«Բիբի Շարաբանի», հայ գրող Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյան) պատմվածքներից։

Բիբի Շարաբանի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևարձակ
ԵրկիրԹավրիզ
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1875
ԿերպարներՀասկերտ, Ղամար, Ահրիման
ՀրատարակչությունՐաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր առաջին, Երևան, 1983

Պատմվածքը գրել է 1875 թվականին Թավրիզում։ Պատմվածքում հեղինակը կատարում է փիլիսոփայական հարցադրումներ և գլխավոր հերոսի միջոցով քննաբանում է հարցեր, որոնք առնչվում են կյանքին, մահվանը, սիրուն և կրոնին։

Ստեղծման պատմություն

խմբագրել

Բիբի Շարաբանի պատմվածքը գրելու համար շարժառիթ է հանդիսացել Րաֆֆու ընկերոջ՝ Ավագ Խան-Ավթանդիլյանի պատմածը Իրանի Եզդ քաղաքում ապրող գաբրների (արևապաշտ պարսիկների) կենցաղի և Թեհրանից ոչ հեռու գտնվող նրանց գերեզմանատան մասին։ Ավթանդիլյանի պատմելով՝ Րաֆֆին սովորություն է ունեցել իր մոտ հյուր եկած մարդկանց խոսեցնել, «նրանց ճանապարհորդական տոպրակը թափահարել»։ 1875 թվականի աշնանը տեղի ունեցած մի այդպիսի զրույցի ընթացքում Րաֆֆու մեջ հղանում է «Բիբի Շարաբանին» գրելու գաղափարը։ 1876 թվականի սկզբին՝ մի այլ այցելության ժամանակ, նա Ավթանդիլյանին է տալիս «Մշակի» նոր ստացված համարներից մի քանիսը և ասում է. «Կարդացեք, դրանց մեջ է «Բիբի Շարաբանը», որ դուք ինձ պատմեցիք, և տեսեք, թե դո՞ւք եք լավ նկարագրել դրան, թե՞ ես» (Ավթանդիլյան Ա., «Պատկերներ Րաֆֆու կյանքից», Ալեքսանդրապոլ, 1904, էջ 114)։ Պատմվածքը գրելուց առաջ Րաֆֆին մանրազնին ուսումնասիրում է պարսիկ արևապաշտների սովորություններն ու կենցաղը, թաղման ծեսը։ Հայոց պատմիչների մոտ հայտնաբերում է նրանց մասին տեղեկություններ և այլն։ Այդ նույն ժամանակամիջոցում Րաֆֆին գրում ու հրապարակում է նաև հոդված, ուր անդրադառնում է Հնդկաստանի պարսիկ արևապաշտների ընկերություններին ու այլևայլ հարցերի[1]։

