Բոդիշեյմինգ (անգլերենից body` «մարմին», to shame՝ «ամաչել»), մարդկանց խտրականություն` նրանց մարմնի կառուցվածքի հիման վրա։ Այս երևույթը հիմնականում հիմնված է ընդունված «գեղեցկության չափանիշներին» չհամապատասխանելու, դրանցից ցանկացած տեսակի շեղման վրա: Բոդիշեյմինգի զոհ են դառնում տարբեր տարիքի, ցեղերի, ազգությունների, չափերի, մարմնի կազմվածքի տեր մարդիկ՝ ըստ էության՝ շատերը։ Բոդիշեյմինգի տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ այն հիմնված է բացառապես սուբյեկտիվ կարծիքի վրա: Հիմնականում բոդիշեյմինգի գաղափարների տարածումը կապված է «գեղեցկության ստանդարտների», ԶԼՄ-ների կողմից պարտադրված և նորաձևության արտադրությունից բխող կազմվածքի կոշտ չափանիշներից:

ՁևերԽմբագրել

  • Ֆեթշեյմինգ (անգլերեն fat՝ «ճարպ» կամ «գեր», to shame՝ «ամաչել») կամ ֆեթֆոբիա (անգլերենից fat՝ «ճարպ» կամ «գեր», phobia՝ «վախ»)՝ մարդկանց խտրականություն, որը հիմնված է սուբյեկտիվ կարծիքի վրա, թե նրանք ունեն ավելորդ քաշ, ինչպես նաև ենթադրում է ավելորդ չարաշահումներ անառողջ գիրության համար, որը հանդիսանում է չխնամվածության, ծուլության, չհավասարակշռված դիետայի, շատակերության և շվայտության արդյունք[1]։
  • Սքիննի շեյմինգ (անգլերենից skinny՝ «նիհար» կամ «հյուծված», to shame՝ «ամաչել») կամ սլիմ շեյմինգ (անգլերենից slim՝ «բարեկազմ» կան «նիհար», to shame՝ «ամաչել»)՝ մարդկանց խտրականություն՝ հիմնված սուբյեկտիվ կարծիքի վրա, որ իրենց մարմինը անտեղի կամ անառողջ նիհար, հյուծված տեսք ունի։

ԴրսևորումներԽմբագրել

Համաձայն ANAD-ի (National Association of Anorexia Nervosa and Associated Disorders)՝ բոդիշեյմինգը գլխավորապես 3 հիմնական դրսևորումներ ունի՝

  1. Սեփական մարմնի քննադատությունը՝ գեղեցկության առկա չափանիշներն իր վրա տարածելով,
  2. Այլ մարդկանց մարմնի բաց, սուբյեկտիվ քննադատությունը` գեղեցկության առկա չափանիշները նրանց վրա տարածելով,
  3. Այլ մարդկանց մարմնի թաքնված, սուբյեկտիվ քննադատությունը՝ առկա գեղեցկության չափանիշների հետ համեմատելով[2]։

