Բոգատյանովսկի զառիվայր պողոտա

փողոց Դոնի Ռոստովում

Բոգատյանովսկի զառիվայր պողոտա (ռուս.՝ Проспект Богатяновский Спуск), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի պողոտաներից մեկը։

Բոգատյանովսկի զառիվայր պողոտա
«Հարուստ ջրհորը» Բոգատյանովսկի զառիվայր պողոտայում
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն820 մետր

Պատմություն խմբագրել

 
Բոգատյանովսկի զառիվայրը մինչև հեղափոխությունը. աջից` Ռոստովի առևտրային արական ուսումնարանը և Սուրբ Աստվածածին եկեղեցին (այժմ գոյություն չունի)

Ավանդության համաձայն` 1695 թվականին, դեպի Ազով առաջին արշավանքի ժամանակ, Դոն գետի աջ ափի երկայնքով ընթանալիս, Պետրոս I-ը կանգնել է աղբյուրի մոտ և ջուր խմել` այն անվանելով «Հարուստ աղբյուր»[1]։ Այդ ժամանակից ի վեր այս աղբյուրը կոչվում է Բոգատի (Հարուստ), որից էլ առաջացել է Բոտատյանովկա սլոբոդայի անունը, որը հետագայում ձևավորվել է այստեղ։ 1749 թվականին Ելիզավետա Պետրովնա կայսրուհու հրամանով «Հարուստ ջրհոր» կոչվող բնասահմանի դիմաց ստեղծվել է մաքսակետ արտասահմանյան առևտուր իրականացնելու համար։ Հաջորդ տարի Դոնի ափին Հարուստ աղբյուրի դիմաց կառուցվել է նավակայան։ Իսկ 1761 թվականին մաքսակետի մոտ Սուրբ Աննա լուծարված ամրոցի փոխարեն Ստարոչերկասկի մոտակայքում հիմնադրվել է Սուրբ Դիմիտրի Ռոստովցու ամրոցը։ Մինչև 19-րդ դարի կեսերը աղբյուրը բաղկացած էր երեք ջրհորից։ 1865 թվականին Ռոստովի քաղաքային վարչությունը, ինչպես նաև վաճառականներ Տ. Պ. Կուկսան, Ս. Ն. Կոշկինը և Գ. Վ. Դմիտրիևը պայմանագիր են կնքել աղբյուրից ջրամատակարարման համակարգ ստեղծելու մասին[2]։ Նույն թվականի վերջում իրականացվել է առաջին ջրթողը։

1870-ական թվականներին, երբ փակվել են 1835 թվականին լուծարված Ռոստովի ամրոցի հորերը, սկսվել է քաղաքի Մեծ պողոտայի (այժմ` Վորոշիլովի պողոտա) կառուցապատումը։ Մոտավորապես այդ տարիներին քաղաքի հատակագծերում հայտնվել է Բոգատյանովսկի պողոտան։ Շուտով այնտեղ կառուցվել են Ռոստովի առևտրային արական ուսումնարանի շենքը և, այսպես կոչված, «Հրեական հիվանդանոցի» (այժմ` թիվ 4 հիվանդանոց) շենքը։ 19-րդ դարի վերջին հայտնվել են երշիկի և այլ գործարաններ, արհեստանոցներ, էլեկտրական տրամվայի դեպոն։ 1901 թվականից պողոտայով սկսվել է տրամվայի երթևեկությունը։ Առաջին ռուսական հեղափոխության տարիներին Բոգատյանովսկի զառիվայրում տեղի են ունեցել Վլադիկավկազի երկաթուղային արհեստանոցների բանվորների երթերը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, նախապատերազմական հնգամյակների ընթացքում, պողոտայում կառուցվել են վագոնանորոգման գործարանը, անասնաբուժական կլինիկան, ձիարշավարանը։ «Հարուստ աղբյուրի» մոտ հայտնվել են ջրային կայաններ։ Նրա ջուրը, մասնավորապես, ծառայել է «Սպարտակ» լողավազանը լցնելու համար։

 
Սուրբ Աստվածածին տաճարը

Խորհրդային տարիներին պողոտան վերանվանվել է Կիրովի անունով, բայց այնուհետև կրկին ստացել է սկզբնական անունը։ 1988 թվականի օգոստոսին ճարտարապետ Լ. Վոլոշինովայի և արվեստագետ Վ. Չեռնիցինայի շնորհիվ «Հարուստ աղբյուրի» համար կազմվել է անձնագիր, որպես Դոնի Ռոստով քաղաքի հիմնադրման հետ կապված հիշարժան վայր և հիդրոտեխնիկական կառույց-հուշարձան։ 1996 թվականին Կիրովյան շրջանի վարչակազմի աջակցությամբ աղբյուրը վերակառուցվել է ճարտարապետ Բ. Պիվտորակի նախագծով։ Նույն թվականի աշնանը տեղի է ունեցել «Հարուստ աղբյուրի» բացման հանդիսավոր արարողությունը, և նրա վրա փակցվել է հուշատախտակ։

Հետաքրքրական է, որ Բոգատյանովսկի զառիվայրի և Բուլշայա Սադովայա փողոցի խաչմերուկում տեղակայված էր Պոկրովսկի շուկայի հրապարակը, որտեղ 20-րդ դարի սկզբին ճարտարապետ Նիկոլայ Սոկոլովի նախագծով կառուցվել էր Սուրբ Աստվածածին տաճարը։ 1930-ական թվականների վերջին, Սերգեյ Կիրովի հուշարձանի կառուցման և Կիրովի պուրակը հիմնելու պատճառով տաճարը քանդվել է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Начинался ли Ростов-на-Дону с «Богатого колодезя»?». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  2. История ростовского водопровода

Արտաքին հղումներ խմբագրել