմարեցված փախստականների բնակեցման համար[23]։

Քաղաքի գրավումը սկզբունքային նշանակություն ուներ Վեսպասիանոսի համար։ Գոյություն ունեցող ռազմավարության համաձայն անհրաժեշտ էր գրավել և ճնշել ճանապարհին եղած դիմադրության բոլոր օջախները, որքան էլ որ նրանք մեծ լինեին։ Բացի այդ, հրեաները, թեպետ՝ անհիմն, բայց հնարավոր օգնություն էին ակնկալում Բաբելոնի իրենց հավատակիցներից, ինչպես նաև՝ ռազմական միջամտություն՝ Պարթևական թագավորությունից[24]։ Թեպետ Փլավիոսը, ով ղեկավարում էր Գամլայի պաշտպանությունը, քաղաքը նկարագրում է որպես բերդ-ամրոց, հնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ իրականում պատերը կառուցվել են բեկորներից, դրանց միջև եղած արանքները լցոնվել են՝ պաշտպանական մեկ հոծ գիծ ստանալու համար[25]։ Որոշ տներ, որոնք խանգարել են շինարարությանը, անգամ քանդվել են[26]։

Հռոմեական սովորական մարտավարության համաձայն՝ եթե քաղաքը չի հանձնվում և հնարավոր չի գրոհով անմիջապես վերցնել, այն շրջափակում են։ Սակայն Գամլայի պաշարման դեպքում շրջափակում չի եղել, ինչպես նաև չի ամրացվել հռոմեական ճամբարի շրջակայքը։ Հռոմեացիները չէին պատրաստվում երկար մնալ Գամլայի տակ և պաշտպաններից հարձակում չէին սպասում[27]։ Ակնհայտ է, որ այդ պատճառով էլ հռոմեական ճամբարից մնացած որևէ տեսակի կայուն ամրություններ Գամլայի շրջակայքում չեն հայտնաբերվել[28]։

 
Ամրոցային պատի ճեղքվածք

Քաղաքը ենթարկվել է քարե գնդակոծության և տաք խծուծներով հարվածների, որոնք նետվում էին հարևան բլուրներից՝ բալլիստներից և կատապուլտներից։ Դրանք գտնվում էին քաղաքի պարիսպներից 300 մետր հեռավորության վրա։ Պաշարումը տևել է 1 ամիս։ Որտեղ, որ տեղի էր ունեցել հիմանական լուրջ բախումները՝ քաղաքի պարիսպները մի քանի տեղից խարխլվել էին[29][17]։ Ամենախոշոր ճեղքվածքի շրջակայքից, որի լայնությունը եղել է 5 մետր, հնագետները թե ներսում, թե դրսում հայտնաբերել են բազմաթիվ քարե գնդակներ և նետասլաքներ, ինչը վկայում է այն մասին, որ քաղաքը պաշարողների և պաշտպանների միջև կատաղի պայքար է տեղի ունեցել[10]։

Գրոհ և անկում խմբագրել

Առաջին գրոհի ժամանակ քաղաքի վրա հարձակված հռոմեական ջոկատը ոչնչացվեց պաշտպանների կողմից, քանի որ հարձակվողները Գամլայի նեղ փողոցներում չկարողացան օգտագործել իրենց թվական գերակշռությունը և հրեաների կողմից գնդակոծվեցին ավելի բարձրադիր վայրերից։ Փլավիոսը գրում է, որ նեղ տարածության մեջ, երբ առջևի շարքը ձգտում էր խուսափել գնդակոծումից, իսկ հետևից եկողները սեղմվելով առաջ էին շարժվում, զինվորները բարձրանում էին տների ցածր տանիքների վրա, իսկ դրանք չէին դիմանում և փլվում էին՝ սպանելով նրանց, ովքեր գտնվում էին դրանց տակ։ Հռոմեական բանակը փախուստի է դիմում։ Մի քանի օր անց հռոմեացիների հաջողվեց ոչնչացնել կլոր աշտարակը[30]։

