Արտահայտաբանություն, նկարագրական քերականության բաժիններից մեկը։ Ունի երեք հիմնական ենթաբաժին՝ հնչաբանություն, գրաբանություն, շարժաբանություն։ Սրանցից յուրաքանչյուրն ունի իր արտահայտչական միջոցները, որոնք իրենց դերն ունեն հաղորդակցման պրոցեսում։ Այդ միջոցներն են՝ հնչամիջոցները, գրամիջոցները, շարժամիջոցները։ Սրանք կարող են լինել պայմանական և ոչ պայմանական։ Պայմանական միջոցները հանդես են գալիս լեզվական նշանի գործառությամբ, ինչպիսիք են, օրինակ, խուլուհամրերի մատնախոսությունը, մարդկային հաղորդակցման ձայնը, գրանշանները և այլն։ Ոչ պայմանական միջոցներն անմիջականորեն կապված են արտահայտվող երևույթի հետ, ինքնին ըմբռնելի են, հետևաբար միայն մասնակիորեն կարող են դառնալ լեզվաբանական հետազոտության առարկա. այդպիսիք են, օրինակ, ժեստերը, արտահայտչական արժեք ունեցող շարժուձևերը, կամազգացական ճիչերը և այլն։ Ընկալման առումով շարժամիջոցներն ու գրամիջոցները տեսողական բնույթի են, հնչամիջոցները՝ լսողական։

Հնչաբանություն խմբագրել

Հնչաբանությունն ուսմունք է հնչամիջոցների՝ հնչանշանների (հնչույթ, վանկ, հնչերանգ, շեշտ և այլն) մասին։ Հնչանշանների միմյանցից տարբերվող նվազագույն միավորները հնչույթներն են, իսկ հնչույթն ունի ձայնաբանական կողմ։ Այդ պատճառով հնչանշանների ուսումնասիրությունն սկսվում է մարդկային արտասանական ապարատի հնչարտաբերական հնարավորությունների ուսումնասիրությունից։ Այդ կապակցությամբ պարզաբանվում են ձայնային հատկությունները, հնչույթային տարբերակիչ հատկանիշները, բնութագրվում են ձայնաարտասանական այն չափանիշները, որոնք էական դեր ունեն հնչույթների դասակարգման խնդրում և թույլ են տալիս հստակ առանձնացնել ձայնավոր և բաղաձայն հնչյունները։ Այստեղ նաև բացահայտվում են հնչույթների հնարավոր կապակցությունները վանկի ոլորտում։ Վանկը դիտվում է որպես հնչական պլանի շարակարգային նվազագույն միավոր, իսկ հնչաշղթան՝ առավելագույն։ Վերջինս կարող է ներկայանալ ինչպես վանկերի կապակցությամբ, այնպես էլ՝ մեկ վանկով, բնութագրվում է ինչպես հնչույթային, այնպես էլ՝ վերհնչույթային հատկանիշներով։ Վանկերի մացման կարգը կցույթն է, որը թեև հնչաբանական միավոր է, բայց հակադրվում է բոլոր հնչույթներին, ունի տրոհական և միացնող գործառություններ. վանկաբաժանում այն միացնող է, իսկ հնչաշղթայի ավարտն ազդանշող դադարով արտահայտվելիս՝ տրոհող։ Հնչաբանական կարևոր տարր է հնչերանգը, որը բնութագրվում է հնչաշղթայի վերհնչույթային հատկանիշներով։ Հնչաշղթայի միավոր են հանդիսանում նաև հնչադասությունը, հնչաբառը, հնչատակտը։ Վանկերը կազմում են հնչաբառ, հնչաբառերը՝ հնչատակտ, հնչատակտերը՝ հնչադասություն։

Գրաբանություն խմբագրել

Գրաբանություն բաժնում բացահայտվում են գրանշանների առանձնահատկությունները։ Գրանշանների համար կարևոր աղբյուր է ձեռքի շարժումը. այդ նշանները տողի վրա ծավալվում են տարբեր ուղղություններով, ածանցյալ բնույթ ունեն, այսինքն՝ նշանի նշան են (սրանցով երկրորդաբար նշանակվում են հնչանշաններն ու շարժանշանները), պայմանական են, լինում են ընդհատական և ոչ ընդհատական (տպագիր և ձեռագիր տառաշարքերը)։ Սրանց նկարագրության մեջ էլ կիրառելի են հարացուցային և շարակարգային հայեցակետերը։ Գրանշանները, օրինակ՝ տառերը, կետադրական նշանները, լինում են տարբեր տեսակի և հանդիպում են տարբեր հաճախականությամբ։ Այս ենթաբաժնում ուսումնասիրվում են նաև գրանշանների կազմությունը, կառուցվածքային հատկությունները, գործառական արժեքը։

Շարժաբանություն խմբագրել

Այս ենթաբաժինն ուսումնասիրում է շարժամիջոցները, շարժանշանները, որոնք տեսանելի են և ինքնին ընկալելի։ Լինում են պայմանական և ոչ պայմանական։ Պայմանական են, օրինակ, դրոշակային ազդանշանումը, լուսազդանշանումը, խուլուհամրերի մատնանշանային համակարգը՝ մատնախոսությունը (ռուս.՝ дактилология)։ Կան նաև պայմանական բնույթ կրող կամ իմաստավորված բազմաթիվ շարժուձևեր, ինչպես նաև՝ ոչ պայմանական շարժումներ՝ կապված կամային ու ակամա մղումների և տարաբնույթ ապրումների հետ։ Վերջիններիս արտահայտչական բնույթն այժմ ուսումնասիրվում է հատուկ գիտակարգի սահմաններում, որը կոչվում է հարալեզվաբանություն (ռուս.՝ паралингвистика

Արտահայտաբանություն բաժինը հայերենագիտության մեջ առանձնացվել, նրա հիմունքներն ու հիմնական հարցադրումները մշակվել են ակադեմիկոս Գ. Բ. Ջահուկյանի կողմից։

Աղբյուրներ խմբագրել

  • Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, էջ 68