Բացել գլխավոր ցանկը

Բիդհյա Դևի Բհանդարի (նեպալ.՝ विद्यादेवी भण्डारी, հունիսի 19, 1961(1961-06-19)[1], Mane Bhanjyang, Bhojpur District, Kosi Zone, Eastern Development Region, Նեպալ), նեպալցի պետական գործիչ, Կոմունիստական կուսակցության (միացյալ մարքսիստ-լենինիստ) անդամ: 1997 թվականի մարտի 25-ից մինչև հոկտեմբերի 5-ը եղել է Նեպալի շրջակա միջավայրի և բնապահպանության հարցերով նախարար, 2009 թվականի մայիսի 25-ից մինչև 2011 թվականի փետրվարի 6-ը՝ Նեպալի պաշտպանության նախարար, 2015 թվականի հոկտեմբերի 29-ից Նեպալի նախագահն է:

Բիդհյա Դևի Բհանդարի
Bidhya Devi Bhandari.jpg
Դրոշ
Նեպալի 2-րդ նախագահ
 հոկտեմբերի 29, 2015
Նախորդող Ռամ Բարան Յադավ
Դրոշ
Նեպալի պաշտպանության նախարար
մայիսի 25, 2009 - փետրվարի 6, 2011
Նախորդող Ռամ Բահադուր Տհապա
Հաջորդող Բիջահյա Կումար Գաչհադար
Դրոշ
Նեպալի շրջակա միջավայրի և բնապահպանության հարցերով նախարար
մարտի 25, 1997 - հոկտեմբերի 5, 1997
 
Կուսակցություն՝ Communist Party of Nepal (Unified Marxist–Leninist)?
Գիտական աստիճան՝ բակալավր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր հունիսի 19, 1961(1961-06-19)[1] (58 տարեկան)
Ծննդավայր Mane Bhanjyang, Bhojpur District, Kosi Zone, Eastern Development Region, Նեպալ
Քաղաքացիություն Flag of Nepal.svg Նեպալ
Ամուսին Madan Kumar Bhandari?
 
Կայք՝ presidentofnepal.gov.np

ԿենսագրությունԽմբագրել

Երիտասարդ տարիներԽմբագրել

Բիդհյա Դևին ծնվել է 1961 թվականի հունիսի 19-ին Նեպալի Բհոջպուր շրջանի Ամբոտե Մանե Բհանջիյանգ գյուղում[2][3][4]: Նա սերում է բրահմաններ Միտհիլայի և Ռամ Բահանդուր Պանդեյի ֆերմերական ընտանիքից: Հայրը եղել է միջնակարգ դպրոցի տնօրեն, պապը՝ Թիլակ Բահադուր Պանդեյը՝ սոցիալական աշխատող և գյուղական համայնքի նախագահ Պանչայատի շրջանումд[4][5][6][7]: Բհանդարին ունի մեկ քույր և երեք եղբայր[4], որոնցից մեկը՝ Գյանենդրա Բահանդուր Կարկին, դարձել է Նեպալի կոնգրեսի ականավոր անդամ[8][9]:

Կրթություն և քաղաքական գործունեության սկիզբԽմբագրել

Մինչ նրա սերնդի աղջիկները հնարավորություն չունեին սովորելու, Բիդհյա Դևին պապի պահանջով ընդունվել է Բեհերեշվարայի տարրական դպրոց, այնուհետև Բիբհիոդայնի միջնակարգ մասնագիտական դպրոց, որն ատեստատով ավարտել է 1979 թվականին: Յոթերորդ դասարանում սովորելիս քաղաքականության մասին նա իմացել է պապի և հորեղբոր՝ Նեպալի ուսանողների միության և Համայն Նեպալի ազգային ազատ ուսանողական միության ակտիվիստ Հանենդրա Պանդեյի խոսակցություններից, որոնք քննարկում էին կոմունիստական ​​ապստամբությունը կալվածատերերի դեմ և Ջհապա շրջանում բոլոր տեսակի անհավասարություններն Արևելյան Հնդկաստանում նակսալիտների պայքարի և Չինաստանում մշակութային հեղափոխության ազդեցության տակ[5]: Դրանից հետո Բիդհյա Դևին սկսել է քաղաքական գործունեությունը ձախակողմյան միջավայրում[2][3], և ութերորդ դասարանում ընդունվել է Ջհապայի ապստամբությունից հետո ստեղծված Կոորդինացիոն կոմիտե՝ սկսելով թռուցիկներ բաժանել կալվածատերերի դեմ, չնայած նրա պապը համարվել է ֆեոդալ, բայց քաղաքական հարաբերություններում նրանից արմատական էր[5]:

1978 թվականին ընդունվել է «Բհոջպուր Կամպուս»՝ հումանիտար գիտությունների կուրս, նույն թվականին Կատմանդուում սկսվել են ուսանողական անհանգստություններ, որը տարածվել է ամբողջ երկրում: Դրանից հետո Բիդհյան ուղարկվել է մայրաքաղաք, որտեղ դարձել է Համայն Նեպալի ազգային ազատ ուսանողական միության անդամ, մի շարք ուղևորություններ կատարել հեռավոր գյուղեր՝ տեղի ակտիվիստների հետ հանդիպելու համար, իսկ այնուհետև ընտրվել է Արևելյան շրջանի նրա կոմիտեի նախագահ, որն զբաղեցրել է 1979 թվականից մինչև 1987 թվականը: 1978 թվականին Բհանդարին միացել է Նեպալի կոմունիստական կուսակցության (մարքսիստ-լենինիստական) Երիտասարդական միության Բհոջպուրի մասնաճյուղին: Բակալավրի աստիճանով ավարտելով Բիրատնագարի «Մահենդրա Մորանգ Կամպուսը», որը կապված է Կատմանդուի Տրիբհուվան համալսարանի հետ՝ ընտրվել է Համայն Նեպալի ազգային ազատ ուսանողական միության գանձապահ, ինչպես նաև սկսել է մասնակցել Նեպալի կոմունիստական կուսակցության քաղկոմի և Համայն Նեպալի կանանց ասոցիացիայի գործունեությանը[3][5][10]: 1980 թվականին Բհանդարին դարձել է Նեպալի կոմունիստական կուսակցության (մարքսիստ-լենինիստական) անդամ[2][3]: Իր բարձր ծագման պատճառով չհանդիպելով գենդերային խտրականության[5]՝ Բհանդարին դարձել է փոքրամասնությունների և կանանց իրավունքների ակտիվ ջատագով Նեպալում առկա ավանդական հասարակության պայմաններում[11][12][13], երբ կանայք հիմնականում զբաղված էին տան կամ ֆերմայի աշխատանքներով[14]:

1979 և 1980 թվականների ընդամենը երկու հանդիպումներից հետո Բիդհյա Դևին սիրահարվել է այլ կաստայի ներկայացուցիչ Մադան Կումար Բհանդարիին և 1982 թվականին ամուսնացել նրա հետ[2][5][15]: Վերցնելով ամուսնու ազգանունը՝ նա դարձել է լավ կին՝ կուսակցական աշխատանքը զոհաբերելով հանուն ընտանիքի[5][16] և ունենալով երկու դուստր՝ Նիշակուսուկ (ծնվել է 1982 թվականի հունիսի 29-ին) և Ուշակիրան (ծնվել է 1986 թվականի օգոստոսի 16-ին)[8]: Պանչայատի համակարգի անկումից և 1990 թվականին բազմակուսակցական դեմոկրատիայի վերականգնումից հետո Նեպալի կոմուսնիստական (մարքսիստ-լենինիստական) և Նեպալի կոմունիստական կուսակցությունները միավորվել են Կոմունիստական կուսակցության (միացյալ մարքսիստ-լենինիստական) մեջ, որի նախագահ է ընտրվել Մադան Բհանդարին, որն առաջ է քաշել «ժողովրդական բազմակուսակցական ժողովրդավարության» հիմնարար կուսակցական սկզբունքը և ժողովրդականացրել կոմունիստական շարժումը[2][5][16]: Այդ ժամանակ էլ Բիդհյա Դևին ընդունվել է Նեպալի կոմունիստական կուսակցություն (միացյալ մարքսիստ-լենինիստական)[10]: Նա 1993 թվականին այրիացել է, երբ Մադանը Դասդհունգում (Չիտվանի շրջան) մահացել է խորհրդավոր ավտովթարի հետևանքով, որը կարող էր լինել բեմականացված սպանություն[2][5][11][12] նախքան Նեպալում միապետության անկումը[15]:

ԿարիերաԽմբագրել

1994 թվականին՝ ամուսնու մահից և Կատմանդու-1 ընտրատարածքից խորհրդարանում տեղ ազատվելուց հետո, Բհանդարին օգտվել է իր քաղաքական կապիտալից և առաջին անգամ հաղթել ընտրություններում՝ ավելի շատ ձայներ հավաքելով, քան նախկին վարչապետ և Նեպալի կոնգրեսի նախագահ Կրիշնա Պրասադ Բհատարաին, բայց ստորին պալատի անդամ է եղել միայն մեկ տարի[3][8][10][16][17]: 1993 թվականից նա եղել է Նեպալի արհմիությունների համընդհանուր ֆեդերացիայի կանանց թևի նախագահ[3], իսկ 1998 թվականին Նեպալի կոմունիստական կուսակցության (ՀՄԼ) 6-րդ համագումարում դարձել է նրա Կենտրոնական կոմիտեի անդամ[2]: Մնալով Բիրատնագարի, Մորանգի շրջանի և Կոսիի բաժանմունքների նախագահ՝ նույն թվականին Բհանդարին ընտրվել է Համայն Նեպալի կանանց ասոցիացիայի նախագահ[5]: 1999 թվականին նա նորից պատգամավոր է ընտրվել Կատմանդու-2 շրջանից՝ հաղթելով Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ և Նեպալի կոնգրեսի առաջնորդ Դամանատ Դհունգանին[2][3][16]:

1997 թվականի մարտի 25-ից մինչև հոկտեմբերի 5-ը Բհանդարին զբաղեցրել է շրջակա միջավայրի և ազգաբնակչության հարցերով նախարարի պաշտոնը և եղել Լոկենդրա Բահադուր Չանդի կոալիցիոն կառավարության միակ կինը՝ այդ պաշտոնին մնալով յոթ ամիս[2][5][10][18][19]:

2003 թվականին Բհանդարին վերընտրվել է ՆԿԿ (ՀՄԼ) Կենտկոմի անդամ[10]: 2006 թվականին մասնակցել է Գյանենդրա թագավորի տիրապետության դեմ բազմաթիվ ցույցերի, որը հանգեցրել է նրա ավտորիտար կառավարման ավարտին, 240-ամյա միապետության վերացմանը և սահմանադրական ժողովրդավարության վերականգնմանը[11][14]: Նույն թվականին Բհանդարին դարձել է ժամանակավոր խորհրդարանի անդամ[2]: Նույն թվականին մի քանի կին պատգամավորների աջակցությամբ ընդունվել է Բհանդարիի ներկայացրած օրինագիծը, համաձայն որի Նեպալի պատմության մեջ առաջին անգամ կանայք խորհրդարանում ստացել են տեղերի 33 % քվոտան, ծնողների ունեցվածքը ժառանգելու իրավունք և երեխայի՝ մոր քաղաքացիությունը ժառանգելու իրավունք[5][16]: 2008 թվականին Նեպալը դարձել է հանրապետություն, որի նախագահ է ընտրվել է Ռամ Բարան Յադավը[15], իսկ Բհանդարին պարտվել է Հիմնադիր ժողովի ընտրություններում Կատմանդու-4 ընտրատարածքում՝ զիջելով Նեպալի կոնգրեսի թեկնածու Սուպրաբհե Գիմիրին[2][3]: 2009 թվականին ՆԿԿ (ՀՄԼ) 8-րդ համագումարում Բհանդարին ընտրվել է կուսակցության երեք փոխնախագահներից մեկը[2][10]:

2009 թվականի մայիսի 25-ից մինչև 2011 թվականի փետրվարի 6-ը Բհանդարին Մադհավ Կումար Նեպալի կառավարությունում զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը[2][3]: Այդ ժամանակահատվածում նա կոնֆլիկտի մեջ է մտել վարչապետի հետ (վարչապետն իր կուսակցությունից էր)՝ դեմ լինելով Նեպալի զինված ուժերում 6500 մաոիստական ​​կոմբատանտների ընդգրկմանը[20][21]: Դրանից հետո Բհանդարին դեմ է արտահայտվել Միացյալ կոմունիստական ​​կուսակցության (մաոիստական, ՆՄԿԿ (Մ)) վարչապետ Բաբուրամ Բհատտարաիի կառավարությանը[22], ինչպես նաև ֆեդերալիզմի անունով մարդկանց ազգային և աշխարհագրական գծերով բաժանելու փորձերին[23]:

2013 թվականին Բհանդարին համամասնական ընտրակարգով ընտրվել է Հիմնադիր ժողով անդամ[2][3]: 2014 թվականին ՆԿԿ (ՀՄԿ) 9-րդ համագումարում նա վերընտրվել է նրա փոխնախագահ, իսկ նախագահ է դարձել նրա հավատարիմ զինակից Կհադգա Պրասադ Շարմա Օլին[2][3]:

Նեպալի պաշտոնի նախագահԽմբագրել

Յոթ տարվա աշխատանքից և 2015-ի սեպտեմբերի 20-ին նոր սահմանադրության ընդունումից հետո, որը Նեպալին դարձրել է աշխարհիկ հանրապետություն, և որի մեջ Բհանդարիի ջանքերի շնորհիվ ապահովվել են դրույթներ կանանց իրավունքների ապահովման համար, ինչպես նաև այն, որ խորհրդարանում տեղերի մեկ երրորդը, նախագահի կամ փոխնախագահի պաշտոնները պետք է զբաղեցնեն կանայք, հրահանգել են նոր ընտրություններ[11][12][24]: Հոկտեմբերի 11-ին Կհադգա Պրասադ Շարմա Օլին ընտրվել է Նեպալի վարչապետ և ստեղծել կոալիցիոն կառավարություն[25][26], իսկ հոկտեմբերի 16-ին Նեպալի խորհրդարանի նախագահ է ընտրվել Օնսարի Գհարտի Մագարը՝ դառնալով առաջին կինն այդ պաշտոնում[27][28]:

Հոկտեմբերի 26-ին Բալուվատարում ՆԿԿ (ՀՄԼ) Մշտական հանձնաժողովի հանդիպման ժամանակ Բհանդարին Նեպալի նախագահի թեկնածու է առաջադրվել խորհրդարանական 14 այլ կուսակցությունների աջակցությամբ, ներառյալ կոալիցիոն գործընկերներ ՆՄԿԿ (Մ) և Ազգային դեմոկրատական ​​կուսակցության[6][8][9][29]: Հոկտեմբերի 29-ի առավոտյան ժամը 5-ին խորհրդարանի նախագահ Օնսարի Գհարտա Մագարը հայտարարել էԲհանդարիի՝ Նեպալի նախագահի պաշտոնում ընտրվելու մասին գաղտնի քվեարկության եղանակով, որն անցկացվել է հոկտեմբերի 28-ի առավոտյան ժամը 11-ից մինչև հոկտեմբերի 29-ի գիշերվա ժամը 2-ը: 601 տեղանոց խորհրդարանի 597 օրենսդիրներից նիստին մասնակցել է 549 պատգամավոր, 48-ը բացակա է եղել, իսկ 8 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Բհանդարիի օգտին քվեարկել է 327 պատգամավոր, ինչը 28 կետով ավելին է, քան 299 ձայնով ընտրվելու շեմը, որի արդյունքում նա հաղթել է Նեպալի կոնգրեսից 214 ձայն հավաքած Կուլ Բահադուր Գուրունգին[3][6][9][17][30][31][32]:

Դրանից հետո Մանե Բհանջիյանգ գյուղի բնակիչները վառած մոմերով հավաքվել են կուսակցության մասնաճյուղի մոտ՝ նշելու Բհանդարիի ընտրվելը[4], իսկ վերջինս ինքնակամ հրաժարական է տվել պառլամենտի անդամի և կուսակցության փոխնախագահի պաշտոններից՝ շնորհակալություն հայտնելով բոլորին աջակցության համար և նշել, որ «ես ընտրվել եմ առաջին կին նախագահ ինչպես ներառական, այնպես էլ համամասնական սկզբունքներով, և մենք իրականացրինք սահմանադրությունը»[31][33][34]: Ընտրվելու առթիվ նրան շնորհավորել են Հնդկաստանի դեսպան Ռանջիտ Ռայը[35] և Չինաստանի դեսպան Վու Չունտայը[36], ինչպես նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Նեդ Պրայսը[37]: Շնորհավորանքներ են ստացվել Հնդկաստանի նախագահ Փրանաբ Կումար Մուխերջիից[38], ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինից[39], Մալդիվների նախագահ Աբդուլլա Յամինից[40], Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից[41]: Վարչապետ Կհադգա Պրասադ Շարմա Օլին ասել է, որ Բհանդարիի ընտրությունը վկայում է քաղաքականության մեջ կանանց դերի կարևորության մասին, ՆՄԿԿ (Մ) նախագահ Պուշպա Քամալ Դահալը՝ որպես կոալիցիայի ներկայացուցիչ, նշել է այդ պահի կարևորությունը բոլոր համայնքների իրավունքների համար սահմանադրական հարգանքի շրջանակներում, իսկ Նեպալի կոնգրեսի նախագահ Սուշիլ Կոիրալան ընտրություններն անվանել է ժողովրդավարական գործընթացի դրսևորում[17]:

Հոկտեմբերի 29-ին Բհանդարին նախագահական երդում է տվել Կատմանդուի «Շիտալ Նիվաս» նստավայրում[42][43]: Դրանից հետո պատվո պահակախմբի ուղեկցությամբ և վարչապետ Կհադգա Պրասադ Շարմա Օլիի, Նեպալի փոխնախագահ Պարմանանդ Ջայի և խորհրդարանի խոսնակ Օնսարի Գհարտիի մասնակցությամբ տեղի է ունեցել լիազորությունների փոխանցման և հեռացող նախագահ Ռամ Բարան Յադավի հրաժեշտի արարողությունը, որն ավարտվել է Նեպալի բանակի թնդանոթային 21-արկանի ողջույնով[44][45]: Այդպիսով՝ 54 տարեկան հասակում Բհանդարին դարձել է երկրորդ նախագահը և գլխավոր գերագույն հրամանատարը, ինչպես նաև առաջին կինը, որն զբաղեցրել է այդ պաշտոնները[11][12][30], չնայած այն հանգամանքին, որ նախագահը հանդիսավոր պաշտոն է, իսկ վարչապետը՝ ազգի առաջնորդը[46]: 2015 թվականի հոկտեմբերի 31-ին երկրորդ փոխնախագահ է ընտրվել Նանդա Կիշոր Պունը[47]:

Անձնական կյանքԽմբագրել

Իր տունն ունի Կատմանդուի Նյու Բանեշվորե շրջանում[44]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Brockhaus Enzyklopädie
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 «Who is Bidya Devi Bhandari?»։ The Himalayan Times։ 28 октября 2015։ Վերցված է 29 октября 2015 
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 «Bidya Devi Bhandari elected first woman President of Nepal»։ The Kathmandu Post։ 28 октября 2015։ Վերցված է 29 октября 2015 
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Bhojpur locals celebrate election of their daughter to post of President»։ The Himalayan Times։ 28 октября 2015։ Վերցված է 29 октября 2015 
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 «Bidhya Bhandari. Profile»։ Women of Nepal։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-24-ին։ Վերցված է 29 октября 2015 
  6. 6,0 6,1 6,2 «Nepal gets first female head of state»։ Setopati։ 28 октября 2015։ Վերցված է 29 октября 2015 
  7. David Gellner, Krishna Hachhethu Local Democracy in South Asia: Microprocesses of Democratization in Nepal and its Neighbours. — AGE Publications India, 2008. — P. 446. — 468 p. — (Governance, Conflict and Civic Action). — ISBN 9788132100164
  8. 8,0 8,1 8,2 8,3 «First female president of Nepal»։ One Click Nepal։ 26 октября 2015։ Վերցված է 29 октября 2015 
  9. 9,0 9,1 9,2 «Bidhya Bhandari becomes the 1st female President of Nepal»։ The State Daily։ 28 октября 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-28-ին։ Վերցված է 29 октября 2015 
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 «Cablegate: Nepal's Cabinet Ministers - Biographic Information»։ Scoop։ 28 июля 2009։ Վերցված է 29 октября 2015 
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 «Nepal gets first woman President»։ The Hindu։ 28 октября 2015։ Վերցված է 29 октября 2015 
  12. 12,0 12,1 12,2 12,3 «Bidhya Devi Bhandari elected Nepal's first female president»։ BBC News։ 29 октября 2015։ Վերցված է 29 октября 2015 
  13. «Президентом Непала впервые стала женщина»։ NEWSru.com։ 28 октября 2015։ Վերցված է 4 ноября 2015 
  14. 14,0 14,1 «Bidhya Devi Bhandari: Communist activist elected Nepal’s first female President»։ The Independent։ 29 октября 2015։ Վերցված է 30 октября 2015 
  15. 15,0 15,1 15,2 «Bidhya Devi Bhandari: Meet Nepal's first woman president»։ International Business Times։ 29 октября։ Վերցված է 30 октября 2015 
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 «The first woman President»։ Nepali Times։ 28 октября 2015։ Վերցված է 29 октября 2015 
  17. 17,0 17,1 17,2 «Bhandari first woman president of Nepal»։ The Himalayan Times։ 29 октября 2015։ Վերցված է 29 октября 2015 
  18. «Cabinet Expansion»։ The Rising Nepal։ 25 марта 1997։ Վերցված է 30 октября 2015 
  19. Nepal Country Study Guide - Strategic Information and Developments. — IBP USA, 2012. — P. 29. — 264 p. — ISBN 9781438775142
  20. «Enemies within»։ Nepali Times։ 22 января 2010։ Վերցված է 29 октября 2015 
  21. «Oli’s rank upgrade boon for party: Bhandari»։ The Kathmandu Post։ 31 декабря 2011։ Վերցված է 29 октября 2015 
  22. «NC, UML in opposition is a bad sign: Bhandari»։ The Kathmandu Post։ 25 октября 2011։ Վերցված է 29 октября 2015 
  23. «Govt will fall in 2-3 weeks: Bhandari»։ The Kathmandu Post։ 26 августа 2013։ Վերցված է 29 октября 2015 