 
Կլոր աշտարակ (վերականգնում)
  Տասնհինգերորդ լեգեոնից երեք զինվորներ լուսաբացից առաջ կարողացել էին բարձրանալ ճամբարին հանդիպակաց ամենաբարձր աշտարակին և թաքուն ական էին փորել , այդ ընթացքում մոտակայքում գտնվող պահակները չէին նկատել ոչ նրանց մոտենալը (քանի որ դա գիշերով է եղել), ոչ էլ նրանց ներկայությունը աշտարակում։ Զինվորները անաղմուկ տեղաշարժել էին հինգ հսկայական քարեր և արագ «թռել» էին, որից հետո աշտարակը դղրդյունով փլուզվել էր։
- Հովսեփոս Փլավիոս, Հրեական պատերազմ
 

Այս հատվածը սովորաբար համարվում է գեղարվեստական, բայց Դանի Սիոնը գրում է, որ դա լիովին հնարավոր է, որ եղած լինի, քանի որ աշտարակը հիմք չի ունեցել, կառուցված է եղել անմիջապես գետնի վրա և քարերը, իսկապես, հնարավոր էր ջարդելով դուրս հանել[31]։

Հաջորդ օրը, նոյեմբերի 10-ին հռոմեացիները, ճեղքելով քաղաքի պաշտպանությունը, կրկին ներխուժեցին Գամլա[21]։ Կոտորածի արդյունքում սպանվեցին 4000 բնակիչներ, մնացյալը, Փլավիոսի պնդմամբ, որպեսզի չգերեվարվեն, բլրի գագաթից նետվել են անդունդը։

  Ամենուր լսվում էին մեռնողների աղեկտուր ճիչերը, և արյունը, ողողելով ողջ քաղաքը, հոսում էր լանջերով։ Փրկության հույսը կորցրած՝ շատերը (հրեաները) իրենց կանանց և երեխաների հետ նետվում էին խորը կիրճերը… Այսպես ընկավ Գամլան։
- Հովսեփոս Փլավիոս, Հրեական պարերազմ
 

Կենդանի մնացին միայն երկու կին, որոնց հաջողվել էր թաքնվել։ Քաղաքը դադարեց գոյություն ունենալուց և մոռացվեց։ Գամլայի մի քանի պաշտպաններ, որոնց ավելի վաղ հաջողվել էր լքել քաղաքը, միացել էին Հրեական անապատում գործող ապստամբներին[3]։

Դանի Սիոնը՝ նշելով, որ թեպետ ժողովուրդը Գամլայի բնակիչների զանգվածային ինքնասպանություններին հավատով է վերաբերվում, ինքը այդ փաստը կասկածի տակ է առնում։ Ըստ նրա, բլրի վրա միայն մեկ տեղ կա, որտեղից հնարավոր է նետվել դեպի անդունդը, բայց դրան հասնել ժայռերի վրայով դժվար է և ոչ իրական ՝ հազարավոր ծերերի, կանանց և երեխաների համար։ Ինքնին այս տեղը կարող է «տեղավորել» մի քանի տասնյակ, այլ որ թե հազարավոր մարդկանց։ Բացի դա, ի տարբերություն Մասադի պաշտպանների, որոնք բավականին ժամանակ ունեին զանգվածային ինքնասպանությունների «պլան մշակելու», Գամլայի բնակիչների համար թեժ պայքարի կիզակետում այդպիսի հնարավորություն լինել չէր կարող։ Միգուցե բնակիչների մի մասը զոհվել է՝ փորձելով իջնել ներքև, բայց նպատակամղված զանգվածային ինքնասպանություններ, հավանաբար, չեն եղել։ Պատերազմի սարսափներն ընդգծող գեղարվեստական հավելումները բնորոշ են եղել այդ ժամանակաշրջանի հելլենիստական գրականության[18]։ Աթկինսոնը կարծում է, որ զանգվածային ինքնասպանությունների նկարագրությունները, ի լրումն հերոսականության գովերգման, կարող էին հետագա ապստամբությունները անօգուտ լինելու վերաբերյալ նախազգուշացնող գործառույթ պարունակել[32]։