ՊատմությունԽմբագրել

Չնայած այն հանգամանքին, որ բոդիշեյմինգի խնդիրը սկսել է ակտիվորեն բարձրանալ և քննարկվել միայն 21-րդ դարը, երևույթը շատ ավելի վաղ է հայտնվել և տարբեր ժամանակահատվածներում նոր ձևեր ձեռք բերել: Ողջ պատմության ընթացքում կանանց և տղամարդկանց մարմնի գեղեցկության չափանիշները զգալիորեն փոխվել են և փոփոխվել են նորաձևության ու սոցիալական կարգավիճակի հետ կապված որոշակի սարքերի համաձայն: Գեղեցկության ստանդարտները ուղղակիորեն սահմանում էին այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «կանացիությունը» և «տղամարդկությունը», ինչը նշանակում է, որ որոշակի չափանիշներ էին սահմանում, թե ինչպես պետք է իդեալական կանացի և տղամարդու մարմին լինի: Կանանց մարմնի ամենավաղ հայտնի պատկերներից է «պալեոլիտի Վեներան»՝ նախապատմական արձանիկները, որոնք պատկերում են կանանց, որոնց ընդհանուր նշանը գեր է եղել, խոշոր մարմին։ Մինչև 19-րդ դարի սկիզբը կանացի գեղեցկության իդեալը ավելի փարթամ, ծավալուն մարմին էր՝ հարթ, փափուկ գալարներով։ Այսպիսի մարմինը մի տեսակ «որակական նշան» է և նշանակում է, որ կինը կա՛մ նյութական հարստություն ունի, կա՛մ բերրի է և ի վիճակի է շարունակել տոհմը: Օրինակ՝ Վերածննդի շրջանում այն ​​նշաններից մեկը, որը ցույց է տվել կնոջ հարստությունը, նրա ծավալուն, ուռուցիկ փորն ու ավելի ծավալուն մարմին մասերն էին։ Պատճառն այն է, որ այն ժամանակ, երբ ստորին դասի ներկայացուցիչները պետք է աշխատեին և կատարեին ձեռքի աշխատանք, բարձրագույն դասի ներկայացուցիչները կարող էին իրենց թույլ տալ ամբողջ օրը անցկացնել տանը և չկատարել ծանր աշխատանք, որի պատճառով աշխատող կանայք ավելի բարեկազմ էին, իսկ հարուստ կանայք՝ գեր: Բացի այդ, հասարակության վերին խավերը հնարավորություն ունեին օգտվել բարձրորակ սննդի արտադրանքներից: Ավելին, գեր մարմինը բերրիության հոմանիշն էր։ Վերածննդի դարաշրջանի կանանց տարբերակիչ առանձնահատկությունը փարթամ, փափուկ մարմին է՝ լայն ազդրերով։ Պատճառն այն է, որ այդ հատկանիշները ցույց են տվել, որ կինը բեղմնավոր էր, և պտղաբերությունը այն ժամանակ գեղեցկության և կանացիության որոշիչ գործոններից մեկն էր: Նեղ ազդրերի առկայությունը կամ ավելի մկանային, չոր կամ բարակ մարմնակազմությունը համարվում էր ոչ գրավիչ և նույնիսկ «ոչ ֆեմինային»: Հետևաբար, քննադատությունից և ստիգմատիզացումից խուսափելու, ինչպես նաև գոյություն ունեցող չափանիշներին համապատասխանելու համար կանայք ստիպված են եղել դիմել տարբեր տեսակի խորամանկությունների և մանիպուլյացիաների՝ այնպիսի աննշան և անվտանգ, ինչպիսիք են հագուստի տակ աստառումը, մինչև ավելի տրավմատիկ և առողջության համար վտանգավոր, ինչպիսիք են սեղմիրանները, որոնք ժամանակի ընթացքում հանգեցրին կողոսկրերի ձևախախտման, օրգանիզմում արյան շրջանառության խանգարման, բազմաթիվ ուշագնացությունների և անգամ մահվան։

ՎիճակագրությունԽմբագրել

Հոգեկան առողջության հիմնադրամը (Mental Health Foundation), YouGov-ի տվյալների հավաքագրման և վերլուծության միջազգային ընկերության հետ[3], 2019 թվականի մարտին Միացյալ Թագավորությունում 18 տարեկան 4505 չափահասների շրջանում և 13-19 տարեկան 1118 պատանիների շրջանում նոր առցանց հարցումներ է անցկացրել՝ բոդիշեյմինգի և մարմնի պատկերի (body-image) թեմայով։ Արդյունքները ցույց են տվել, որ՝

  1. Անցյալ տարի յուրաքանչյուր հինգերորդ չափահասն (20%) ամաչում էր իր մարմնի համար, մեծահասակների մի փոքր ավելի քան մեկ երրորդը (34%) ճնշվում էր, իսկ 19%-ը զզվում էր իր մարմնից:
  2. Դեռահասների շրջանում 37%-ը վշտացել, իսկ 31%-ը ամաչել է իր մարմնի կերպարանքից։
  3. Մեծահասակների մի փոքր ավելի քան մեկ երրորդը տեղեկացրել են, որ նրանք երբևէ զգացել են անհանգստություն (34%) կամ դեպրեսիվ վիճակում են եղել (35%) իրենց մարմնի կերպարանքի պատճառով:
  4. Յուրաքանչյուր ութերորդ (13%) մեծահասակ ունեցել է ինքնասպանության մտքեր կամ զգացմունքներ իր մարմնի դժգոհության պատճառով:
  5. Յուրաքանչյուր հինգերորդ մեծահասակ (21%) հաղորդել է, որ գովազդի մեջ ցուցադրվող մարմնի պատկերների պատճառով նա սկսել է անհանգստանալ իր մարմնի պատկերից:
  6. Յուրաքանչյուր հինգերորդ մեծահասակ (22%) և դեռահասների 40%-ը հայտարարել են, որ սոցիալական ցանցերում մարմինների պատկերների պատճառով իրենք սկսել են անհանգստանալ իրենց մարմնի կերպարանքից[4]։

