Գագիկ-Հեթումյան բժշկարան

«Գագիկ-Հեթումյան բժշկարան», հայ միջնադարյան բժշկության հնագույն բժշկարան։ Հեղինակն անհայտ է, ստեղծվել է Անիում, Գագիկ Ա-ի օրոք։ Խմբագրվել է Կիլիկյան Հայաստանում` առաջին անգամ XII դ. վերջին, Ներսես Լամբրոնացու եղբոր` Հեթումի մասնակցությամբ, երկրորդ անգամ՝ 1294-ին Հեթում պատմիչի հրամանով (այստեղից էլ՝ «Գագիկ-Հեթումյան բժշկարան» անվանումը)։ Մեզ են հասել 2 գրչագիր՝ Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարանի № 370 թղթյա ձեռագիրը և Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարանի № 1281 մագաղաթյա մատյանը։ Բժշկարանի մի շարք գլուխներ պահպանվել են նաև Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի № 8382 ժողովածուի մեջ և «Հովհաննես հեքիմի բժշկարանում» (Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանի ձեռագիր № 310)։

Գագիկ-Հեթումյան բժշկարան
Հեղինականհայտ
Տեսակգրական ստեղծագործություն
Թեմաբժշկություն
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվX—XIII դդ.

Բժշկարանը բաղկացած է 3 մասից՝ անիական դպրոցի դեղագիտարանից (35 գլուխ), Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարութեան» համառոտ խմբագրությունից (30 գլուխ) և կիլիկյան դպրոցի անանուն բժշկարանից (91 գլուխ)։ Բժշկարանում նկարագրված են ժողովրդական բժշկության մեջ օգտագործվող պարզ և բարդ դեղանյութերն ու սննդանյութերը, ախտաբանության, մահճաբուժության, բուսաբուժության և սննդաբուժության հարցերը։ Մեծ տեղ է հատկացված ներքին հիվանդությունների նկարագրությանը, ինչպես նաև վերքերի, ուռուցքների, այրվածքների, թունավորումների ախտորոշմանն ու բուժմանը։

Բժշկարանը մեծ դեր է խաղացել հայ բժշկական մատենագիտության զարգացման գործում, նրա հեղինակությանը հաճախ դիմել և ընդարձակ մեջբերումներ են կատարել հայ բժշկապետներ Մխիթար Հերացին, Ամիրդովլաթ Ամասիացին և ուրիշներ։

Գրականություն խմբագրել

  • Վարդանյան Ս. Ա., «Գագիկ-Հեթումյան բժշկարանը» և նրա խմբագրական տարբերակները, «Պատմա-բանասիրական հանդես», 1985, № 2։

Աղբյուր խմբագրել

  • Հայկական համառոտ հանրագիտարան. Հատոր 1, 1990
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։