Գնահատականներ խմբագրել

Գամլայի պաշտպանությունը հաճախ համեմատում են Մասադի ամրոցի ավելի հերոսական պատմության հետ, որտեղ պաշտպանները, չցանկանալով հանձնվել հռոմեացիներին, ինքնասպան էին լինում։ Երբեմն Գամլան նույնիսկ անվանվում է «հյուսիսային Մասադ» կամ «Գոլանի Մասադ»։ Սակայն Դանի Սիոնը ընդգծում է, որ Մասադը հենց ամրոց էր՝ սկզբնապես կառուցված որպես ամրություն, որտեղ պատսպարվում էին ապստամբների հարյուրավոր ընտանիքներ և որտեղ ճակատամարտեր, որպես այդպիսիք, չեն եղել։ Իսկ Գամլան քաղաք էր, որտեղ ամրաշինությունը իրականացվում էր միայն ռազմական գործողություններով պայմանավորված և որտեղ մինչ գրավումն ու անկումը ծանր մարտեր են ընթացել[33]։ Գամլայի և Մասադի իրողությունների տարբերությունը նշում են նաև Աթկինսոնը և այլ պատմաբաններ[34]։

Մենահեմ Շտերնը գրում է, որ Գամլայի և հրեական մի շարք այլ քաղաքների հուսահատ պաշտպանությունը ժամանակակիցների վրա ուժեղ տպավորություն է թողել, և այդ պատերազմում հաղթանակը համարվել է հռոմեական Փլավիոսների դինաստիայի կարևորագույն ռազմական ձեռքբերումը[35]։

Որոնում և նույնականացում խմբագրել

Գամլայի ճշգրիտ տեղանքը անհայտ է եղել մինչև 1968 թվականը[13]։ Նրա տեղադրության վերաբերյալ սխալ տարբերակներ առաջ են քաշել մի շարք հետազոտողներ դեռևս 1845 թվականից[36]։ Վարկածները հիմնված էին Հովսեփոս Փլավիոսի «Հրեական պատերազմներ»-ի 4-րդ գրքում Գամլայի տեղանքի նկարագրության վրա[37]։

  Վերջինիս միացել է նաև Գամլան՝ քաղաք, որը ընկած է Տարիխեային հանդիպակաց, լճի մյուս կողմում և միացած է Սոգանային և Սելևկիային (II, 20, 6)՝ Ագրիպպասի սահմանին։ Գամլան և Սոգանան պատկանում էին Գավլանին …  

Խառնաշփոթն էլ ավելի սրեց այն հանգամանքը, որ մինչ 1909 թվականը Տարիխեայի տեղը ևս սխալ էր որոշված։ Ըստ 1845 թվականից մինչև 1870-ական թվականների վերջը գերակշռող վարկածի՝ Գամլան գտնվել է Կալատ ալ- Հուսն շրջանում, որն այժմ համարվում է լճի արևելյան ափին եղած հնագույն Հիպպոս (նույն՝ Սուսիտա քաղաքը) քաղաքի տեղանքը[36]։ Համաձայն այլ վարկածի՝ հարավային ափին գտնվող Բեթ-Յերախ շրջանն էր։ Կոնրադ Ֆյուրերի 1889 թվականին առաջ քաշած ենթադրության համաձայն՝ Գամլան նույնականացվում է Թել ադ-Դրա շրջանի հետ, նույն ինքը՝ Թել ալ-Էհդեբը՝ Ռուկադ գետի հովտում, 15 կմ հարավ-արևելք Գամլայի իրական տեղանքից։ Այնտեղ գտնվել է ասորական Ջամլիե գյուղը[38][39]։

1967 թվականին, վեցօրյա պատերազմի արդյունքում, Գոլանի բարձունքների վերահսկողությունը Իսրայելին անցնելուց հետո այս շրջան են ուղարկվել հնագիտական մի քանի արշավախմբեր, որոնցից մեկը գործել է Իսահակ Գալի ղեկավարությամբ[40][41]։ Այդտեղ հայտնաբերվել է քաղաքի մնացորդները, որոնց նկարագրությունները համընկնում էին Փլավիոսի տեքստերի հետ։ Հին քարտեզներում բարձունքն անվանվում է էս-Սալամ կամ էս-Սանամ («սապատ»)[13][42]։

Հնագիտական հետազոտություններ խմբագրել

 
Գամլայի հնագիտական պեղումների սխեման
 
Գամլայի գիտաշխատող՝ Գութմանը
 
Հնագիտական արշավախումբ Գամլայում

1970-1980-ական թվականներին այստեղ անցկացվել են հնագիտական ինտենսիվ պեղումներ։ Առաջին հետազոտությունը կատարվել է 1970 թվականին, այն հաստատել է Գամլայի հայտնաբերման մասին նախնական ենթադրությունները։ Հնագիտական պեղումները սկսվել են 1976 թվականին[43]։

Գամլան հետազոտողների մեջ առավել հայտնի է իսրայելացի հնագետ Շմարյախու Գութմանը, ով այս թեմայի վրա աշխատել է 14 տարի (1976-1989)[28][40]: Գութմանի մահից հետո նրա գործը 1997-2000 թվականներին շարունակել են Դանի Սիոնը և Ցվի Յաբուրը։ Բարդ ռելիեֆի պատճառով բոլոր աշխատանքները կատարվում էին ձեռքով, առանց որևէ մեքենայի։ Երկրորդ փուլում, բացի բուն հնագիտական հետազոտություններից, այստեղ զբոսաշրջային օբյեկտներ ստեղծելու աշխատանքներ են տարվել՝ ճանապարհաշինարարություն, վերակառուցում, ձևավորում և այլն[44][45]։

Մոտ 45 ակր ընդհանուր մակերեսից, որ զբաղեցրել է քաղաքը, հնագետները հետազոտել են միայն երկու փոքր տարածքներ բնակավայրի արևմուտքում և արևելքում[46], ընդհանուր տարածքի մոտ 5 %-ը[16][47]։

Հետազոտողների կողմից այդպես էլ չբացահայտված հանելուկներից մեկը քաղաքի ավերակներում մարդկային ոսկորների իսպառ բացակայությունն է, այն էլ այն դեպքում, երբ կասկած չկա բնակիչների և հռոմեական լեգեոներների զանգվածային մահերի վերաբերյալ։ Դանի Սիոնը ենթադրում է, որ հռոմեացիները որոշ հրեաների թույլ են տվել ժամանակավորապես վերադառնալ Գամլա՝ մեռյալներին թաղելու համար, իսկ իրենց սեփական զինվորներին նրանք քսուքապատել են, ինչը այն ժամանակների համար համարվում է ստանդարտ գործելակերպ։ Վերջիններիս գերեզմանները դեռ չեն գտնվել, բայց այլ վայրերում հայտնաբերված նմանօրինակները թույլ են տալիս այսպիսի ենթադրություններ անելու[48]։

Հնագիտական գտածոներ խմբագրել

Գամլայի հնագիտական գտածոները պատմաբաններին Երկրորդ Տաճարի ժամանակաշրջանի հրեական կյանքի ուսումնասիրության եզակի հնարավորություն տվեցին[49]։ Մասնավորապես, ուսումնասիրությունները ապացուցում են, որ թեպետ Գոլանի ակտիվ զարգացումը սկսել է Ալեքսանդր Յաննայի օրոք, բայց հրեաները այստեղ սկսել են հաստատվել ավելի վաղ, առնվազն Ք. ա. 2-րդ դարում, ինչի մասին վկայում են այստեղ գտնված՝ Գիրկան I-ի կառավարման շրջանին վերաբերող մեծ քանակությամբ դրամները[50]։

 
Քարե գնդիկներ
 
Նետի ծայրակալներ

Բացի դրամներից, Գամլայում գտնվել են մեծ քանակությամբ զենքեր, Երկրորդ Տաճարի ժամանակաշրջանի ժողովարան, տարբեր ծիսական առարկաներ (օրինակ՝նավթի լամպեր և մոմակալներ), կենցաղային բազմաթիվ առարկաներ և զարդեր։ Քաղաքում նաև հայտնաբերվել են յուղի պահոցներ, 4 միկվաներ և ծաղկավոր սվաղով մեծ շինությունների մնացորդներ[13]։

Գամլայի հնագիտական հիմնական գտածոները գտնվում են Կացրին քաղաքի Գոլանի հնությունների թանգարանում։