Սյուժե

խմբագրել

«Բիբի Շարաբանի» պատմվածքում Րաֆֆին ներկայացնում է մարդկային կյանքի, մահվան, սիրո ու ողբերգության մասին մի ուշագրավ պատմություն։ Պատմվածքը սկսվում է խորհրադավոր ձևով` համառոտակի ներկայացնելով մի միստիկական վայր, որի մասին շշուկներ են պտտվում, և մարդիկ վախենում են այդ տարածքով անցնել գիշերային ժամերին։ Այդ խորհրավոր վայրը պարիսպներով առանձնացած է, թվում է` առանձին աշխարհ է։ Գլխավոր հերոսը նկատում է, որ պարսպից այնկողմ կա գետնափոր մի տնակ, որոշում է այցելել` պարսպապատ աշխարհի մասին տեղեկություններ իմանալու։ Սա ստեղծագործության սկիզբն է, որ ներածության արժեք ունի։ Այնուհետև սկսվում են բուն գործողությունները։ Գլխավոր հերոսը հանդիպում է մի ծերունու։ Կիսամերկ ծերունին մոգ էր։ Նա կարդում էր սրբազան գիրքը և զարմանում է, երբ օտարական է այցելում իրեն։ Օտարականը, որ պատումը վարողն է, սկսում է հետաքրքրվել, թե ծերունին ինչո՞ւ է բնակություն հաստատել այդ վայրում։ Ի պատասխան այդ հարցի` ծերունին հայացքը հառում է երկնքին և բարբառում է` «Բիբի Շարաբանի»։ Երիտասարդը չի հասկանում` ինչ է նշանակում, և ծերունու հորդորով սկսում է հետևել նրան։ Ծերունին քայլում է դեպի պարիսպը, և սանդուղք դնելով` նրանք բարձրանում են պարսպի վրա։ Ի վերջո, երիտասարդի առջև բացվում է ողջ գաղտնիքը, նա հասկանում է, թե ինչ կա պարսպապատ տարածքի ներսում։ Դա պարսկական գերեզմանոց էր, սակայն արտասովոր մի վայր։ Այստեղ մեկնաբանվում է նաև Բիբի Շարաբանի անվան նշանակությունը, որ պարզապես նշանակում էր «հանգստարան»։ Այդտեղ մեռելները հողի տակ թաղված չէին, այլ նրանց կմաքները կանգնած էին հողի վրա, և որպեսզի մարդկային կմախքացած մարմինները չընկնեն, նրանց թևերի տակ փայտե հենակներ էին դրվել։ Մոգը պարզաբանում է, որ արևի աստվածը` Միհրը, նրանց կենդանություն պիտի տա, բացի այդ` չեն հուղարկավորել՝ սուրբ հողը չպղծելու համար։ Երբ նա ցույց է տալիս տարբեր կմախքների, նաև ենթադրություններ է կատարում նրանց գործած մեղքեր մասին, միայն մի կմախք հուզում է ծերունուն։ Այստեղ սկիզբ է առնում սիրո մի ուշագրավ պատմություն։ Պարզվում է, որ ծերունու սիրո առարկան է եղել աղջիկը, որ այդօր կանգնած էր իբրև կմախք։ Նա արդեն ծերացած այդ մարդու վարպետի դուստրն էր` գեղեցիկ Ղամարը, որին ցանկացել է կնության առնել քաղաքի սերդարը։ Վարպետը չէր կարող իր դստերը կնության տալ նման մարդու, ուստի մերժել է, իսկ սերդարը որոշել է վրեժխնդիր լինել։ Նա կեղծ լուրեր է տարածել մուսուլմանների մեջ` ասելով, որ գաբրները պղծել են իրենց սրբատեղին` սատկած շուն նետելով այնտեղ։ Իհարկե դա սուտ էր, սակայն սերդարը գրգռել է վայրենի ամբոխին, որոնք հանուն կրոնի պատրաստ էին ոչնչացնել գաբրներին։ Եվ մի օր կատաղի կերպով սկսել են հալածել նրանց, այրել են վարպետի տունը, բոլորը մահացել են` բացի գեղեցիկ Ղամարից։ Ղամարին փրկել է պատմվածքի գլխավոր հերոսը։ Նա նույնիսկ չի հասկացել` ինչ է կատարվում, արթանացել է այն ժամանակ, երբ հասկացել է, որ ընկած է անապատում` բազում վերքերով։ Ղամարը նրա վերքերին սպեղանի է դրել։ Միասին պետք է գնային անապատով, սակայն Ղամարը ուժ չուներ։ Ի վերջո, մոգը նրան գրկած տարել է, բայց ճանապարհին Ղամարը մահացել է` ասելով. «Ես մեռնում եմ, Հազկերտ, աղոթի՛ր ինձ համար»։ Հազկերտը աղոթել է, և թեև անցել էր կես դար, բայց նա շարունակում է ամեն օր աղոթել նրա համար, քանզի նրանք սիրում էին միմյանց[1]։