Ազդեցություն առողջության վրաԽմբագրել

Մարմնի ձևի հետ կապված խնդիրների առկայությունը համեմատաբար տարածված դեպք է և ինքնին հոգեկան առողջության խնդիր չէ: Այնուամենայնիվ, դա կարող է լինել ռիսկի գործոն, որը առաջացնում է հոգեկան առողջության որոշակի խնդիրներ: Բոդիշեյմինգի տարբեր դրսևորումները կարող են տարբեր հետևանքներ ունենալ՝ ինքնագնահատականի և ինքնազգացողության հետ կապված խնդիրներից մինչև առողջական լուրջ խնդիրներ, ինչպիսիք են դեպրեսիան, սննդային վարքի խանգարումները, դիսմորֆոֆոբիա:

ՔննադատությունԽմբագրել

Մինչ օրս բոդիշեյմինգի խնդրի հետ ակտիվորեն պայքարումն է բոդիպոզիտիվ ուղղությունը։ Բոդիպոզիտիվը սոցիալական շարժում է, որը հիմնված է այն գաղափարի վրա, որ մարդիկ պետք է ունենան դրական վերաբերմունք իրենց մարմնի պատկերի նկատմամբ, անկախ նրանից, թե ինչպիսի գեղեցկության չափանիշներ է պարտադրում հասարակությունը[5]։ Բոդիշեյմինգի խնդրի հետ բախվում են բոլորովին տարբեր մարդիկ՝ անկախ նրանց զբաղմունքներից՝ լինեն դրանք դպրոցականներ, մարզիկներ, դերասաններ, երաժիշտներ և այլոք։ Այդ իսկ պատճառով, գիտակցելով բոդիշեյմինգի լրջությունը և դրա հետևանքները, շատ մեդիա անհատներ լուսաբանում են այս սուր սոցիալական խնդիրը ԶԼՄ-ներում, որպեսզի դրա կարևորությունը հասցնեն իրենց մեծաթիվ լսարանին։ Օրինակ, «Wonderzine» առցանց աղբյուրի տվյալներով, այսօր առավոտյան ամենօրյա TV-շոուի եթերում ամերիկացի դերասանուհի Էն Հեթուեյը, պատասխանելով հաղորդավարուհի Հոդա Կոտբայի հարցին, բացատրել է, թե ինչու է նախապես հայտարարել իր երկրպագուներին, որ քաշ է ավելացնելու նոր դերի համար։ Էն Հեթուեյն ասել է՝ «Դա մի քիչ տխուր է հնչում, բայց ես պարզապես ուզում եմ վայելել այս ամառը, և ես ուզում եմ բոլորը հասկանան, որ սա իմ մարմինն է, ու ես հիանանում եմ դրանով: Եվ եթե իմ մարմինը տարբերվում է նրանից, թե ինչպես եք տեսել այն, կամ չի համապատասխանում ձեր ակնկալիքներին, ապա դա ձեր խնդիրն է: Սա միայն իմ փորձն է, և ես ինձ հոյակապ եմ զգում»[6]։ Այս բացատրությունը դերասանուհին ստիպված է եղել տալ, որպեսզի խուսափի ֆեթշեյմերների դիտողություններից։ 2016 թվականին «The Huffington Post» ինտերնետ-հրատարակությունը հրապարակել է ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի ակնարկը, որում նա քննադատում է բոդիշեյմինգը և մեղադրում տաբլոիդներին գեղեցկության անիրատեսական ստանդարտների ձևավորման և հեռարձակման, ինչպես նաև կանանց օբյեկտիվացման մեջ: Դերասանուհին նշել է՝ «...Ես մինչ կոկորդս կուշտ եմ նրանից, որ «լրագրության», «առաջին ուղղման» (մամուլի ազատությունը երաշխավորող իրավունքների մասին օրինագծի մի մասը) և «հայտնիների մասին նորությունների» տակ ծաղկում են «իդեալական» սպորտային մարմնի և բոդիշեյմինգի ստանդարտի պարտադրումը: Մենք ինքներս ենք որոշում, թե ինչն է հրաշալի, երբ խոսքը վերաբերում է մեր մարմիններին։ Այդ որոշումը մեզ է պատկանում և միայն մեզ»[7]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել