Արտաշես Ալեքսանդրյան

հայ բժիշկ

Արտաշես Ալեքսանդրյան (1897, Կարս, Ռուսական կայսրություն - 1992), հայ բժիշկ։

Արտաշես Ալեքսանդրյան
Ծնվել է1897
ԾննդավայրԿարս, Ռուսական կայսրություն
Մահացել է1992
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1935)
Մասնագիտությունբժիշկ
Ռազմական ծառայությունԲանվորա-գյուղացիական Կարմիր բանակ
ԶավակներԷմմա Ալեքսանդրյան
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1897 թվականին Կարս քաղաքում՝ փոստ-հեռագրատան աշխատողի ընտանիքում։ 1910-1914 թվականներին սովորել է Կարսի ռուսական ռեալական դպրոցում։ Եղել է Եղիշե Չարենցի դասընկերը, որի հետ պահպանել է մտերմությունը հետագայում։ 1918 թվականին ապրիլին, թուրքերի` Կարսը գրավելուց հետո, ընտանիքով գաղթել է Թիֆլիս։ 1918-1919 թվականներին սովորել է Թիֆլիսի առևտրական ուսումնարանում, միաժամանակ սովորել ու ավարտել է նաև Թիֆլիսի երեկոյան բժշկական ուսումնարանը։ 1919 թվականին գարնանը, երբ թուրքերը թողել են Կարսը, ընտանիքով վերադարձել է հայրենի տուն։ Հայրը Կարսի նահանգի գյուղերից մեկի, ապա նահանգի հունաբնակ Մերդենեկ գյուղի փոստ-հեռագրատանն է աշխատել։

1919 թվականին Կարսի հիվանդանոցում բուժակ է աշխատել։ Նույն թվականի հուլիսին զորակոչվել է Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան բանակ և նշանակվել Կարսի ամրոցի բուժակ։ 1920 թվականին, թուրքերու կողմից Կարսի գրավումից հետո, հայրն սպանվել է, մայրն ու քույրը հրաշքով փրկվելով փախչել են Ալեքսանդրապոլ, իսկ Ա. Ալեքսանդրյանը գերի է ընկել։ 1921 թվականին փախել է գերությունից և Ալեքսանդրապոլում գտել հարազատներին։

1924 թվականին զորակոչվել է Կար­միր բա­նակ։ Անցել է վերապատրաստում և նշանակվել Երևանում տեղակայված Հայկական դիվիզիայի 1-ին գնդի սանհրահանգիչ։ 1930-1935 թվականին, զինվորական ծառայությանը զուգահեռ, սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում։ 1931 թվականից զբաղվել է ռազմական բժշկության մեջ կիրառվող գյուտարարական և ռացիոնալիզատորական աշխատանքներով, որոնք վերաբերել են թունավոր նյութերով վնասված և վիրավոր մարտիկին օգնություն ցույց տալուն, հակագազի պայուսակի փոկին, պաշտպանական գուլպաներին և այլն։ 1933 թվականին, որպես լավագույն գյուտարար, մասնակցել է գյուտարարների համաբանակային կոնֆերանսին։ 1934 թվականին եղել է Հայկական դիվիզիայի կապի վաշտի ավագ բուժակը և գյուտարարների ու ռացիոնալիզատորների բյուրոյի նախագահը։

Զբաղվել է նաև գրական գործունեությամբ։ Նրա «Նո­րեկ Օնի­կը» պիեսը հավանության է արժանացել Հայաստանի գրողների միությունում և Դերենիկ Դեմիրճյանի օժանդակությամբ վերցվել վերամշակման։ Գրել է նաև մանկական երկեր։

1935-37 թվականին, բժշկի դիպլոմ ստանալուց հետո, ծառայել է Հայկական դիվիզիայի կապի գումարտակի սանիտարական ծառայության պետ։ «Զին­վո­րա­կան հար­վա­ծա­յին գյու­տա­րար» և «Վո­րո­շի­լո­վյան հրա­ձիգ» կրծքանշանների է արժանացել։

1937 թվականին Հայկական դիվիզիայի կապի գումարտակի հրամանատարը նրան անսպասելի կերպով հայտնել է, որ պաշտպանության ժողկոմի թվականին 2953 հրամանով զորացրված է գործող բանակից։ 1937-39 թվականներին բժիշկ է աշխատել Երևանի մի բուժական հիմնարկում։ 1939 թվականին հեռագիր է հղել ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմ Կլիմենտ Վորոշիլովին՝ առանց որևէ պատճառի զորացրվելու դեմ բողոքով, որից հետո նրան ընդունել է անձամբ Վորոշիլովը և իր ներկայությամբ կարդացել անձնական գործում գրված մեղադրանքները՝ ազգայնամոլ գրողների, մասնավորապես Եղիշե Չարենցի,Դերենիկ Դեմիրճյանի ու Ավետիք Իսահակյանի հետ կապեր ունենալու, սպեկուլյացիայով զբաղվելու, օտար լեզուներ ուսումնասիրելու, Կարմիր բանակից զորացրվել ցանկանալու մասին։ Զրույցի ավարտին Վորոշիլովը հրամայել է իր օգնականին՝ բժշկին վճարել չաշխատած բոլոր ամիսների աշխատավարձն ու փափուկ վագոնով ճանապարհածախսը, ապահովել բնակարանով, վերականգնել զինվորական ծառայության մեջ և նշանակում տալ Երևանում։ 1939-41 թվականներին շարունակել է զինվորական ծառայությունը Երևանում։ 1941 թվականին Հայրենական Մեծ պատերազմն սկսվելուն պես մեկնել է ռազմաճակատ և նշանակվել է Կուբանի կազակների հեծյալ կորպուսի թիվ 200 հոսպիտալի պետ։ Այնուհետև տեղափոխվել է 3-րդ Մերձ­բալ­թյան ռազմաճակատի թիվ 2547 էվակուացիոն հոսպիտալ (2-րդ հարվածային բանակ)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է նաև Հյուսիսային Կովկասի, Կալինինյան, 2-րդ լենինգրադյան, 2-րդ բեբելառուսական ռազմաճակատներում։ 1945 թ. կեսերին նշանակվել է բանակի սանիտարահամաճարակաբանական բաժնի բժիշկ, ապա՝ սանիտարական բաժանմունքի պետի օգնական։ Հետագայում նշանակվել է գվարդիական բանակի սանիտարական կետի պետ, ապա՝ կայազորային հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ։

1955 թ. զորացրվել է բանակից՝ բժշկական ծառայության փոխգնդապետի կոչումով։ 1956-1958 թվականներին Երևանի պետական բժշկական ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի դասախոս է աշխատել։ 1958-1978 թվականներին Երևանի պետական համալսարանի քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոս է աշխատել։ Հետագա տարիներին աշխույժ մասնակցություն է ունեցել հասարակական կյանքին։

Պարգևատրվել է Լե­նի­նի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով, մեդալներով ու պատվոգրերով։

Մահացել է 1992 թվականի հոկտեմբերի 15-ին, Երև­ա­նում` 96 տա­րե­կա­նում։

Որ­դին` Մաթևոս Ալեքսանդրյանը անվանի բժիշկարյունաբան է, դուստրը՝ Էմմա Ալեքսանդրյանը՝ հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
  • Գրիգորյան Ահարոն և Մելքումյան Բագրատ, Հայաստանի բժիշկները Մեծ Հայրենականում, գիրք 1, Երևան, 1983 թ.։

Գրականություն խմբագրել

  • Կարս. 1920-1921, Երևան, 1986 (հուշեր Կարսի անկման մասին և գերության ամիսներից)։
  • Մղձավանջ (պատմավեպ), Երևան, 2001։