Զենքեր խմբագրել

Հնագետների կարևոր հաջողություններից մեկը մեծ քանակությամբ հնագույն զենքերի հայտնաբերումն է[28]։ Գամլայում պեղված քարեգնդիկների և նետասլաքների քանակը ռեկորդային է Հռոմեական կայսրության ողջ տարածքի գտածոների մեջ։ Մասնավորապես, հավաքվել է մոտ 2000 բազալտե գնդիկներ, 1600 մետաղական նետասլաքներ, հռոմեական սաղավարտների բեկորներ, զենք ու զրահ, վահաններ և շատ այլ զենք ու զինամթերքներ[51][52][53]։

Մետաղադրամներ խմբագրել

Գամլայում հայտնաբերվել են նաև 6314 հնագույն մետաղադրամներ, այդ թվում՝ իրենց իսկ կողմից հատված եզակի մետաղադրամներ։ Դրանց մեծ մասը (6164) գտնվել են Գութմանի ղեկավարած պեղումների 14 սեզոնների ժամանակ (1976-1989), 24-ը ՝ 1990-1991 թվականների կոնսերվացիոն և վերականգնողական աշխատանքների ժամանակ , իսկ մնացած 126-ը՝ 1997-2000 թվականներին Դանի Սիոնի և Ցվի Յաբուրի կողմից իրականացված պեղումների 4 սեզոնների ժամանակ։ Գամլայի ևս 153 մետաղադրամներ ավելի ուշ «գտել են» Սասա կիբուցում[54]։

 
Գամալական մետաղադրամներ

Հայտնաբերված մետաղադրամներ՝

Ժամանակաշրջան Քանակ Տոկոս
Հասմոնեյներ 3964 62,8 %
Փյունիկյան քաղաքներ 928 14,7 %
Սելևկյաններ 610 9,7 %
Անհայտ 419 6,6 %
Հերովդական 304 4,8 %
Այլ 89 1,4 %

Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է ապստամբական ժամանակների գամլայան մետաղադրամների 9 նմուշներ։ Դրանցից 7-ը հայտնաբերվել են հենց Գամլայում, մեկը՝ Ալեքսանդրիոնում, իսկ մեկը (ենթադրաբար՝ առևանգված)՝ կոլեկցիոների մոտ։ Ալեքսանդրիոնում գտնված գամլայան մետաղադրամը վկայում է Գալիլեայի հետ ապստամբների շփումների մասին։ Պատմաբանները, հատկապես Դանի Սիոնը, Յակոբ Մեշորերը և Դավիդ Էյդլինը ակտիվ քննարկել են Երուսաղեմից դուրս ապստամբական կառավարության կողմից դրամների հատման փաստը։ Ինչպես գրում է Եվգենի Վալլենբերգը, այս փաստը «ամենալայն հորիզոններն են բացում ապստամբության սոցիալ-տնտեսական պատմությունն ուսումնասիրող պատմաբանների համար, զելոտների կուսակցության՝ որպես անկախ և ինքնուրույն քաղաքական սուբյեկտի հետազոտության համար»։ Հետազոտողները առանձնակի նշում են մետաղադրամների վրա եղած գրվածքները, որոնք արված են եղել ցածրորակ արհեստավորների կողմից՝ հին եբրայերեն և արամեերեն խառը տառերով. մետաղադրամի մի կողմում գրված է «Ազատության», մյուս կողմում՝ « Սուրբ Երուսաղեմին»[55]։

Շմարյախու Գութմանը գրել է՝

  Ես չէի հասկանում, թե ինչ շարժառիթներ են ունեցել բերդի պաշտպանները, քանի դեռ պաշարված քաղաքում մենք չգտանք մի մետաղադրամ, որի վրա գրված էր `« Ազատություն Սուրբ Երուսաղեմին»։ Քաղաքի պաշտպանները հավատացել են, որ թշնամուն Գոլանում կանգնեցնելով՝ նրանք կփրկեն Հավերժական քաղաքը։ Նվաճելով Գամլան՝ հռոմեացիները շարժվեցին դեպի Երուսաղեմ, և 3 տարվա պաշարումից հետո Հավերժական քաղաքը ընկավ[56][57]։  

