Բգավոր եկեղեցի[1], գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Աքորի գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ Դեբեդ գետի ձախափնյա բարձրադիր սարահարթի վրա, Լալվար լեռան թեքադիր լանջին։ Այն շրջապատված է ժայռերով և ձորակներով։

Բգավոր եկեղեցի


ԵրկիրՀայաստան Հայաստան
Վիքիպահեստում

Պատմական տեղեկություններ խմբագրել

Պատմական աղբյուրները չեն պարունակում որևէ տեղեկություն եկեղեցու կառուցման մասին։ Հուշարձանը չունի վիմական արձանագրություններ։ Բգավոր եկեղեցու ճարտարապետական հորինվածքը հիշեցնում է այս տարածաշրջանում գտնվող XIII դ Ախթալայի և Քոբայրի հուշարձանները, դա հնարավորություն է տալիս ենթադրել, որ Բգավորը պատկանում է այդ դարաշրջանին։ Եկեղեցու գեղարվեստական հարդարանքի որոշ տարրերը նման են նույն ժամանակաշրջանի վրացական եկեղեցիներին, ինչը պայմանավորված է Զաքարյանների շրջանում (XII-XIV դդ.) հայ-վրացական տնտեսական ու մշակութային սերտ կապերով։

Ճարտարապետություն խմբագրել

 
Բգավոր եկեղեցու հատակագիծը

Եկեղեցին կիսավեր է, ծածկը՝ թաղակամարներից բացի, չի պահպանվել, պատերը կիսաքանդ և խարխլված վիճակում են։ Պատկանում է եռանավ թաղածածկ դահլիճների տիպին։ Պատերի երեսքարերը և ներսի բոլոր ձևավոր մասերը իրականացված են սրբատաշ բազալտից։ Ներսում պատերի շարվածքը մանր կոպտատաշ քարերով է՝ կեսից վեր ընկած մասում 1 մ բարձրությամբ լրացված թրծած աղյուսով։ Եկեղեցին ներսից եղել է սվաղված։ Տարածքում թափված են թաղերի, կամարների, որմնամույթերի և այլ բազմաթիվ քարեր[2]։

Եկեղեցու մուտքերը երեքն են՝ հարավային, արևմտյան և հյուսիսային կողմերից։ Հյուսիսային մուտքը փակված է։ Բոլոր մուտքերը և պատուհաններն ունեն ճարտարապետական տարրերով ու հյուսկեն զարդաքանդակներով զուգակցված, ոչ խոր փորվածքի լավ պահպանված հարուստ պարակալներ։ Դրանք աչքի ընկնելով մոտիվների հենդհանրությամբ, տարբերվում են կիրառման բազմազանությամբ, տարակցումներով, հերթագայությամբ։

Եկեղեցու անկյունները արտաքուստ մշակված են քանդակազարդ խարիսխներից բարձրացող չորս կիսասյունների փնջերով, որոնք միջին մասում կազմում են օղակաձև հանգույց[3]։

 
Բգավոր եկեղեցու ներսը

Արևելյան ճակատը ավագ խորանի և ավանդատների կցման մասերում ձևավորված է եռանկյունաձև կտրվածքի զույգ խորշերով, որոնք եզերված են քանդակազարդ ֆեստոնավորպարակալներով։ Ավագ խորանը լուսավորվում է երեք նեղ պատուհաններից, որոնցից եզրայինները բացվում են ճակատային խորշերի մեջ։ Պատուհանների ստորին անկյունաքարեր պահպանվել են աղոթասրահի երկայնական պատերի արևելյան կեսում։

Աղոթասրահը ունենալով քառակուսի համաչափություններ (9.33 մ x 9.13 մ), երկթռիչք զույգ կամարաշարերով բաժանված է երեք նավի՝ մեջտեղի նավը երկու անգամ լայն էր, քան եզրերի

նավերը։ Կամարակապի բացվածքները անհավասար են (4.5 մ x 3.6 մ), որի հետևանքով արևմտյան կամարի կրունկները 90 սմ ցածր են արևելյանի կրունկներից։ Երկայնական կամարաշարերը կոշտացված են միջին մասի լայնական կամարներով և դրան համապատասխան արևմտյան պատին կից որմնակամարներով։ Կտուրի երկլանջությամբ պայմանավորված՝ միջին նավի համեմատ ցածր ենտեղադրված (ավելի քան 1 մ) նաև եզրային կամարները։ Բեմառաջքի կամարատակ տարածությունը գրեթե քառակուսի է (3.6 մ x 3.հ6 մ)։ Աղոթասրահը արևելյան կողմում ավարտվում է կիսաշրջանաձև խորանով, որը բռնելով մի միջին նավի ողջ լայնությունըբեմից զգալիորեն ետ է ընկած և ունի պարզ տրամատի գոտիովսահմանազատված գմբեթարդ[4]։

Երկու կողմում գտնվում են կրկնհարկ ավանդատները՝ ողջ լայնությունը բռնող կիսաշրջանաձև խորանիկներով։ Ավանդատների առաջին հարկի մուտքերը եզրային նավերից են, հյուսիսայինը մուտք ունի նաև նախախորանից։ Երկրորդ հարկ տանող աստիճանների հետքերը չեն պահպանվել։ Մույթերի կտրվածքը քառակուսի է (1.1 մ x 1.1 մ)՝ 45°-ի տակ հանված անկյուններով։ Իրենց չափերով և կտրվածքով դրանց համապատասխանում են ոչ մեծ (20 սմ) ելուստով որմնամույթերը։ Մույթերը և որմնամույթերն ունեն միայն ճակատային մասին փորվածքներով ոչ բարդ տրամատի իմպոստներ։

Հուշարձանը չունի վիմական արձանագրություններ, նրա վերաբերյալ նաև հայտնի չեն պատմական տեղեկություններ։ Ճարտարապետական հորինվածքային հատկանիշներով Բգավորը սերտ կապ ունի իր իսկ միջավայրում գտնվող Ախթալայի վանքի, Սեդվու Սուրբ Նշան վանքի, Մանստևի վանքի և Քոբայրի վանքի հետ։

Ավանդազրույց խմբագրել

Հարավարևմտյան կողմի ցածր մասում փռված է հին գյուղատեղը մեծ թվով կացարանների մնացորդներով` «բագերով», որից և եկեղեցին ստացել է Բգավոր («բագեր» ունեցող) անվանումը[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Աքորիի Բգավոր եկեղեցի(չաշխատող հղում)
  2. Тьерри Ж. М., Церковь «Бгавор» в Акори //4-ый международный симпозиум по грузинскому искусству. Т., 1983, стр. 3
  3. Հ. Եղիազարյան, Ալավերդու շրջանի կուլտուրայի հուշարձաններ, 1952 թվական, էջ 39-40
  4. Тьерри Ж. М., Церковь «Бгавор» в Акори //4-ый международный симпозиум по грузинскому искусству. Т., 1983, стр. 4
  5. Այս ավանդազրույցը տարածվել է գյուղի բնակիչների զրույցներից