Հավելյալ տեղեկություններ

խմբագրել

Բիբի-Շարաբանին մի գերեզմանատուն է` չորս կողմից շրջապատված բարձր պարիսպներով, որ գտնվում է Թեհրանից ոչ այնքան հեռու` հին Ռեյ քաղաքի ավերակների մեջ։ Բիբի-Շարաբան էր Եզդգարդ (Եզդջուրդ կամ Հազկերտ) թագավորի դուստրը, որին պարսիկները Խոսրով են կոչում․ դա ապրում էր իսլամը Պարսկաստանում մտնելու առաջին դարում։ Պարսից եկեղեցական պատմությունն ասում է, թե Մուհամմեդը Խոսրովին մի նամակ գրեց, և նա, անպատվելով մարգարեի նամակը, պատռեց, և նույն րոպեին պատռվեց կռապաշտ արքայի փորը։ Եվ հետո, Օմարի օրերում, Ալու որդի Հասանը մտնելով Պարսկաստան՝ տիրեց Խոսրովի երկիրը և նրա դուստր Բիբի-Շարաբանին գերի առնելով, իր եղբոր՝Հուսեփի համար կնության տարավ և այլն։ Այս պատմությունն այքան ճիշտ չէ, այլ հավանական է, որ Բիբի-Շարաբանը, որպես Խոսրովի կամ Եզդգարդի դուստր, նրա մյուս ընտանիքի անդամների հետ նահատակված լինի իսլամ չընդունելու համար, և նրան թաղած լինեն Ռեյ քաղաքում, ուր գաբրները հետո ամբողջ գերեզմանատուն կազմեցին և իրենց ուղղափառ արքայադստեր հիշատակը պահպանելու համար կոչեցին Բիբի-Շարաբանի, որովհետև նրա գերեզմանը ևս այնտեղ է գտնվում[1]։

Հրատարակություններ

խմբագրել

«Բիբի Շարաբանին» առաջին անգամ հրապարակվել է «Մշակում» (1876, հունվարի 22, Մել. ստորագրությամբ), ապա արտատպվել՝ «Վիպակներ և պատկերներ» (հ. 2, Թիֆլիս, 1893, էջ 332), «Պարսկական պատկերներ» (Վիեննա, 1913, էջ 36, ԵԺ, 8, էջ 251) էջերում և այլն[1]։ «Խազ-փուշը» «Արձագանքում» լույս տեսնելուց հետո Լեո Ռուբենլու (Աբգար Հովհաննիսյանի) կողմից թարգմանվում է գերմաներեն և «Բիբի Շարաբանի», «Հարեմ», «Ջալալեդդին» գրվածքների հետ տպագրվում է Բեռլինում[2]։

Թարգմանություններ

խմբագրել

Հեղինակի կենդանության օրոք այս պատմվածքը՝ Անդրեաս Արծրունու գերմաներեն թարգմանությամբ, տպագրվում է Բեռլինի «Vossische Zeitung» պարբերականի 1880 թվականի դեկտեմբերյան համարում (տե՛ս «Մշակ», 1881, համար 1, էջ 3, նաև՝ Անդրեաս Արծրունու նամակը Գրիգոր Արծրունուն, Գրականության և արվեստի թանգարան, Գ. Արծրունու Ֆ, համար 91), այնուհետև արտատպվել Րաֆֆու «Bilder aus Persien und Turkisch Armenien» ժողովածուի մեջ («Armenische Bibliothek», գիրք 3, Լայպցիգ, 1887, էջ 31)։ Պատմվածքն ունի նաև ռուսերեն մի շարք թարգմանություններ՝ Ի.Վերմիշևի, առանձին գրքով (Թիֆլիս, 1889, 16 էջ), Ն. Նեկրասովայի (գերմաներենից), «Мир божий» (ամսագիր), СПБ, 1892, N 2, стр. 105): «Север» (շաբաթաթերթ) CПБ., 1898, N 2[1]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Րաֆֆի (1983). Երկերի ժողովածու, հատոր 1. Երևան: Երևան. էջ 548.
  2. Խ․Ե․Սամվելյան (1987). Րաֆֆի. Երևան: Արևիկ. էջ 334.