Դանի Սիոնը գտնում է, որ մետաղադրամները ազատության համար մղվող պայքարի գաղափարի քարոզչության գործում կարևոր գաղափարական գործառույթ են կրել իրենց մեջ։

Հին ժողովարան խմբագրել

 
Հին ժողովարանը

Քաղաքի արևելյան հատվածում հնագետները պեղել են Գամլայի քաղաքային ժողովարանի փլատակները. այն կից է եղել ամրոցի արտաքին պատին։ Այն ուղղանկյան ձև է ունեցել (25,5 մ՝ 17 մետրի վրա)։ Պատերի երկայնքով տեղադրված են եղել քարե նստարանների 4 շարք, դահլիճի կենտրոնի հենասյուները պահել են տանիքը։ Դահլիճի նամնօրինակ հատակագիծը բնորոշ է եղել Գալիլեայի ժողովարաններին[46]։ Բակի լայն աստիճանները տանում էին դեպի ներքև՝ դեպի միկվան[10]։ Չնայած ժողովարանների մեծ մասը կառուցվել են՝ դռները դեպի Երուսաղեմ, Գամլայում ժողովարանի դուռը բացվում էր դեպի հարավ-արևելք, հավանաբար տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով[21]։

Ինքն իրենով՝ ժողովարանը, որը գործել է մինչև Երկրորդ տաճարի կործանումը (70 թվական), կարևոր փաստարկ է հանդիսանում պատմաբանների՝ ժողովարանի ավելի վաղ ժամանակաշրջանում կառուցվելու հարցի շուրջ բանավեճերում[58]։ Նախկինում ենթադրվում էր, որ այն կառուցվել է Ք. ա. 1-ին դարում և համարվում է Իսրայելի տարածաշրջանի ամենահին ժողովարանը[59][40]։ Սթիվեն Ֆայնը կարծում է, որ այն կառուցվել է Ք. ա. 40 թվականից հետո[60]։ Այս թվագրությունները 2012 թվականին վիճարկեց Ուրի Ցվի Մաոզը. նա կարծում է, որ ժողովարանը կառուցվել է 50 թվականին մոտ։ Ըստ նրա, միկվան ստեղծվել է 67 թվականին, իսկ ավելի վաղ՝ դա եղել է պարզապես ջրի տակառ[61]։ Վերակառուցման շրջանակներում գիտնականները ստեղծել են գամլայան ժողովարանի եռաչափ մոդելը[45][62]։

Գամլան 2000-ական թվականներին խմբագրել

2003 թվականին հնագույն քաղաքի տարածքը ներառնվել է նույնանուն խոշոր արգելոցի կազմի մեջ, այն բաց է զբոսաշրջիկների համար։ բացի հնագույն քաղաքից, արգելոցի տեղանքում գտնվում է արծիվների թռիչքին հատևող կայանը, Իսրայելի ամենաբարձր ջրվեժը, բյուզանդական բնակավայրերի ավերակները և բազմաթիվ նեոլիթյան դոլմեններ[63]։

Մեր օրերում գամլայան ժողովարանի տարածքում հավատացյալ այցելուները երբեմն բար-միցվաներ են անցկացնում[46][64]։ 2010 թվականի մայիսին հին քաղաքի ավերակները տուժել են անտառային խոշոր հրդեհից, որը առաջացել էր զորավարժությունների ժամանակ արձակված արկի պայթյունից[65]։

Իսրայելում գործածվում է «Գամլան երկրորդ անգամ չի կործանվում» թևավոր արտահայտությունը, որի իմաստը նրանում է, որ Գոլանի բարձունքների վերահսկողությունը Իսրայելի անվտանգության համար ստրատեգիական նշանակություն ունի։ Մասնավորապես, այս արտահայտությունը կիրառել է Լիկուդ կուսակցության առաջնորդ Բենյամին Նեթանյահուն 2009 թվականի ընտրություններում ՝ առաջ մղելով այն գաղափարը, որ Գոլանը Սիրիային հանձնել չի կարելի[66][67]։