  24. «Nepalese parliament elects first female president»։ The Guardian։ 29 октября 2015։ Վերցված է 30 октября 2015 
  25. «KP Sharma Oli is Nepal’s new Prime Minister»։ The Himalayan Times։ 11 октября 2015։ Վերցված է 29 октября 2015 
  26. «CPN-UML chairman elected as 38th prime minister of Nepal»։ Синьхуа։ 11 октября 2015։ Վերցված է 29 октября 2015 
  27. «Onsari Gharti Magar elected first woman Speaker»։ The Kathmandu Post։ 16 октября 2015։ Վերցված է 30 октября 2015 
  28. «Onsari first woman Speaker in Nepal’s history»։ The Himalayan Times։ 16 октября 2015։ Վերցված է 30 октября 2015 
  29. «Who is Bidya Devi Bhandari? What are the 10 things you need to know about her?»։ India Today։ 28 октября 2015։ Վերցված է 29 октября 2015 
  30. 30,0 30,1 «Bidya Devi Bhandari elected first female President of Nepal»։ The Himalayan Times։ 28 октября 2015։ Վերցված է 29 октября 2015 
  31. 31,0 31,1 «Bhandari is Nepal’s 1st female president»։ The Jakarta Post։ 29 октября 2015։ Վերցված է 30 октября 2015 
  32. «Президентом Непала стала коммунистка»։ КПРФ։ 28 октября 2015։ Վերցված է 4 ноября 2015 
  33. «President Bhandari quits all responsibilities of UML, Parliament»։ The Himalayan Times։ 29 октября 2015։ Վերցված է 29 октября 2015 
  34. «Newly elected Prez Bhandari releases herself of party duties»։ The Kathmandu Post։ 29 октября 2015։ Վերցված է 29 октября 2015 
  35. «Indian envoy Rae congratulates Nepal’s new Prez Bidya Devi Bhandari»։ The Himalayan Times։ 29 октября 2015։ Վերցված է 29 октября 2015 
  36. «China greets Bhandari»։ The Himalayan Times։ 29 октября 2015։ Վերցված է 29 октября 2015 
  37. «Statement by NSC Spokesperson Ned Price on the Election of A New Government in Nepal»։ Белый дом։ 28 октября 2015։ Վերցված է 4 ноября 2015 
  38. «President of India congratulates Ms. Bidhya Devi Bhandari on her election as President of Nepal»։ Президент Индии։ 29 октября 2015։ Վերցված է 4 ноября 2015 
  39. «Xi Jinping Sends Message Congratulating Bidhya Devi Bhandari on Assuming Office as New President of Nepal»։ Министерство иностранных дел Китайской Народной Республики։ 2 ноября 2015։ Վերցված է 4 ноября 2015 
  40. «President Yameen congratulates President-elect of Nepal»։ Президент Мальдив։ 29 октября 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-31-ին։ Վերցված է 4 ноября 2015 
  41. «Александр Лукашенко поздравил Бидхью Деви Бхандари с избранием на должность Президента Непала»։ Президент Белоруссии։ 2 ноября 2015։ Վերցված է 4 ноября 2015 
  42. «Bhandari sworn in as first woman president»։ The Kathmandu Post։ 29 октября 2015։ Վերցված է 29 октября 2015 
  43. «Nepal's first female president sworn in»։ Синьхуа։ 29 октября 2015։ Վերցված է 29 октября 2015 
  44. 44,0 44,1 «President Bhandari to shift to Sheetal Niwas today»։ The Himalayan Times։ 29 октября 2015։ Վերցված է 29 октября 2015 
  45. «New President Bhandari takes oath of office and secrecy»։ DC Nepal։ 29 октября 2015։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-06-ին։ Վերցված է 29 октября 2015 
  46. «Bidhya Devi Bhandari elected Nepal's first female president»։ Special Broadcasting Service։ 30 октября 2015։ Վերցված է 30 октября 2015 
  47. «Nanda Bahadur Pun elected Vice-President of Nepal»։ The Himalayan Times։ Վերցված է 1 ноября 2015 

Արտաքին հղումներԽմբագրել