Բարբարա Նեսիմ

ամերիկացի պատկերազարդող

Բարբարա Նեսիմ (անգլ.՝ Barbara Nessim, 1939[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի արվեստագետ, ծաղկող և մանկավարժ։

Բարբարա Նեսիմ
Ծնվել է1939[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՊրատտի ինստիտուտ և Արվեստի և դիզայնի ավագ դպրոց
Մասնագիտությունարվեստագետ
Կայքbarbaranessim.com

Վաղ կյանք խմբագրել

Բարբարա Նեսիմը ծնվել է 1939 թվականին Նյու Յորքում[2]։ Մանուկ հասակից արվեստով հետաքրքրված լինելով՝ 1956 - 1960 թվականներին կրթություն է ստացել Պրատտի ինստիտուտում։ Իր ժամանակակից Ջեքի Մորգանի նման Պրատտն ավարտելուց հետո կարճ ժամանակ աշխատել է գործվածքների դիզայնի վրա, որից հետո որոշել կենտորնանալ պատկերազարդման աշխատանքի վրա։ 1960 թվականին «Մարդը և մեքենան» նորարարական մոնոտիպային փորագրությունների շարքի համար Ծաղկողների ընկերակցության 2-րդ ամենամյա մրցույթում արժանացել է «Հատուկ հիշատակություն» անվանակարգի։ Աշխատանքը հայտնվել է «Communication Arts Magazine» ամսագրի 2-րդ համարի տիտղոսաթերթին, որից հետո սկսել է պատվերներ ստանալ այնպիսի ամսագրերից, ինչպիսիիք են՝ «Harper's Bazaar» և «Esquire», միևնույն ժամանակ շարունակելով աշխատել որպես ստուդիական նկարիչ ու ինքն իր համար աշխատանքներ ստեղծել։ Նեսիմի մանկության երազանքը նկարիչ դառնալն է եղել,բայց միայն Ռոբերտ Վիվերի հետ ընկերնալուց ու Նյու Յորքի ծաղկողների ընկերակցության ցուցահանդեսին միանալու առաջարկն ընդունելւց հետո է դարձել պրոֆեսիոնալ նկարիչ 1960 թվականին[2]։

Գործունեություն խմբագրել

1960-ական թվականներին ԱՄՆ-ում ամբողջական դրույքով աշխատող շատ քիչ թվով պրոֆեսիոնալ կին նկարազարդողներից մեկն էր[3], մյուսների թվում էին՝ 1967 թվականին ծաղկողի կարիերան սկսած Ջեքի Մորգանը և Չառլզ Կուպերի արվեստանոցում 1950-ական թվականներին աշխատած Լորիան Ֆոքսը։ Սակայն նա կարողացել է գրաֆիկական դիզայնի մրցակցային ոլորտում իր աշխատանքով անուն ստեղծել, պատկերազարդելով ձայնագրությունների ալբոմների շապիկներ, օրացույցներ և ամսագրերի շապիկներ այնպիսի խոշոր հրատարակությունների համար, ինչպիսիք են՝ «Rolling Stone», «Թայմ», «Նյու Յորք», «Շոու» և այլն[2]։ 1980 թվականին հիմնադրել է «Nessim and Associates» կոչվող իր սեփական գրաֆիկական դիզայնի ընկերությունը՝ կորպորատիվ նախագծերի վրա իր ծաղկող այլ ընկերների հետ աշխատելու համար[4]։

Նեսիմը շատ աշխատանքներ է ստեղծել թանաքով և ջրաներկով, հետագայում օգտագործել համակարգչային գրաֆիկա, իսկ 1980 թվականից դասավանդում է համակարգչային արվեստ։ Դասավանդել է Մանհեթենի Գեղարվեստի դպրոցում, Նորաձևության տեխնոլոգիական ինստիտուտում և Պրատտի ինստիտուտում։

Աշխատանքները ցուցադրվել են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Բազելի գեղարվեստի թանգարանում և Լուվրում։ Շվեդիայի Ժամանակակից արվեստի թանգարանը, Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտը, Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը, Բուդապեշտի Հունգարիայի ազգային պատկերասրահը նրա աշխատանքներն ընդգրկել են իրենց մշտական հավաքածուներում։

Թվային արվեստի ռահվիրա խմբագրել

Բարբարա Նեսիմն առաջին նկարիչներից մեկն էր, ով լրջորեն զբաղվել է թվային արվեստով և նկարազարդմամբ։ 1980 թվականին նրան հրավիրել են մասնակցելու Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում կազմակերպված Տեսանելի լեզվի աշխատարանին (VLW)՝ առաջադեմ գրաֆիկական հետազոտությունների փորձեր իրականացնելու համար նախատեսված ծրագրին։ Նեսիմը չի կարողացել մասնակցել աշխատարանին, բայց ինստիտուտի անձնակազմի հետ համակարգչաստեղծ գեղարվեստի հնարավորությունների մասին նրա զրույցը հետաքրքրել է իրեն[5], որի արդյունքում սկսել է համակարգիչ փնտրել դրանով աշխատելու համար։ Նա հովանավոր է գտել Time Incorporated's Time Video Information Services (TVIS) ընկերությունում, որտեղ համակարգիչներ կային ու նրան «թույլատրվել է դրանց վրա աշխատել երեկոյան ժամը 5-ից մինչև առավոտյան ժամը 9-ը, ու նա դա արել է երկու տարվա ընթացքում մինչև 1983 թվականը»[6]։ Ձեռնարկների միջոցով ինքնուրույն բարդ ծրագրերն օգտագործել սովորելով՝ նա հմտացել է համակարգչային արվեստ ստեղծելու գործում և հավաքել տպավորիչ քանակով թվային աշխատանքների շարք։ Այդ ժամանակից ի վեր որպես նկարիչ, նկարազարդող, ուսուցիչ և նորարար աշխատելու ընթացքում օգտագործել է համակարգիչը։ Թվային տեխնոլոգիան նոր եղանակներ է ստեղծել նրա աշխատանքը ստեղծելու և ցուցադրելու համար[6]։ Թեև Նեսիմը հափշտակված է թվային տեխնոլոգիաներով, նա չի դադարել ձեռքով նկարել։ Աշխատանքներն ստեղծելու համար օգտագործում է և՛ ավանդական, և՛ թվային մեթոդները․ «Ես սիրում եմ ձեռքով աշխատել և սիրում եմ աշխատել համակարգչի հետ։ Դրանք երկու շատ տարբեր բաներ են։ Ամեն ինչ կախված է այն մոտեցումից, որը ես ուզում էմ կիրառել իմ ստեղծած յուրաքանչյուր արվեստի գործի համար»[7]։ 2003 թվականի մի հարցազրույցում նշել է այն դժվարությունների մասին, որոնց հանդիպում են ծաղկողները տեխնոլոգիային հարմարվելու հարցում․ «Դժվար է անընդհատ նոր բան սովորել։ Դա անհատակ փոս է։ Բայց նշեմ, որ նոր կտրող գործիքներ և լրատվամիջոցներ օգտագործելը նոր հնարավորությունների համար ստեղծագործական գործընթաց է ստեղծում, որոնց դուք չեք կարող հասնել ավանդական մեթոդների կիրառմամբ»[8]։

2013 թվականի սկզբին Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը «Բարբարա Նեսիմ․ արվեստով լի կյանք» վերնագրով լայն հետահայաց ցուցահանդես է բացել[3], որն ընդգրկել է նրա՝ 1960 - 2000 թվականների ընթացքում ստեղծած բոլոր աշխատանքները, ինչպես նաև հարցազրույց նկարչուհու հետ[9]։ Ցուցադրված բոլոր հարյուր արվեստի գործերը դարձել են թանգարանի մշտական հավաքածուի մաս[10]։ 2013 թվականի փետրվարին նույն վերնագրով գիրք է հրատարակվել[11]։ Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի ցուցահանդեսը 2014 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2015 թվականի հունվարի 11-ը ցուցադրվել է Նյու Յորքի Bard Graduate Center պատկերասրահում՝ զբաղեցնելով դրա երեք հարկերը։ Ցուցահանդեսի բազմաթիվ աշխատանքների վերաբերյալ Նեսիմը մեկնաբանություններ է ձայնագրել, որոնք հասանելի են դարձել առցանց տարբերակով[12]։

Հրատարակություններ խմբագրել

Նեսիմի աշխատանքը հրատարակվել է մի քանի գրքերով, այդ թվում՝

  • David Galloway, ed. Barbara Nessim: An Artful Life (New York: Abrams / London: Victoria and Albert Museum, 2013)
  • Sketchbook 66 (Nessim & Associates, 2010, 9780982236703)
  • Barbara Nessim: Black Truths, White Lies : Interactive Installation, Wall Pieces, Projections, Web-casting (Bitforms Gallery, 2003)
  • Sketchbook Selections: 1996-2005 (Nessim & Associates, 2007, 9780980207811)
  • Barbara Nessim: Random Access Memories : an Interactive Computer Art Exhibition (Sangre De Cristo Arts and Conference Center, 1991)
  • Sketch Book (Barbara Nessim, 1975)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Barbara Nessim — 2008.
  2. 2,0 2,1 2,2 Souter, Nick and Tessa (2012). The Illustration Handbook: A Guide to the World's Greatest Illustrators. Oceana. էջ 259. ISBN 9781845734732.
  3. 3,0 3,1 Kino, Carol (2013 թ․ մարտի 21). «Illustrating Her Own Narrative». The New York Times. էջ 18-AR. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  4. Heller, Steven and Lita Talarico (1987). Design career: practical knowledge for beginning illustrators and graphic designers. Van Nostrand Reinhold Co. էջ 119. ISBN 9780442232634.
  5. Charles Hively, Icon: Barbara Nessim. 3x3: The Magazine of Contemporary Illustration, Volume 1, Number 3.
  6. 6,0 6,1 Hively. Icon: Barbara Nessim.
  7. Anne Telford, ed. Campaign Spotlight: Barbara Nessim. illustrationvoice.com. Fall 2011, vol. 13
  8. Charles Hively. Barbara Nessim, Educator: Illustrator of the Year. 2003 Student Illustrators Annual.
  9. Barbara Nessim: An Artful Life. V&A, 2013.
  10. l.carini@vam.ac.uk, Luca Carini. «Search | V&A Explore the Collections». Victoria and Albert Museum (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.
  11. David Galloway, ed. Barbara Nessim: An Artful Life. New York: Abrams; London: V&A, 2013.
  12. Barbara Nessim Speaks About Art and Life. Bard Graduate Center, 2014.

Արտաքին հղումներ խմբագրել