Գրականության մեջ խմբագրել

Գամլան հիշատակվում է Բուլգակովի «Վարպետը և մարգարիտան» վեպում որպես Յեշուա Հա-Նոցրիի հայրենի քաղաք, երբ Պիղատոս Պոնտացին հարցնում է նրան[68]

  — Որտեղի՞ց ես դու ծնունդով։

— Գամլա քաղաքից, — պատասխանեց ձերբակալվածը՝ գլխով ցույց տալով, որ այնտեղ՝ ինչ-որ տեղ հեռվում, իրենից աջ, հյուսիսում գտնվում է Գամալա քաղաքը։

 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Atkinson, 2007, էջ 349
  2. 2,0 2,1 Mark A. Chancey. The Myth of a Gentile Galilee: The Population of Galilee and New Testament Studies. — Cambridge: Cambridge University Press, 2004. — P. 129-130. — 248 p. — ISBN 978-0521609487
  3. 3,0 3,1 3,2 רן שפירא. (18 בינואר 2006). «חוקרים מנפצים את מיתוס גמלא» (եբրայերեն). Walla Communications Ltd. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  4. Syon, 2002, էջ 150
  5. דני שיאון וצבי יבור. «תקופת הברונזה הקדומה» (եբրայերեն). Управление древностей Израиля. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին. {{cite web}}: Text "רשות העתיקות" ignored (օգնություն)
  6. 6,0 6,1 Rocca, 2008, էջ 40
  7. Syon, 2004, էջ 103
  8. דני שיאון וצבי יבור. «התקופה ההלניסטית» (եբրայերեն). Управление древностей Израиля. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին. {{cite web}}: Text "רשות העתיקות" ignored (օգնություն)
  9. Иосиф Флавий. Иудейская война. Книга первая
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Gamala: Jewish City on the Golan» (անգլերեն). Министерство иностранных дел Израиля. 1998 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին. {{cite web}}: Text "Ministry of Foreign Affairs" ignored (օգնություն)
  11. דני שיאון וצבי יבור. «'אזור התעשייה' (הרובע המערבי)» (եբրայերեն). Управление древностей Израиля. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 16-ին. {{cite web}}: Text "רשות העתיקות" ignored (օգնություն)
  12. R. Seligsohn & R. Krauss. Gamala(անգլ.) // Jewish Encyclopedia. — 1906.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Syon, 2002, էջ 135
  14. דני שיאון וצבי יבור. «העיר היהודית» (եբրայերեն). Управление древностей Израиля. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին. {{cite web}}: Text "רשות העתיקות" ignored (օգնություն)
  15. Atkinson, 2007, էջ 358
  16. 16,0 16,1 Syon, 2002, էջ 135-136
  17. 17,0 17,1 17,2 Atkinson, 2007, էջ 362
  18. 18,0 18,1 Syon, 2002, էջ 149-151
  19. Aviam, 2007, էջ 380-383
  20. Atkinson, 2007, էջ 358-359
  21. 21,0 21,1 21,2 David E. Aune. «Gamla» (անգլերեն). Университет Нотр-Дам. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին. {{cite web}}: Text "University of Notre Dame" ignored (օգնություն)
  22. Syon, 2002, էջ 141
  23. Syon, 2002, էջ 146
  24. Syon D. ‘City of Refuge’: The Archeological Evidence of the Revolt at Gamla // The First Jewish Revolt: Archaeology, History, and Ideology. Proceedings of the Conference Held at the University of Minnesota and Macalester College. — Routledge, 1999-4-21. — С. 134-153.
  25. Syon, 2002, էջ 137
  26. Aviam, 2007, էջ 374
  27. Atkinson, 2007, էջ 360
  28. 28,0 28,1 28,2 Syon, 2002, էջ 136
  29. Syon, 2002, էջ 136-137
  30. Иосиф Флавий. Иудейская война. Книга 4:1:4—5
  31. Syon, 2002, էջ 139
  32. Atkinson, 2007, էջ 366
  33. Syon, 2002, էջ 149-150
  34. Atkinson, 2007, էջ 360-361
  35. Штерн, Менахем, Մաս II. Период Второго Храма, ISBN 5-93273-050-1։
  36. 36,0 36,1 Syon & Yavor, 2010, էջ 5
  37. Syon & Yavor, 2010, էջ 4
  38. Syon, 2002, էջ 134
  39. «Գ» Արաբերենով հնչում է «Ջ».
  40. 40,0 40,1 40,2 Syon, 2004, էջ 22
  41. Eli Ashkenazi. (Jun.17, 2008). «What are the mysterious stones emerging from Kinneret waters?» (անգլերեն). Га-Арец. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին. {{cite web}}: Text "Haaretz" ignored (օգնություն)
  42. Aviam, 2007, էջ 373
  43. דני שיאון וצבי יבור. — история раскопок«תולדות החפירות» (եբրայերեն). Управление древностей Израиля. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին. {{cite web}}: Text "רשות העתיקות" ignored (օգնություն)
  44. Парнис А. «Гамла – древняя столица Голанских высот». parnis.co.il. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.
  45. 45,0 45,1 Milstein F. (2010 թ․ դեկտեմբեր). «Gamla, A Graphic Reconstruction of the Synagogue» (անգլերեն). Управление древностей Израиля. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին. {{cite web}}: Text "Israel Antiquities Authority" ignored (օգնություն)
  46. 46,0 46,1 46,2 Donald D. Binder. «Gamla» (անգլերեն). Pohick Episcopal Church. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.
  47. Aviam, 2007, էջ 372
  48. Syon, 2002, էջ 151
  49. Syon, 2004, էջ 22-23
  50. Syon, 2004, էջ 100
  51. Syon, 2002, էջ 141-144
  52. Atkinson, 2007, էջ 361
  53. Aviam, 2007, էջ 383
  54. Syon, 2004, էջ 27
  55. Syon, 2004, էջ 56-57
  56. דני שיאון וצבי יבור 'לגאלת ירושלים הקדושה'(եբրայերեն). — Jerusalem: Управление древностей Израиля.
  57. סופר נידח (גיליון מס' 468 6 באוגוסט 2009). «חדשות בן עזר // לקסיקון הספרות העברית החדשה // 2. הקושאן על הגולן». עורך אחראי: יוסף גלרון-גולדשלגר. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
  58. Witherington B. [in անգլերեն]. «The Gamla Synagogue» (անգլերեն). BN Media, LLC. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
  59. Mark A. Chancey. Greco-Roman Culture and the Galilee of Jesus. — Cambridge: Cambridge University Press, 2005. — Т. 134. — P. 94. — 285 p. — (Society for New Testament studies). — ISBN 9781139447980
  60. Steven Fine. Synagogues in the Land of Israel(անգլ.) // Near Eastern Archaeology. — 2003. — P. 449-458. — ISSN 1094-2076. Архивировано из первоисточника 26 Հուլիսի 2014.
  61. Ma'oz, Zvi Uri. Four Notes on the Excavations at Gamala(անգլ.) // Tel Aviv. — Institute of Archaeology of Tel Aviv University, 2012. — Т. 39. — № 2. — С. 230-237. — ISSN 0334-4355. — doi:10.1179/033443512X13424449373623
  62. Leen Ritmeyer. [in անգլերեն] (2008 թ․ օգոստոսի 9). «The Gamla Synagogue» (անգլերեն). Ritmeyer Archaeological Design. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
  63. «Gamla Nature Reserve» (անգլերեն). Israel Nature and Parks Authority. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  64. Schaalje J. Gamla(անգլ.) // Jewish Magazine. — February 2001.
  65. דני ברנר. (28.05.2010). «גמלא נפלה שנית» (եբրայերեն). Israel Hayom. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 21-ին.
  66. «Elections 2009 / Netanyahu: I'll keep the Golan Israeli, Jerusalem undivided» (անգլերեն). Га-Арец. Feb. 08, 2009. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին. {{cite web}}: Text "Haaretz" ignored (օգնություն)
  67. «Netanyahu: Livni will cede Golan» (անգլերեն). The Jerusalem Post. 02/08/2009. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
  68. «Иешуа Га-Ноцри». Булгаковская энциклопедия. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գամլա» հոդվածին։